Հայաստանում արձագանքում են Մինսկի խմբի վերաբերյալ Ֆիլիպ Ռիքերի հայտարարությանը
 |azatutyun.am|
17:23 - 17 նոյեմբերի, 2022

Հայաստանում արձագանքում են Մինսկի խմբի վերաբերյալ Ֆիլիպ Ռիքերի հայտարարությանը |azatutyun.am|

azatutyun.am: «Մինսկի խմբի փաստացի չգործելը դժվարացնում է Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը», - կարծում է ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

2.5 ամիս առաջ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ ու Կովկասի բանակցությունների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական նշանակված Ֆիլիպ Ռիքերը երեկ հայտարարեց՝ Մինսկի խմբի մեխանիզմն այլևս չի գործում, և Վաշինգտոնը զբաղված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ կարգավորմամբ միայն Բաքվի և Երևանի հետ անմիջական փոխգործակցության միջոցով։

«Կարծում եմ, որ այն զարգացել է այն աստիճան, որ մենք կարող ենք կոնսենսուսի միջոցով վերջ տալ այս մանդատին»,- հայտարարել է դեսպան Ռիքերը՝ խոսելով ղարաբաղյան հիմնախնդրի լուծմամբ զբաղվող ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Ռուսաստանի եռանախագահության ֆորմատից։

Ամերիկացի պաշտոնյայի պնդմամբ, սակայն, նպատակն ու խմբի մանդատը պահպանվում է։ 44-օրյա պատերազմից հետո՝ երկու տարի, եռանախագահության մակարդակով բանակցությունները, փաստացի, փակուղում են։ Չնայած Հայաստանը պնդում էր հակամարտությունը հենց այս ձևաչափով կարգավորելու անհրաժեշտությունը, Ադրբեջանը հրաժարվում էր վերադառնալ բանակցություններին՝ հայտարարելով՝ նման հարց այլևս գոյություն չունի։

Չնայած ոչ էֆեկտիվ փուլեր են եղել, բայց Մինսկի խմբից շատ ավելի լավ հարթակ չի եղել, որտեղ կողմերը նստել են բանակցելու, կարծում է ընդդիմադիր Աբրահամյանը։

«Եթե այստեղ չկա միջնորդական դերակատարությունը, եթե չկա այստեղ հստակ հարթակը, ապա այս դեպքում Ադրբեջանը ավելի մեծ հնարավորություն է ստանում կլանելու խնդիրը և լուծելու այնպես, ինչպես հայտարարում է», - ընդգծեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը:

Իշխանական «Քաղաքացիական պայմանագրից» Արթուր Հովհաննիսյանը թե՛ բացասականից է խոսում, թե՛ դրականը տեսնում:

«Այո, ինքնին այդ ձևաչափը ինչպես որ նախկինում էր աշխատում, հիմա այդ ձևաչափով չի աշխատում, բայց Մինսկի համանախագահ բոլոր երեք երկրները ամբողջապես ներգրավված են գործընթացում: Ըստ էության, այս մոտեցումն ավելի արդյունավետ է այն իմաստով, որ նրանց ներգրավվածությանը չեն խանգարում միմյանց միջև եղած հարաբերությունները և այսպես ասած Արևմուտքի ու Ռուսաստանի հարաբերությունները, պայմանավորված ուկրաինական հակամարտությամբ, չի տարածվում հայ-ադրբեջանական կամ Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացների վրա, դա ինքնին դրական է: Բացասական արձանագրելով Մինսկի խմբի այս ձևաչափի փոփոխությունը, դրական ենք արձանագրում ներկա իրավիճակը», - ընդգծեց Հովհաննիսյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել