Եվրոպացի առաջնորդները պետք է ճնշում գործադրեն Ալիևի վրա․ Ռասմուսենի հոդվածը Project Syndicate-ում |civilnet.am|
23:27 - 25 մարտի, 2023

Եվրոպացի առաջնորդները պետք է ճնշում գործադրեն Ալիևի վրա․ Ռասմուսենի հոդվածը Project Syndicate-ում |civilnet.am|

civilnet.am: Անդերս Ֆոգ Ռասմուսենը՝ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը (2009-14 թթ.) և Դանիայի նախկին վարչապետը, հոդված է հրապարակել հեղինակավոր Project Syndicate կայքում՝ եվրոպական առաջնորդներին ու միջազգային հանրությանը կոչ անելով մեծացնել ճնշումը Ադրբեջանի վրա։ «Եվրամիությունը պետք է ավելի մեծ դեր խաղա Հարավային Կովկասում խաղաղության և կայունության պահպանման համար»,- գրում է Ռասմուսենը։ «Եվրոպայի դռան շեմին՝ ուրիշ հակամարտություն» վերնագրված հոդվածը թարգմանաբար՝ ստորև։

Ակնհայտորեն խախտելով 2020-ի հրադադարի համաձայնագիրը՝ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ է հրահրում և հերթական անգամ սպառնում հարևան Հայաստանին ռազմական ագրեսիայով։ Քանի որ Ռուսաստանը չի կարող կամ չի ցանկանում օգնել, Եվրամիությունը պետք է ավելի մեծ դեր խաղա Հարավային Կովկասում խաղաղության և կայունության պահպանման համար:

Բոլորի հայացքներն արդարացիորեն ուղղված են Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած պատերազմին։ Բայց դա արդարացում չէ մեկ այլ ճգնաժամի անտեսման համար, որը հասունանում է Եվրոպայի դռան շեմին: Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը կրկին աճում է՝ մեծացնելով հերթական պատերազմի հեռանկարը։

Անցյալ շաբաթ ես այցելեցի Լաչինի միջանցք՝ Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ բնակչությանը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը։ Դեկտեմբերից միջանցքի մուտքն ադրբեջանցիներն արգելափակել են բնապահպանական բողոքի պատրվակով։ Դա ակնհայտորեն տեղի է ունենում Բաքվի ռեժիմի աջակցությամբ։

Քանի որ «ցուցարարները» արգելափակում են քաղաքացիական կամ առևտրային երթևեկությունը Լեռնային Ղարաբաղ, Amnesty International-ը նախազգուշացնում է, որ մոտ 120 000 էթնիկ հայ բնակիչներ զրկված են առաջին անհրաժեշտության ապրանքներից և ծառայություններից, ներառյալ կենսական դեղամիջոցներից և առողջապահությունից:

Ադրբեջանի և Հայաստանի միջև 2020-ի Ղարաբաղյան պատերազմի ավարտին ստորագրված հրադադարի համաձայնագրով Ադրբեջանը պարտավորվել է ապահովել ազատ տեղաշարժը ճանապարհի երկայնքով երկու ուղղություններով։ Արդարադատության միջազգային դատարանը, ընդունելով, որ Ադրբեջանը խախտում է պարտավորությունը՝ հրաժարվելով վերացնել շրջափակումը, փետրվարի 22-ին վճիռ է կայացրել՝ նրանից պահանջելով ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը դրա համար։ Բայց անցել է մեկ ամիս, և ոչինչ չի փոխվել։

Թեև միջանցքի երկայնքով տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերը պետք է պաշտպանեն երթուղին, նրանք չեն կարողացել դա անել։ Եթե Եվրոպան և ավելի լայն միջազգային հանրությունը չճնշեն Ադրբեջանին շրջափակումը վերացնելու համար, ներկայիս հումանիտար ճգնաժամը կարող է հումանիտար աղետ դառնալ:

Ադրբեջանը օգտագործում է շրջափակումը և այլ միջոցներ Լեռնային Ղարաբաղին խեղդելու համար։ Բնակիչներին հաճախ արգելում են վերադառնալ իրենց տները, իսկ գազն ու էլեկտրականությունը պարբերաբար անջատվում են առանց նախազգուշացման կամ բացատրության: Ակնհայտ է, որ նպատակը հայ բնակչության կյանքը հնարավորինս դժվարացնելն է, և մոտալուտ էթնիկ զտումների լուրջ վտանգ կա: Մենք չպետք է մեր հայացքը շեղենք այն ամենից, ինչ կատարվում է։

Իր հերթին, ադրբեջանական ռեժիմը (և նրա առցանց տրոլները) շարունակում են նսեմացնել շրջափակման հետևանքները կամ անգամ դրա գոյությունը: Ավելին, նրանք հրաժարվում են նաև միջազգային դիտորդներին հնարավորություն տալ գնահատելու իրավիճակը: Այսպիսով, միջազգային հանրության համար առաջնահերթությունը ՄԱԿ-ի կամ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության հովանու ներքո միջանցք փաստահավաք առաքելություն ուղարկելն է: Մենք պետք է հստակ դարձնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կկանգնի հետևանքների առաջ, եթե շարունակի անտեսել Արդարադատության միջազգային դատարանի պարտավորեցնող հրամանը։

2020-ի Ղարաբաղյան պատերազմի արդյունքում պարզ դարձավ, որ Ադրբեջանը ռազմական զգալի առավելություն ունի Հայաստանի նկատմամբ՝ շնորհիվ այն զենքի, որ նա գնել է Ռուսաստանից, Թուրքիայից և Իսրայելից։ Այս փաստը կրկնվեց անցյալ տարվա սեպտեմբերին, երբ Ադրբեջանը գրավեց Հայաստանի տարածքը, այդ թվում՝ ռազմավարական դիրքեր Ջերմուկ քաղաքի վերևում՝ ընդամենը երկու օր տևած մարտերի արդյունքում:

Թեև Հայաստանը դեռ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ է՝ տարածաշրջանային դաշինք, որը նախկին խորհրդային հինգ երկրներին կապում է Ռուսաստանի հետ, որևէ աջակցություն չեղավ, երբ նա օգնություն խնդրեց իր ինքնիշխան տարածքի վրա կատարված հարձակումից հետո: Երկիրը մնաց խոցելի ու միայնակ։

Իրավիճակն ավելի վատթարացնելով՝ Ադրբեջանը զորքերը պահում է Հայաստանի տարածքում և հրաժարվում է վերադարձնել հայ ռազմագերիներին։ Քանի որ խաղաղության բանակցությունները արգելակված են, հստակ նախանշաններ կան, որ Ադրբեջանը խորհում է ավելիին հասնել ռազմական ճանապարհով, քան խաղաղ բանակցությունների միջոցով: Չի կարելի բացառել առաջիկա ամիսներին Հայաստանի դեմ նոր հարձակումը։

Քանի որ Ռուսաստանը՝ Հայաստանի անվտանգությունն ավանդաբար ապահովողը, չի կարող կամ չի ցանկանում օգնել, Եվրամիությունը պետք է ավելի մեծ դեր խաղա տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման համար։ Ե՛վ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, և՛ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը գիտակցել են դա և զգալի քաղաքական կապիտալ են ներդրել այդ գործում։ Սեպտեմբերին ռազմական գործողությունների վերսկսումից հետո ԵՄ-ն քաղաքացիական առաքելություն է ուղարկել Հայաստան՝ դիտարկելու Ադրբեջանի հետ սահմանը։

Բայց դեռ շատ ավելին է պետք անել։ ԵՄ առաքելությունը, որը ներկայում տեղակայված է միայն Հայաստանի տարածքում, պետք է արագ ընդլայնվի՝ վերահսկելու հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքը։ Եվրոպացի առաջնորդները պետք է ճնշում գործադրեն Ալիևի կառավարության վրա, որպեսզի նա թույլ տա ԵՄ անձնակազմին մուտք գործել ադրբեջանական տարածք: Իհարկե, ԵՄ անզեն առաքելությունը չի կարող կանխել ռազմական գործողությունները, բայց նրա ներկայության ընդլայնումը կբերի Ադրբեջանի վրա հետագա ճնշման՝ ռազմական առճակատման փոխարեն ընտրելու բանակցությունները:


Շարունակությունը՝ civilnet.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել