Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանն 8-րդ գումարման խորհրդարանի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր է։

Ծնվել է 1985-ին։ 2006-2008թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: 2006-ին ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, 2010-ին՝ Երևանի մենեջմենթի համալսարանը՝ ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում մասնագիտությամբ, 2011-ին՝ Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցը:

2005-2006թթ. եղել է ՀՀ ԱԺ պատգամավորի օգնական: 2009-2012թթ.՝ ՀՀ նախագահի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի փորձագետ, 2012-2014թթ.՝ տնօրենի խորհրդական: 2014-2017թթ.՝ ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և վերլուծության կենտրոնի տնօրեն: 2016 թվականից Հայ-ռուսական համալսարանի  դասախոս է:

2017-2020թթ. եղել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական: 2018-2020թթ. դասավանդել է Արցախի պետական և Արցախի Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարաններում: 2020-2021թթ. եղել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար։

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Պատիվ ունեմ» դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Բաքու գնալն ուղղակի կնշանակի Արցախի եղած այս խախուտ սուբյեկտայնության վերացում․ Տիգրան Աբրահամյան
 |azatutyun.am|

Բաքու գնալն ուղղակի կնշանակի Արցախի եղած այս խախուտ սուբյեկտայնության վերացում․ Տիգրան Աբրահամյան |azatutyun.am|

azatutyun.am: Արցախի կողմից Բաքու գնալն ուղղակի կնշանակի Արցախի եղած այս խախուտ սուբյեկտայնության վերացում, նման կարծիք հայտնեց Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ պատասխանելով հարցին՝ գուցե Ադրբեջանի կոշտ դիրքրոշման հակառակը Բաքվի հետ երկխոսություն սկսելն է: Ադրբեջանի գերակայության պայմաններում համարել, որ Արցախը կարող է գնալ և հավասարը հավասարի հետ նստել բանակցել, ըստ ընդդիմադիր պատգամավորի, պարզապես տրամաբանական չէ։ Աբրահամյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․ «Ազատություն»․ - Պարոն Աբրահամյան, Ադրբեջանը կոշտացնում է դիրքորոշումը, և գուցե դրա հակառակը երկխոսությունը սկսե՞լն է․ արդեն երկրորդ անգամ են Բաքու հրավիրում արցախյան պատվիրակությանը։ Աբրահամյան․ - Արցախի կողմից Բաքու գնալն ուղղակի կնշանակի Արցախի եղած այս խախուտ սուբյեկտայնության վերացում։ «Ազատություն»․ - Թե՞ հակառակը՝ գնալու են կլոր սեղանի շուրջ նստեն որպես սուբյեկ բանակցեն, ո՞ւմ հետ են բանակցելու, Արցախի իշխանությունների։ Աբրահամյան․ - Եղած պայմաններում՝ Ադրբեջանի գերակայության պայմաններում, համարել, որ Արցախը կարող է գնալ և հավասարը հավասարի հետ նստել, բանակցել, պարզապես տրամաբանական չէ։ Ավելին՝ այն օրակարգը, որ Ադրբեջանն է առաջ քաշում, դա որևէ ձևով չի խոսում Արցախի սուբյեկտայնության մասին, որովհետև Ադրբեջանը պարզ լեզվով նաև Հայաստանի հետ բանակցություններում ասում է, որ «Արցախի հետ կա քննարկելու մեկ հարց, դա Արցախի ադրբեջանացումն է», այսինքն՝ ինտեգրացիա ասվածը, հենց Արցախի ադրբեջանացմանն է վերաբերում, և պարզորոշ ձևով նշվում է, որ Արցախի հետ կապված ցանկացած հարց պետք է լուծվի Ադրբեջանի Սահմանադրության շրջանակներում։ Հասկանալի է, որ Ադրբեջանը փորձում է Բաքվում մեծ շոու կազմակերպել և իր հայտարարությունները փորձելու է փաթաթել արցախյան պատվիրակության վզին, և այստեղ ես պատահական չեմ համարում, որ արցախցիներն ամեն գնով դիմադրում են և փորձում են թույլ չտալ որևէ ձևի հանդիպում կամ ֆորմատ, որը կարող է տեղի ունենալ Բաքվում։ «Ազատություն»․ - Ուղղակի հակառակի՝ որևէ միջազգային աջակցությունն էլ չկա, հայկական կողմը, Դուք տեսնում եք, չի ստանում այդպիսի աջակցություն, էլ չեմ ասում ինքնորոշման իրավունք և այլն, այսինքն՝ աստեղ փակուղի է մտնում գործընթացը։ Աբրահամյան․ - Մեկ բան է, որ Հայաստանը չի ստանում, կամ հայ ժողովուրդը չի ստանում հավաքական առումով, մեկ այլ բան է հարցադրումը՝ թե իսկ ի՞նչ է անում Հայաստանի իշխանությունը, որպեսզի այն, ինչ-որ ակնկալում ենք, որոշակի առումով բավարարվի։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
12:00 - 06 ապրիլի, 2023
Ադրբեջանը պլացդարմ է ձեւավորել հետագայում պլանավորվելիք գործողությունների համար. Տիգրան Աբրահամյան
 |news.am|

Ադրբեջանը պլացդարմ է ձեւավորել հետագայում պլանավորվելիք գործողությունների համար. Տիգրան Աբրահամյան |news.am|

news.am: Վերջին օրերին Սյունիքի հետ կապված մի կողմից բավական հակասական տեղեկատվություններ կան, մյուս կողմից իշխանությունը փորձում էր իրականությունը խեղաթյուրել. Ըստ էության, ապրիլի 1-ից տեղի է ունենալու Արցախը Հայաստանին կապող ճանապարհի երթուղու փոփոխություն: Այս մասին այսօր՝ մարտի 31-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը: «Եթե 44-օրյա պատերազմից հետո Արցախից Հայաստան մուտքը Տեղ գյուղից էր, եւ այնտեղ 5 կմ-անոց միջանցքային տրամաբանությամբ բուֆերային գոտի էր ձեւավորված, որտեղ ադրբեջանական կողմը դիրքեր չուներ, նաեւ հայկական կողմը դիրքեր չուներ, ապա Կոռնիձորով ճանապարհի պարագայում Ադրբեջանը ժամկետից 2-3 օր առաջ եկել է եւ մեկնարկային առումով առավելություններ ստանալով դիրքավորվում է»,-ասաց նա: Անդրադառնալով նրան, որ ադրբեջանական կողմը սահմանագծի հատվածում դեպի Հայաստան 100-300 մետր առաջ է եկել, Աբրահամյանն ասաց. «Ես կարծում եմ, որ Ադրբեջանը ոչ թե խնդիր է դրել 100 կամ 200 մետր մխրճում ապահովել, այլ եկել դիրքավորվել է այն հատվածներում, որն իր համար բարենպաստ է եւ իրեն հնարավորություն է տալու ինչպես ընթացիկ մարտական հերթապահության իրականացման,  այնպես էլ մարտական այլ խնդիրների իրականացման համար, այսինքն՝ հնարավոր պլացդարմ ձեւավորել հետագայում պլանավորվելիք գործողությունների համար: Ադրբեջանը դաշտ է նախապատրաստում բոլոր սցերաների համար: Այստեղ ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ ՀՀ իշխանությունները, պարզապես հղում անելով Ադրբեջանի հետ բանավոր պայմանավորվածություններին, սպասել են մինչեւ ապրիլի 1-ին, որ կարողանան իրար հետ ձեւավորել առաջնագիծը: Սա այն դեպքում, երբ հայտնի է, որ Ադրբեջանը նույնիսկ իր գրավոր պարտավորությունները չի կատարում: Օբյեկտիվ առումով որեւէ իշխանություն չէր կարող վստահություն ունենալ, որ Ադրբեջանը բանավոր պայմանավորվածությունը կկատարեր»:
14:43 - 31 մարտի, 2023
«Իսկ ու՞ր էր իշխանությունն իր ուժային կառույցներով, հետախուզական համակարգերով, երբ Ադրբեջանն առաջ ընկնելով դիրքավորվում էր»․ Տիգրան Աբրահամյանը՝ ԱԱԾ հաղորդագրության մասին

«Իսկ ու՞ր էր իշխանությունն իր ուժային կառույցներով, հետախուզական համակարգերով, երբ Ադրբեջանն առաջ ընկնելով դիրքավորվում էր»․ Տիգրան Աբրահամյանը՝ ԱԱԾ հաղորդագրության մասին

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը վտանգավոր է համարում Սյունիքում ստեղծված իրավիճակի, մասնավորապես Կոռնիձոր-Տեղ գյուղերի ուղղությամբ ադրբեջանական տեղակայումների վերաբերյալ ՀՀ ազգային անվտանգության ծառայության հայտարարությունը։ Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն երեկ հայտնել էր, որ ադրբեջանական կողմը կրկին խախտել է պայմանավորվածություններն ու մի քանի կետերում տեղակայվել սահմանից 100-300 մետր ավելի առաջ, որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացնել ինժեներական աշխատանքներ: «Նախ ԱԱԾ-ն արձանագրել է, որ Ադրբեջանը 5 կետերում եկել և դիրքավորվել է սահմանագծի հայկական հատվածում` 100-300 մետր խորքում: Երկրորդ, ԱԱԾ-ն նշում է, թե «որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացնել ինժեներական աշխատանքներ»: Իսկ ու՞ր էր իշխանությունն իր ուժային կառույցներով, հետախուզական համակարգերով, երբ Ադրբեջանն առաջ ընկնելով դիրքավորվում էր: Անլրջության ինչպիսի մակարդակ, թե բա` Ադրբեջանը չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին... Ադրբեջանը փաստաթղթով ստանձնած պարտավորությունները չի կատարվում, ուր մնաց բանավոր զրույցները հիմք ունի: Երկրի անվտանգության համար պատասխանատու կառույցները փաստորեն Ադրբեջանի բանավոր խոստումներով են առաջնորդվել, որի հետևանքով ՀՀ-ն հերթական անգամ տարածքային կորուստներ է ունենում, իսկ Ադրբեջանը դիրքավորվում իր համար նախընտրելի ու բարենպաստ հատվածներում: ԱԱԾ-ն նաև նշել է, թե «հայկական կողմն իրավիճակին մոտենում է էսկալացիա թույլ չտալու տրամաբանությամբ», իսկ այս սկզբունքի պտուղները 44-օրյա պատերազմից հետո հայ ժողովուրդը տեսել է` ՀՀ-ի դեմ հարձակումներ, տարածքային ու մարդկային հսկայական կորուստներ: Քաղաքական որոշումների կամ դրանց բացակայության պայմաններում ՀՀ-ն տարածքային ու դիրքային կորուստներ է ունեցել, ինչը ՆՈՐՄԱԼ երկրների պարագայում իրավական համապատասխան գործընթացների կբերեր, բարձրագույն պաշտոններում գտնվողներն էլ կթռչեին իրենց պաշտոններից»,- գրել է Տիգրան Աբրահամյանը։ Հիշեցնենք, որ, համաձայն 2022թ. օգոստոսին ձեռք բերված պայմանավորվածությունների, 2023թ. ապրիլի 1-ից ԼՂ-ն Հայաստանին կապող Լաչինի միջանցքը պետք է ավարտվի Կոռնիձորի կամուրջին: ՀՀ տարածքը Լաչինի միջանցքին կապող երթուղին ապրիլի 1-ից պիտի անցնի Կոռնիձոր-Տեղ երթուղիով՝ միայն ՀՀ տարածքով: 
11:39 - 31 մարտի, 2023
Ադրբեջանը տարածաշրջանում նոր ագրեսիա է նախապատրաստում․ Տիգրան Աբրահամյանը ՀԱՊԿ-ից ակնկալում է կոնկրետ քայլեր

Ադրբեջանը տարածաշրջանում նոր ագրեսիա է նախապատրաստում․ Տիգրան Աբրահամյանը ՀԱՊԿ-ից ակնկալում է կոնկրետ քայլեր

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ելույթ է ունեցել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նիստում` Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած հումանիտար ճգնաժամի վերաբերյալ քննարկմանը: «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար հանձնաժողովի ուշադրությունն է հրավիրել ՀԱՊԿ կենսական շահերի գոտում՝ Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին։ «Ինչպես գիտեք, Ադրբեջանը տարածքային պահանջներ է ներկայացնում ՀԱՊԿ հիմնադիր անդամ Հայաստանի նկատմամբ, որի չբավարարման դեպքում Ադրբեջանն, ըստ էության, սպառնում է նոր պատերազմով։ Ալիևն ուղիղ տեքստով է ասում, որ եթե Հայաստանն ուզում է խաղաղ ապրել, ապա պետք է Ադրբեջանի պայմաններով սահմանների դելիմիտացիա իրականացնի։ Իսկ դա նշանակում է ՀԱՊԿ անդամ Հայաստանի լայնածավալ տարածքների և բազում բնակավայրերի նկատմամբ ադրբեջանական ուղիղ վերահսկողություն։ Ալիևի այս սպառնալիքներն ուղեկցվում են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սադրիչ գործողություններով։ Այսպես, վերջին մեկ շաբաթվա ընթացքում տեղի ունեցած սադրանքներից մեկի ընթացքում, ցավոք, հայ զինծառայող է զոհվել։ Իսկ մեկ այլ դեպքով ադրբեջանցիները կրակ են բացել ռուս զինվորականների մեքենայի վրա, ինչի արդյունքում նրանցից երկուսը հոսպիտալացվել են»,- նշել է Աբրահամյանը։ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը նաև անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին։ «Լեռնային Ղարաբաղում վիճակը շատ ավելի ծանր է։ Վերջին մեկ ամսվա ընթացքում արձանագրվել են կրակահերթեր խաղաղ բնակիչների ուղղությամբ, շփման գծի հայկական հատվածում ընթացող ոստիկանական մեքենային թիրախավորում, որի հետևանքով երեք մարդ է զոհվել։ Տեղի է ունեցել նաև 2020թ. Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեկ այլ կոպիտ խախտում՝ ադրբեջանցիները հատել են շփման գիծը և առաջխաղացում ապահովել այնպիսի հատվածում, որով խափանում են Արցախի կարևոր ենթակառուցվածքներից մեկի՝ միջբնակավայրային ճանապարհի ֆունկցիոնալությունը։ Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմը ջանքեր է գործադրում իրավիճակը վերահսկելու և հրադադարի ռեժիմը պահպանելու ուղղությամբ, սակայն խնդիրը քաղաքական լուծումներ է պահանջում։ Ադրբեջանը ոչ միայն խախտում է 44-օրյա պատերազմից հետո հրադադարը հաստատող Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ընդունված եռակողմ փաստաթղթերը, դրան հաջորդած ժամանակաշրջանում տարբեր ձևաչափերով տեղի ունեցած հանդիպումների պայմանավորվածությունները, այլև հանդես է գալիս նոր առավելապաշտական պահանջներով՝ վտանգելով ՀԱՊԿ անդամ Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»,- ասել է Աբրահամյանը։ Ըստ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարի՝ վերջին շրջանի զարգացումների դինամիկան ցույց է տալիս, որ Ադրբեջանը տարածաշրջանում նոր ագրեսիա է նախապատրաստում, իսկ դա նշանակում է, որ ՀԱՊԿ-ը նույնպես կարող է ներքաշվել պատերազմի մեջ։ «Ուզում եմ հիշեցնել 2016 թվականի հոկտեմբերի 14-ի ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների համատեղ հայտարարությունը, որում ամրագրված է Արցախի հարցի համատեքստում ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառման սկզբունքը: Կարծում եմ՝ մեր բոլորիս խնդիրն է կանխել դեպքերի նման ընթացքը և կոնկրետ քայլերով ստիպել Ադրբեջանին ետ կանգնել նման մտահղացումներից»,- եզրափակել է Աբրահամյանը։
17:49 - 29 մարտի, 2023
Արցախում տեսադիտարկման արդյունավետ համակարգի պայմաններում թշնամու ներթափանցումը կկանխվեր․ Տիգրան Աբրահամյան

Արցախում տեսադիտարկման արդյունավետ համակարգի պայմաններում թշնամու ներթափանցումը կկանխվեր․ Տիգրան Աբրահամյան

Արցախում տեսադիտարկման արդյունավետ համակարգի պայմաններում, մեծ թվով հարցեր կլուծվեր, թշնամու ներթափանցումը կկանխվեր: Ներկայումս ՊԲ-ն ունի այդ համակարգը, սակայն դրա կիրառման արդյունավետությունը բարձրացնելու և վերահսկողական գործառույթը պատշաճ մակարդակի հասցնելու առումով մեծ անելիքներ կա: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Արդեն հեռավոր թվացող 2015 թվականին, երբ մեկնարկեց արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծում տեսադիտարկման համակարգերի տեղակայումն, այն ուներ կոնկրետ հաշվարկ: Ո՞ր հատվածում տեղադրել, ինչ տեսախցիկ դնել, ի՞նչ պարամետրերով առաջնորդվել և այլն: Գլխավոր խնդիրն այն էր, որ անկախ աշխարհագրական դիրքից, տեղանքից շփման գծում` նվազագույնը մինչև 10 կմ թշնամու թիկունք չվերահսկվող տարածք չլինի: Հետագայում դիտարկման հնարավորությունները կտրուկ մեծացվեցին, առհասարակ համակարգը մի քանի փուլով արդիականացում անցավ, ինչը ոչ միայն մեծ արդյունավետություն էր ապահովում թշնամու հնարավոր շարժերն ու առաջխաղացումը կանխելու, այլ ինչպես հարկն է հետախուզում իրականացնելու համար: Դեռ չեմ խոսում, որ հրետանավորներն այդ համակարգի միջոցով արագ հաշվարկ և խոցում էին իրականացնում: Ասելիքս այն է, որ Արցախում տեսադիտարկման արդյունավետ համակարգի պայմաններում, մեծ թվով հարցեր կլուծվեր, թշնամու ներթափանցումը կկանխվեր: Ներկայումս ՊԲ-ն ունի այդ համակարգը, սակայն դրա կիրառման արդյունավետությունը բարձրացնելու և վերահսկողական գործառույթը պատշաճ մակարդակի հասցնելու առումով մեծ անելիքներ կա: Եղած ռեսուրսներն ու միջոցները ճիշտ ուղղությամբ` ըստ առաջնահերթությունների, օգտագործելու պայմաններում հնարավոր կլինի նվազագույնի հասցնել մարդկային և տարածքային կորուստները», - գրել է նա:
10:19 - 27 մարտի, 2023
Ինչ պետք է արվեր, պետք է լիներ մինչև այս առավոտ, բայց դա տեղի չի ունեցել. Տիգրան Աբրահամյանը՝ Ադրբեջանի դիրքային առաջխաղացման մասին

Ինչ պետք է արվեր, պետք է լիներ մինչև այս առավոտ, բայց դա տեղի չի ունեցել. Տիգրան Աբրահամյանը՝ Ադրբեջանի դիրքային առաջխաղացման մասին

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյոբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումից և Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհի կարևոր հանգույցներից մեկի նկատմամբ ադրբեջանական վերահսկողություն հաստատելուց հետո, ռուս խաղաղապահները դիրքավորվել են վերջիններիս դիմաց, որպեսզի թույլ չտան նրանց հետագա առաջխաղացումը: Ադրբեջանցիներն առաջ են եկել այնքան, որքան նրանց անհրաժեշտ է եղել և այդ ուղղությամբ լրացուցիչ շարժվելու խնդիր առանձնապես չունեն:Առաջ են եկել, դիրքավորվել են, ամրաշինական աշխատանք են տարել ու վերահսկում են կարևոր ճանապարհը, իսկ մնացածն արդեն երկրորդական է:Ինչ պետք է արվեր, դա պետք է լիներ մինչև այս առավոտ, բայց դա տեղի չի ունեցել, իսկ նախադեպային տեսանկյունից, որտեղ դրանք վերջին 2.5 տարում մտել են` դուրս չեն եկել, բազմաթիվ օրինակներ կան: Այսպիսի ծանր իրադրությունները հաջորդելու են մեկը մյուսին, քանի Ադրբեջանին դիմակայելու լուրջ երկարաժամկետ ռազմավարություն չկա»:
11:09 - 26 մարտի, 2023
Մարտական գործողություների վերսկսման հավանականությունը կարող է պայմանավորված լինել բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակով․ Տիգրան Աբրահամյան |armenpress.am|

Մարտական գործողություների վերսկսման հավանականությունը կարող է պայմանավորված լինել բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակով․ Տիգրան Աբրահամյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացը նման է փակուղայինի, ինչն էլ մեծացնում է մարտական գործողությունների հավանականությունը: Ընդդիմադիր պատգամավորը նման դիրքորոշում հայտնեց խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում: Աբրահամյանը նկատեց՝ իշխանության կողմից կա արձանագրում, որ էսկալացիայի հավանականությունը բավականին բարձր է, դրան զուգահեռ նաև բավականին շատ են շրջանառվող լուրերն այն մասին, որ առաջնագծում կան ակտիվացումներ, շարժեր, կուտակումներ: «Այն, որ հրադադարի ռեժիմի խախտումներն ավելացել են, հատկապես ավելացել են Արցախի շփման գծի ուղղությամբ, ակնհայտ է: Ընդ որում, Արցախում այդ հրադադարի ռեժիմի խախտումներն արտահայտվում են քաղաքացիական անձանց ուղղությամբ կրակահերթերով: Այս փուլում գյուղատնտեսական աշխատանքներ են ընթանում, այս պայմաններում Ադրբեջանը, վտանգելով խաղաղ բնակիչների անվտանգությունը, փորձում է խոչընդոտել գյուղատնտեսական աշխատանքների իրականացմանը՝ ըստ էության խնդիրներ ստեղծելով պարենային անվտանգության տեսանկյունից»,- ասաց Աբրահամյանը: Պատգամավորը հիշեցրեց նաև Հայաստանում նախորդ օրը Երասխի ուղղությամբ հակառակորդի կրակոցից զինծառայողի զոհվելու դեպքի մասին, ադրբեջանցիների կողմից ռուս զինծառայողների ուղղությամբ նպատակաուղղված կրակոցի մասին: Նա կարևորեց, որ տեղաշարժերի, կուտակումների հանգամանքը շատ ավելի խորը ուսումնասիրության ենթարկվի, որ ավելի հասկանալի լինի, թե դրանք ինչպիսի վտանգավորություն են ներկայացնում Հայաստանի կամ Արցախի համար, և, թե ինչ նպատակներ են հետապնդում: «Միայն շարժերի իրականացումը դեռ չի նշանակում մարտական գործողությունների նախապատրաստում: Շարժերի ծավալից, ուղղություններից, շատ ավելի խորը վերլուծությունից է միայն հնարավոր հասկանալ, թե ինչ նպատակ է դա հետպանդում»,- ասաց Աբրահամյանը: Պատգամավորը նաև ընդգծեց՝ 44-օրյա պատերազմից հետ Հայաստանի և Արցախի ուղղությամբ տեղի ունեցած հարձակումները ցույց են տվել, որ այդ շարժերի համար երկար ժամանակ պետք չէ: Ըստ նրա՝ հաշվի առնելով առաջնագծի բավականին խտացված լինելը՝ բավականին կարճ ժամանակում զորքերի տեղաշարժի, համապատասխան խնդիրների առաջադրման և միանգամից իրավիճակը թեժացնելու հնարավորություն կա: «Այս պահին առաջնագծում մարտական գործողություների վերսկսման հավանականությունն առաջին հերթին կարող է պայմանավորված լինել բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակով, մասնավորապես ՀՀ իշխանության կողմից հայտարարած այն մոտեցմամբ, որ Ադրբեջանը հետ է կանգնել վերջին շրջանում ձեռք բերված պայմանավորվածություններից և առաջարկել է այնպիսի պայմաններ, որի դեպքում այլևս բանակցելու հնարավորություն չկա՝ այն տեսանկյունից, որ հատվում են Հայաստանի համար բոլոր կարմիր գծերը: Իմ կարծիքով՝ դրանք բավականին վաղ էին արդեն հատվել, բայց իրավիճակն է շատ նման փակուղայինի, ինչը բնականաբար այս դեպքում մեծացնում է հնարավոր մարտական գործողությունների հավանականությունը»,- ասաց Աբրահամյանը:
13:51 - 23 մարտի, 2023
Ադրբեջանցիները տեղյակ են եղել, որ ռուս զինծառայողները մոտենում են, սակայն նրանց ուղղությամբ կրակահերթեր են արձակել. Տիգրան Աբրահամյանը՝ 2 ռուս զինծառայողի վիրավորման մասին

Ադրբեջանցիները տեղյակ են եղել, որ ռուս զինծառայողները մոտենում են, սակայն նրանց ուղղությամբ կրակահերթեր են արձակել. Տիգրան Աբրահամյանը՝ 2 ռուս զինծառայողի վիրավորման մասին

Եղանակային վատ պայմանների հետևանքով մոլորված հայ զինծառայողը վերադարձել է առաջնագծի` մեր վերահսկողության հատված, սակայն դեռ մի շարք հարցերի պատասխան չկա: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը: «Ուշագրավ է դեպքի վայր մեկնած ռուս զինծառայողների և նրանց ուղղությամբ ադրբեջանցիների արձակած կրակահերթերի հանգամանքը, որի հետևանքով 2 ռուս զինծառայող վիրավորվել է: Որքան գիտեմ ադրբեջանցիները տեղյակ են եղել, որ ռուս զինծառայողները դեպքի վայր են մոտենում, սակայն դա նրանց չի խանգարել ռուս զինվորականների ուղղությամբ կրակ արձակել: Նման դեպքերում կարևոր է հասկանալ, թե գործառութային իմաստով ինչ խնդիրներ են լուծում ռուս զինծառայողներն ու ԵՄ քաղաքացիական դիտորդները: Եթե ռուս զինծառայողների գործողություններն ընդհանուր առմամբ պարզ են` դրանք կարգավորվում են 44-օրյա պատերազմին հաջորդած ռուս-հայկական պայմանավորվածություններով, ապա դեռ հստակ չի, թե նման դեպքերում ինչպե՞ս են արձագանքելու ԵՄ դիտորդները` դրանք հետագայում տեղ են գտնելու ընթացիկ փակ զեկույցներու՞մ, թե՞ դրանք բերելու են ընթացիկ արձագանքի»,- գրել է նա
14:30 - 22 մարտի, 2023
Ինչքան վախերի մեջ հայտնվեցին, երբ Օնիկ Գասպարյանը ցանկացավ գալ և աշխատել. Անդրանիկ Քոչարյան |news.am|

Ինչքան վախերի մեջ հայտնվեցին, երբ Օնիկ Գասպարյանը ցանկացավ գալ և աշխատել. Անդրանիկ Քոչարյան |news.am|

news.am: ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր լրագրողներին ասաց, թե պաշտոնական գրություն են ուղարկել ՀՀ ԶՈւ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստերին մասնակցելու համար։ «Հանրային ասել ենք, պաշտոնական գրություն էլ ենք ուղարկում բոլոր նրանց, ովքեր չգիտես ինչու խուսափում են քննիչ հանձնաժողով ներկայանալուց»,- ասաց Քոչարյանը։ Հարցին, թե դեռևս արձագանք չկա՞՝ կմասնակցեն հարցաքննությանը, թե ոչ, ՔՊ-ական պատգամավորը պատասխանեց. «Պրոբլեմը դա չի, տեսեք, թե ինչքան վախերի մեջ հայտնվեցին, երբ Օնիկ Գասպարյանը ցանկացավ գալ և աշխատել: Նույնիսկ մեր հանձնաժողովի անդամներից մեկն այսօր գրառում էր արել՝ չգիտակցելով, թե Օնիկ գասպարյանն իր նշած գեներալների մասին ինչ է ասել: Ես արձագանքում եմ՝ Տիգրա՛ն Աբրահամյան, բարի եղիր ոչ թե մեծամիտ տեսակետներ հայտարարել, այլ արի հանձնաժողովի աշխատանքներին, որպեսզի տեղյակ լինես՝ նույն գեներալ-գնդապետն ինչպես է նկարագրել իրողությունները եւ ինչպիսի տեսակետներ է ասել իր կողմից շատ սիրված գեներալների մասին: Կարող է լավ բանե՞ր է ասել»: Հիշեցնենք, ավելի վաղ Անդրանիկ Քոչարյանն ասել էր, թե զինվորականներ կան, որոնք վախեցած են և հրաժարվել են մասնակցել քննիչ հանձնաժողովի նիստին։ Նշենք, որ այսօր առավոտյան «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրառում էր արել, որտեղ մասնավորապես, հարց էր հնչեցրել, թե ինչո՞ւ է մինչև այժմ լուռ Օնիկ Գասպարյանը: Ավելի ուշ Աբրահամյանը արձագանքել է Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը՝ իր ֆեյսբուքյան էջում գրելով․ «Օնիկ Գասպարյանի վերաբերյալ առավոտյան գրածս գրառմանը զարմանալիորեն օպերատիվ արձագանքեց ոչ թե գեներալ Գասպարյանը, այլ քննիչ հանձնաժողովի նախագահը՝ անուղղակի պաշտպանության տակ վերցնելով վերջինիս: Այն, որ այս իշխանությունը քննիչ հանձնաժողովի միջոցով բացառապես քաղաքական, քարոզչական նպատակներ է հետապնդում՝ տխրահռչակ հանձնաժողովը վերածելով կոնկրետ անձանց թիրախավորելու հիմնարկի, բոլորը գիտեն: Զարմանալի է իշխանությունը ներկայացնող այն դեմքերի ինքնավստահ տոնն ու պահվածքը, ովքեր պատասխանատու են 44-օրյա պատերազմի ու դրան հետևած ժամանակահատվածում Հայաստանի ու Արցախի հսկայական տարածքային ու մարդկային կորուստների, երկրի անվտանգության համակարգը «պռախադնոյ դվոռի» վերածելու մեջ, սակայն շարունակում են դաշտը լցնել անիմաստ դատարկաբանություններով: Այս իշխանության նպատակը ոչ թե երկրի պաշտպանությունն է, այլ հերթական կորուստները առավելագույնս «սվաղելը», իսկ բանակում տեղի ունեցած/ունեցող «փոփոխությունները» իրենց դրսևորումը ստանում են ծառայության ընթացքում մարտական խնդիրներ լուծելիս: Ոչ մարտական պայմաններում, միայն մեկ միջադեպի ժամանակ, 15 զոհ տվող և զինծառայողներին թղթե դոմիկներում պահողներն եկել են կոչեր ու հորդորներ են հնչեցնում: Ձեր ներկայությունն Արցախին ու Հայաստանին միայն ողբերգություն, զիջում և անդառնալի կորուստներ է բերել, իսկ երկիրը հրել եք դեպի անդունդ, հիմա էլ թե բա՝ քննիչ հանձնաժողով, քննարկում»։
12:51 - 20 մարտի, 2023
Արցախում Սահմանադրության փոփոխության գործընթացը դիտվում է ներքաղաքական ինտրիգների, դրսից պարտադրված լինելու համատեքստում. Տիգրան Աբրահամյան

Արցախում Սահմանադրության փոփոխության գործընթացը դիտվում է ներքաղաքական ինտրիգների, դրսից պարտադրված լինելու համատեքստում. Տիգրան Աբրահամյան

Արցախի նախագահի հրամանագրի համաձայն, նախաձեռնվել է Սահմանադրության փոփոխության գործընթաց՝ ռազմական դրության ժամանակ Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում ԱԺ-ի կողմից նախագահի ընտրության և դրա առանձնահատկությունների վերաբերյալ: Այս մասին ֆեյսբուքյան իր էթջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: «Այն, որ Արցախում ֆորս-մաժորային իրավիճակների համար պետք է նաև օրենսդրական լուծումներ գտնել` պարզից էլ պարզ է` իրավիճակն է թելադրում: Այս թեման վերջին ժամանակներս պարբերաբար քննարկումների առիթ էր դառնում, ապա սառեցվում: Իրավիճակի խնդրահարույց հանգամանքն այն է, որ պրոցեսը դաշտ է նետվում Արցախում առկա անառողջ ներքաղաքական հարաբերությունների և փոխվստահության բացակայության պայմաններում:Նման նախաձեռնությունները պետք է ունենան քաղաքական ամուր կոնսեսուս և ամբողջապես ընկալելի լինեն հասարակության համար: Վերոնշյալ գործոնների բացակայության պայմաններում գործընթացը դիտվում է ներքաղաքական ինտրիգների, դրսից պարտադրված լինելու և անկանխատեսելի իրավիճակների համատեքստում: Այսպիսի բարդ ժամանակներում հասարակությանը ներքաղաքական խառնաշփոթով հրամցնելն ավելի վատ ազդեցություն է թողնում արցախցիների վրա, քան բուն շրջափակումն իր բոլոր հնարավոր վտանգավոր հետևանքներով»,- գրել է նա։
11:51 - 14 փետրվարի, 2023
Ընդդիմադիր պատգամավորը տրամաբանական չի համարում ՀՀ-ի կողմից Թուրքիային հումանիտար օգնություն ուղարկելը |armenpress.am|

Ընդդիմադիր պատգամավորը տրամաբանական չի համարում ՀՀ-ի կողմից Թուրքիային հումանիտար օգնություն ուղարկելը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն այն համոզմանն է, որ Թուրքիայի պահվածքը,  Հայաստանի և Արցախի նկատմամբ որդեգրած քաղաքականությունն ու Թուրքիայում երկրաշարժից հետո Հայաստանի գործողությունները համահունչ չեն: Պատգամավորը նման դիրքորոշում հայտնեց խորհրդարանական ճեպազրույցում: «Հատկապես 44-օրյա պատերազմից հետո, դրան հետևած ադրբեջանական հարձակումների տրամաբանության ներքո Թուրքիայի նկատմամբ այդպիսի վերաբերմունքը, բնականաբար,  տրամաբանության մեջ չի տեղավորվում: Ես կհասկանայի Հայաստանի այդ պահի իշխանությանը, որ որևէ չոր տեքստով ցավակցություն փոխանցեր: Սակայն Հայաստանի իշխանություններն ամենաբարձր մակարդակով նույնիսկ զորակցություն են մաղթում Թուրքիային, հումանիտար բեռ են փոխանցում»,-ասաց Աբրահամյանը:   Նա նկատեց՝ գրեթե նույն թվով փրկարարներ ներգրավված են թե բարեկամ Սիրիայում, թե Թուրքիայում: Նրա խոսքով՝ սա ակնհայտորեն Թուրքիայի վարքագծին, Հայաստանի նկատմամբ իրականացրած քաղաքականությանը համահունչ չէ: Պատգամավորը նաև չի կարծում, թե հայ-թուրքական հարաբերություններում ճիշտ դիրքավորվելու համար Հայաստանի հումանիտար բեռը կամ զորակցությունն էր կարևոր լինելու: Հիշեցնենք, որ Թուրքիայում` Սիրիայի սահմանից ոչ հեռու, փետրվարի 6-ի գիշերը 7,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է եղել: Սիրիայում և Թուրքիայում զոհերի թիվը հատել է 34 հազարը։ Փետրվարի 7-ին Հայաստանը փրկարարական ջոկատներ է ուղարել Սիրիա և Թուրքիա, իսկ փետրվարի 11-ին  Հայաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտնել է, որ Հայաստանը  հումանիտար օգնություն է ուղարկել Թուրքիա․ «Հումանիտար օգնության բեռնատարները հատել են սահմանային Մարգարայի կամուրջը և շարժվել դեպի երկրաշարժից տուժած շրջան»,-գրել էր նա։
13:16 - 13 փետրվարի, 2023
«Ի՞նչ է սա, եթե ոչ փաշինյանական հաշվարկված և պլանավորված պարտության նոր ծրագիր». Տիգրան Աբրահամյանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին

«Ի՞նչ է սա, եթե ոչ փաշինյանական հաշվարկված և պլանավորված պարտության նոր ծրագիր». Տիգրան Աբրահամյանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին

Եթե Ադրբեջանը հասել է նրան, որ ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում տեղակայվում է զուտ ՀՀ-ՌԴ հնարավոր «ագրեսիան» կանխելու համար` Փաշինյանն է պնդում, ապա սա նշանակում է, որ Ադրբեջանին հաջողվել է արտաքին աշխարհին համոզել, որ ՀՀ-ի դեմ իր հարձակումները «պաշտպանվելու» նպատակ են ունեցել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: Նա նաեւ նշել է. «Ըստ Փաշինյանի՝ Ադրբեջանը պատերազմից հետո ՀՀ ինքնիշխան տարածքի բռնազավթումը, նոր բնագծեր, բարձունքներ վերցնելը դրանով է հիմնավորել ու փաստորեն ստացվել է: Ի՞նչ մակարդակի անտերություն ու փլուզում պետք է լինի երկրի կառավարման համակարգում, որ Արցախի ուղղությամբ լայնամասշտաբ պատերազմ ձեռնարկեն, այնուհետև 5 հարձակում Հայաստանի ու Արցախի նկատմամբ, հետո ՀՀ-ն ու Արցախն իրար կապող միակ ճանապարհը փակեն, տարածքային հսկայական զիջումներ, կորուստներ տաս, հազարավոր մարդիկ զոհվեն, իսկ դու արտաքին աշխարհին դեռ փորձում ես համոզել, որ ագրեսոր չես, պատերազմի նախաձեռնող չես, պատերազմ չես ուզում: Ու այս համատեքստում` իբր «ագրեսորի» կամ «ռևանշիստի» տպավորություն չթողնելու համար զորավարժություններ չես ձեռնարկում, բանակիդ մարտունակության բարձրացմանն ուղղված ինտենսիվ միջոցառումներ չես ձեռնարկում, դաշնակցիդ ռազմաբազան սպառնալիք ես հայտարարում ու հանգիստ սպասում, թե երբ թշնամիներդ հերթական արշավը կսկսեն քո երկրի նկատմամբ: Ի՞նչ է սա, եթե ոչ փաշինյանական հաշվարկված և պլանավորված պարտության նոր ծրագիր»,- նշված է պատգամավորի գրառման մեջ։  Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի 8-ին, Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարել էր, որ Ադրբեջանը արևմտյան հարթակներում ընդդեմ Հայաստանի իր ագրեսիվ գործողությունները բացատրում էր նրանով, որ ՀՀ վարչապետը ավելի ու ավելի շատ ռուսական զորքեր է բերում և տեղակայում Հայաստան-Ադրբեջան սահմանին և պատրաստվում է «հայ-ռուսական համատեղ ագրեսիվ հարձակում Ադրբեջանի դեմ», և Ադրբեջանը իր ագրեսիվ հարձակումներով փորձում է քիչ թե շատ հավասարակշռել իրավիճակը՝ իր «խոցելիությունը» կառավարելու համար․ «Արևմուտքում Հայաստանը փորձ էր արվում ներկայացնել որպես Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականության մասնակից, իսկ Ռուսաստանում փորձ էր արվում ներկայացնել որպես արևմտյան դավադրության մասնակից, բայց քանի որ Ռուսաստանի գործընկերները տեղում ունեին ներկայացուցիչներ և արևմտյան մեր գործընկերները սկսել են մեզ խեթ նայել, որ դուք հիմա իրականում պատասրավում եք ագրեսիվ գործողություններ իրականացնել, որովհետև ռուսական և հայկական զորքերի մեծ կուտակումներ կան, «խեղճ» ադրբեջանցիները ստիպված բարձունքներ են ուզում գրավել, որ հավասարակշռենք։ Մենք ասեցինք՝ եկեք դիտարկեք, հասկացեք, այս ամենը իրականությանը համապատասխանո՞ւմ է, թե՞ չի համապատասխանում»։ Լուսանկարը՝ ԱԺ մամուլի ծառայության 
10:07 - 09 փետրվարի, 2023
Իշխանությունը նիստի էր եկել՝ մեղավորներին արդեն իսկ նշանակած․ Տիգրան Աբրահամյանը՝ Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու հարցի մասին
 |news.am|

Իշխանությունը նիստի էր եկել՝ մեղավորներին արդեն իսկ նշանակած․ Տիգրան Աբրահամյանը՝ Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու հարցի մասին |news.am|

news.am: Այն իշխանությունը, որը նախորդ տարի Կառավարության որոշմամբ ՊՆ 71 ռազմական օբյեկտ հանել էր աճուրդի, փորձում էր քննարկում ծավալել հարցի շուրջ, թե ինչքան վտանգավոր քայլ է իրականացվել սրանից տարիներ առաջ, երբ զորանոց հանդիսացող տարածքը, որը որեւէ չափանիշի չէր համապատասխանում, հանվել է վաճառքի։ Այս մասին այսօր՝ փետրվարի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը` անդրադառնալով ԱԺ-ում Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու հարցին։  «Խորհրդարան բերված թեման ունի մեկ նպատակ՝ հանրությանը շեղել Զինված ուժերում տեղի ունեցող ողբերգություններից, պետական կառավարման ձախողման հետեւանքով Հայաստանի ինքնիշխան տարածքի կորուստներից։ Իշխանությունն այսօրվա քաղաքական միջոցառման միջոցով նպատակ ունի իրականությունը խեղաթյուրել, հանրային, հասարակական օրակարգը փոփոխության ենթարկե, եւ իրադարձությունները ներկացնել սեփական մեկնաբանմամբ։ Իշխանությունը փորձ էր անում մեկ զորանոցի օտարումը ներկայացնել որպես Զինված ուժերին հասցված մեծագույն խնդիր։»,- ասաց Աբրահամյանը։ Ըստ Տիգրան Աբրահամյանի՝ թիրախավորվել է Սեյրան Օհանյանը, քանի որ խորհրդարանի խոշոր ընդդիմադիր խմբակցության ղեկավարն է։ «2018 թվականից էլ ի վեր Գրիգորի եւ Յուրի Խաչատուրովներն իրենց քաղաքացիական դիրքորոշումներն են արտահայտել ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Բնականաբար, իշխանության համար թիրախ են։ Իրենք գիտակցել են, որ նման տեսակետների արտահայտումը կարող է այսպիսի իրավիճակ ստեղծել, սակայն դա նրանց տեսակն է, եւ կանգնած լինելով Զինված ուժերի ստեղծման ակունքներում՝ չէին կարող անտարբեր մնալ այս ամենի հանդեպ։ Իշխանությունը նիստի էր եկել՝ մեղավորներին արդեն իսկ նշանկած։ Հնչեցվում էին անուններ, նրանց բնութագրում էին քրեական արարքներ, որոնք դատարանի որոշմամբ հաստատված չեն։ Ես հիմք չեմ տեսնում այս իշխանությունների կողմից օբյեկտիվ քննության անցկացման մասով»,- նշեց պատգամավորը։  
13:51 - 07 փետրվարի, 2023
Կոչեր տարածած միջազգային կառույցներն իրենց պոտենցիալի քիչ մասն են կիրառում՝ Ադրբեջանի նկատմամբ ճնշումը մեծացնելու համար. Աբրահամյան |armenpress.am|

Կոչեր տարածած միջազգային կառույցներն իրենց պոտենցիալի քիչ մասն են կիրառում՝ Ադրբեջանի նկատմամբ ճնշումը մեծացնելու համար. Աբրահամյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ՝ միջազգային կառույցները, որոնք Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման  առաջին օրերին հայտարարություններ, կոչեր տարածեցին, այս պահին իրենց պոտենցիալի քիչ մասն են կիրառում՝ Ադրբեջանի նկատմամբ ճնշումները մեծացնելու և իրավիճակի որոշակի հանգուցալուծմանը հասնելու համար: Աբրահամյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ հայտարարությունների ժամին: Պատգամավորը նկատեց՝ անկախ այն հանգամանքից, որ ստեղծված իրադրությունն առաջին հերթին քաղաքական ճգնաժամ է ու ենթադրում է քաղաքական հանգուցալուծում, սակայն, որպես հետևանք՝ Արցախում ստեղծված հումանիտար իրադրությունը գնալով ծայրահեղ բնույթ է ստանում: Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն հումանիտար բնույթի տարբեր խնդիրներ է փորձում լուծել՝ հատկապես դեղորայքի և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների Հայաստան տեղափոխման հարցում: Սակայն Աբրահամյանը նկատեց, որ ԿԽՄԿ-ի ջանքերը բավարար չեն նույնիսկ նվազագույն խնդիրներ լուծելու համար: «Միջազգային դերակատարները, կառույցները, որոնք առաջին օրերին հայտարարություններ, կոչեր տարածեցին, այս պահին իրենց հնարավորությունների քիչ մասն են կիրառում՝ Ադրբեջանի նկատմամբ ճնշումները մեծացնելու և իրավիճակի որոշակի հանգուցալուծմանը հասնելու համար»,-ասաց  պատգամավորը:   Նա նշեց, որ չնայած հարցը քննարկվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, որոշ հասցեական հայտարարություններ հնչել են, սակայն որևէ շարունակություն այդպես էլ չի եղել: Ընդդիմադիր պատգամավորը մեղադրեց նաև Հայաստանի իշխանությանը՝ միջազգային դերակատարների, կառույցների հետ հետևողական աշխատանք չտանելու մեջ: Նա անբավարար գնահատեց արտաքին աշխարհի հետ աշխատանքում Հայաստանի իշխանությունների իրականացրած ջանքերը:
18:11 - 17 հունվարի, 2023
Ընդդիմադիր պատգամավորն ընկալելի չի համարում ՀՀ-ում ՀԱՊԿ-ի զորավարժության անցկացումից իշխանության հրաժարվելը |armenpress.am|

Ընդդիմադիր պատգամավորն ընկալելի չի համարում ՀՀ-ում ՀԱՊԿ-ի զորավարժության անցկացումից իշխանության հրաժարվելը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ընկալելի չի համարում ՀՀ իշխանությունների՝ այս շրջանում ՀԱՊԿ-ի զորավարժությունները Հայաստանում ոչ նպատակահարմար համարելու որոշումը: Աբրահամյանը նման տեսակետ հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում: Նա նախ շեշտեց, որ ՀԱՊԿ-ի մասին խոսելիս պետք է նկատել, որ զորավարժությունների անցկացումը ինչպես այդ ֆորմատում, այնպես էլ առհասարակ, առաջին հերթին, ուղղված է Զինված ուժերի մարտունակության բարձրացմանը:  «ՀԱՊԿ-ի ֆորմատում այն ուղղված է ոչ միայն մարտունակության բարձրացմանը, այլ նաև դրա կազմում եղող զորքերի գործողությունների ներդաշնակեցմանը: Ես կարծում եմ, որ Ռուսաստանի քայլը և ՀԱՊԿ որոշումը՝ զորավարժություններ այս տարի Հայաստանում անցկացնելու վերաբերյալ, ունեցել է քաղաքական նշանակություն ու քաղաքական հիմք՝ պայմանավորված Հայաստանում ստեղծված իրավիճակով:  Ես դա դիտարկում եմ նաև որոշակի սատարման քայլ: Հայաստանի իշխանությունների որոշումն ինձ համար մեծ առումով ընկալելի չէ, և չեմ տեսնում դրա՝ Հայաստանի համար բարենպաստ հետևանքները»,- ասաց Աբրահամյանը:  Ըստ նրա՝ Հայաստանը պետք է օգտվի դաշնակիցների, հնարավոր բարեկամ երկրների շրջանակից ինչպես արտաքին քաղաքական ուղղությամբ, այնպես էլ անվտանգության համակարգը ամրապնդելու գործողություններից, քանի որ ակնհայտորեն Հայաստանի ու Արցախի գլխին կախված սպառնալիքները մեծանում են: Պատգամավորի կարծիքով՝ ՀՀ իշխանությունների քայլը՝ հրաժարվելու այս կամ զորավարժություններից, որևէ ձևով չի նվազեցնում ադրբեջանական հնարավոր հարձակման հավանականությունը: Նշենք, որ հունվարի 10-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ պաշտպանության նախարարը ՀԱՊԿ-ի միավորված շտաբին գրավոր տեղեկացրել է, որ ՀՀ-ն Հայաստանում ՀԱՊԿ-ի խաղաղապահ զորավարժությունններ անցկացնելը նպատակահարմար չի համարում այս իրավիճակում։  Ավելի ուշ ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի մամուլի քարտուղարը հայտնել էր, որ դիտարկվում են ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերի հետ համատեղ զորավարժությունները ոչ թե Հայաստանի տարածքում, այլ կազմակերպության անդամ այլ երկրներում անցկացնելու տարբերակներ։  Կազմակերպության քարտուղարությունից ևս արձագանքել էին հայտարարությանը՝ նշելով, թե «ներկա դրությամբ ՀԱՊԿ-ի խաղաղապահ զորավարժությունների չեղարկման վերաբերյալ հայկական կողմից պաշտոնական ծանուցում չի ստացվել», ինչին ի պատասխան՝ ՀՀ ԱԳՆ խոսնակը հայտարարել էր․ «Քարտուղարության՝ որպես ՀԱՊԿ աշխատանքային մարմնի իրավասությունների շրջանակը չի ներառում կազմակերպության բարձրագույն մարմնի՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի անդամների հայտարարությունների մեկնաբանումը»։ Հավելենք, որ Հայաստանում պետք է անցկացվեին ՀԱՊԿ-ի խաղաղապահ զորախմբի «Անխորտակելի եղբայրություն-2023» համատեղ զորավարժությունները, ինչի մասին այս տարվա սկզբին հայտարարություն էր տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը։
14:33 - 16 հունվարի, 2023