ԵՄ

Եվրոպական միությունը (ԵՄ) իրավունքի քաղաքական համայնք է, որի նպատակն է Եվրոպայի երկրների ու ժողովուրդների ինտեգրման ու կառավարման գործառույթի կազմակերպումը: Հիմնվել է 1993 թվականի նոյեմբերի 1-ին, բաղկացած է եվրոպական 27 երկրներից։ ԵՄ կառույցներն են Եվրոպական խորհրդարանը, Եվրամիության խորհուրդը, Եվրոպական խորհուրդ, Եվրոպական խորհուրդ, Եվրամիության Արդարադատության դատարանը, Հաշիվների դատարանը, Եվրոպական կենտրոնական բանկը։

Լիսաբոնյան համաձայնագրի ընդունմամբ՝ Եվրոպական արտաքին գործերի ծառայության պատասխանատվության տակ անցան Եվրոպական միությունը և իր քաղաքացիներին ներկայացնող 140 պատվիրակությունները և գրասենյակները:

Հայաստանում Եվրոպական միության դեսպանն ու ԵՄ պատվիրակության ղեկավարն է Ն.Գ. Անդրեա Վիկտորին։

ԵՄ առաքելության տեղակայումը դիտարկում ենք որպես տարածաշրջանում խաղաղությանը նպաստելու արժեքավոր գործիք. Միրզոյան
 |armenpress.am|

ԵՄ առաքելության տեղակայումը դիտարկում ենք որպես տարածաշրջանում խաղաղությանը նպաստելու արժեքավոր գործիք. Միրզոյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը Ադրբեջանի հետ միջազգային սահմանին հայկական կողմից ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը դիտարկում է որպես տեղում անվտանգությունը բարձրացնելու, տարածաշրջանում  խաղաղությանը և կայունությանը նպաստելու արժեքավոր գործիք: Այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ռումինիայի ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։: Միրզոյանը հայտնեց, որ Ռումինիայի իր գործընկերոջ հետ քննարկել են երկկողմ համագործակցության լայն թեմաներ: ԱԳ նախարարները նաև ստորագրվել են 2023-2024 համատեղ գործողությունների պլան: «Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնել երկկողմ օրակարգի, իրավական դաշտի, կանոնավոր քաղաքական խորհրդակցությունների, ինչպես նաև մշակույթի, կրթության, գիտության ոլորտներում համագործակցության: Մենք արտահայտել ենք մեր պատրաստակամությունը՝ ձեռնարկելու քայլեր նաև տնտեսական հարաբերություններում, բիզնես կապերում առկա ողջ պոտենցիալի իրագործման համար»,-ասաց Միրզոյանը: ԱԳ նախարարների հանդիպման օրակարգում են եղել նաև Հայաստան-ԵՄ քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության և Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ իրականացման հարցերը։ Նախարարները նաև մտքեր են փոխանակել երկու երկրի համագործակցության մասին՝ «Արևելյան գործընկերության», նաև «Եվրոպական քաղաքական համայնքի» շրջանակներում: «Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի հայկական կողմում 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայից անմիջապես հետո ԵՄ դիտորդներ ուղարկելը և ավելի ուշ՝ ԵՄ երկարաժամկետ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայելը ԵՄ կարևոր ներգրավվածությունն է մեր տարածաշրջանում։ Մենք այն դիտարկում ենք որպես արժեքավոր գործիք՝ տեղում բարձրացնելու մարդկանց անվտանգությունը, նպաստելու տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը: Մենք գնահատում ենք Ռումինիայի արժեքավոր նպաստը ԵՄ համապատասխան քննարկումներում»,-ընդգծեց ՀՀ ԱԳ նախարարը:
12:43 - 03 ապրիլի, 2023
ԵՄ-ում քննարկում են Շենգենյան գոտում էլեկտրոնային վիզաներ տրամադրելու հարցը

 |aravot.am|

ԵՄ-ում քննարկում են Շենգենյան գոտում էլեկտրոնային վիզաներ տրամադրելու հարցը |aravot.am|

aravot.am: Եվրամիության անդամ երկրների դեսպաններն այսօր համաձայնեցրել են ԵՄ Խորհրդի բանակցային մանդատը՝ վիզային ռեժիմի թվայնացման առաջարկի վերաբերյալ: Առաջարկը ենթադրում է վիզայի համար առցանց դիմելու հնարավորություն և ներկայումս գործող սոսնձվող վիզան փոխարինվում է թվային վիզայով: Այս քայլը նպատակ ունի ավելի արդյունավետ դարձնել վիզայի դիմումի ընթացակարգը և բարելավել Շենգենյան գոտու անվտանգությունը: Այս մասին ասվում է ԵՄ խորհրդի տարածած հաղորդագրության մեջ: «Թվային Շենգենյան վիզան կհեշտացնի օրինական ճանապարհորդների համար դիմելու գործընթացը և միևնույն ժամանակ կօգնի առավել անվտանգ դարձնել Շենգենյան գոտին: Առցանց դիմումները կնվազեցնեն ճանապարհորդների համար դեպի հյուպատոսություն այցելությունների քանակը և կհեշտացնեն գործընթացը ազգային վարչակազմերի համար: Միևնույն ժամանակ, թվային վիզան վերջ կդնի սոսնձվող վիզայի կեղծման և գողության ռիսկին»,- ասել է Շվեդիայի միգրացիայի հարցերով նախարար Մարիա Մալմեր Շտեներգարդը: Առաջարկվող նոր կանոնների համաձայն կստեղծվի վիզայի դիմումների հարթակ։ Շենգենյան վիզաների համար բոլոր դիմումները կկատարվեն այդ հարթակի՝ մեկ կայքի միջոցով, որը դրանք կուղարկի համապատասխան ազգային վիզային համակարգեր։ Այդ հարթակում վիզայի դիմորդները կկարողանան ներկայացնել բոլոր համապատասխան տվյալները, բեռնել իրենց ճանապարհորդական և օժանդակ փաստաթղթերի էլեկտրոնային պատճենները և վճարել վիզայի վճարները: Նրանք նաև կտեղեկացվեն վիզայի վերաբերյալ որոշումների մասին: Հյուպատոսություն անձամբ ներկայանալը անհրաժեշտ կլինի միայն առաջին անգամ դիմողների համար, այն անձանց համար, որոնց կենսաչափական տվյալներն այլևս վավեր չեն, ինչպես նաև նոր ճամփորդական փաստաթուղթ ունեցող անձանց համար:Շարունակությունը՝ aravot.am-ում
13:24 - 29 մարտի, 2023
Ադրբեջանում արձագանքել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարի հայտարարությանը, որ հայերը կարծում են՝ Ադրբեջանը գարնանը հարձակում է սկսելու

Ադրբեջանում արձագանքել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարի հայտարարությանը, որ հայերը կարծում են՝ Ադրբեջանը գարնանը հարձակում է սկսելու

Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիթերը dw.com-ի հետ զրույցում նշել է, որ շատ հայեր գոհ են Հայաստանում ԵՄ ներկայությունից։ Սակայն, ըստ նրա, սպասելիքները շատ մեծ չպետք է լինեն, քանի որ դիտորդները Ադրբեջանի տարածք մտնելու հնարավորություն չունեն, հետևաբար չեն կարող հայտնաբերել, օրինակ, զորքերի տեղաշարժը նախապատրաստվող որևէ հարձակման ժամանակ։ «Շատ հայեր կարծում են, որ Ադրբեջանը գարնանը հարձակում է սկսելու։ Եթե սա տեղի չունենա, կնշանակի՝ մեր առաքելությունը արդեն հաջողված է»,- ասել է Ռիթերը։ Նա նաև նշել է, որ «իրենք չեն կարող միջամտել․ «Մենք միայն հեռադիտակներ և տեսախցիկներ ունենք մեր տրամադրության տակ»։ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն խստորեն դատապարտել է այս հայտարարությունը։ «Մենք խստորեն դատապարտում ենք այն փաստը, որ ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավարը, հիմնվելով հայկական կողմի կեղծ և զրպարտչական հայտարարությունների վրա, կարծիք է հայտնել, որ Ադրբեջանն իբր պատրաստվում է հարձակման, և ԵՄ առաքելության հիմնական խնդիրը ներկայացրել է «Հայաստանը Ադրբեջանից պաշտպանելը»։ Մենք բազմիցս ընդգծել ենք այս առաքելության չարաշահումները կանխելու անհրաժեշտությունը՝ ուղղված Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը խաթարելուն», - ասել է Հաջիզադեն իր մեկնաբանության մեջ։ Նրա խոսքով «ԵՄ առաքելությունը չպետք է տրվի կեղծ ու զրպարտչական հայտարարություններին և պետք է գործի իր մանդատի համաձայն»։
10:11 - 29 մարտի, 2023
ԵՄ-ին Մոլդովայի և Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու հարցը կքննարկվի ԵՄ գագաթնաժողովում. Միշել
 |1lurer.am|

ԵՄ-ին Մոլդովայի և Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու հարցը կքննարկվի ԵՄ գագաթնաժողովում. Միշել |1lurer.am|

1lurer.am: Եվրամիությանը Մոլդովայի և Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու հարցը կքննարկվի դեկտեմբերին կայանալիք ԵՄ գագաթնաժողովում: Այդ մասին Քիշնևում Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Նա տեղեկացրել է, որ Եվրահանձնաժողովը շուտով զեկույց կհրապարակի դեպի ԵՄ ճանապարհին Մոլդովայի, Ուկրաինայի և Վրաստանի առաջընթացի մասին, որի հիման վրա կքննարկվի այդ բանակցությունները սկսելու հարցը: Եվրոպական խորհրդի ղեկավարը նաև ընդգծել է, որ Մոլդովայում քննարկել է հունիսի 1-ին Քիշնևում կայանալիք Եվրոպական քաղաքական հանրության գագաթնաժողովին նախապատրաստվելու հարցը: Միշելը կարծիք է հայտնել, որ այդ հանդիպումը կնպաստի Եվրոպայում անվտանգության բարձրացմանը։
19:59 - 28 մարտի, 2023
ԵՄ-ն պատրաստ է նոր պատժամիջոցներ կիրառել Մինսկի նկատմամբ, եթե Բելառուսի տարածքում ռուսական միջուկային զենք տեղակայվի․ Բորել

ԵՄ-ն պատրաստ է նոր պատժամիջոցներ կիրառել Մինսկի նկատմամբ, եթե Բելառուսի տարածքում ռուսական միջուկային զենք տեղակայվի․ Բորել

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն պատրաստ է նոր պատժամիջոցներ կիրառել Մինսկի նկատմամբ, եթե Բելառուսի տարածքում ռուսական միջուկային զենք տեղակայվի։ «Բելառուսում ռուսական միջուկային զենքի տեղակայումը կնշանակի անպատասխանատու էսկալացիա և սպառնալիք եվրոպական անվտանգությանը: Մինսկը դեռ կարող է դադարեցնել դա, սա նրա ընտրությունն է: ԵՄ-ն պատրաստ է պատասխանելու հետագա պատժամիջոցներով»,- թվիթերյան միկրոբլոգում գրել է Բորելը: Հիշեցնենք, որ մարտի 25-ին Պուտինը հայտարարել էր, որ Մոսկվան համաձայնության է եկել Մինսկի հետ Բելառուսի տարածքում մարտավարական միջուկային զենքի տեղակայման շուրջ։ Նա պնդել է, որ դա «չի խախտի Միջուկային զենքի չտարածման պայմանագրով ստանձնած պարտավորությունները»։
15:46 - 27 մարտի, 2023
Եվրոպացի առաջնորդները պետք է ճնշում գործադրեն Ալիևի վրա․ Ռասմուսենի հոդվածը Project Syndicate-ում |civilnet.am|

Եվրոպացի առաջնորդները պետք է ճնշում գործադրեն Ալիևի վրա․ Ռասմուսենի հոդվածը Project Syndicate-ում |civilnet.am|

civilnet.am: Անդերս Ֆոգ Ռասմուսենը՝ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը (2009-14 թթ.) և Դանիայի նախկին վարչապետը, հոդված է հրապարակել հեղինակավոր Project Syndicate կայքում՝ եվրոպական առաջնորդներին ու միջազգային հանրությանը կոչ անելով մեծացնել ճնշումը Ադրբեջանի վրա։ «Եվրամիությունը պետք է ավելի մեծ դեր խաղա Հարավային Կովկասում խաղաղության և կայունության պահպանման համար»,- գրում է Ռասմուսենը։ «Եվրոպայի դռան շեմին՝ ուրիշ հակամարտություն» վերնագրված հոդվածը թարգմանաբար՝ ստորև։ Ակնհայտորեն խախտելով 2020-ի հրադադարի համաձայնագիրը՝ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ է հրահրում և հերթական անգամ սպառնում հարևան Հայաստանին ռազմական ագրեսիայով։ Քանի որ Ռուսաստանը չի կարող կամ չի ցանկանում օգնել, Եվրամիությունը պետք է ավելի մեծ դեր խաղա Հարավային Կովկասում խաղաղության և կայունության պահպանման համար: Բոլորի հայացքներն արդարացիորեն ուղղված են Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած պատերազմին։ Բայց դա արդարացում չէ մեկ այլ ճգնաժամի անտեսման համար, որը հասունանում է Եվրոպայի դռան շեմին: Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը կրկին աճում է՝ մեծացնելով հերթական պատերազմի հեռանկարը։ Անցյալ շաբաթ ես այցելեցի Լաչինի միջանցք՝ Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ բնակչությանը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը։ Դեկտեմբերից միջանցքի մուտքն ադրբեջանցիներն արգելափակել են բնապահպանական բողոքի պատրվակով։ Դա ակնհայտորեն տեղի է ունենում Բաքվի ռեժիմի աջակցությամբ։ Քանի որ «ցուցարարները» արգելափակում են քաղաքացիական կամ առևտրային երթևեկությունը Լեռնային Ղարաբաղ, Amnesty International-ը նախազգուշացնում է, որ մոտ 120 000 էթնիկ հայ բնակիչներ զրկված են առաջին անհրաժեշտության ապրանքներից և ծառայություններից, ներառյալ կենսական դեղամիջոցներից և առողջապահությունից: Ադրբեջանի և Հայաստանի միջև 2020-ի Ղարաբաղյան պատերազմի ավարտին ստորագրված հրադադարի համաձայնագրով Ադրբեջանը պարտավորվել է ապահովել ազատ տեղաշարժը ճանապարհի երկայնքով երկու ուղղություններով։ Արդարադատության միջազգային դատարանը, ընդունելով, որ Ադրբեջանը խախտում է պարտավորությունը՝ հրաժարվելով վերացնել շրջափակումը, փետրվարի 22-ին վճիռ է կայացրել՝ նրանից պահանջելով ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը դրա համար։ Բայց անցել է մեկ ամիս, և ոչինչ չի փոխվել։ Թեև միջանցքի երկայնքով տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերը պետք է պաշտպանեն երթուղին, նրանք չեն կարողացել դա անել։ Եթե Եվրոպան և ավելի լայն միջազգային հանրությունը չճնշեն Ադրբեջանին շրջափակումը վերացնելու համար, ներկայիս հումանիտար ճգնաժամը կարող է հումանիտար աղետ դառնալ: Ադրբեջանը օգտագործում է շրջափակումը և այլ միջոցներ Լեռնային Ղարաբաղին խեղդելու համար։ Բնակիչներին հաճախ արգելում են վերադառնալ իրենց տները, իսկ գազն ու էլեկտրականությունը պարբերաբար անջատվում են առանց նախազգուշացման կամ բացատրության: Ակնհայտ է, որ նպատակը հայ բնակչության կյանքը հնարավորինս դժվարացնելն է, և մոտալուտ էթնիկ զտումների լուրջ վտանգ կա: Մենք չպետք է մեր հայացքը շեղենք այն ամենից, ինչ կատարվում է։ Իր հերթին, ադրբեջանական ռեժիմը (և նրա առցանց տրոլները) շարունակում են նսեմացնել շրջափակման հետևանքները կամ անգամ դրա գոյությունը: Ավելին, նրանք հրաժարվում են նաև միջազգային դիտորդներին հնարավորություն տալ գնահատելու իրավիճակը: Այսպիսով, միջազգային հանրության համար առաջնահերթությունը ՄԱԿ-ի կամ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության հովանու ներքո միջանցք փաստահավաք առաքելություն ուղարկելն է: Մենք պետք է հստակ դարձնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կկանգնի հետևանքների առաջ, եթե շարունակի անտեսել Արդարադատության միջազգային դատարանի պարտավորեցնող հրամանը։ 2020-ի Ղարաբաղյան պատերազմի արդյունքում պարզ դարձավ, որ Ադրբեջանը ռազմական զգալի առավելություն ունի Հայաստանի նկատմամբ՝ շնորհիվ այն զենքի, որ նա գնել է Ռուսաստանից, Թուրքիայից և Իսրայելից։ Այս փաստը կրկնվեց անցյալ տարվա սեպտեմբերին, երբ Ադրբեջանը գրավեց Հայաստանի տարածքը, այդ թվում՝ ռազմավարական դիրքեր Ջերմուկ քաղաքի վերևում՝ ընդամենը երկու օր տևած մարտերի արդյունքում: Թեև Հայաստանը դեռ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ է՝ տարածաշրջանային դաշինք, որը նախկին խորհրդային հինգ երկրներին կապում է Ռուսաստանի հետ, որևէ աջակցություն չեղավ, երբ նա օգնություն խնդրեց իր ինքնիշխան տարածքի վրա կատարված հարձակումից հետո: Երկիրը մնաց խոցելի ու միայնակ։ Իրավիճակն ավելի վատթարացնելով՝ Ադրբեջանը զորքերը պահում է Հայաստանի տարածքում և հրաժարվում է վերադարձնել հայ ռազմագերիներին։ Քանի որ խաղաղության բանակցությունները արգելակված են, հստակ նախանշաններ կան, որ Ադրբեջանը խորհում է ավելիին հասնել ռազմական ճանապարհով, քան խաղաղ բանակցությունների միջոցով: Չի կարելի բացառել առաջիկա ամիսներին Հայաստանի դեմ նոր հարձակումը։ Քանի որ Ռուսաստանը՝ Հայաստանի անվտանգությունն ավանդաբար ապահովողը, չի կարող կամ չի ցանկանում օգնել, Եվրամիությունը պետք է ավելի մեծ դեր խաղա տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման համար։ Ե՛վ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, և՛ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը գիտակցել են դա և զգալի քաղաքական կապիտալ են ներդրել այդ գործում։ Սեպտեմբերին ռազմական գործողությունների վերսկսումից հետո ԵՄ-ն քաղաքացիական առաքելություն է ուղարկել Հայաստան՝ դիտարկելու Ադրբեջանի հետ սահմանը։ Բայց դեռ շատ ավելին է պետք անել։ ԵՄ առաքելությունը, որը ներկայում տեղակայված է միայն Հայաստանի տարածքում, պետք է արագ ընդլայնվի՝ վերահսկելու հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքը։ Եվրոպացի առաջնորդները պետք է ճնշում գործադրեն Ալիևի կառավարության վրա, որպեսզի նա թույլ տա ԵՄ անձնակազմին մուտք գործել ադրբեջանական տարածք: Իհարկե, ԵՄ անզեն առաքելությունը չի կարող կանխել ռազմական գործողությունները, բայց նրա ներկայության ընդլայնումը կբերի Ադրբեջանի վրա հետագա ճնշման՝ ռազմական առճակատման փոխարեն ընտրելու բանակցությունները: Շարունակությունը՝ civilnet.am-ում։
23:27 - 25 մարտի, 2023
Փաշինյանի հետ հեռախոսազրույցից հետո Շառլ Միշելը զրուցել է նաև Ալիևի հետ

Փաշինյանի հետ հեռախոսազրույցից հետո Շառլ Միշելը զրուցել է նաև Ալիևի հետ

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ՀՀ վարչապետի հետ հեռախոսազրույցից հետո հեռախոսազրույց է ունեցել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ըստ ադրբեջանական կողմի հաղորդագրության՝ Միշելն ասել է, որ Եվրամիությունը կշարունակի ջանքերը տարածաշրջանում կայուն խաղաղություն և անվտանգություն ապահովելու համար։ Նա անդրադարձել է Լաչինի ճանապարհի հետ կապված խնդիրներին և իր մտահոգությունը հայտնել վերջին օրերին Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանին տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ։ Զրույցի ընթացքում Ալիևն ընդգծել է՝ աջակցում են բրյուսելյան գործընթացին։ Նա շարունակել է պնդել, որ միջանցքի փակման վերաբերյալ Հայաստանի հնչեցրած պնդումները «լիովին սուտ են», կրկնել զենքի և անձնակազմի տեղափոխման գործընթացի մասին իր հայտարարությունները։  «Ադրբեջանի նախագահն ուշադրություն է հրավիրել ՀՀ ղեկավարության վտանգավոր և սրացող պաշտոնական հայտարարությունների վրա։ Նա նշել է, որ 2023 թվականի մարտի 20-ին Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի ուղղությամբ, որտեղ գտնվում է Եվրամիության առաքելությունը, Հայաստանի հերթական սադրանքի ժամանակ վիրավորվել է Ադրբեջանի պետական սահմանային ծառայության զինծառայող, իսկ մարտի 5-ին՝ Լեռնային Ղարաբաղի շրջանում՝ 2 զինծառայող», - ասվում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։ Ալիևը նաև ընդգծել է՝ այս ամենը «Հայաստանի կողմից իրականացվող վտանգավոր քաղաքականության արդյունք է»։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Շառլ Միշելը հեռախոսազրույց էր ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Վարչապետը մտահոգություն էր հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի աճող ագրեսիվ հռետորաբանության և սադրիչ գործելակերպի առնչությամբ, ինչը խոչընդոտում է կայունությանն ու խաղաղությանը միտված ջանքերին։ 
18:27 - 25 մարտի, 2023
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Զրուցակիցներն անդրադարձել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով շարունակվող ճգնաժամային իրավիճակին։ Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի, խաղաղության պայմանագրի, տարածաշրջանի հաղորդուղիների վերագործարկման հարցերի շուրջ։ Վարչապետը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի աճող ագրեսիվ հռետորաբանության և սադրիչ գործելակերպի առնչությամբ, ինչը խոչընդոտում է կայունությանն ու խաղաղությանը միտված ջանքերին։ Եվրոպական խորհրդի նախագահը վերահաստատել է ԵՄ պատրաստակամությունը՝ նպաստելու տարածաշրջանում երկխոսությանն ու խաղաղությանը։
16:07 - 25 մարտի, 2023
ԵՄ դիտորդական առաքելությունը ունեցել է փաստաթուղթ, որը սահմանափակ հասանելիություն ունի. Միրզոյան

ԵՄ դիտորդական առաքելությունը ունեցել է փաստաթուղթ, որը սահմանափակ հասանելիություն ունի. Միրզոյան

ԵՄ դիտորդական առաքելությունը ունեցել է փաստաթուղթ, որը սահմանափակ հասանելիություն ունի․ փաստաթուղթը տրամադրվել է միայն ԵՄ անդամ երկրներին, հրապարակային չի զեկուցվել։ Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստին հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ-ի երկամսյա առաքելությանը։ Անդրադառնալով պատգամավոր Գուրգեն Արսենյանի դիտարկմանը, թե պետք է հասկանալ՝ ինչու զեկույցը հասանելի չէ նաև ՀՀ իշխանություններին, քանի որ խոսքը, ի վերջո, վերաբերում է ՀՀ-ում իրականացված մշտադիտարկմանը, նախարարն ասաց․  «Զեկույցը հասանելի չէ այնքանով, որքանով այն ԵՄ մի ինստիտուտի՝ այս դեպքում, դիտորդական առաքելության հաշվետվությունն է իր վերադաս, ղեկավար մարմիններին»։
17:54 - 24 մարտի, 2023
Մեր նպատակն է մեկ տարում Ուկրաինային տրամադրել 1 միլիոն արկ և ապահովել համապատասխան ֆինանսավորում․ Շառլ Միշել
 |azatutyun.am|

Մեր նպատակն է մեկ տարում Ուկրաինային տրամադրել 1 միլիոն արկ և ապահովել համապատասխան ֆինանսավորում․ Շառլ Միշել |azatutyun.am|

azatutyun.am: ԵՄ երկրների և կառավարությունների ղեկավարներն այսօր կհավաքվեն Բրյուսելում ԵՄ երկօրյա գագաթնաժողովին։ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ԵՄ առաջնորդներին ուղղված հրավերի նամակում ասել է, որ գագաթնաժողովը նվիրված է լինելու «հիմնական աշխարհաքաղաքական խնդիրներին և գլոբալ մարտահրավերներին», ներառյալ Ուկրաինային տրամադրվող ԵՄ ռազմական օգնությունը: Դա, նրա խոսքով, ներառում է ռուսական սառեցված ակտիվների օգտագործումը։ Նույն համատեքստում կքննարկվի պարենային գլոբալ անվտանգության հարցը։ Ինչպես նշել է Միշելը՝ «մեր նպատակն է առաջիկա 12 ամիսների ընթացքում Ուկրաինային տրամադրել 1 միլիոն արկ և ապահովել համապատասխան ֆինանսավորում»։ Դա անելու համար, ինչպես նա ասում է իր նամակում, «մեզ անհրաժեշտ կլինի միջոցներ ձեռնարկել եվրոպական պաշտպանական արդյունաբերության արտադրական հզորությունների մեծացման համար»։ Ուրբաթ օրը՝ մարտի 24-ին, տեղի կունենա եվրագոտու գագաթնաժողովը, որին կմասնակցեն միության բոլոր 27 երկրների ղեկավարները, ինչպես նաև Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդը և Եվրախմբի նախագահ Պասկալ Դոնոխյուն՝ քննարկելու համար տնտեսական և ֆինանսական իրավիճակը։
13:08 - 23 մարտի, 2023
Պարույր Հովհաննիսյանը գերմանացի խորհրդարանականների հետ հանդիպմանը կարևորել է իրավիճակի կայունացման գործում ԵՄ առաքելության դերը

Պարույր Հովհաննիսյանը գերմանացի խորհրդարանականների հետ հանդիպմանը կարևորել է իրավիճակի կայունացման գործում ԵՄ առաքելության դերը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն այսօր ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս պատգամավորական խմբի պատվիրակությանը՝ խմբի փոխնախագահ Թաբեա Ռյոսների գլխավորությամբ։ ԱԳ նախարարի տեղակալը, ողջունելով Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակության այցը Հայաստան, կարևորել է հայ-գերմանական հարաբերությունների զարգացման գործում միջխորհրդարանական շփումները։ Զրուցակիցները քննարկել են հայ-գերմանական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ։ Պարույր Հովհաննիսյանը, գերմանացի խորհրդարանականներին ներկայացնելով տարածաշրջանում անվտանգային բարդ իրավիճակը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված ագրեսիայի հետևանքները, կարևորել է իրավիճակի կայունացման գործում ԵՄ երկարաժամկետ դիտորդական առաքելության դերը։ Նախարարի տեղակալն ընդգծել է նաև, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը, ոստիկանության ծառայողների սպանությունը, հրադադարի ռեժիմի պարբերական խախտումները, ինչպես նաև քաղաքացիական բնակչության ահաբեկումը հրամայական են դարձնում Լեռնային Ղարաբաղ ու Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը:  
18:58 - 21 մարտի, 2023
 «Պուտինը պետք է ձերբակալվի». Բորել |azatutyun.am|

«Պուտինը պետք է ձերբակալվի». Բորել |azatutyun.am|

azatutyun.am: «Եթե Ռուսաստանի նախագահը ուղևորվի այն 130 պետություններից մեկը, որը ստորագրել է Միջազգային քրեական դատարանի ստեղծման մասին համաձայնագրի տակ, ապա նա անմիջապես պետք է ձերբակալվի», - այսօր Բրյուսելում, լրագրողների հետ զրույցում, հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ «Այս հանգամանքը հարկավոր է հաշվի առնել։ Մենք կարող ենք տարբեր պայմանավորվածությունների հանգել, սակայն դատարանի վճիռը շարունակում է մնալ ուժի մեջ», - հայտարարել է Բորելը։ Հաագայում գործող Միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահի ձերբակալության օրդերը հրապարակել էր անցած շաբաթավերջին՝ նրան մեղադրելով ուկրաինացի երեխաներին Ռուսաստան բռնի տարհանման համար։ Ռուսաստանի Դաշնությունը Միջազգային քրեական դատարանի գործունեությանը չի միացել և այդ կառույցի իրավասությունները չի ճանաչում։  
15:06 - 20 մարտի, 2023
Սերբիան և Կոսովոն հարաբերությունների կարգավորման համաձայնության են հասել |azatutyun.am|

Սերբիան և Կոսովոն հարաբերությունների կարգավորման համաձայնության են հասել |azatutyun.am|

azatutyun.am: Չնայած «դժվարին» բանակցություններին, Սերբիայի և Կոսովոյի միջև համաձայնություն է ձեռք բերվել հարաբերությունների նորմալացման՝ Եվրամիության կողմից պաշտպանվող գործարքի իրականացման ուղիների վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը: Շաբաթ երեկոյան՝ Հյուսիսային Մակեդոնիայում Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի և Կոսովոյի վարչապետ Ալբին Քուրթիի հետ շուրջ 12 ժամ շարունակված եռակողմ բանակցություններից հետո Բորելը հայտարարել է, որ երկու կողմերի հանձնառությունների իրագործումը Եվրամիությանը նրանց ինտեգրման նախապայման է: «Ինչ ընդունեցին կողմերը. համաձայնությունը և դրա իրագործումը {Եվրամիության 11-կետանոց առաջարկների} հավելվածի միջոցով դեպի Եվրամիություն նրանց ուղու անբաժանելի մասն են դառնալու», - ասել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչը: «Հստակ է, որ երկու կողմերն էլ զգալիորեն կշահեն այս համաձայնությունից, քանի որ երկխոսությունը ոչ միայն Կոսովոյի և Սերբիայի, այլև ամբողջ տարածաշրջանի անվտանգության, կայունության և բարգավաճման մասին է», - ընդգծել է Ժոզեպ Բորելը:
09:45 - 20 մարտի, 2023
Արցախի ԱԳՆ-ն կարևորել է Բաքվի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ԵԽ բանաձևերի առաջարկները

Արցախի ԱԳՆ-ն կարևորել է Բաքվի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ԵԽ բանաձևերի առաջարկները

Արցախի ԱԳ նախարարությունը մեկնաբանությամբ ողջունել է Եվրախորհրդարանի կողմից ԵՄ-Հայաստան և ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ բանաձևերի ընդունումը՝ համոզմունք հայտնելով, որ Եվրախորհրդարանի բանաձևերը, այդ թվում՝ ադրբեջանական պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ առաջարկությունները, կարևոր ներդրում կլինեն ընդհանուր ջանքերում՝ ուղղված շրջափակման դադարեցմանը և Արցախում էթնիկ զտումներ ու ցեղասպանություն իրականացնելու Ադրբեջանի հանցավոր ծրագրերի կասեցմանը։ Արցախի ԱԳՆ մեկնաբանության մեջ նշված է. «Ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի կողմից 2023 թվականի մարտի 15-ին ընդունված բանաձևերում Ադրբեջանի իշխանություններին ուղղված կոչերը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության համապատասխան ապահովել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը, ինչպես նաև կատարել ՄԱԿ-ի Միջազգային դատարանի 2023 թ. փետրվարի 22-ի որոշմամբ սահմանված իրենց պարտավորությունները: Այս կապակցությամբ մեր աջակցությունն ենք հայտնում ԵՄ Խորհրդին ուղղված Եվրախորհրդարանի կոչին՝ հասցեական  պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի պետական պաշտոնյաների նկատմամբ, եթե Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշումն անհապաղ չկատարվի։Կարևոր ենք համարում, որ Եվրախորհրդարանն իր բանաձևերում հստակ ընդունել է, որ ավելի քան երեք տասնամյակ տևող և տասնյակ հազարավոր զոհերի, հսկայական ավերածությունների ու հազարավոր մարդկանց բռնի տեղահանման հանգեցրած ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը մնում է չլուծված: Մասնավորապես, Եվրախորհրդարանի անդամներն արդարացի և հիմնավորված մտահոգություն են հայտնել այն փաստով, որ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմից հետո ընդունված 2020 թվականի նոյեմբերի 9-ի զինադադարի մասին հայտարարության դրույթներն ամբողջությամբ չեն կատարվել. պարբերաբար բռնկվում են մահաբեր ռազմական բախումներ, բազմիցս խախտվել է հրադադարի ռեժիմը, ինչը հանգեցրել է հարյուրավոր զոհերի և ադրբեջանական զորքերի կողմից նոր՝ այդ թվում Հայաստանի Հանրապետության տարածքների օկուպացիայի, իսկ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից արգելափակվել է երթևեկությունը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև Լաչինի միջանցքով, ինչը բացասաբար է անդրադառնում Արցախ պարենի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարման վրա:Եվրախորհրդարանը ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների մասին իր բանաձևում նաև ընդունել և դատապարտել է Թուրքիայի ծավալապաշտական և ապակայունացնող դերը Հարավային Կովկասում, ինչն այդ թվում դրսևորվել է մարտական գործողություններին Ադրբեջանի կողմից մասնակցելու համար հակամարտության գոտի սիրիացի վարձկանների ուղարկմամբ, և դիրքորոշում հայտնել, որ տարածաշրջանում կառուցողական դերակատարություն ունենալու համար Թուրքիան պետք է վերանայի իր անվերապահ աջակցությունն Ադրբեջանին և իրական քայլեր ձեռնարկի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար:Կիսում ենք եվրախորհրդարանականների դիրքորոշումն առ այն, որ ռազմական ճանապարհով, ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառմամբ հնարավոր չէ հասնել կայուն և տևական խաղաղության, այլ անհրաժեշտ է համապարփակ քաղաքական կարգավորում՝ միջազգային իրավունքի, այդ թվում՝ ՄԱԿ-ի կանոնադրությամբ և 1975թ. ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության, իրավահավասարության և ժողովուրդների ինքնորոշման երեք սկզբունքներին, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի 2009 թվականի հիմնարար սկզբունքներին համապատասխան: Այս առումով համակարծիք ենք Եվրախորհրդարանի անդամների հետ, որ համապարփակ խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է դադարեցնել բոլոր բռնությունները և վերացնել հակամարտության բուն պատճառները, այդ թվում՝ կապված արցախահայության անվտանգության և իրավունքների ապահովման, Արցախի վերջնական կարգավիճակի որոշման, ինչպես նաև բոլոր փախստականների ու ներքին տեղահանվածների իրենց տներ արագ և անվտանգ վերադարձի խնդրի լուծման հետ:Համոզված ենք, որ Եվրախորհրդարանի բանաձևերը, այդ թվում՝ ադրբեջանական պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ առաջարկությունները, կարևոր ներդրում կլինեն ընդհանուր ջանքերում՝ ուղղված շրջափակման դադարեցմանը և Արցախում էթնիկ զտումներ ու ցեղասպանություն իրականացնելու Ադրբեջանի հանցավոր ծրագրերի կասեցմանը»:
19:42 - 17 մարտի, 2023