Իլհամ Ալիև

Իլհամ Ալիևը Ադրբեջանի ներկայիս նախագահն է։ 1977 թվականին ընդունվել է Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ:

2003 թվականի հոկտեմբերի 15-ին ընտրվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ: Վերընտրվել է 2008, 2013, 2018 թվականներին։

Իլհամ Ալիևը շնորհավորել է Իրակլի Կոբախիձեին «Վրացական երազանք» կուսակցության հաղթանակի կապակցությամբ
 |1lurer.am|

Իլհամ Ալիևը շնորհավորել է Իրակլի Կոբախիձեին «Վրացական երազանք» կուսակցության հաղթանակի կապակցությամբ |1lurer.am|

1lurer.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին Վրաստանի խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանք» կուսակցության հաղթանակի առիթով և հրավիրել է Ադրբեջան: «Այս քվեարկությամբ Վրաստանի քաղաքացիներն իրենց աջակցությունն են հայտնել զարգացմանը, կայունությանը և ավանդական արժեքներին։ Հավատում եմ, որ ընտրությունների արդյունքները կնպաստեն Վրաստանի զարգացմանն ու բարգավաճմանը: Միևնույն ժամանակ, վստահություն եմ հայտնում, որ ընտրությունների արդյունքները կնպաստեն ադրբեջանա-վրացական միջպետական հարաբերությունների կայուն զարգացմանը, ինչը թելադրված է մեր ժողովուրդների կամքով, որոնք պատմականորեն ապրում են բարեկամության, եղբայրության, բարիդրացիության պայմաններում և կնպաստի Հարավային Կովկասում մեր երկրների դիրքերի հետագա ամրապնդմանը: Մեր քաղաքական երկխոսությունը շարունակելու համար հրավիրում ենք Ձեզ պաշտոնական այց կատարել Ադրբեջան»,- մասնավորապես ասված է Ադրբեջանի նախագահի նամակում:
14:15 - 27 հոկտեմբերի, 2024
Ալիևը հաստատել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգը
 |1lurer.am|

Ալիևը հաստատել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգը |1lurer.am|

1lurer.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել, որով հաստատել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգը: Հրամանագրով հաստատվում է 2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրված «Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգը»։ Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը ՀՀ ԱԺ-ն վավերացրել էր հոկտեմբերի 23-ին։ Իսկ այսօր՝ հոկտեմբերի 25-ին, կանոնակարգը վավերացնելու մասին օրենքը ստորագրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Կանոնակարգը երկու երկրների փոխվարչապետերի կողմից ստորագրվել է 2024թ. օգոստոսի 30-ին:  Սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը՝ այստեղ։
14:46 - 25 հոկտեմբերի, 2024
Նիկոլ Փաշինյանի քաղաքական վեկտորն է` «որտեղ իշխանություն` այնտեղ ես կաց». մարդ եթե մեկ անգամ ծախվում է` դա շատ արագ դառնում է սովորություն. Հայկ Մամիջանյան
 |aysor.am|

Նիկոլ Փաշինյանի քաղաքական վեկտորն է` «որտեղ իշխանություն` այնտեղ ես կաց». մարդ եթե մեկ անգամ ծախվում է` դա շատ արագ դառնում է սովորություն. Հայկ Մամիջանյան |aysor.am|

aysor.am: «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը Փաշինյան-Ալիև հանդիպումից տպավորութուն է ստացել, որ երկու ընկերներ մտերմիկ զրուցում են: «Սա վիզուալ, իսկ բովանդակային` մեղք է այդ փաստաթուղթն անվանել խաղաղության պայմանագիր, այս փաստաթուղթը ՔՊ-ի նախընտրական  քարոզարշավի մասն է»,- լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց նա: Մամիջանյանի խոսքով` Նիկոլ Փաշինյանը հիմա Ալիևի հետ բանակցում է հաջորդ ընտրական պրոցեսի ժամանակ խաղաղություն բառը որպես կարգախոս օգտագործելու իրավունքի համար: «Ինքը թքած ունի, թե Հայաստանն ինչպես կտուժի, ինչ վտանգների առաջ կհայտնվի այդ փաստաթղթով, իրեն պետք է այդ բառը, իսկ մնացած այն ամենը, ինչ ասվում է, մեկնաբանել հնարավոր չէ»,- նշեց պատգամավորը: «Պատիվ ունեմ» խմբկցության ղեկավարն ասաց, թե  Նիկոլ Փաշինյանի քաղաքական վեկտորն է` «ով ինձ իշխանության կպահի` ես նրա հետ եմ», «որտեղ իշխանություն` այնտես ես կաց»: «Հետևաբար, այն աշխարհաքաղական կենտրոնը, ուժը, միավորը,  ով դա անի` նրա պոչն էլ բռնելու է»,- ասաց Մամիջանյանը: Ըստ նրա` Նիկոլ Փաշինյանի համար Հայաստանը կառավարական ամառանոցներն են, Հանրապետության հրապարակում իր աշխատասենյակն Արագածով ու ավտոշարասյուները: «Հասկանում եք` փոքր ժամանակ հեծանիվ չունենալը շատ լուրջ հետք է թողնում հետագա կյանքի վրա, իսկ եթե հետո այդ մարդն իշխանության է գալիս ու ունի նախորդ իր` իբր մասնագիտական գործունեության ընթացքում ծախվելու սովորություն... մարդ եթե մեկ անգամ ծախվում է` դա շատ արագ դառնում է սովորություն ու հետո, երբ ինքը, ցավոք սրտի, նստած է երկրի վարչապետի աթոռին, իր ծախվելով ծախում է նաև մեր, ձեր ու բոլորի ապագան, հենց դրա դեմ ենք մենք ամեն օր պայքարում»,- հավելեց Մամիջանյանը:
12:32 - 25 հոկտեմբերի, 2024
Բայդենն Ալիևին կոչ է արել այս տարի ավարտին հասցնել Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը
 |1lurer.am|

Բայդենն Ալիևին կոչ է արել այս տարի ավարտին հասցնել Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ նախագահը իր հատուկ հարցերով օգնական, Ազգային անվտանգության խորհրդի՝ Եվրոպայի հարցերով ավագ տնօրեն Մայքլ Քարփենթերի հետ նամակ է հղել Ադրբեջանի նախագահին: Նշվում է, որ Ջո Բայդենը գոհունակություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ առաջընթացի կապակցությամբ, ընդգծել, որ դա կծառայի երկու երկրի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Սպիտակ տան ղեկավարը հավատացրել է, որ Վաշինգտոնը պատրաստ է աջակցել կողմերի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության հաստատմանը, որը վերջ կդնի երկարամյա հակամարտությանը։ Ըստ հաղորդագրության՝ «Բայդենը շեշտել է, որ խաղաղության պայմանագիրը ոչ միայն կապահովի Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, այլև կվերափոխի ամբողջ տարածաշրջանը, կծառայի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև առևտրի, ներդրումների և կապերի զարգացմանը»: «COP29-ի ֆոնին աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է Բաքվի վրա: Սա եզակի հնարավորություն է՝ ցույց տալու համաշխարհային հանրությանը ձեր հանձնառությունը խաղաղությանը: Պայմանագրի չհամաձայնեցված կետերի շուրջ աշխատանքը վերջնականացնելու համար երկու կողմն էլ պետք է ստեղծագործ մոտեցում ցուցաբերի և փոխզիջումների գնա: Վստահ եմ, որ դուք կօգտվեք այս հնարավորությունից: Կոչ եմ անում այս տարի ավարտին հասցնել պայմանագիրը»,- նշել է Բայդենը։  ԱՄՆ նախագահի խոսքով՝ իր վարչակազմը պատրաստ է ձեռնարկել համարձակ նախաձեռնություններ, որոնք կօգնեն ճանապարհ հարթել դեպի խաղաղություն:  «Խնդրել եմ Եվրոպայի գծով իմ օգնական Մայքլ Քարփենթերին ներկայացնել ձեզ որոշ քայլեր, որոնք մենք պատրաստ ենք նախաձեռնել, ինչպես նաև տեղեկություն ստանալ Հայաստանի հետ քննարկումների մասին»,- գրել է Բայդենը: Նախագահը հույս է հայտնել, որ Բաքուն կօգտվի առկա հնարավորություններից, տարածաշրջանային նոր կուրս կվերցնի, որը հիմնված կլինի ընդհանուր բարգավաճման գաղափարի վրա։
13:41 - 21 հոկտեմբերի, 2024
Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է երկկողմ ֆորմատով հանդիպումներ անցկացնել. Սարգիս Խանդանյան |armenpress.am|

Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է երկկողմ ֆորմատով հանդիպումներ անցկացնել. Սարգիս Խանդանյան |armenpress.am|

armenpress.am:  -Պարոն Խանդանյան, Ադրբեջանի նախագահը հոկտեմբերի 14-ին, ընդունելով Ադրբեջանում Բելգիայի նորանշանակ դեսպանին, հայտարարել է, թե Հայաստանի Հանրապետությունն է, որ հրաժարվել է Բրյուսելյան հարթակում ընթացող բանակցությունները շարունակելուց: Մինչդեռ Հայաստանի կառավարությունը մի փոքր այլ կերպ էր ներկայացնում:  -Այդ հարցի պատասխանը ստանալու համար պետք է պարզապես հղում կատարենք փաստերին: 2023թ. հունիսին Քիշնեւում տեղի ունեցած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում կայացավ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Շոլցի, ԵՄ խորհրդի նախագահ Միշելի, Ադրբեջանի նախագահ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Փաշինյանի հնգակողմ հանդիպումը, որպես բրյուսելյան քննարկումների ամփոփման հարթակ: Պայմանավորվածություն ձեռքբերվեց այդ ձեւաչափով հաջորդ հանդիպումը ունենալ նույն թվականի հոկտեմբերին Գրանադայում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ընթացքում՝ Բրյուսելում առաջիկա եռակողմ հանդիպումից հետո: Բրյուսելում եռակողմ հանդիպում տեղի ունեցավ 2023թ. հուլիսի 15-ին, իսկ Գրանադայի հանդիպմանը Ադրբեջանը հրաժարվեց մասնակցել: Գրանադայից անմիջապես հետո ԵՄ խորհրդի նախագահ Միշելը հայտարարեց, որ հոկտեմբերի վերջին նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում, և կողմերն արդեն իսկ տվել են իրենց համաձայնությունը։ Այնուամենայնիվ, հետագայում ադրբեջանական կողմը հրաժարվեց այս հանդիպումից եւս։ 2024 թվականի փետրվարի 2-ին վարչապետ Փաշինյան - նախագահ Միշել հեռախոսազրույցում վերջինս առաջարկել էր Բրյուսելում եռակողմ հանդիպում ունենալ մարտի սկզբին։ Պայմանավորվածություն էր ձեռք բերվել հանդիպումն անցկացնել մարտի 12-ին: Հետագայում Ադրբեջանը հրաժարվեց նաեւ այդ հանդիպումից: Ապրիլին Շառլ Միշելը նամակով դիմել էր ՀՀ վարչապետին և Ադրբեջանի նախագահին՝ առաջարկելով Բրյուսելում անցկացնել եռակողմ հանդիպում։ Վարչապետ Փաշինյանը տվել էր իր համաձայնությունը, իսկ ադրբեջանական կողմը հրաժարվել էր հանդիպումից։ Հավելեմ, որ Ադրբեջանը մինչ օրս չի կատարել Բրյուսելում տեղի ունեցած հանդիպումների ընթացքում ստանձնած հումանիտար բնույթի մի շարք հանձնառություններ, ռազմագերիների և այլ պահվող անձանց ազատ արձակելու վերաբերյալ: -Բայց Ադրբեջանը փաստարկում է, որ Հայաստանը հրաժարվել է Մեծ Բրիտանիայում հուլիսին կայացած Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում հանդիպման առաջարկից: -Հայաստանը ոչ թե հրաժարվել, այլ նպատակահարմար չի համարել նոր ֆորմատով հանդիպումը եւ Ադրբեջանին առաջարկել է Մեծ Բրիտանիայում ունենալ երկկողմ հանդիպում, ինչից հրաժարվել է Ադրբեջանը, որն ավելի վաղ հրաժարվել էր հնգակողմ ֆորմատով հանդիպումներից: Որքան տեղյակ եմ, հոկտեմբերի 7-8-ը Մոսկվայում տեղի ունեցած ոչ ֆորմալ շփումների ժամանակ վարչապետ Փաշինյանը նախագահ Ալիեւին առաջարկել է երկկողմ հանդիպում ունենալ: Ավելի ճիշտ, առաջարկվել է, որ ԱԳ նախարարները երկօրյա հանդիպում ունենան, համաձայնեցնեն Խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված մեկ-երկու հոդվածները, ապա առաջնորդները նախքան Բաքվում COP-29-ի կայացումը ստորագրեն պայմանագիրը: Ես, անկեղծ ասած, Ադրբեջանի արձագանքից տեղյակ չեմ, բայց հույս ունեմ այս տրամաբանությունը հնարավոր կլինի իրագործել: 
16:54 - 15 հոկտեմբերի, 2024
Ադրբեջանն անիրատեսական է համարում խաղաղության պայմանագրի ստորագրման Հայաստանի առաջարկը
 |azatutyun.am|

Ադրբեջանն անիրատեսական է համարում խաղաղության պայմանագրի ստորագրման Հայաստանի առաջարկը |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանն անիրատեսական է համարում Հայաստանի առաջարկը՝ ստորագրել այն ամենը, ինչն արդեն համաձայնեցվել է։ Այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ասել է, որ խաղաղության համաձայնագրի բոլոր կետերը հավասար արժեք ունեն, մեկը մյուսից չի կարելի առանձնացնել։ Նա նշել է, որ նման նախադեպերից տեղյակ չէ։ Մոտ մեկ շաբաթ առաջ Հայաստանի վարչապետը վերահաստատել էր՝ խաղաղության համաձայնագրի նախագիծը առնվազն 80 տոկոսով համաձայնեցված է, ապա առաջարկել Բաքվին ստորագրել այն, ինչն արդեն համաձայնեցված է՝ այդպիսով ունենալով ոչ միայն դե ֆակտո, այլև դե յուրե խաղաղություն և շարունակել աշխատել մնացած բոլոր հարցերի շուրջ։ Նիկոլ Փաշինյանը, շեշտելով, որ Հայաստանի Սահմանադրության մեջ Ադրբեջանի կամ որևէ այլ երկրի հանդեպ տարածքային պահանջներ չկան, հայտարարել էր՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը ոչ միայն հնարավոր է, այլև հասանելի։
17:32 - 14 հոկտեմբերի, 2024
Հայաստանը որևէ հարևանի նկատմամբ ագրեսիվ մտադրություններ չունի. ԱԳՆ խոսնակը՝ Ալիևի հայտարարություններին ի պատասխան

Հայաստանը որևէ հարևանի նկատմամբ ագրեսիվ մտադրություններ չունի. ԱԳՆ խոսնակը՝ Ալիևի հայտարարություններին ի պատասխան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ջաբրայիլում ունեցած ելույթի ժամանակ կրկին անդրադարձել է Հայաստանի կողմից սպառազինության և տեխնիկայի ձեռքբերումներին և սպառնալիքներ հնչեցրել։ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը, պատասխանելով լրատվամիջոցներից մեկի հարցմանը, մեկնաբանել է այս հայտարարությունները։ «Պաշտոնական Երևանն արդեն բազմիցս և ամենաբարձր մակարդակով հայտարարել է, որ որևէ հարևանի նկատմամբ ագրեսիվ մտադրություններ չունի, ճանաչում է նրանց բոլորի տարածքային ամբողջականությունը և տարածքային պահանջներ չունի։ Պետք է ընդգծել, որ ՀՀ Սահմանադրական դատարանի վերջին որոշումը, որով Բարձր դատարանը ստուգեց և հաստատեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը և հերքեց բոլոր այն պնդումները, թե ՀՀ Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում իր որևէ հարևանի նկատմամբ։ Հայաստանի Հանրապետությունը հայտարարել է նաև, որ չնայած իր որոշակի տարածքներ օկուպացված են, այդ տարածքները ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր և օրակարգ չունի, որովհետև սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության վերը հիշատակված կանոնակարգը տալիս է այդ խնդիրները խաղաղ, բանակցային ճանապարհով հասցեագրելու և լուծելու բոլոր հնարավորությունները։  Ինչ վերաբերում է սպառազինություններին, ՄԱԿ-ի կանոնադրությունը յուրաքանչյուր պետության ինքնապաշտպանության իրավունք է վերապահում։ Ավելին, միջազգային իրավունքը յուրաքանչյուր պետության իր քաղաքացիներին պաշտպանելու պարտավորությամբ է օժտում։ Հայաստանը սպառազինություն և տեխնիկա ձեռք է բերում միայն ինքնապաշտպանության իրավունքը և սեփական քաղաքացիների պաշտպանության պարտավորությունն իրացնելու նպատակով։ Սրան զուգահեռ՝ Ադրբեջանի հարձակողական զինատեսակներով սպառազինման ծավալներն անգամներով ավելին են, ինչի մասին հաճախ հայտարարում է Ադրբեջանի նախագահը։ Հիմա այս ամենի հաշվառումով հարց է ծագում. ինչո՞ւ է Ադրբեջանը Ձեր հարցի մեջ հիշատակված շեշտադրումներն անում։ Մի՞թե ագրեսիա է նախապատրաստում Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Կարծում եմ՝ այս հարցի պատասխանը ստանալը կարևոր է, որովհետև դա կօգնի նաև գնահատել հնչող այն տեսակետները, թե Ադրբեջանը պատրաստվում է առաջիկայում Բաքվում կայանալիք COP29 համաժողովն օգտագործել որպես ծխածածկույթ Հայաստանի Հանրապետության դեմ նոր ռազմական ագրեսիա ծավալելու, և դրա քաղաքական պատասխանատվությունը COP29-ին մասնակցելու համար Բաքու մեկնած օտարերկրյա առաջնորդների միջև բաշխելու համար: Պաշտոնական Բաքվի վերջին շրջանի հայտարարություններն առնվազն մի շարք կարևոր հարցեր ևս առաջացնում են և դրանցից ևս երկուսը ուզում եմ հնչեցնել. ա) արդյո՞ք Ադրբեջանը հրաժարվում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունն Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչելու պայմանավորվածություններից: Կրկին ընդգծեմ, որ Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է իր հավատարմությունն Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, այսինքն՝ Խորհրդային Հանրապետությունների վարչական սահմաններով միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը ճանաչելու՝ Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածությանը. բ) արդյո՞ք Ադրբեջանը հրաժարվում է խաղաղության օրակարգից: Ասեմ, որ Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է իր հավատարմությունը խաղաղության օրակարգին, և պատրաստակամությունը ստորագրել Ադրբեջանի հետ արդեն իսկ համաձայնեցված խաղաղության բովանդակությունը որպես խաղաղության պայմանագիր, ինչի մասին ՀՀ վարչապետը հայտնել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանում իր ունեցած ելույթում:  Կարծում ենք՝ ագրեսիվ հռետորաբանության փոխարեն պետք է կենտրոնանանք խաղաղության պայմանագիր ստորագրելու հարցը շուտափույթ լուծելու և մյուս հարցերի շուրջ ոչ միայն դե ֆակտո, այլև դե յուրե խաղաղության պայմաններում բանակցելու վրա»,- ասել է Բադալյանը։
18:37 - 04 հոկտեմբերի, 2024
Հայաստանի ինքնիշխան իրավունքն է աշխատել իր պաշտպանական ունակությունների վրա և ընտրել գործընկերներին. ԵՄ խոսնակ |armenpress.am|

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է աշխատել իր պաշտպանական ունակությունների վրա և ընտրել գործընկերներին. ԵՄ խոսնակ |armenpress.am|

armenpress.am: ԵՄ արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն անհիմն է գնահատում Ադրբեջանի նախագահ Իհլամ Ալիեւի՝ օրեր առաջ հնչեցրած քննադատությունները Հայաստանում տեղակայված ԵՄ առաքելության (EUMA) հասցեին եւ Հայաստանի «ռազմականացման» վերաբերյալ։  Բրյուսելում «Արմենպրեսի»-ի թղթակցի հարցմանն ի պատասխան ԵՄ խոսնակը ափսոսանք է հայտնել Ալիեւի հնչեցրած քննադատությունների առիոթվ ու նշել, որ առաքելությունն անզեն ու քաղաքացիական է, որը տեղակայված է տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ԵՄ ջանքերին աջակցելու նպատակով։ «Առաքելությունը կյանքի է կոչվել Հայաստանի իշխանությունների դիմումի համաձայն, եւ այն գործում է միայն միջազգայնորեն ճանաչված երկկողմ սահմանի հայկական կողմում։ Դա անկողմնակալ առաքելություն է՝ հստակ սահմանված մանդատով», - ասել է Ստանոն՝ հավելելով, որ մեկնարկից ի վեր առաքելությունն ապացուցել է իր կարեւորությունը՝ նպաստելով ԵՄ աջակցությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը միտված ջանքերին նպաստող միջավայրի ապահովմանը։ Խոսնակի կարծիքով, առաքելությունը զգալի կայունացնող ազդեցություն ունի, այդ թվում տեղի բնակչության համար։ Ստանոն նշել է, որ առաքելության տեղակայումից ի վեր ադրբեջանական իշխանությունները կանոնավոր կերպով տեղեկացված են եղել առաքելության մասին, եւ որ ԵՄ-ն կշարունակի սերտորեն աշխատել երկու կողմերի հետ՝ կայուն խաղաղության հասնելու համար:  Անդրադառնալով Հայաստանի «ռազմականացման» վերաբերյալ Ալիեւի խոսքերին, ԵՄ խոսնակը պատասխանել է, որ իրենք տեղյակ չեն Հայաստանի ենթադրյալ ռազմականացման մասին եւ հիշեցրել Հայաստանի ինքնիշխան երկիր լինելու մասին։ «Հայաստանի ինքնիշխան իրավունքն է աշխատել իր պաշտպանական ունակությունների վրա և ընտրել իր գործընկերներին, այդ թվում՝ անվտանգության և պաշտպանության ոլորտներում։ Նմանապես, մենք չենք համարում, որ Ադրբեջանի ինտենսիվ ռազմական համագործակցությունը իր գործընկերների հետ ազդի խաղաղ գործընթացի վրա, քանի դեռ կա քաղաքական կամք՝ շարունակելու հարաբերությունների նորմալացումը և կայուն խաղաղության հասնելը», - ասել է Պետեր Ստանոն եւ կրկին ընդգծել, որ ԵՄ-ի 2024 թվականի հուլիսին Եվրոպական խաղաղության հիմնադրամի շրջանակներում Հայաստանին հատկացված 10 միլիոն եվրոն, որի նպատակն է բարելավել քաղաքացիական անձանց պաշտպանությունը ճգնաժամերի և արտակարգ իրավիճակներում՝ ապահովելով լիարժեք տեղակայվող վրանային ճամբար: Այն երկրի զինված ուժերի նյութատեխնիկական կարողությունների հզորացման համար է։  «Այն չի ներառում զենքի տրամադրում, ինչպես երբեմն սխալ ներկայացնում են որոշ լրատվամիջոցներ կամ դերակատարներ: Առաջարկվող սարքավորումը ոչ մահաբեր է և ոչ հարձակողական», - նշել է ԵՄ արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակը՝ հավելելով, որ  ԵՄ-ն պահպանում է սերտ երկկողմ հարաբերություններ և փոխշահավետ համագործակցություն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ և անկողմնակալ է մնում կարգավորման ընթացիկ գործընթացում։  Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։
20:35 - 27 սեպտեմբերի, 2024
44-օրյա պատերազմը՝ ամփոփ

44-օրյա պատերազմը՝ ամփոփ

Հրթիռակոծված Ղազանչեցոց եկեղեցու լուսանկարը՝ Դավիթ Ղահրամանյանի, աղբյուրը՝ Արցախի տեղեկատվական շտաբ, հոկտեմբերի 8, 2020թ․ 4 տարի առաջ՝ սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով՝ գործի դնելով իր սպառազինության մեջ առկա գրեթե բոլոր զինատեսակները՝ հրաձգային զենքերից մինչեւ ավիացիա։  2020թ․ պատերազմն անսպասելի չէր, հատկապես, երբ դիտարկում ենք 4 տարվա հեռավորությունից՝ ուսումնասիրելով այն խոսույթը, որն օգտագործում էր ադրբեջանական կողմը եւ այն մտահոգությունները, որոնք պարբերաբար բարձրաձայնվում էին ոչ միայն հայ, այլեւ օտարերկրյա պաշտոնյաների կողմից։ Ադրբեջանը հարձակման համար հող էր նախապատրաստում տեւական ժամանակ՝ ամենօրյա ռեժիմով լրատվադաշտ նետելով հրադադարի ռեժիմի խախտման մասին հաղորդագրություններ՝ Հայաստանին մեղադրելով սադրանքի նախապատրաստվելու մեջ։ Դեռ սեպտեմբերի առաջին տասնօրյակում՝ մինչեւ պատերազմի մեկնարկը, Ադրբեջանի նախագահը հայտարարեց, թե «Հայաստանը դուրս է եկել բանակցային գործընթացից»։ Այս հայտարարություններին զուգընթաց՝ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը հաղորդում էր տվյալներ, համաձայն որոնց՝ միայն սեպտեմբերի երկրորդ շաբաթում Ադրբեջանը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը խախտել է 300-ից ավելի անգամ, երրորդ շաբաթում՝ 295 անգամ, չորրորդ շաբաթում՝ սեպտեմբերի 20-26-ն ընկած ժամանակահատվածում՝ 330 անգամ։ Այդ ընթացքում Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներ ինտենսիվ պարապմունքներ եւ ուսումնական վարժանքներ են իրականացնում։ Դիտարկելով տարածաշրջանային իրավիճակը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սեպտեմբերի 14-ին հանդիպման առաջարկ են անում Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին՝ առանց նախապայմանների լուրջ բովանդակային բանակցություններ վերսկսկելու նպատակով։ Այդ հանդիպումը, սակայն, չի կայանում։ Բանակցություններ վերսկսելու առաջարկից երկու օր անց՝ սեպտեմբերի 16-ին, հայտնի է դառնում, որ ադրբեջանական կողմի կրակի հետեւանքով Հայաստանի հյուսիսարեւելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում մահացու հրազենային եւ բեկորային վնասվածքներ է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Հովիկ Նելսոնի Թամազյանը։ Այդ դեպքից երկու օր անց՝ սեպտեմբերի 16-ին, Ազգային ժողովում ՀՀ պաշտպանության այդ ժամանակվա նախարար Դավիթ Տոնոյանը հաղորդում է, որ Հայաստանի սահմանի մոտ ամրաշինական աշխատանքներ իրականացնելու նպատակով ադրբեջանական բանակն օգտագործում է տարբեր տրամաչափի զենքեր՝ «չեզոքացնելու մեր դիրքապահների եւ դիրքերի առավելությունն ու գերակայությունը»։ Տոնոյանը հայտարարում է, որ այդ իրավիճակը երկու շաբաթ է՝ շարունակվում է, բայց հայկական կողմը «տեղեկատվական զսպվածություն է ցուցաբերել»։ Դրա նախորդ օրը ադրբեջանական կողմը հայտարարել էր ադրբեջանցի զինվորի վիրավորվելու մասին։  Օրեր անց՝ սեպտեմբերի 19-ին, Հայաստանի արտաքին գործերի այդ ժամանակվա նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարում է, որ կան տեղեկություններ, որ ահաբեկիչներ են հավաքագրվում՝ Ադրբեջան տեղափոխվելու համար։ Մոտ տասը օր անց, երբ պատերազմն արդեն սկսվել էր, Reuters գործակալությունը հրապարակում է հոդված, որտեղ փաստեր է ներկայացնում Անկարայի կոորդինացմամբ Ադրբեջան տեղափոխվող սիրիացի ջիհադիստների մասին։ Ադրբեջանը պատերազմ է սանձազերծում սեպտեմբերի 27-ի առավոտյան՝ միանգամից հայտարարելով, թե հայկական կողմն է դիմել սադրանքի։ Առավոտյան 8-ի մոտակայքում Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտարարում է, որ շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական կողմը հրետակոծություն է սկսել, ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն էլ հաղորդում է, որ հակառակորդն Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել։ Ադրբեջանը հարվածում է ոչ միայն մարտական դիրքերին, այլ նաեւ թիրախավորում բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը։  Թուրքիան միանգամից աջակցություն է հայտնում Ադրբեջանին․ Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարում է, թե դատապարտում են «հայկական կողմի հարձակումը»։ Միջազգային կազմակերպությունների եւ տարբեր պետությունների ներկայացուցիչները ռազմական գործողությունները դադարեցնելու եւ անհապաղ բանակցությունների վերադառնալու կոչերով են հանդես գալիս [1, 2, 3, 4]։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածում` նշելով, որ բանակցությունների միջոցով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Այդ կոչերին զուգահեռ՝ նույն օրը՝ սեպտեմբերի 27-ին, Արցախում եւ Հայաստանում հայտարարվում է զորահավաք եւ ռազմական դրություն։ Ադրբեջանում ռազմական դրություն է հայտարարվում սեպտեմբերի 28-ի կեսգիշերից։  Պատերազմի երկրորդ օրվանից Ադրբեջանը փորձում է ընդլայնել ռազմական գործողությունների աշխարհագրությունը դեպի Հայաստանի Հանրապետության տարածք՝ սեպտեմբերի 29-ին հրետակոծելով Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի գյուղերը։ ՀՀ բնակավայրերի եւ ԶՈՒ ցամաքային ստորաբաժանումների ուղղությամբ Ադրբեջանի «ՍՈՒ-25» եւ թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ-ով ռմբահրթիռային հարվածների իրականացման ընթացքն ապահովում էին Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչները, որոնք օդ էին բարձրացել Ադրբեջանի Գյանջա օդանավակայանից։ Այդ կործանիչները չէին վերադարձել Թուրքիա ադրբեջանաթուրքական զորավարժությունների ավարտից հետո։ Սեպտեմբերի 29-ին ՀՀ օդային տարածքում Թուրքիայի F-16-ը խոցում է ՀՀ զինված ուժերի ռազմաօդային ուժերի «ՍՈՒ-25» գրոհիչը, օդաչուն զոհվում է։ Լեռնային Ղարաբաղում ինտենսիվ ռազմական գործողություններին զուգահեռ՝ Ադրբեջանը չի դադարեցնում սադրանքները նաեւ Հայաստանի ուղղությամբ՝ հետախուզական չորս անօդաչու թռչող սարք ուղարկելով ՀՀ Կոտայքի մարզ [1, 2, 3]։  Պատերազմի 44 օրերի ընթացքում հրադադարի 3 պայմանավորվածություն է ձեռք բերվում։ Առաջին համաձայնությունն ընդունվում է Ռուսաստանի միջնորդությամբ՝ հոկտեմբերի 10-ին։ Կողմերը համաձայնում են կեսօրից մարդասիրական նպատակներով դադարեցնել կրակը՝ ռազմագերիների եւ պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ եւ վերջինիս չափանիշների համաձայն։ Կողմերը վերահաստատում են բանակցային գործընթացի ձեւաչափի անփոփոխ լինելը եւ պայմանավորվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ լինել առարկայական բանակցությունների` խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով։ Հրադադարի հաստատման ժամից 5 րոպե անց Ադրբեջանը խախտում է պայմանավորվածությունը՝ գրոհ ձեռնարկելով։ Նույն օրը հրթիռային հարվածներ է հասցնում նաեւ ՀՀ Սյունիքի մարզի ուղղությամբ։  Մեկ շաբաթ անց կրակի դադարեցման երկրորդ համաձայնությունն է ձեռք բերվում Ֆրանսիայի միջնորդությամբ․ Հայաստանն ու Ադրբեջանը որոշում են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00։00-ից հաստատել մարդասիրական զինադադար։ Այս զինադադարը տեւում է ժամեր․ վաղ առավոտյան հայկական եւ ադրբեջանական կողմերը միմյանց մեղադրում են պայմանավորվածությունը խախտելու մեջ։ Ռազմական գործողությունները շարունակվում են՝ տարբեր տեղամասերում՝ տարբեր ինտենսիվությամբ։ Այդ ողջ ընթացքում քննարկվում են հակամարտության լուծման ելքեր, արցախցի պաշտոնյաները, տարբեր քաղաքական գործիչներ բարձրացնում են Արցախի միջազգային ճանաչման հարցը։ Հոկտեմբերի 25-ին, ՀՀ վարչապետը հայտարարում է, որ «միջազգային հանրությունը, այո, պետք է կիրառի անջատում հանուն փրկության բանաձեւը»։ Արցախի անկախության ճանաչման մասին հայտարարում են միայն տարբեր երկրների առանձին քաղաքներ, իսկ «անջատում հանուն փրկության» սկզբունքի մասին խոսակցությունները մնում են միայն հայտարարությունների դաշտում։ Ադրբեջանը հայտարարում է նոր տարածքների գրավման մասին, հայկական կողմը որոշ դեպքերում հերքում է, որոշ դեպքերում՝ հաստատում այդ հայտարարությունները։ Պատերազմի ողջ ընթացքն ուղեկցվում է նաեւ տեղեկատվական պատերազմով։ Հրադադարի երրորդ պայմանավորվածությունը ձեռք է բերվում հոկտեմբերի 26-ին։ ՀՀ արտաքին գործերի այդ ժամանակվա նախարար Զոհրաբ Մնացականյանն ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 24-ին հանդիպում են ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ եւ վերահաստատում երկրների հանձնառությունը՝ կյանքի կոչելու եւ պահպանելու հումանիտար հրադադարի վերաբերյալ նախորդ պայմանավորվածությունները: ԱՄՆ-ի միջնորդությամբ կողմերը պայմանավորվում են հումանիտար հրադադար հաստատել հոկտեմբերի 26-ին՝ տեղական ժամանակով 08:00-ին: Հրադադարի հաստատումից 10 րոպե անց Ադրբեջանը հայկական կողմին մեղադրում է հրադադարը խախտելու մեջ, Արցախի ՊԲ-ն միանգամից հերքում է այդ լուրը՝ հայտարարելով, որ զինված ուժերը խստորեն հետեւում է հրադադարի ռեժիմին։ Րոպեներ անց ՀՀ ՊՆ-ն հայտարարում է, որ Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը։ Հոկտեմբերի 27-ին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հրապարակում է ռազմական գործողությունների քարտեզ, որում երեւում է, որ հակառակորդը հարավից ավելի է խորացել, եւ արդեն մարտեր են ընթանում Ավետարանոց եւ Սղնախ գյուղերի մոտակայքում: Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի հրապարակած քարտեզը՝ 2020 թ. հոկտեմբերի 27-ի դրությամբ մարտական գործողությունների մասին Հոկտեմբերի 28-ին Ադրբեջանի թիրախում է հայտնվում Ստեփանակերտի ծննադատունը։  2 օր անց՝ հոկտեմբերի 30-ին, Ժնեւում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ եւ մասնակցությամբ մեկնարկում է ՀՀ ԱԳ այն ժամանակ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Կողմերը Ժնեւում կայացած հանդիպման ընթացքում խաղաղ բնակչության եւ ոչ ռազմական օբյեկտները չթիրախավորելու վերաբերյալ համաձայնություն են ձեռք բերում: Թեեւ Երեւանն ու Բաքուն այդ հանդիպմանը վերահաստատում են նախկինում ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունները, հաստատում, որ դիտավորյալ չեն հարձակվի քաղաքացիական բնակչության կամ ոչ ռազմական օբյեկտների վրա եւ այլն, մարտադաշտում իրադրությունը չի փոխվում։ Դեռ ավելին, հաջորդ օրը՝ հոկտեմբերի 31-ին, հայկական կողմը հայտարարում է, որ Ադրբեջանը զանգվածային ոչնչացման ֆոսֆորային զինամթերք է օգտագործում Լեռնային Ղարաբաղի՝ քաղաքացիական բնակավայրերի մերձակայքում գտնվող անտառներում։  Նոյեմբերի առաջին օրերին Ադրբեջանը սկսում է առավել ինտենսիվորեն մեղադրել Հայաստանին հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմը խախտելու մեջ, հայկական կողմը հերքում է բոլոր այդ պնդումները։ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի հրապարակած քարտեզը՝ 2020 թ. նոյեմբերի 3-ի դրությամբ մարտական գործողությունների մասին Նոյեմբերի առաջին շաբաթվա լուրերը ցույց են տալիս, որ մարտական գործողություններն ընդլայնվում են դեպի խորք։ Նոյեմբերի 6-ին ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարում է, որ մարտերը Շուշիի մերձակայքում են։ 2 օր անց՝ նոյեմբերի 8-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարում է, որ Շուշին գրավված է։ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը նույն օրը երեկոյան պնդում է, որ Շուշիում ծանր մարտեր են ընթանում՝ այդպիսով հերքելով ադրբեջանական կողմի հայտարարությունները, թե Շուշին ամբողջությամբ իրենց վերահսկողության ներքո է։  Նոյեմբերի 9-ին՝ երեկոյան ժամը 18։30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերը դարձյալ թիրախավորում է ՀՀ տարածքը՝ հրթիռային կայանքի կիրառմամբ խոցելով Արարատի մարզի Երասխ գյուղում թռիչք իրականացնող ՌԴ զինված ուժերի ՄԻ-24 տեսակի՝ ակնհայտորեն ՌԴ տարբերանշանը կրող ռազմական ուղղաթիռը։ Դրա հետեւանքով զոհվում է 2 անձ, եւ մարմնական վնասվածք ստանում եւս մեկը։ Այս դեպքի առնչությամբ սկսվում է հետաքննություն, Հայաստանը հայտարարում է, որ ամեն կերպ պատրաստ է աջակցել ՌԴ-ին այդ հարցում։ Պատերազմի վերջին օրը՝ նոյեմբերի 9-ի առավոտյան, ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը գրում է, որ Շուշիի մերձակայքում մարտերը շարունակվում են, երեկոյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրում է՝ Շուշիի համար մարտերը շարունակվում են։ ՀՀ վարչապետի գրառումից ժամեր անց հայտնի է դառնում, որ պատերազմն ավարտվել է 9-կետանոց հայտարարության ստորագրությամբ։ Նոյեմբերի 9-ի կեսգիշերն անց Նիկոլ Փաշինյանը գրառում է անում իր կատարած «ծանր որոշման» մասին՝ նշելով, որ «ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է»:  Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարում է, որ ինքը եւս պատերազմը կանգնեցնելու համաձայնություն է տվել։ 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից։ Ըստ այդ հայտարարության՝ նոյեմբերի 10-ի՝ Մոսկվայի ժամանակով ժամը 00։00-ից, Ադրբեջանն ու Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում, օրերի ընթացքում Ադրբեջանին են վերադարձվում Աղդամի շրջանը, Քելբաջարի շրջանը, Լաչինի շրջանը, ԼՂ շփման գծի եւ Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է ՌԴ խաղաղապահ զորախումբ, դրան զուգահեռ ԼՂ-ից դուրս են բերվում հայկական զինված ուժերը եւ այլն։ Նոյեմբերի 9-ի, լույս 10-ի գիշերը ռուս խաղաղապահ ուժերը բերվում են Լեռնային Ղարաբաղ: Խաղաղապահները այստեղ մնում են մինչեւ 2023թ․ սեպտեմբերի 19-ը, երբ Արցախի վրա Ադրբեջանի հարձակումից հետո Արցախի քաղաքական ղեկավարությունը ստորագրում է Արցախի լուծարման մասին փաստաթուղթը, եւ երբ Արցախի բնակչությունը բռնի տեղահանվում է։ 44-օրյա պատերազմի հետեւանքով Արցախից տեղահանվածների թիվը ՀՀ ՆԳՆ քաղաքացիության եւ միգրացիայի ծառայությունից «Ինֆոքոմի» ստացած տվյալների համաձայն՝ 44-օրյա պատերազմի ընթացքում ԼՂ-ից ՀՀ է տեղափոխվել 92 հազար 265 անձ, որոնցից 60 հազար 930-ը՝ կին, 31 հազար 335-ը՝ տղամարդ։ 84 հազար 502-ը եղել է չափահաս, 7 հազար 763-ը՝ 0-19 տարեկան։ ԼՂ-ից տեղահանվածների վիճակագրությունը՝ ըստ շրջանների՝ Ասկերանից՝ 8997 անձ, Հադրութից՝ 9317 անձ, Մարտակերտից՝ 12002 անձ, Մարտունուց՝ 13726 անձ, Շահումյանից՝ 2779 անձ, Շուշիից՝ 4170 անձ, Ստեփանակերտից՝ 32050 անձ, Քաշաթաղից՝ 8969 անձ: 2022-ի փետրվարին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ Ազգային ժողովում ստեղծվել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով։ Այդ հանձնաժողովն արդեն ավարտել է աշխատանքները և պատրաստել եզրակացություն։ Հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ այս տարվա հոկտեմբերին նամակով դիմելու է խորհրդարանի նախագահին դռնփակ նիստ հրավիրելու համար, որի ժամանակ էլ կներկայացվի «մի քանի հարյուր էջից բաղկացած զեկույցը»։ Հայկական կողմի կորուստները 2020թ․ դեկտեմբերի 9-ին Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրեց ցանկ, թե պատերազմի հետեւանքով Արցախի որ համայնքներն ու բնակավայրերն են անցել ադրբեջանական վերահսկողության ներքո։ Հայկական կողմը պատերազմի ընթացքում պարբերաբար ներկայացրել է զոհերի մասին տվյալներ։ Պատերազմի ավարտից հետո էլ տարբեր պաշտոնայներ ներկայացրել են ամփոփ տվյալներ։ 2021թ․ մարտի 20-ին Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ հայկական կողմը պաշտոնապես հաստատված 3250 զոհ ունի՝ նշելով, որ անհետ կորածների բավականին մեծ ցուցակ կա, որը ճշգրտման կարիք ունի։ Միաժամանակ, նա պնդել է, որ մեր զոհերի թիվը 4000-ից չի անցնի:  Արդեն 2022թ․ ապրիլի 13-ին Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարել է, որ հայկական կողմի զոհերի թիվը 3825 է։ Այս հայտարարությունից մեկ ամիս առաջ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդել էր 3822 թիվը։ Ըստ Կոմիտեի՝ 2022թ․ մարտի 21-ի դրությամբ անհայտ է եղել 187 զինծառայողի և 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։ 2024թ․ հունվարի 4-ին Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հայտնել է, որ այդ պահի դրությամբ Ադրբեջանում 23 անձ է պահվում, որոնցից 17-ը 2023թ․ ագրեսիայի ընթացքում են գերեվարվել։ Քյարամյանն ասել է, որ 44-օրյա պատերազմից հետո 32 անձի բռնի անհետացման վերաբերյալ առկա են փաստական տվյալներ։ Ադրբեջանը հաստատում է 23 պահվող անձանց հանգամանքը, 32 անձի բռնի անհետացման հայտարարությունը՝ հերքում։ «Ինֆոքոմը» ՀՀ քննչական կոմիտեից այս տարվա սեպտեմբերի 16-ին տեղեկություններ է հայցել մի շարք հարցերի վերաբերյալ, այդ թվում՝ 44-օրյա պատերազմի հետեւանքով հայկական կողմի զոհերի, անհայտ կորածների, գերության մեջ գտնվողների թիվը, խնդրել հայտնել զոհված զինծառայողների զինվորական կոչումները եւ այլն։  Նշելով, որ պատերազմին առնչվող մի շարք հոդվածներով շարունակվում են նախաձեռնված քրեական վարույթների նախաքննությունները՝ Քննչական կոմիտեն մերժել է տեղեկության տրամադրումը՝ պնդելով, որ դրանք պարունակում են հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ։ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը նաեւ 44-օրյա պատերազմին առնչվող քրեական վարույթների վերաբերյալ է հայտնել որոշ տվյալներ․ 2024թ․ հունվարի դրությամբ, ըստ Քյարամյանի, դատարան է ուղարկվել 422 անձի վերաբերյալ քրեական գործ, որոնցից 99-ը սպաներ են։ Ադրբեջանական կողմի կորուստները 2020թ․ դեկտեմբերի 3-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն առաջին անգամ հրապարակեց իր զոհերի թիվը․ ըստ այդ օրվա տվյալների՝ զոհվել էր Ադրբեջանի զինված ուժերի 2783 զինծառայող, անհետ կորած էր համարվում 100-ը, իսկ 1245 վիրավոր բուժում էր ստանում։  2021թ․ մարտի 2-ին Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդել է զոհերի 2881 թիվը, նշել, որ անհետ կորած է համարվում 28 զինծառայող։ Մինչդեռ հայկական կողմը նոյեմբերի 8-ին՝ պատերազմի նախավերջին օրը, ներկայացրել է տվյալ, ըստ որի՝ Ադրբեջանն ունի անձնակազմի 7630 կորուստ։ Կան հրապարակումներ այն մասին, որ հնարավոր է, որ Ադրբեջանի կորուստներն ավելին են, քան պաշտոնապես հայտնում են։ 44-օրյա պատերազմի վերաբերյալ մանրամասն կարդալու համար կարող եք օգտվել «Ինֆոքոմի» «44-օրյա պատերազմ. ժամանակագրություն» մոնիթորինգային գործիքից, որը ներառում է 44-օրյա պատերազմը եւ դրան նախորդող ու հաջորդող ժամանակահատվածում Հայաստանի և Արցախի շուրջ ծավալված իրադարձությունները՝ շուրջ 11 հազար լուր։ Հայարփի Բաղդասարյան
20:20 - 27 սեպտեմբերի, 2024
Ըստ Ալիևի՝ Հայաստանը Ֆրանսիայից «անվճար» է զենք ստանում |civilnet.am|

Ըստ Ալիևի՝ Հայաստանը Ֆրանսիայից «անվճար» է զենք ստանում |civilnet.am|

civilnet.am: «Հայաստանը զինողները պետք է գիտակցեն, որ հետագա իրադարձությունների անմիջական պատասխանատվությունը իրենք են կրելու»․ Միլլի Մեջլիսի ամբիոնից սեպտեմբերի 23-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա պնդել է, թե Հայաստանը օգտագործում է ԵՄ «Խաղաղության ֆոնդը» և Ֆրանսիայից «անվճար զենք է ստանում»։ Ալիևը կրկնել է ադրբեջանական պահանջները՝ իրականացնել սահմանադրական փոփոխություններ և լուծարել Մինսկի խումբը։ Ադրբեջանի նախագահն անդրադարձել է խաղաղության գործընթացին՝ դժգոհելով, որ հայկական կողմը «ուշ է արձագանքում» աշխատանքային տարբերակների ստացմանը։ «Մինչև օրս 10 տարբերակ ենք փոխանակել, սակայն մենք ակնկալում էինք, որ Հայաստանն իր մեկնաբանությունները մեզ ավելի օպերատիվ և արագ կփոխանցի։ Սակայն ճիշտ հակառակը տեղի ունեցավ։ Չհամաձայնեցված բոլոր կետերն էլ հանվեցին խաղաղության պայմանագրի իրենց տարբերակից։ Այդ աստիճան պարզունակ և ոչ կառուցողական քայլ, ճիշտն ասած, սպասելի չէր»,- ասել է Ալիևը։ Նրա խոսքերով, որ «մի շարք հանգամանքներ ցույց են տալիս, որ Հայաստանը խաղաղություն չի ցանկանում և զբաղված է ժամանակ շահելով»։
11:52 - 24 սեպտեմբերի, 2024