armenpress.am: ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ընկալելի չի համարում ՀՀ իշխանությունների՝ այս շրջանում ՀԱՊԿ-ի զորավարժությունները Հայաստանում ոչ նպատակահարմար համարելու որոշումը: Աբրահամյանը նման տեսակետ հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում:
Նա նախ շեշտեց, որ ՀԱՊԿ-ի մասին խոսելիս պետք է նկատել, որ զորավարժությունների անցկացումը ինչպես այդ ֆորմատում, այնպես էլ առհասարակ, առաջին հերթին, ուղղված է Զինված ուժերի մարտունակության բարձրացմանը:
«ՀԱՊԿ-ի ֆորմատում այն ուղղված է ոչ միայն մարտունակության բարձրացմանը, այլ նաև դրա կազմում եղող զորքերի գործողությունների ներդաշնակեցմանը: Ես կարծում եմ, որ Ռուսաստանի քայլը և ՀԱՊԿ որոշումը՝ զորավարժություններ այս տարի Հայաստանում անցկացնելու վերաբերյալ, ունեցել է քաղաքական նշանակություն ու քաղաքական հիմք՝ պայմանավորված Հայաստանում ստեղծված իրավիճակով: Ես դա դիտարկում եմ նաև որոշակի սատարման քայլ:
Հայաստանի իշխանությունների որոշումն ինձ համար մեծ առումով ընկալելի չէ, և չեմ տեսնում դրա՝ Հայաստանի համար բարենպաստ հետևանքները»,- ասաց Աբրահամյանը:
Ըստ նրա՝ Հայաստանը պետք է օգտվի դաշնակիցների, հնարավոր բարեկամ երկրների շրջանակից ինչպես արտաքին քաղաքական ուղղությամբ, այնպես էլ անվտանգության համակարգը ամրապնդելու գործողություններից, քանի որ ակնհայտորեն Հայաստանի ու Արցախի գլխին կախված սպառնալիքները մեծանում են:
Պատգամավորի կարծիքով՝ ՀՀ իշխանությունների քայլը՝ հրաժարվելու այս կամ զորավարժություններից, որևէ ձևով չի նվազեցնում ադրբեջանական հնարավոր հարձակման հավանականությունը:
Նշենք, որ հունվարի 10-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ պաշտպանության նախարարը ՀԱՊԿ-ի միավորված շտաբին գրավոր տեղեկացրել է, որ ՀՀ-ն Հայաստանում ՀԱՊԿ-ի խաղաղապահ զորավարժությունններ անցկացնելը նպատակահարմար չի համարում այս իրավիճակում։
Ավելի ուշ ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի մամուլի քարտուղարը հայտնել էր, որ դիտարկվում են ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերի հետ համատեղ զորավարժությունները ոչ թե Հայաստանի տարածքում, այլ կազմակերպության անդամ այլ երկրներում անցկացնելու տարբերակներ։
Կազմակերպության քարտուղարությունից ևս արձագանքել էին հայտարարությանը՝ նշելով, թե «ներկա դրությամբ ՀԱՊԿ-ի խաղաղապահ զորավարժությունների չեղարկման վերաբերյալ հայկական կողմից պաշտոնական ծանուցում չի ստացվել», ինչին ի պատասխան՝ ՀՀ ԱԳՆ խոսնակը հայտարարել էր․ «Քարտուղարության՝ որպես ՀԱՊԿ աշխատանքային մարմնի իրավասությունների շրջանակը չի ներառում կազմակերպության բարձրագույն մարմնի՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի անդամների հայտարարությունների մեկնաբանումը»։
Հավելենք, որ Հայաստանում պետք է անցկացվեին ՀԱՊԿ-ի խաղաղապահ զորախմբի «Անխորտակելի եղբայրություն-2023» համատեղ զորավարժությունները, ինչի մասին այս տարվա սկզբին հայտարարություն էր տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը։
comment.count (0)