Սահման

Վերիշենում լույս տասներեքի գիշերը հակառակորդի հրետակոծությունից մի քանի տներ են վնասվել, այսօր գյուղի ուղղությամբ կրակ չի եղել

Վերիշենում լույս տասներեքի գիշերը հակառակորդի հրետակոծությունից մի քանի տներ են վնասվել, այսօր գյուղի ուղղությամբ կրակ չի եղել

Գորիս համայնքի Վերիշեն գյուղի ուղղությամբ հակառակորդն այսօր հրետանի չի կիրառել, կրակոցներ էլ չեն եղել մինչեւ այս պահը։ Հրետանու պայթյուններ գյուղում լսվում են, բայց դրանք հարեւան Ակներ գյուղից ուղղությամբ են, որտեղից ավելի ուշ կհաղորդենք իրավիճակը այդ պահի դրությամբ։ Հակառակորդը Վերիշենը հրետակոծել է լույս տասներեքի գիշերը։ Գյուղում մի քանի տներ են վնասվել։ Հենց պայթյունների ձայները լսվել են, Սամվել Դադունցն իր ընտանիքի հետ պատսպարվել է տան նկուղում, ու արկը ընկել է հենց նկուղի վրա․ Սամվել Դադունցը «Քշերը, որ սկսել ա, հելել ենք նկուղ՝ ապահով տեղ, սպասել ենք, տեսնենք՝ ոնց կլինի, ինչ կլինի, մեկ էլ մի դմբոց եկավ, մառախուղ, թոզ, իրար չէինք տեսնում, մի ձեւ փախանք ուրիշ կողմ»,- պատմում է Սամվել Դադունցը, նրա կինն էլ՝ Եփրասյա Զադայանը, շարունակում․ «Հարսս նկուղի դռան մոտից գոռաց՝ վայ, էս ինչ թափվեց մեր վրա, էդտեղից հեռացանք, արդեն որ մի քիչ հանգստացան, ասինք՝ գնանք, տեսնենք՝ ինչ ա կատարվում։ Էնա մոտիկացանք, լույսը վառեցինք, տեսանք՝ քանդվել ա»։ Եփրասյա Զադայանի նկուղը, որտեղ ընկել է արկը Ընտանիքի անդամները վնասվածքներ, բարեբախտաբար, չեն ստացել։ Վնասվել է տունը, կոտրվել են տան պատուհանները, քանդվել է նկուղի պատը, վնասվել են մեքենաները։ Դադունցը ցույց է տալիս մեքենայի ջարդված մասերը։ Մեր զրույցի պահին մյուս հարեւաններն են դուրս գալիս․ այդ պայթյունից վնասվել են նաեւ կողքի տները, հարեւանների մեքենաները։ Սաիդա ու Սպարտակ Դադունցներն են մոտենում, ցույց են տալիս իրենց մեքենան, որ շարքից դուրս է եկել։ Տիկինը մատնացույց է անում նաեւ ջրի երկաթ մեծ բաքը՝ ամեն թիթեղը՝ մոտ երեք մմ հաստությամբ, որի մի պատից արկի բեկորը ծակել, մյուս կողմից դուրս է եկել․ պատկերացրեք՝ այդ բեկորը հանդիպեր մեկի մարմնին։ Սաիդա եւ Սպարտակ Դադունցները ու նրանց վնասված մեքենան Դադունցների նկուղ ընկած արկի պայթյունի ալիքից շատ է տուժել դիմացի հարեւանի՝ Ռաֆիկ Բակունցի տունը։ Պատկերները նույնն են՝ կոտրված լուսամուտներ, գետնին թափված ապակիներ, ճաքած պատեր, կիսախարխուլ դուռ։ Բակունցը պատմում է, որ ժամը տասներկուսի կողմերը, երբ հակառակորդը սկսել է կրակել, երեխաներին շուտ տարել են ապահով վայր․ «Գիշերը քնից հանեցի, շուտ տարանք երեխեքին, ես ու հարսս էինք մնացել, մենք էլ գնացինք»։  Ռաֆիկ Բակունցը ցույց է տալիս իր վնասված մեքենան Հետո ինքը շուտ բարձրացել է տուն, որ լույսը հանգցնի՝ վառ թողնել չէր կարելի, ու տաք շոր վերցնի, որովհետեւ շատ ցուրտ է եղել գիշերը, ու հենց այն պահին, երբ դռնից դուրս գալիս է եղել, արկն ընկել է Դադունցենց տան մոտ։ Բակունցն ասում է․ «Ես չգիտեմ՝ ինչ կատարվեց իմ հետ էդ պահին, զնգոցը մինչեւ հիմա ականջներիս մեջ ա, գլխիս մեջ էր զնգում, մի կերպ, մի կերպ հասցրի դուրս գամ, վազեմ ապահով տեղ»։ Հետո, երբ խաղաղվել է, եկել է տուն, տեսել՝ ամենը կոտրված, քանդված։ Ռաֆիկ Բակունցի տան պատուհանները Ռաֆիկ Բակունցը ցույց է տալիս բեկորները Վերիշենում մարդիկ շարունակում են ապրել իրենց առօրյայով։ Փոքրիկներ էլ են երեւում բակերում, թեեւ ոմանք անվտանգությունից ելնելով իրենց երեխաներին հանել են գյուղից։ Մեզ ճանապարհելիս Ռաֆիկ Բակունցն ասում է՝ այնպիսի զինվորներ ունենք, որ էլ չասած․ «Մալադեց մեր տղաներին, ամեն ինչ անում են»,- ասում է նա՝ շնորհակալ լինելով, որ եկել ենք, ու մաղթելով՝ «հաջորդ անգամ հարսանիք նկարելու գնաք»։   Գլխավոր լուսանկարում՝ Սամվել Դադունցը   Հայարփի Բաղդասարյան
12:49 - 14 սեպտեմբերի, 2022
Բացի Ջերմուկից և Վերին Շորժայից՝ մնացած ուղղություններում փոխհրաձգության ինտենսիվությունը էապես թուլացել է․ ՊՆ

Բացի Ջերմուկից և Վերին Շորժայից՝ մնացած ուղղություններում փոխհրաձգության ինտենսիվությունը էապես թուլացել է․ ՊՆ

Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել՝ պնդելով, թե իբր սեպտեմբերի 13-ի, լույս 14-ի գիշերը հայկական ստորաբաժանումները հրետակոծել են ադրբեջանական դիրքերը։ Սա հերթական ապատեղեկատվությունն է, որը, ինչպես արդեն համոզվել ենք, ծառայում է որպես տեղեկատվական հենք ՀՀ ինքնիշխան տարածքի հանդեպ  ռազմական ագրեսիա իրականացնելու համար։ Այս մասին հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը։  Այս գիշեր ադրբեջանական ԶՈՒ-ն, թիրախավորելով ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքները, կիրառել է հարվածային ԱԹՍ-ներ, իսկ առավոտից սկսել նաև ինտենսիվ հրետակոծություն, մասնավորապես՝ թիրախավորելով Ջերմուկի և Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերն ու սահմանամերձ բնակավայրերը։  Ժամը 12։00-ի դրությամբ հակառակորդի ագրեսիայի մնացած ուղղություններում փոխհրաձգության ինտենսիվությունը էապես թուլացել է։  Հաշվի առնելով, որ սոցիալական տարբեր հարթակներում մեծ ծավալով տարածվում են ադրբեջանական քարոզչամեքենայի պատրաստած, այդ թվում՝ նաև կեղծ ու դեռևս 44-օրյա պատերազմի օրերին արված տեսանյութերը, կոչ ենք անում ձեռնպահ մնալ դրանք որևէ կերպ անդրադառնալուց, առավել ևս՝ հրապարակելուց։ 
12:40 - 14 սեպտեմբերի, 2022
«ՄԱԿ-ը երկակի ստանդարտներ է կիրառում»․ բողոքի ակցիա՝  ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև
 |hetq.am|

«ՄԱԿ-ը երկակի ստանդարտներ է կիրառում»․ բողոքի ակցիա՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև |hetq.am|

hetq.am: Այսօր՝ սեպտեմբերի 14-ի առավոտյան ժամը 9։00-ից ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի առջև քաղաքացիները բողոքի ակցիա էին կազմակերպել։ Նրանք պահանջում էին, որ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցչությունն ընդունի նրանց ու լսի իրենց պահանջը։  Ակցիայի մասնակից Էդուարդ Պողոսյանը նշեց, որ իրենց բողոքը հիմանակնում ՄԱԿ-ի կողմից երկակի ստանդարտներ կիրառելու ու լռելու պատճառով է։ Գրասենյակից ակցիայի մասնակիցներին տեղեկացրին, որ պատրաստ են ընդունել 3 ներկայացուցի ու լսել նրանց պահանջը։ «Այսօրվա ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստը լինելու է բացառապես Ադրբեջանի կողմից Հայաստանի հանդեպ ագրեսիայի մասին, մեր ակնկալիքները չբավարարվեց նրանով, որ մենք կարծում էինք, որ այսօրվա նիստը լինելու է սանկցիաների կիրառման մասին, բայց այն լինելու է զուտ փաստերի ներկայացման ու քննարկման մասին»,- ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից դուրս գալով՝ նշեց ցույցի մասնակից Արմինե Մելքոնյանը։ Շարունակությունը՝ hetq.am-ում  
12:28 - 14 սեպտեմբերի, 2022
Խովաևը կայցելի Երևան և Բաքու՝ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատելու նպատակով

Խովաևը կայցելի Երևան և Բաքու՝ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատելու նպատակով

ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Իգոր Խովաևը սեպտեմբերին այցեր կկատարի Երևան և Բաքու՝ շարունակելու աշխատանքը խաղաղության պայմանագրի տեքստի վրա։ Այդ մասին РИА Новости-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը։ «Խաղաղության պայմանագրի պատրաստման թեման կարևոր տեղ է գրավում մեր ջանքերում՝ նպաստելու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը: Ե՛վ Բաքուն, և՛ Երևանը հաստատել են համապատասխան ռուսական օգնության պահանջը: Իհարկե, մեզ համար դա ոչ թե ինքնագովազդի խնդիր է, այլ հսկայական պատասխանատվություն»,- ասել է Գոնչարը։ Նա հիշեցրել է, որ այդ ջանքերին համակարգային և առարկայական բնույթ տալու համար ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Խովաևին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստելու հարցերով հատուկ ներկայացուցչի գործառույթներ է վստահել։ «Խովաևը պարբերաբար այցելում է Բաքու և Երևան՝ խաղաղության պայմանագրի շուրջ խորհրդակցությունների, գործընկերների դիրքորոշումներում ընդհանուր եզրեր փնտրելու նպատակով, որ համաձայնագրի նախագծի շուրջ նրանք ավելի հեշտ համաձայնության գան։ Նրա հերթական այցերը տարածաշրջան տեղի կունենան այս ամիս»,- ասել է Գոնչարը։
12:11 - 14 սեպտեմբերի, 2022
Մեծ Բրիտանիա-Հայաստան բարեկամական խումբը դատապարտել է «ադրբեջանական ռեժիմի բռնության վերջին գործողությունը» |armenpress.am|

Մեծ Բրիտանիա-Հայաստան բարեկամական խումբը դատապարտել է «ադրբեջանական ռեժիմի բռնության վերջին գործողությունը» |armenpress.am|

armenpress.am: Մեծ Բրիտանիայի խորհրդարանում Մեծ Բրիտանիա-Հայաստան բարեկամական խումբը դատապարտել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան: Բարեկամական խմբի բոլոր անդամների անունից Ադրբեջանի գործողությունները դատապարտող հայտարարություն է տարածել խմբի ղեկավար Թիմ Լոութենը: «Վերջին 24 ժամվա ընթացքում Ադրբեջանը նոր դաժան հարձակումներ է ձեռնարկել Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա, որը ձգվում է Սյունիքի, Գեղարքունիքի եւ Վայոց Ձորի մարզերով: Ադրբեջանը հարվածներ է հասցնում ոչ միայն ռազմական օբյեկտներին, այլեւ քաղաքացիական համայնքներին եւ ենթակառուցվածքներին։ Այդ հարձակումներն ուղղված էին ոչ թե Լեռնային Ղարաբաղի վիճելի շրջանին, այլ հենց Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սուվերեն սահմաններին եւ միանգամայն անհիմն էին: ՀՀ պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00: 05-ին, Ադրբեջանի զինված ուժերը ինտենսիվ կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ ՝ օգտագործելով նաև անօդաչու թռչող սարքեր: Մեծ Բրիտանիայի խորհրդարանում Մեծ Բրիտանիա-Հայաստան բարեկամական խումբը դատապարտում է ադրբեջանական ռեժիմի բռնության այս վերջին գործողությունը և իր խորը մտահոգությունն է հայտնում զոհերի և նրանց ընտանիքների համար»,- նշված է հայտարարության մեջ: Մեծ Բրիտանիայի խորհրդարանում Մեծ Բրիտանիա-Հայաստան բարեկամական խումբը կարծում է, որ այս ագրեսիան հստակ հաշվարկված էր, քանի որ ամբողջ աշխարհի ուշադրությունը շեղվել է Ուկրաինայի իրադարձությունների, իսկ վերջերս՝ թագուհի Եղիսաբեթի մահվան կապակցությամբ համատարած սգի վրա: Նշում են, որ նման ագրեսիվ օպորտունիզմը պետք է դատապարտվի ամենավճռական ձեւով եւ ստանա վճռական պատասխան: «Շատ հրատապ անհրաժեշտություն կա, որ միջազգային հանրությունը՝ ներառյալ Մեծ Բրիտանիան, դատապարտի Ադրբեջանին և պատասխանատվության կանչի նրան այդ վերջին ռազմական հանցագործությունների համար։ Մենք խնդրում ենք Մեծ Բրիտանիայի կառավարությանը միանալ մյուս երկրներին ՝ պահանջելով անհապաղ դադարեցնել Ադրբեջանի ագրեսիան և պատժամիջոցներ սահմանել այնքան ժամանակ, քանի դեռ այդ երկիրը շարունակում է իր չարդարացված գործողությունները։ Մենք նաև խնդրում ենք Մեծ Բրիտանիայի կառավարությանն աջակցել Միավորված ազգերի կազմակերպությանն ուղղված խնդրանքին' այս հարցը քննարկել ԱԽ արտակարգ նիստում և աջակցել ռազմական գործողությունների դադարեցմանը»,- նշված է հայտարարության մեջ:
11:45 - 14 սեպտեմբերի, 2022
Ֆրենկ Փալոնը և Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահները խստորեն դատապարտել են ադրբեջանական ուժերի կողմից ռազմական գործողությունների սրումը Հայաստանի հարավում 

Ֆրենկ Փալոնը և Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահները խստորեն դատապարտել են ադրբեջանական ուժերի կողմից ռազմական գործողությունների սրումը Հայաստանի հարավում 

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը  Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահների հետ հայտարարություն է տարածել՝ խստորեն դատապարտելով ադրբեջանական ուժերի կողմից ռազմական գործողությունների սրումը Հայաստանի հարավում:  «Նախագահ Ալիևը նույն մահացու հարձակումներն է իրականացնում ինքնիշխան Հայաստանի տարածքի վրա՝ արդարացում փնտրելով 2020 թվականի ԼՂ  պատերազմից ի վեր՝ իր շարունակական թշնամանքի և հարձակումների համար և ստիպելով Հայաստանին տեղի տալ իր տարածքային անհիմն պահանջներին։ Համաշխարհային առաջնորդները չպետք է ձեռքերը ծալած նստեն և կեղծ երկիմաստ հայտարարություններ անեն երկու կողմերի միջև։ Այս հակամարտությունում կա միայն մեկ ագրեսոր, որին պետք է կանգնեցնել։ Մենք հորդորում ենք Բայդենի վարչակազմին անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ դադարեցնելու Ադրբեջանի ագրեսիան և վերջապես պատասխանատվության ենթարկելու Ալիևին իր ապակայունացնող գործողությունների համար»,- ասվում է հայտարարության մեջ:
11:36 - 14 սեպտեմբերի, 2022
Էդմոն Մարուքյանը հայտնել է, որ սեպտեմբերի լույս 13-ի գիշերն Ադրբեջանը հայկական տարածքներ է օկուպացրել

Էդմոն Մարուքյանը հայտնել է, որ սեպտեմբերի լույս 13-ի գիշերն Ադրբեջանը հայկական տարածքներ է օկուպացրել

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը երեկ՝ Հանրայինին տված հարցազրույցում, հայտնել է, որ սեպտեմբերի 12-ի, լույս 13-ի գիշերը Ադրբեջանը հայկական տարածքներ է օկուպացրել։ Ընդդիմությանը քննադատելու համատեքստում Մարուքյանը նշել է․ «Մայիսի 21-ին 2021 թ․ [ադրբեջանցիները] մտան Սոթք-Խոզնավար՝ դեպի Սև լիճ, և Հայաստանի տարածքից մոտ 45 կմ օկուպացրին։ Էսօր գիշեր էլ են օկուպացրել, թվերը կնայենք, կասենք՝ ինչքան է ավելացել»։ Մարուքյանը նաև անդրադարձել է ՄԱԿ Անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին դիմելու հարցերին։  «ՀԱՊԿ հիմնադիր, լիդեր երկիրը Ռուսաստանն է։ Մենք երկկողմ ունենք պայմանագիր փոխօգնության, և այդ երկկողմ մակարդակում դիմումը ներկայացված է։ Բայց քանի որ նաև բազմակողմն էլ կա, այդտեղ էլ է ներկայացրած։ Բայց ՀԱՊԿ-ում դոմինանտը Ռուսաստանն է։ ՀԱՊԿ դոմինանտ երկիրն էսօր գտնվում է մեծ պատերազմի մեջ և ունի ծանր կորուստներ և անհաջողություններ։ Հիմա էդքանը հասկանալով՝ ակնկալիքներն էլ պետք է ըստ դրա լինեն։ Բայց ՀԱՊԿ-ին դիմելը, Ռուսաստանին դիմելը, ՄԱԿ-ին դիմելը քաղաքական քայլեր են․ ես չեմ ակնկալում, որ հիմա ուրիշ զորքեր են գալու, մեզ պաշտպանեն, բայց քաղաքական ճնշումը կլինի Ադրբեջանի նկատմամբ, էդ հույսը մենք ունենք, էդ ուղղությամբ դիվանագիտական աշխատանք է տարվում։ Ոչ ոք իլյուզիաներ չունի, որ կապույտ սաղավարտները գալու են, մտնեն Հայաստան։ Առաջին կարևոր հանգամանքը ՄԱԿ ԱԽ դիմելու այն է, որ Ադրբեջանի ագրեսիան և Հայաստանի տարածքի օկուպացիան արձանագրվեն ՄԱԿ համապատասխան ընթացակարգերով»,- նշել է նա։  Հիշեցնենք՝ սեպտեմբերի 12-ի, լույս 13 գիշերը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Ըստ վերջին պաշտոնական տվյալների՝ իրադրությունը շարունակում է լարված մնալ, այսօր՝ ժամը 08։00-ից սկսած, հակառակորդը, կիրառելով հրետանային միջոցներ, ականանետեր և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, կրկին սկսել է նախահարձակ գործողություններ, մասնավորապես, Վերին Շորժայի և Ջերմուկի ուղղություններով։  Հայաստանը դիմել է Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին և ՄԱԿ-ին։ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդն արտահերթ նիստում առաջարկել է աշխատանքային խումբ ստեղծել՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հետ կապված առաջարկների մշակման և իրավիճակի վերլուծություն համար։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը կայցելի հակամարտության գոտի՝ պետությունների ղեկավարների համար մանրամասն զեկույց կազմելու համար։ Իսկ Ֆրանսիան հայտնել է, որ ՄԱԿ Անվտանգության խորհրդում կբարձրացնի Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումների թեման։ 
11:04 - 14 սեպտեմբերի, 2022
Ղրղզստանի նախագահը տարաձայնությունները խաղաղ ճանապարհով լուծելու կոչ է հղել Ադրբեջանին և Հայաստանին


 |armenpress.am|

Ղրղզստանի նախագահը տարաձայնությունները խաղաղ ճանապարհով լուծելու կոչ է հղել Ադրբեջանին և Հայաստանին |armenpress.am|

armenpress.am:  Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայությունը: Հաղորդվում է, որ երկրի ղեկավարը սեպտեմբերի 14-ին մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստին, որը հրավիրվել էր Հայաստանի նախաձեռնությամբ և անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով: «Երկրի ղեկավարը նշել է, որ Ղրղզստանն անհանգստացած է երկու բարեկամ երկրների սահմանին առկա լարվածությամբ: Նախագահ Սադիր Ժապարովն ընդգծել է իրավիճակը բացառապես դիվանագիտական ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը և հույս է հայտնել, որ կողմերը հետագայում ձեռնպահ կմնան ուժի կիրառումից և միմյանց միջև առկա տարաձայնությունները կլուծեն խաղաղ միջոցներով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդման հիմքի վրա»,- հայտարարել է Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայության ներկայացուցիչը:
10:54 - 14 սեպտեմբերի, 2022
Պետք է ոչ թե նոր ջոկատներ կազմավորվեն, այլ համալրվեն զինված ուժերի զորամասերն ու ստորաբաժանումները․ Տիգրան Աբրահամյան

Պետք է ոչ թե նոր ջոկատներ կազմավորվեն, այլ համալրվեն զինված ուժերի զորամասերն ու ստորաբաժանումները․ Տիգրան Աբրահամյան

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջնագծում իրադրությունը չի հանգուցալուծվել և մոտ ապագայում կարող է մոբիլիզացիայի անհրաժեշտություն առաջանալ, հարկ եմ համարում ընդգծել, որ դա պետք է արվի ոչ թե 44-օրյա պատերազմի օրինակով՝ 30 հոգանոց ջոկատներ կազմավորելու, զրահաբաճկոն և սաղավարտ ճարելու ճանապարհով, այլ այնպես ինչպես նախատեսված է համապատասխան փաստաթղթերում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջնագծում իրադրությունը չի հանգուցալուծվել և մոտ ապագայում կարող է մոբիլիզացիայի անհրաժեշտություն առաջանալ, հարկ եմ համարում ընդգծել, որ դա պետք է արվի ոչ թե 44-օրյա պատերազմի օրինակով՝ 30 հոգանոց ջոկատներ կազմավորելու, զրահաբաճկոն և սաղավարտ ճարելու ճանապարհով, այլ այնպես ինչպես նախատեսված է համապատասխան փաստաթղթերում։ Զինված ուժերի համալրումը, առաջնագծում գտնվող մեր զինծառայողների մարտական խնդիրը կատարելու հրամայականն իրացնելիս մոբիլիզացիան պետք է իրականացվի պատշաճ ձևով՝ կցագրված անձնակազմի, համալրումների, լրահամալրումների միջոցով։ Պետք է ոչ թե նոր ջոկատներ կազմավորվեն, այլ համալրվեն զինված ուժերի զորամասերն ու ստորաբաժանումները։ Սա է ճանապարհը և սա է հնարավորությունը եղած պայմաններում կառավարման, կապի, զորքերի ներդաշնակության նվազագույն խնդիրները լուծելու համար։ Իսկ ինստիտուցիոնալ գործընթաց անցած կամավորական կազմակերպությունների դեպքում պետք է առաջնորդվել փորձված և ԶՈՒ-ի հետ առավելագույնս ներդաշնակեցված սխեմաներով», - գրել է նա։
10:22 - 14 սեպտեմբերի, 2022
«Դժվար է խոսել սահմանի խախտման մասին»․Ղազախստանի ԱԳ նախարար
 |mediamax.am|

«Դժվար է խոսել սահմանի խախտման մասին»․Ղազախստանի ԱԳ նախարար |mediamax.am|

mediamax.am: Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխթար Թլեուբերդին ասել է, որ Ղազախստանից Հայաստան խաղաղապահներ ուղարկելու հարց չի քննարկվում։ «Հարցն այդպես դրված չէ։ Երեկ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստում Հայաստանի վարչապետը տեղեկացրել է Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանին տիրող իրավիճակի մասին։ Մենք ուզում էինք օբյեկտիվ պատկեր ստանալ, քանի որ երկու կողմից տարբեր տեղեկություններ են գալիս։ Ուստի պետությունների ղեկավարները որոշեցին, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կմեկնի այնտեղ, այնուհետեւ կտեղեկացնի պետությունների ղեկավարներին», - Թլեուբերդիի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը: Ղազախստանի ԱԳՆ ղեկավարն ասել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ սահմանը սահմանազատված չէ, եւ այդ պատճառով «դժվար է խոսել սահմանի որեւէ խախտման մասին»։
10:11 - 14 սեպտեմբերի, 2022