Փաշինյանի հետ հեռախոսազրույցից հետո Շառլ Միշելը զրուցել է նաև Ալիևի հետ
18:27 - 25 մարտի, 2023

Փաշինյանի հետ հեռախոսազրույցից հետո Շառլ Միշելը զրուցել է նաև Ալիևի հետ

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ՀՀ վարչապետի հետ հեռախոսազրույցից հետո հեռախոսազրույց է ունեցել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Ըստ ադրբեջանական կողմի հաղորդագրության՝ Միշելն ասել է, որ Եվրամիությունը կշարունակի ջանքերը տարածաշրջանում կայուն խաղաղություն և անվտանգություն ապահովելու համար։ Նա անդրադարձել է Լաչինի ճանապարհի հետ կապված խնդիրներին և իր մտահոգությունը հայտնել վերջին օրերին Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանին տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ։

Զրույցի ընթացքում Ալիևն ընդգծել է՝ աջակցում են բրյուսելյան գործընթացին։ Նա շարունակել է պնդել, որ միջանցքի փակման վերաբերյալ Հայաստանի հնչեցրած պնդումները «լիովին սուտ են», կրկնել զենքի և անձնակազմի տեղափոխման գործընթացի մասին իր հայտարարությունները։ 

«Ադրբեջանի նախագահն ուշադրություն է հրավիրել ՀՀ ղեկավարության վտանգավոր և սրացող պաշտոնական հայտարարությունների վրա։ Նա նշել է, որ 2023 թվականի մարտի 20-ին Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի ուղղությամբ, որտեղ գտնվում է Եվրամիության առաքելությունը, Հայաստանի հերթական սադրանքի ժամանակ վիրավորվել է Ադրբեջանի պետական սահմանային ծառայության զինծառայող, իսկ մարտի 5-ին՝ Լեռնային Ղարաբաղի շրջանում՝ 2 զինծառայող», - ասվում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։

Ալիևը նաև ընդգծել է՝ այս ամենը «Հայաստանի կողմից իրականացվող վտանգավոր քաղաքականության արդյունք է»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Շառլ Միշելը հեռախոսազրույց էր ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Վարչապետը մտահոգություն էր հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի աճող ագրեսիվ հռետորաբանության և սադրիչ գործելակերպի առնչությամբ, ինչը խոչընդոտում է կայունությանն ու խաղաղությանը միտված ջանքերին։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել