Ինֆոքոմ

Ղարիբ Բաբայանին կալանավորելու միջնորդությունը մերժվեց

Ղարիբ Բաբայանին կալանավորելու միջնորդությունը մերժվեց

Երևանի Հանրապետության հրապարակում բարձրաձայն ադրբեջանական երգ երգող մի խումբ անձանց տեսանյութը տարածած Ղարիբ Բաբայանին կալանավորելու միջնորդությունը մերժվեց։ Այս մասին «Ինֆոքոմին» հայտնել է Բաբայանի պաշտպան Վադիմ Հայրապետյանը։  Երեւանի քրեական դատարանը, դատավոր Մուշեղ Արամյանի նախագահությամբ, որոշեց նրա նկատմամբ խափանման միջոց ընտրել վարչական հսկողությունը։ Բաբայանը ձերբակալվել էր այսօր։ Նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն էր ներկայացվել դատարան։ Միջնորդության հարցով նիստը ընթանում էր Աջափնյակի դատարանում։ Տասնյակ քաղաքացիներ Բաբայանին ազատ արձակելու պահանջով դատարանի դիմաց էին։ Դատական նիստի ընթացքում թե՛ դեպի Աջափնյակի դատարան տանող ճանապարհին, թե՛ դատարանի բակում ոստիկանական մեծաթիվ ուժեր էին կուտակված։ Հաջակցություն Բաբայանի հավաքված մարդկանց թիվը ևս ավելանում էր։ Հիշեցնենք, որ համացանցում տարածվել էր տեսանյութ, թե ինչպես են մի խումբ անձինք Երևանի Հանրապետության հրապարակում բարձրաձայն ադրբեջանական երգ երգում Ղարաբաղի մասին:  ՀՀ ԱԱԾ-ն պարզաբանեց, որ նշված անձինք Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ են։  Ավելի ուշ ԱԱԾ-ն հաղորդագրության տարածեց այն մասին, որ, տեսագրությունը հրապարակվել է «Ռազմավարական Հետազոտությունների Անկախ Կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Ղ․ Բ-ի կողմից՝ համանուն ֆեյսբուքյան օգտահաշվում, իսկ տեսագրությանը կից Ղ․ Բ-ն տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ հանդես է եկել անձի կամ անձանց խմբի նկատմամբ քաղաքական և սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված՝ ատելություն և անհանդուրժողականություն հրահրելուն և/կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքով։ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։ Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ ՀՀ իշխանությունների և ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ ատելություն, անհանդուրժողականություն և թշնամանք հրահրելուն ու քարոզելուն ուղղված նյութ և հրապարակային խոսք տարածելու համար Ղ․Բ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:Նշենք, որ ըստ Քրեական դատավարության օրենսգրքի՝ վարչական հսկողությունը մեղադրյալի տեղաշարժման և գործողությունների ազատության սահմանափակումն է, որի պայմաններում նա պարտավոր է ոչ հաճախ, քան շաբաթը երեք անգամ գրանցվել դատարանի որոշման մեջ նշված վայրի իրավասու մարմնում: Տվյալ պարագայում սահմանափակվել է նրա հրապարակային խոսքի իրավունքը, ինչը, պաշտպանների մեկնաբանմամբ, «դարձյալ իրավունքից նահանջ է»։
01:53 - 02 փետրվարի, 2025
ԿԿՀ-ն անկախ մարմին է, թող լիազորությունը կատարի․ Նիկոլ Փաշինյանը՝ «Ինֆոքոմի» հարցին ի պատասխան

ԿԿՀ-ն անկախ մարմին է, թող լիազորությունը կատարի․ Նիկոլ Փաշինյանը՝ «Ինֆոքոմի» հարցին ի պատասխան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա մամուլի ասուլիսի ընթացքում համընդհանուր հայտարարագրման վերաբերյալ  հարց ուղղեց «Ինֆոքոմի» լրագրող Հայարփի Բաղդասարյանը։ Ինֆոքոմի լրագրողը, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց՝ հայտարարագրման համակարգի ներդրման մասին խոսելիս վերջինս ասել է, որ դրա առաջնային պատճառներից մեկն այն է, որ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում ներդրված բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարգրման համակարգերը բավարար չեն․ «Ասում էիք, որ պաշտոնյաների բաջանաղների, զոքանչների, քենիների միջոցով գործում են կոռուպցիոն սխեմաներ և համընդհանուր հայտարարագրման համակարգով լուծվում է հակակոռուպցիոն պայքարի շղթայի ամբողջակյանացման հարցը։  Ձեր նշած ենթադրյալ կոռուպցիոն սխեմաներից մեկն են ստացվող նվիրատվությունները, որոնք հաճախ հետագծելի չեն։ Օրինակ՝ 2023 թվականին մոտ 300 պաշտոնյա ստացել է ավելի քան 2 մլրդ դրամի նվիրատվություն հայրիկներից և մայրիկներից, կանանցից և ամուսիններից, նաև ձեր նշած այլ բարեկամ-հարազատներից (հրապարակումները՝ 1, 2, 3, 4)։ Ավելին՝ նվիրատվությունների ⅓-ն էլ ստացվել են բարեկամ չհանդիսացող անհայտ բարերարներից։ Այս ցանկից դուրս չեն մնացել նաև ձեր թիմակիցները։ Օրինակ՝ Վեդիի համայնքապետ Գարիկ Սարգսյանը հորաքրոջ տղայից ստացել է 43 միլիոն դրամի նվիրատվություն։ Պետությունը, ի դեմս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, ունի բավականին լայն գործիքակազմ՝ ստուգելու, թե որտեղից է գոյացել նվիրաբերված գումարը և արդյոք այդտեղ կա՞ կոռուպցիոն ռիսկ, թե՞ ոչ։ Ավելին, պաշտոնյաների հետ ցանկացած գործարք կատարած քաղաքացուց հանձնաժողովը կարող է պահանջել իրավիճակային հայտարարագիր՝ դրանով արդյունավետորեն իրականացնելով ձեր նշած հակակոռուպցիոն գործունեությունը։ Ավելի լայն, այդ թվում օպերատիվ հետախուզական գործողություններ իրականացնելու լիազորություններով է օժտված մեկ այլ հակակոռուպցիոն մարմին՝  հակակոռուպցիոն կոմիտեն։ Այս պայմաններում կասկածելի նվիրատվությունների վերաբերյալ ուսումնասիրություններ գրեթե չկան, արդեն իսկ առկա գործիքակազմն էլ գրեթե չի օգտագործվում։ Ավելին, պետությունը այժմ պարտադիր ստուգման ցանկում է ներառում պաշտոնյաների և նրանց հարազատների հայտարարագրերի ընդամենը 1 տոկոսը, ուսումնասիրվում է հայտարարագրերի, լավագույն դեպքում, 10 տոկոսը»,- ասաց լրագրողը։  Նա նաև հիշեցրեց, որ ԱԺ-ն, որում մեծամասնություն է իշխող ուժը, ավելի քան 1 տարի շարունակ չի կարողանում ապահովել ԿԿՀ-ի կազմի ամբողջական համալրումը․ «Այս իրավիճակում, երբ պետությունը, տվյալ դեպքում՝ ձեր կառավարությունը, չի կարողանում արդյունավետ իրացնել կոռուպցիայի դեմ պայքարի արդեն իսկ առկա և ավելի պարզ գործիքակազմը, ինչու՞ է առաջ բերում առավել բարդ մեխանիզմներ և ինչու՞  է անարդյունավետ աշխատող համակարգը  քաղաքացու վրա դնում հավելյալ պարտականություններ՝ որպես հիմնավորում բերելով այդ անարդյունավետության հետևանքները»,- հարց հնչեցրեց լրագրողը։  «Համընդհանուր հայտարագրումը մեկ նպատակ չունի, հիմա երբ ասում եք՝ ինչու է հավելյալ պարտականություն դնում, ձեր նշած բոլոր մարդիկ քաղաքացի էին, հիմա դուք որ նշեցիք և նվիրատվություն տվողը և ստացողը, նվիրատվությունների հեղինակներին և այլնին, բոլորին տենց ակնհայտ նեգատիվ համատեքստում հիշատակեցիք, որը ձեր իրավունքն ա, բայց բոլորը քաղաքացի են։ Բա հիմա իրանք չունեն ոչ մի պարտականություն, հիմա իրանց վրա դնե՞նք պարտականություն, թե չդնենք, որովհետեւ նույն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ձեր ասած քաղաքացիներին հարց տալու ոչ մի իրավունք ու հիմք չունի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։  Լրագրողի դիտարկամանը, որ ԿԿՀ-ն ունի լիազորություն հարց տալու և իրավիճակային հայտարարագիր պահանջելու նրանցից, որոնք նվիրատվություններ են կատարել պաշտոնյաներին, Փաշինյանը պատասխանեց․ «Դե այդ դեպքում թող լիազրությունը կատարի, ԿԿՀ-ն անկախ մարմին է, թող կատարի, բայց էլի եմ ասում՝ ամենեւին փաստ չի, որ դուք սպառեցիք ցանկը։ Մենք, ընդհանուր առմամբ, ասում ենք, որ այն մարդիկ, որոնք կոռուպցիայի մեջ ներգրավված են, այո, դա կարող է նպաստել կոռուպցիայի բացահայտմանը, որոնք ներգրավված չեն իրանց համար սոցիալական կրեդիտներ ձեւավորելու համար են, այսինքն՝ նպատակները տարբեր են»։  Անդրադառնալով նվիրատվությունների թեմային՝ Փաշինյանն ասաց․ «Մի բան ասեմ՝ էդ նվիրատվություններին պետք չի էդքան․․․ Ես մի բան ասեմ՝ ես էլ եմ նվիրատվություն ստացել, ընդ որում բավականին մեծ նվիրատվություն եմ ստացել։ Եվ հայատարարագրել եմ արդեն իմ այդ նվիրատվությունը, և աղբյուրն էլ քիչ առաջ ասեցի։ Մեր համատեղ կյանքի ընթացքում մենք բնակարան ենք ձեռք բերել և այդ բնակարանը հիմա վաճառվել ա, ես այդ բնակարանի գոյացած գումարից նվիրատվություն եմ ստացել, որովհետեւ էդ գումարից դե յուրե ինձ փոխանցելու ուրիշ տարբերակ չկա։ Նկատի ունեմ՝ վայ պաշտոնյան նվիրատվություն է ստացել, հա, ստացել եմ, ստացել և հայտարարագրել եմ, պաշտոնյաների հայտարարագրերի մեջ էլ ենթադրում եմ, դա պետք ա արտահայտվի»։ Լրագրողի դիտարկմանը, որ ԿԿՀ-ն իրավասու է պարզել նվիրատվության աղբյուրը և դրա համար ունի գործիքակազմ, բայց չի կիրառում, Փաշինյանը պաստախանեց․  «ԿԿՀ-ն, ես պատասխանատու եմ, անկախ մարմին է, բոլոր հարցերը ուղղեք ԿԿՀ-ին։ Եթե ԿԿՀ-ն կասի՝ ես չեմ թողնում, որ ես չեմ թողնում, որ ինքն այդ իրավասությունը իրականացնի, խնդրեմ, հաջորդ ասուլիսի ժամանակ ինձ կհարցնեք, ես կպատասխանեմ, բայց ես երաշխավորում եմ, որ ԿԿՀ-ն նման բան ասելու որեւէ հիմք ոչ ունեցել է, ոչ ունի, ոչ էլ կունենա»։
18:12 - 31 հունվարի, 2025
Մենք չենք կարող հրաժարվել անկլավի օրակարգից․ եթե ես ասեմ` անկլավի օրակարգ չկա, դա քրեական պատասխանատվության հիմք է. Փաշինյան

Մենք չենք կարող հրաժարվել անկլավի օրակարգից․ եթե ես ասեմ` անկլավի օրակարգ չկա, դա քրեական պատասխանատվության հիմք է. Փաշինյան

Փաշինյանը ասուլիսի ընթացքում խոսեց նաև երեք ամիս առաջ Երեւանի կողմից արված առաջարկին՝ տարածաշրջանի ապաշրջափակման վերաբերյալ։ Լրագրողը հարցրեց՝ ստացել են պատասխան Բաքվից, թե ոչ և թե ինչ բանաձեւեր են կիրառվելու անխոչընդոտ անցման համար։  Փաշինյանը նշեց՝ անցման հետ կապված մենք գրավոր առաջարկ ներկայացրել են Կազանում ունեցած բանավոր քննարկումից հետո․ «Գրավոր գրավոր առաջարկին պատասխան մենք չենք ստացել։ Բանավոր պատասխան ստացել ենք, ես կոռեկտ չեմ համարում, դա ճիշտ չի լինի, ոչ թե կոռեկտ չեմ համարում այս լսարանը, ճիշտ չի լինի, որ ես պատասխանը կիսեմ։ Նրբությունները չեմ կարող բարձրաձայնել, քանի դեռ տեսնում եմ հնարավորություն, որ Ադրբեջանը դա կընդունի։ Ես ասեցի չէ՞, որ ես չեմ պատկերացնում՝ ինչու՞ պետք է իրենք մերժեն այդ առաջարկը։ Հիմա բարձրաձայնելը, մանրամասներ ներկայացնելը միակողմանիորեն կարող է առիթ դառնալ կամ պատրվակ դառնալ մերժման համար մեզ մեղադրելու կոռեկտությունը խախտելու մեջ։  Անդրադառնալով հարցին, թե Ադրբեջանը բարձրացնո՞մ է անկլավների հարցը, Փաշինյանն ասաց․  «Մենք չենք կարող հրաժարվել անկլավի օրակարգից այն պատճառով, որ եթե ես ասեմ, որ անկլավի օրակարգ չկա, դա Հայաստանի Հանրապետությունում քրեական պատասխանատվության հիմք է, որովհետև ՀՀ-ն ունի ինքնիշխան տարածք, ի դեմս Արծվաշենի, որից մենք չենք կարող հրաժարվել։ Անկախ նրանից Ադրբեջանը բարձրացնում է, թե չի բարձրացնում, մենք ենք բարձրացնում, որովհետև եթե հիմա որոշենք, ուզենանք, չենք կարող չբարձրացնենք»։ Փաշինյանի խոսքով՝ այդ թեման անխուսափելիորեն լինելու է քննարկումների տիրույթում եւ կողմերից ամեն մեկն իր փաստարկներով գնալու է․ «Այսինքն, եթե տեսականորեն մենք ուզենանք, որ Ադրբեջանը որեւէ ձեւով չառնչվի այս հարցի հետ, դրա գինն այն է, որ մենք ասենք մենք այս հարցը հանում ենք, բայց ո՞վ կարող է եւ ո՞նց կարող է այդ հարցը հանի։ Ո՞վ կարող է Հայաստանի Հանրապետության որեւէ ինքնիշխան տարածքի հարց հանի։ Երբ որ մենք այդ հարցը չենք հանում, այդ հարցը ինքնաբերաբար բերում է, անկլավի թեման դնում է բանակցային սեղանի շուրջ։ Բանակցային սեղանի շուրջ ոչ մեկ չի կարող ոչ մեկի բերանը փակել։ Եվ բանակցությունը ընդհակառակը դրա համար է, որ խոսեն, փաստարկները դնեն իրար դեմ։ ԵՎ նաեւ արդեն կանոնակարգ ունենք, որը ընդունված է»։
17:08 - 31 հունվարի, 2025
Գնահատում եմ ձախողում, գնահատում եմ խայտառակություն, գնահատում եմ շատ վատ․ Փաշինյանը՝ ԱՆԻՖ-ի մասին

Գնահատում եմ ձախողում, գնահատում եմ խայտառակություն, գնահատում եմ շատ վատ․ Փաշինյանը՝ ԱՆԻՖ-ի մասին

Ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեցին՝ ԱՆԻՖ-ում («Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ») միլիարդավոր դրամների հասնող չարաշահումների եւ փոշիացումների մասին, մասնավորապես, թե ինչու ՊՎԾ ուսումնասիրության արդյունքների հրապարակումը տեղի ունեցավ միայն 2023 թվականի վերջին, թե ինչու՞ մինչեւ այժմ չկա որեւէէ մեղադրյալ, ինչու՞ է քննությունը շարունակում ընդամենը մեկ քննիչի ներգրավվածությամբ, և ինչպիսի՞ն է Փաշինյանի գնահատականը  ԱՆԻՖ-ում հնարավոր չարաշահումների բացահայտման ընթացքին։  «Պիտի անկեղծ ասեմ, դուք ավելի եք տեղեկացված, թե քանի քննիչ կա, որովհետեւ ես քրեական գործերի մեջ, պարզ է, որ չեմ կարող խորանալ։ Ո՞նց եմ գնահատում, գնահատում եմ ձախողում, գնահատում եմ խայտառակություն, գնահատում եմ շատ վատ։ Ու՞մ է պետք դատել, պետք է դատել, թե պետք չի դատել, ես կարող եմ կարծիք ունենալ, բայց իմ կարծիքը դե յուրե այս դեպքում իրավական ուժ չի կարող ունենալ եւ պետք է ձեր ասած ընթացակարգերով գնա։ Ես դա համարում եմ նաեւ վստահության անթույլատրելի չարաշահում, անթույլատրելի, խայտառակություն, ինչ բառ ուզում եք ասեք։ Ես համաձայն կլինեմ այդ բառերի հետ»։  Լրագրողի դիտարկմանը, որ դեպքը քաղաքական հետեւանքներ պետք է ունենա, քանի որ խոսքը միլիարդավոր դրամների մասին է, Փաշինյանը պատասխանեց․ «Դե գիտեք, քաղաքական, նախ պիտի պարզենք, թե ինչ է, պիտի պարզենք դրա հաշվապահությունն էլ պիտի պարզվի։ Այս դեպքի համար չեմ ասում, այլ ընդհանրապես բոլոր դեպքերի համար, ցանկացած բիզնես գործունեություն ինքը ռիսկի էլեմենտ ունի։ Ցանկացած բիզնես գործունեություն։ Հիմա կան բաժնեմասեր, որոնք պետական սեփականությունն են հանդիսանում։ Այսինքն հիմա այդ պետական ուրիշ խնդիր է, թե այդ ընկերությունների վիճակը ո՞նց է։ Այդ ընկերությունները ինչքանով են ճիշտ կառավարվել, ինչքանով են արդյունավետ կառավարվել։ Սա շատ ավելի խոր վերլուծության անհրաժեշտություն ունի եւ ուսումնասիրության, եւ իրավապահները պետք է դրանով զբաղվեն։ Բայց եթե քաղաքական գնահատականի մասին է, եսասում եմ այդ գնահատականը։ Դա ձախողում է եւ խայտառակություն է։ Բայց, այստեղ մի նյուանս էլ կա, որովհետեւ այս թեմայով պարզ է, որ քննարկումներ լինում են եւ այլն, եւ այլն, եւ այնպես չի, որ կոնսենսուս կա, որորովհետեւ կան ձայներ, որոնք ասում են, որ իրադրության գնահատականը ճիշտ չի։ Չէ, չեմ ուզում մեղք անել եւ որ այդտեղ այդ նույն կան բաժնեմասեր եւ այլն, եւ այլն, դրանց գնահատականը պետք է տալ, կան հաջողված բիզնես օրինակներ, որոնք այսօր էլ գործում են»։
15:46 - 31 հունվարի, 2025
Ուզում ենք համոզվել, որ Մինսկի խմբի լուծարումը Ադրբեջանի համար էլ է նույն բանը նշանակում․ Նիկոլ Փաշինյան

Ուզում ենք համոզվել, որ Մինսկի խմբի լուծարումը Ադրբեջանի համար էլ է նույն բանը նշանակում․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը ասուլիսի ընթացքում անդրադարձավ Մինսկի խմբի համանախագահությանը։ «Համաձա՞յն ենք մենք Մինսկի խմբի համանախագահությունը լուծարելու։ Համաձայն ենք հետեւյալ հիմնավորմամբ, որ եթե չկա կոնֆլիկտ կոնֆլիկտի սպասարկմամբ զբաղվող Ֆորմատի իմաստը ո՞րն է։ Բայց մենք ուզում ենք համոզվենք, որ Մինսկի խմբի համանախագահության լուծարումը Ադրբեջանի համար էլ է այս նույն բանը նշանակում եւ ոչ թե Ադրբեջանի մղումն այն է, որ հիմա Մինսկի խմբի համանախագահությունը լուծարենք եւ նոր կոնֆլիկտ սկսենք Հայաստանի տարածքների նկատմամբ տարածքային պահանջներ ձեւավորելու հիմքում։ Եթե Ադրբեջանին դա ինչ-որ ձեւով խանգարում է, որ ինքը կոնֆլիկտ ստեղծի, այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի այդ խմբի լուծարումը։ Այսինքն մենք լուծարենք, որ եթե դա Ադրբեջանի համար նշանակում է, որ կանաչ լույս Հայաստանի դեմ տարածքային պահանջներ ներկայացնելու եւ խորացնելու համար, ի՞նչ իմաստ ունի այդ գործողությունը։ Իսկ կա՞ արդյոք հիմք մտածելու, որ կարող է Ադրբեջանը նման մտադրություն ունենալ։ Նման հիմքեր կան»։  Փաշինյանի խոսքով՝ հենց Արեւմտյան Ադրբեջան խոսույթը Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ ուղիղ ոտնձգություն է․ «Ոչ միայն այն պատճառով, որ Ադրբեջանը Հայաստանի, ըստ էության, պաշտոնական մակարդակում Հայաստանի ինքնիշխան տարածքի շուրջ 60%-ը անվանում է Արեւմտյան Ադրբեջան, այլեւ համապատասխան անունով կազմակերպության հայեցակարգում ձեւակերպումներ են դրած, որը նշանակում է, որ ոչ միայն այդ կազմակերպությունը, այլեւ այդ խոսույթը օգտագործող ցանկացած մարդ չի ճանաչում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, առնվազն 60%-ով չի ճանաչում։ Ես էլի եմ ասում, Արեւմտյան Ադրբեջանը Արեւմտյան Ադրբեջանի արեւմտյան շրջաններն են Աղստաֆա, Ղազախ, Գետաբեյ, Քելբաջար, Զանգելան։ Եթե շատ այսպես ուզենանք այդտեղից արեւմուտք, Ադրբեջան փնտրենք, մեկ էլ Նախջեւանի Ինքնավար Հանրապետություն, եթե արեւմուտք համարենք էլի եւ ոչ թե համարենք դա Ադրբեջան է, թե չէ, համարենք, որ այդ կողմից դեպի արեւմուտքը։  Վերջ, Հայաստանի տարածքում չի կարող լինել արեւմտյան Ադրբեջան։ Եվ սրա հետ կապված այս բառապաշարի ներքո ցանկացած Թեմա Հայաստանի համար քննարկելի չի մի պարզ պատճառով, որովհետեւ չի կարող Հայաստանը որեւէ մեկին հրավիրել քննարկման, ասի. եկեք քննարկենք մեր տարածքային ամբողջականությունը, չի կարող այդպիսի բան լինել։ Եթե որեւէ մեկի մտքով այդպիսի բան անցնի, դա էլ է քրեական հանցագործություն։ Ուղղակի քրեական հանցագործություն է դա։  Փաշինյանը նշեց նաև՝ բանակ ունենալը ցանկացած ինքնիշխան տարածքով պետության իրավունքն է։ Արդյո՞ք մենք ունենք տարածքային պահանջներ մեր հարեւաններից որեւէ մեկի նկատմամբ։ Ոչ, մենք չունենք տարածքային պահանջներ մեր հարեւաններից որեւէ մեկի նկատմամբ։ Ավելին, ես հրապարակային ասել եմ եւ ւեւս մեկ անգամ պաշտոնապես արձանագրում եմ, որ Հայաստանի Հանրապետության բանակի միակ, միակ, ոչ թե խնդիրներից մեկը, այլ միակ խնդիրը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի պաշտպանությունն է, պաշտպանությունը եւ անվտանգությունը։ Ուրիշ խնդիր Հայաստանի Հանրապետության բանակը չունի եւ չի ունենալու։  Հիմա հարց, կան տարածքներ, որոնք Հայաստանի Հանրապետության 29000 քառակուսի 29743 քառակուսի կիլոմետր տարածքի մեջ են, բայց Հայաստանի վերահսկողության ներքո չեն հիմա։ Նշանակու՞մ է իմ ասածը արդյոք, որ Հայաստանի բանակը պատրաստվում է հարձակվել կամ վերականգնել կամ ռազմական ճանապարհով այդ մյուս տարածքների, շուրջ ավելի քան 200 քառակուսի կիլոմետր տարածքների տարածքներում մեր ինքնիշխանությունը վերականգնելու խնդիր լուծել։ Ոչ, չի նշանակում դա»։  ՀՀ վարչապետ նշեց, որ Հայաստանի բանակը նման խնդիր չունի եւ չի ունենալու,  որովհետեւ արդեն կա սահմանազատման ստորագրված, վերացված, դեյուրե իրավական ուժ ունեցող փաստաթուղթ։ «Ադրբեջանը ունի՞ Հայաստանի սպառազինության հետ կապված մտահոգություններ կամ հարցեր, մենք էլ ունենք Ադրբեջանի սպառազինության հետ կապված հարցեր։ Մենք առաջարկել ենք, այդ թվում գրավոր ձեւաչափով առաջարկել ենք ստեղծել սպառազինությունների փոխադարձ վերահսկման եւ սահմանային միջադեպերի հետաքննության համատեղ մեխանիզմներ եւ այդ մեխանիզմները ենթադրում են նաեւ սահմանային գոտիներում ռազմական գործունեության նկատմամբ փոխադարձ վերահսկողության մեխանիզմներ», - ասաց Փաշինյանը։
15:21 - 31 հունվարի, 2025
Սոցիալական ծախսերի փոխհատուցման ուղղությունների  մասին վարչապետի խոսքերը շփոթեցնող են

Սոցիալական ծախսերի փոխհատուցման ուղղությունների մասին վարչապետի խոսքերը շփոթեցնող են

Այսօր հրավիրված ասուլիսում խոսելով համընդհանուր հայտարարագրման համակարգի մասին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է տեղեկություններ, որոնք կարող են շփոթության առիթ դառնալ։ Մասնավորապես, խոսելով սոցիալական որոշակի ծախսերի համար մինչեւ 100 հազար դրամ եկամտահարկի վերադարձի հնարավորության մասին՝ նա ասել է․ «Այն ծախսերը, որ քաղաքացին արել է, օրինակ՝ երեխային մանկապարտեզ է բերել… Որոշակի ատամնաբուժական ծառայություններից է օգտվել, որի մի մասը հիմա պետպատվերով փակվում է, մյուս հատվածը՝ չէ․․․ Երեխան գնացել է ֆուտբոլի, եթե դրա համար վճարել է… Երեխան գնացել է բասկետբոլի, ըմբշամարտի, բռնցքամարտի, եւ ինքը դրա համար վճարել է, երեխան գնացել է պարի, նկարչության, եւ վճարել է, երեխայի համար վճարել է քոլեջի ուսման վարձ, բուհի ուսման վարձ… Հանրակրթական դպրոցում դասագրքի վարձակալության վճար է վճարել, ինքը որոշել է, որ ուզում է լեզվի կուրսերի գնալ եւ դրա համար է վճարել, էդ բոլոր ծախսերի համար․․․ մինչեւ 100 հազար դրամի չափով հետ է ստանում իր հաշվին»։ Փաշինյանի նշած օրինակներում, սակայն, առկա են վճարներ, որոնք, ըստ գործող իրավակարգավորումների, վերադարձի ենթակա չեն։ Այսպես․ Հարկային օրենսգրքի 158-րդ հոդվածը սահմանում  է սոցիալական ծախսերի փոխհատուցման (վերադարձի) հնարավորությունը։ Ըստ դրա՝ հարկային տարվա ընթացքում ֆիզիկական անձի՝ նույն օրենսգրքի 147.1-ին հոդվածով սահմանված սոցիալական ծախսերը․․․ սահմանված դրույքաչափերով հաշվարկված և (կամ) վճարված եկամտային հարկի գումարից փոխհատուցվում (վերադարձվում) են Կառավարության սահմանած կարգով: Հիշյալ 147․1-րդ հոդվածի համաձայն՝ սոցիալական ծախսերի տեսակների առանձին ուղղությունները, ինչպես նաեւ ընտանիքի անդամների շրջանակը եւ փոխհատուցման առավելագույն չափերը սահմանում է Կառավարությունը: Ըստ նույն հոդվածի՝ սոցիալական ծախսեր են համարվում հարկային տարվա ընթացքում ֆիզիկական անձի՝ իր եւ իր ընտանիքի անդամների համար՝ առողջապահության, կրթության և բնակարանային ապահովության գծով ծախսերը: Կառավարության՝ 2023 թ․-ի հունիսի 29-ի N 1067-Ն որոշմամբ մասնավորեցված է, թե այդ ոլորտների կոնկրետ որ ծախսերն են սույն օրենքի իմաստով համարվում սոցիալական ծախս, որով պայմանավորված էլ ենթակա են վերադարձի։ Ըստ այդմ, կրթության գծով սոցիալական ծախսեր են համարվում ՀՀ-ում իրականացվող նախադպրոցական, տարրական (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ), հիմնական (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ), միջնակարգ (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ), նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերի մասով կատարված ուսման վճարները:  Սրանից հետեւում է, որ վարչապետի նշած նկարչության, պարի, լեզվի դասընթացի կամ տարբեր սպորտաձեւերի ծախսերը ինքնին վերադարձի ենթակա չեն։ Դրանք կփոխհատուցվեն միայն, եթե երեխան հաճախում է հատուկ ուղղվածություն ունեցող հանրակրթական որեւէ քոլեջ կամ ուսումնարան, այսինքն՝ արվեստի կամ սպորտի դասաժամերը հանդիսանում են նրա բուն հանրակրթական դասընթացի մի մասը, այլ ոչ թե արտալսարանական պարապմունք մասնավոր որեւէ հաստատությունում։ Օրեր առաջ անգամ Պետական եկամուտների կոմիտեն է պարզաբանում տարածել՝ մանրամասնելով հետեւյալը․ «Եթե Ձեր երեխան սովորում է վճարովի մանկապարտեզում, դպրոցում կամ բուհում, ապա տվյալ դեպքում կարող եք օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցման հնարավորությունից, իսկ եթե վճարը կատարվել է արվեստի, երաժշտական դպրոցում կամ մարզադպրոցում սովորելու կամ մասնավոր դասընթացներին մասնակցելու համար, ապա տվյալ ծախսը փոխհատուցման ենթակա չէ»։ Ինչ վերաբերում է առողջապահական ծախսերին, ըստ Կառավարության հիշյալ որոշման՝ առողջապահության գծով սոցիալական ծախսեր են համարվում ՀՀ-ում գործող ապահովագրական ընկերություններից առողջության ապահովագրական փաթեթի ձեռքբերման ծախսերը: Սրանից էլ հետեւում է, որ ատամնաբուժական ծախսերը այս որոշման իմաստով ինքնին չեն հանդիսանում սոցիալական ծախս, ըստ այդմ, վերադարձի ենթակա չեն։ Ի պատասխան հարցին՝ արդյո՞ք կարող եք ստանալ փոխհատուցում, եթե օգտվել եք որեւէ բժշկական ծառայությունից, ՊԵԿ-ը եւս օրեր առաջ հայտնել էր․  «Ոչ, առանձին բժշկական ծառայությունների (օրինակ՝ բժշկական հետազոտության, վիրահատության և նմանատիպ այլ ծառայությունների) դիմաց կատարված ծախսը չի համարվում սոցիալական ծախս, հետևաբար, այն փոխհատուցման ենթակա չէ։ Առողջապահության գծով սոցիալական ծախսի փոխհատուցումը նախատեսված է միայն այն դեպքում, եթե Դուք Հայաստանում գործող որևէ ապահովագրական ընկերությունից 2024 թվականի ընթացքում ձեռք եք բերել առողջության ապահովագրական փաթեթ»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ։   Միլենա Խաչիկյան
14:38 - 31 հունվարի, 2025
«Խոսքը լրիվ ուրիշ բանի մասին է». Փաշինյանը՝ Ցեղասպանության վերաբերյալ իր հայտարարության մասին

«Խոսքը լրիվ ուրիշ բանի մասին է». Փաշինյանը՝ Ցեղասպանության վերաբերյալ իր հայտարարության մասին

Ցեղասպանության ժխտումը կամ ուրացումը կամ հերքումը Հայաստանի Հանրապետությունում քրեական հանցագործություն է, քրեական օրենսգրքով նախատեսված արարք։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե կարո՞ղ է պատկերացնել, որ Իսրայելում որևէ պաշտոնյա հարց բարձրացնի Հոլոքոստի եղելության վերաբերյալ: «Ցեղասպանության փաստը անքննելի է եւ անժխտելի։ Ընդհանրապես զարմանալ կարելի է, թե ինչպես որեւէ մեկին կարելի է մեղադրել ցեղասպանությունը ուրանալու մեջ, երբ որ նա երեւույթի մասին խոսելիս ասում է ցեղասպանություն, ոչ թե ուրիշ բառեր է օգտագործում նկարագրելու համար, ասում է ցեղասպանություն»,- ասաց Փաշինյանը: Ըստ Փաշինյանի՝ խոսքը լրիվ ուրիշ բանի մասին է։ «Խոսքը հետեւյալի մասին է, որ ցեղասպանությունը արդյո՞ք մեզ չպետք է դրդի, որ մենք մի հատ էլ անդրադառնանք աշխարհը ընկալելու մեր բանաձեւերին։ Մենք կարող է իրողությունները դարասկզբին էլ, դարի կեսերին էլ, դարավերջին էլ, այսօր էլ կարող է ճշգրիտ չենք ընկալում։ Կարո՞ղ է մենք չափից ավելի մեծ հույս ենք դնում արտաքին ինչ-որ քաջալերումներին եւ խրախուսումներին։ Կարո՞ղ է լավ չենք հաշվարկում այդ ազդակների նկատմամբ մեր վերաբերմունքը: Այս հարցը հրատապ է այսօր։ Այս հարցը հրատապ է եղել դարասկզբին։ Եթե մենք այսօր չլուծենք այդ հարցը, չանդրադառնանք»,- մանրամասնեց նա: Փաշինյանն ընդգծեց, որ ինքն էլ պատասխան չունի։ «Ես ասում եմ, ժողովուրդ ջան, այդ ճիշտ բան է, ռեֆլեքսիան շատ կարեւոր բան է, որ մենք վերադառնանք եւ մեր բանաձեւերին նորից անդրադառնանք։ Ինչի՞ մեր իրականության մեջ ի վերջո այդպես էլ ընկալվել է, մենք անընդհատ խոսում ենք ու ճիշտ ենք անում, պարզ է պիտի խոսենք Մեծ Եղեռնի մասին»,- ասաց Փաշինյանը: Նա նշեց, որ երբ հարց է բարձրացվում, թե ընկալվա՞ծ է երիտթուրքերի եւ Հայ հեղափոխական դաշնակցության հարաբերությունների հարցը, ամբողջ թեման փոխվում է, դառնում նախկին ներկա խոսակցություն, իսկ ինքը ուրիշ բան է ասում: «Պետք է հասկանանք՝ արդյո՞ք մենք Ցեղասպանությունից առաջ, դեռ ուրիշ կոտորածների ժամանակ՝ սկսած Խրիմյան հայրիկի ժամանակներից, երբ մենք աշխարհը եւ միջազգային կոնֆերանսները ընկալելու բանաձեւեր ունենք, կարո՞ղ է այդ բանաձեւերը սխալ են, կարո՞ղ է այդ բանաձեւերը մինչեւ հիմա սխալ են»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ այսօրվա միջազգային իրադարձությունների հետ կապված երբեմն ապոկոլիպտիկ, երբեմն փրկչագործական մեկնաբանություններ է տեսնում ու հասկանում, որ կարող է պարզվի Խրիմյան հայրիկի ժամանակներից միջազգային հարաբերությունները եւ աշխարհի մեր ընկալումները չեն փոխվել։ Ըստ ՀՀ վարչապետի՝ սա է այն խնդիրը, որը մեր մեջ է. «Իմ մեջ էլ է, ժողովուրդ ջան, իմ մեջ էլ է, որովհետեւ ես ձեզնից մեկն եմ»:  «Իսկ կարո՞ղ է պարզվի, որ ինչ-որ թեմաներ, ինչ-որ շրջանակներ, մեր ինչ-որ ցավոտ կետեր կարողացել եւ կարողանում են օգտագործել մեր հայրենիքում՝ Հայաստանի Հանրապետությունում, մեր անկախ, ինքնիշխան պետություն ունենալը անհնար դարձնելուհամար։ Կարո՞ղ է այդպիսի բան պարզվի ու այդպիսի բան պատահի։ Ես էլի եմ ասում՝ ես պատասխանի իմ տարբերակը ունեմ եւ դրա մասին ոչ այս վերնագրի ներքո ժամանակ առ ժամանակ խոսում եմ, բայց ես չեմ ուզում այդ պատասխանը որեւէ ձեւով մեր որեւէ քաղաքացու, կներեք արտահայտությանս, վզին չեմ ուզում փաթաթել։ Ես ասում եմ՝ ժողովուրդ, եկեք մտածենք սրա մասին»,- ասաց Փաշինյանը: Հիշեցնենք, որ հունվարի 24-ին Ցյուրիխում Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Փաշինյանն ի պատասխան Հայոց ցեղասպանության մասին հարցին, ասել էր.«Պետք է հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել։ Եվ ինչպե՞ս ենք մենք դա ընկալել, ո՞ւմ միջոցով ենք ընկալել։ Ո՞նց է, որ 1939 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, և ո՞նց է, որ 1950 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է։ Ո՞նց է եղել, պետք է հասկանանք»։ Փաշինյանի հայտարարությունը քննադատության էր արժանացել ինչպես հանրության, այնպես էլ մի շարք կառույցների, այդ թվում՝ Մայր Աթոռ Սբ․ Էջմիածնի, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի, Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի կողմից, որը շեշտել էր՝ Փաշինյանի վերջին հայտարարությունները կրկնում են թուրքական ժխտողական խոսույթը։ 
14:14 - 31 հունվարի, 2025
Անխոչընդոտ հաղորդակցությունը չի նշանակում Հայաստանի Հանրապետության իրավազորության շրջանցումով. Փաշինյանը մանրամասներ հայտնեց Ադրբեջանի հետ բանակցություններից

Անխոչընդոտ հաղորդակցությունը չի նշանակում Հայաստանի Հանրապետության իրավազորության շրջանցումով. Փաշինյանը մանրամասներ հայտնեց Ադրբեջանի հետ բանակցություններից

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները, պայմանավորվածության համաձայն, հանդիպումներ կունենան, բայց այս պահին կոնկրետ տեղի և ժամի մասին պայմանավորվածություն չկա: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ առաջիկա շրջանում հանձնաժողովները կենտրոնանալու են Վրաստանի սահմանից մինչեւ Իրանի Իսլամական Հանրապետության սահման, Հայաստան-Ադրբեջան սահմանի հետ սահմանագծման աշխատանքներում»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ մնացած տեղեկությունները կհայտնեն։ Նա նշեց, որ խաղաղության պայմանագրի հետ կապված նոր ասելիք ըստ էության չկա, ապա ներկայացրեց.«Խաղաղության պայմանագրի նախագծում առկա 17 հոդվածներից 15-ը համաձայնեցված են, 2 չհամաձայնեցված կետ կա, երկուսի մասով էլ ՀՀ-ն առաջարկել է լուծումներ: Մեկը վերաբերում է երրորդ երկրների ուժերի ներկայացուցիչներ սահմանի երկայնքով չտեղակայելուն: Մենք առաջարկում ենք դա կիրառել սահմանազատված հատվածների նկատմամբ:[2-րդը հայցերը] միջազգային ատյաններից հետ կանչելու թեման է, որը որոշակի հանգամանքներում և պայմաններում մեզ համար կարող է ընդունելի լինել»: Ապա Փաշինյանը ներկայացրեց, թե որն է գաղափարը. «Մենք պետք է համոզվենք, որ ոչ միայն միջազգային ատյաններում ենք որեւէ բան հետ կանչում, այլեւ այդ վեճերից հրաժարվում ենք ընդհանրապես: Հակառակ դեպքում կարող է ստացվել իրավիճակ, որ մենք ինչ-որ մի հարց հետ քաշեցինք, Ադրբեջանն էլ հետ քաշեց իր հայցերը, այսինքն՝ մենք պայմանավորվեցինք, որ դա չենք տանում միջազգային ատյաններ, բայց հաջորդ փուլում Ադրբեջանը երկկողմ հարաբերություններում այդ հարցերը դնի սեղանին եւ դրա շուրջ կարող են լինել էսկալացիաներ, իսկ այդ պարագայում արդեն մենք մեր ճանապարհը փակած կլինենք այդ էսկալացիայի ռիսկը կառավարելու միջազգային հարթակները օգտագործելու համար»: Նիկոլ Փաշինյանը, ի պատասխան լրագրողի հարցին, անդրադարձավ նաև հաղորդակցության ուղիներին՝ նշելով, որ ոչ թե առաջարկ են ներկայացրել Ադրբեջանին, այլ հարցի լուծում, որը հաշվի է առնում և՛ Հայաստանի դիրքորոշումները, և՛ Ադրբեջանի: «Լուծում ենք առաջարկել, որով առաջարկում ենք, որ արեւմտյան Ադրբեջանից, այսինքն՝ Ադրբեջանի արեւմտյան շրջաններից լինի երկաթուղային բեռնատար հաղորդակցություն Նախջեւանի Ինքնավար Հանրապետություն և այն առաջինը պարզ է Հայաստանի տարածքով, կոնկրետ Մեղրիով: Ինչո՞ւ Մեղրիով, որովհետեւ մյուս երկաթուղին, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կա, գիտեք, Տավուշի մարզում, Հաղարծինի հատվածում սողանքի բերումով այնպիսի մեծ ավերածություններ են, որ այդտեղ երկաթուղին վերականգնելը այնպիսի մեծ ինվեստիցիաների հետ է կապված եւ շատ շատ բարդ խնդիր է։ Ես հույս ունեմ, որ կոմունիկացիաները այն աստիճան կակտիվանան, այն եկամտաբերություն կապահովեն, որ այդ ներդրումը, որը շատ մեծ ներդրում է, իմաստ կունենա։  Բայց էժան տարբերակը եւ իրատեսական տարբերակը Մեղրիի երկաթուղիով արեւմտյան Ադրբեջանից, այսինքն՝ Զանգելանի շրջանից Մեղրիով Նախիջեւան հակառակ ուղղությամբ եւ Երասխից Նախիջեւանի տարածքով Մեղրի եւ հակառակ ուղղությամբ՝ և՛ Հայաստանը Ադրբեջանի տարածքով միջազգային առեւտրի համար, և՛ Ադրբեջանը Հայաստանի տարածքով միջազգային առեւտրի կամ բեռնափոխադրումների համար»,- մանրամասնեց Փաշինյանը՝ հավելելով, որ  նրբություններից է այն, որ այս փուլում որոշ ժամանակ սկսվեն բեռնափոխադրումները, հետո, երբ որ մթնոլորտը ավելի համապատասխան կլինի, մտածեն նաեւ ուղեւորափոխադրումների մասին։ Փաշինյանը նշեց, որ լավ չի պատկերացնում, թե ինչու ադրբեջանական կողմը պետք է մերժի այս առաջարկը. «Հիմա իրենք դրան ի՞նչ անուն են տալիս, մենք դրան ի՞նչ անուն, սա էլ առանձին թեմա է, գիտե՞ք։ Որովհետև ես չեմ բացառում, որ ինչ լուծում էլ լինի, իրենք իրենց ձևով են անվանելու, մենք մեր ձևով ենք անվանելու։ Սա էլ կա, բայց հարցի էությունն է կարեւոր, բովանդակությունն է կարեւոր։ Եվ այն բովանդակությունը, որը մենք առաջարկել ենք, մեզ համար բացարձակապես ընդունելի որեւէ բան չկա եւ լիարժեք համապատասխանում է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի շրջանակներում բարձրաձայնված սկզբունքներին, բայց համապատասխանում է նաեւ այն ակնկալիքներին, որը Ադրբեջանն է բարձրացնում բանակցությունների ընթացքում, եւ սա շատ կարեւոր է։ Որովհետեւ մենք դեմ չենք անխոչընդոտ հաղորդակցությանը, բայց անխոչընդոտ չի նշանակում Հայաստանի Հանրապետության իրավազորության շրջանցումով։ Իհարկե անխոչընդոտ, ժամանակակից աշխարհը անընդհատ աշխատում է, որ բոլոր հնարավոր ուղղություններով անխոչընդոտ հաղորդակցություն լինի»:
13:54 - 31 հունվարի, 2025
Մեկ ուղևորության համար սահմանվեց 150 դրամ․ ավագանին որոշումն ընդունեց

Մեկ ուղևորության համար սահմանվեց 150 դրամ․ ավագանին որոշումն ընդունեց

Երևանի ավագանին 33 կողմ ձայնով ընդունեց որոշում, որով մեկ ուղևորության համար սահմանեց 150 դրամ արժեք:  Նշենք, որ մնացած բոլոր փաթեթները շարունակում են գործել նույն արժեքներով, միայն հունվար և փետրվար ամիսներին գնված անսահմանափակ փաթեթների դեպքում դրանք կգործեն հավելյալ 30 օր տևողությամբ: Հիշեցնենք, որ Երևանում ներդրվում է հանրային տրանսպորտի նոր միասնական տոմսային համակարգ, որն ամբողջությամբ կսկսի գործել փետրվարի 1-ից։  Երևանի քաղաքապետարանը ներկայացրել էր հիմնական փաթեթները, որոնք նախատեսված էին 90 րոպեից մինչև մեկ տարվա համար։ Այսինքն, օրինակ, կարճաժամկետ ուղևորության համար նախատեսված էր 90 րոպե - 3 ուղևորություն տարբերակը և այլն։ Ավելի ուշ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ փետրվարի 11-ի Երևանի ավագանու նիստ կգումարվի, որի ժամանակ առաջարկելու են միասնական տոմսային փաթեթների նոր սակագների վերաբերյալ փոփոխություններ։ Փոփոխությունները հետևյալն էին։  10 ուղևորություն – 2000 ՀՀ դրամ՝ օգտագործման ժամկետը 45 օր, ներկայիս 2200 ՀՀ դրամի և 30 օրվա փոխարեն։ 300 ՀՀ դրամ՝ օգտագործման ժամկետը 180 րոպե, ներկայիս 90 րոպեի փոխարեն։ 1 օր – 900 ՀՀ դրամ՝ անսահմանափակ ուղևորություններ, ներկայիս 8 ուղևորափոխադրման սահմանափակման փոխարեն։ 7 օր – 5000 ՀՀ դրամ՝ անսահմանափակ ուղևորափոխադրումներ, ներկայիս 30 ուղևորափոխադրման սահմանափակման փոխարեն։ Օրեր առաջ էլ քաղաքապետը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ ավագանու արտահերթ նիստ կգումարվի՝ առաջարկով, որ մեկ ուղևորության համար սահմանվի 150 դրամ և անսահմանափակ փաթեթների երկարացվեն հավելյալ 30 օրով։
13:28 - 31 հունվարի, 2025
«Գողացվածը վերադարձնելու» օրակարգ եղել է և կա. Նիկոլ Փաշինյան

«Գողացվածը վերադարձնելու» օրակարգ եղել է և կա. Նիկոլ Փաշինյան

Այո, «գողացվածը վերադարձնելու» օրակարգ եղել է և կա: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե 2018թվականից հետո կոնկրետ ցուցանիշներով և օրինակներով «ժողովրդից թալանվածը» որքանով է վերադարձվել: Ապա Փաշինյանը ներկայացրեց այդ գործընթացի, իր խոսքով, գործնական նկարագրությունը՝ ինչ է տեղի ունենում, ոնց է վերադարձվում գողացվածը: «Այսինքն՝ մենք բոլորով կամ մեր մի մասը գնում է ինչ-որ տեղ, գողացվածը վերցնում է և բերում է, դնում է 2-րդ տեղը, 2-րդ տեղը էդ պետական գանձարանն է, կամ բյուջեն է: Էս թեզը գոյության իրավունք ունի… Հիմա հարց՝ էդ գողացվածը մի տեղում դրա՞ծ է, և մենք գիտենք դրա տեղը։ Անկախ գաղափարական ընդունելությունից, սա գործնականում հնարավոր կլինի, եթե գողացածը մի տեղ դրած լինի (շատ լավ, մենք տեղը չգիտենք), բայց մի տեղ դրած լինի, ման գանք, ման գանք, ման գանք, հասցեն գտնենք, ասենք էստեղ է, գնացինք, ֆուռերի, բեռնատարների շարասյունով գնում ենք, բարձում ենք էդտեղից և բերում ենք Հանրապետության հրապարակ կամ Կենտրոնական բանկ, կամ չգիտեմ որևէ տեղ տանում ենք, պետական ռեզերվներում բեռնաթափում ենք, ասում ենք՝ ժողովուրդ, գողացածը հետ բերեցինք։ Նշելով, որ իր ասածի մեջ սարկազմ չկա, նա հարց ուղղեց, թե ինչու սա տեղի չի ունեցել, և պատասխանեց. «Մի պարզ պատճառով, որովհետև գողացածը մի տեղ չի, գողացածը տասնյակ, երբեմն 100–ավոր, մեծ հավանականությամբ ավելի շատ տեղերում են։ Հիմա, եթե մենք էդ բոլոր տեղերի հետևից հերթով գնանք, եթե ենթադրենք 2018 թ.ից հերթով բոլոր տեղերի հետևից գնացել ենք, մինչև հիմա էդ բոլոր գողացվածը հետ բերած չէր լինի, եթե մենք ամեն օր գնայինք, ինչոր բան բերեինք, որովհետև տարբեր տեղերում գտնվողները, ընդ որում տարբեր չափի են, մի տեղ 100 000 դոլար է, մի տեղ 10 միլիոն դոլար է, մի տեղ 10 միլիոն դոլարը 15 տեղ կիսած է»: Փաշինյանը նշեց, որ սա ասում է հիմնավորելու համար, որ գողացվածը հետ բերելու համար իրենց անհրաժեշտ էր ձևավորել համակարգ և զուգահեռ տեղորոշել, թե որտեղ է գտնվում այդ գողացածը. «Եվ եթե կոնկրետ տեղ գիտենք, գնանք էդ կոնկրետ տեղի հետևից վերցնենք, բերենք, եթե չգիտենք կոնկրետ տեղը, ստեղծենք համակարգ, որ էդ համակարգը կգնա, ինքը կգտնի, կտեղորոշի և հետ կբերի»: Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ այդ 2-ը արված են: Լրագրողի հարցին, թե որքան է վերադարձվել, նա պատասխանեց. «Առաջինը. ապօրինի գույքի բռնագանձման և պետական շահերով և համայնքային շահերով դատական գործընթացներով ես «Հատիկ առ հատիկ» խորագրի ներքո ներկայացնում եմ արդեն իսկ դատավճիռներով հիմնավորված և պետության ի սեփականություն վերադարձրած գույքերը։ Ընդ որում, ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել, որ ես ներկայացնում եմ էն գույքերը, որոնք արդեն օրինական ուժի մեջ մտած վճռով արդեն իսկ ամրագրվել են պետությանը կամ համայնքին։ Տասնյակ, ես թիվը չգիտեմ, կարող է նույնիսկ 100–ավոր գործեր կան, որ ընդհուպ դատարանը որոշում է կայացրել և այլն, բայց աստիճաններ կան, դրանք կմտնեն ուժի մեջ և կվերադարձվեն»։ Փաշինյանի խոսքով սա համակարգային լուծման ձևն է, և հայտնեց, որ կա տեղ, որ իրենք էլ գիտեն, և դա, նրա պնդմամբ, Զանգեզուրի պղնձամոլբդենային կոմբինատն է: «Մենք 2021 թվականին և այս պահի դրությամբ՝ ՀՀ Կառավարությունը, այսինքն` ժողովուրդը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատերն է, այդ բաժնեմասը արժի մի քանի տասնյակ միլիարդ դրամ, սա փաստ է: Ես 2023 թվականին մի վիճակագրություն ներկայացրի, ասացի, որ 2022 թվականին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ավելի շատ հարկ է վճարել, քան 2012, 2013, 2014, 2015, 2016, 2017 թվականներին իրար հետ վերցրած. դրանից 7 մլրդ ավելի հարկ է վճարել: Խոսքը 124 մլրդ դրամի մասին է»,- նշեց վարչապետը: «Այս տարի ԶՊՄԿ-ն ոչ միայն ՀՀ ամենամեծ հարկատուն է 94 մլրդ հարկի ձևով, այլև առաջին անգամ ՀՀ պետական բյուջեն շահաբաժին է ստացել որպես սեփականատեր 33 մլրդ դրամի: Տեղի ունեցավ շատ ավելի կարևոր մի բան, ստեղծվեց օրենսդրական իրավական լեգիտիմ համակարգ, որը դեռ աշխատելու է այնքան, մինչև բոլոր այդ հարցերը փակվեն: Այդ համակարգը գործելու է միշտ: Ցանկացած մեկը ցանկացած պահի, եթե ժողովրդից գողանա, պետք է իմանա, որ առնվազն գալու է այդ օրը, որ իրենից հետ են վերցնելու»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
13:09 - 31 հունվարի, 2025
«Բարեկեցությունը հնարավոր է, եթե մի քանի գործոններ հանդիպում են իրար և համընկնում են». մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի ասուլիսը

«Բարեկեցությունը հնարավոր է, եթե մի քանի գործոններ հանդիպում են իրար և համընկնում են». մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի ասուլիսը

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից որդեգրված իրական Հայաստանի գաղափարախոսության առանցքային դրույթներից մեկն այն է, որ պետությունը բարեկեցություն կառուցելու գործիք է քաղաքացիների համար։ Այս մասին, տարեսկզբյան ասուլիսի մեկնարկին ելույթ ունենալով, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով, այդ գաղափարախոսության համաձայն, բարեկեցությունը կարող է կառուցվել միայն աշխատանքի և կրթության, այսինքն՝ կրթության միջոցով ավելի արդյունավետ ու արտադրողական դարձող աշխատանքի, ինչպես նաև անհատական ջանքի միջոցով. «Եվ մեր քաղաքականությունները ուղղված են գաղափարական այս թեզի իրագործմանը»: «Այս թեզը լրացուցիչ պարզաբանելով՝ ուզում եմ ընդգծել հետևյալը, որ բարեկեցությունը հնարավոր է, եթե մի քանի գործոններ հանդիպում են իրար և համընկնում են: Դրանցից 1-ը աշխատանքն է, մյուսը կրթությունն է, հաջորդը անհատական ջանքն է և մյուսը պետական քաղաքականություններն են։ Այսինքն՝ մեր տեսությունն այն է, որ երբ-որ այս 4 գործոնները կհամընկնեն և կփոխգործակցեն, այդ ժամանակ հնարավոր կլինի հաստատել բարեկեցություն։ Սա տեսությունն է»,- ասաց Փաշինյանը: Ապա նա ներկայացրեց, ինչ է իրականացվում գործնականում՝ ներկայացնելով մի շարք թվային ցուցանիշներ. «2024 թվականի դեկտեմբերի արդյունքներով Հայաստանում գրանցվել է 778 094 աշխատատեղ. այս ցուցանիշը 2018 թվականի դեկտեմբերի համեմատությամբ ավել է 189 000-ով կամ 34.4 %-ով, իսկ 2023 թվականի դեկտեմբերի համեմատ 36 368-ով կամ 4.9 %–ով։ Խոսքը այն աշխատատեղերի մասին է, որոնցում մարդ կա աշխատող, և որը ապահովված է աշխատավարձով: 2024 թվականի միջին աշխատավարձը եղել է 306 754 ՀՀ դրամ։ 2018 թվականի դեկտեմբերի համեմատ միջին աշխատավարձը աճել է 127 000 դրամով կամ 71 %-ով, իսկ 2023 թվականի համեմատ 18 699 դրամով կամ 6.5 %-ով։ Սրանք տարեկան միջին աշխատավարձի ցուցանիշներն են։ Աշխատավարձերը աճում են ինչպես կայուն տնտեսական աճի, այնպես էլ կառավարության կայացրած որոշումների արդյունքում։ Հայաստանում ներդրված է ուսուցիչների և զինվորականների կամավոր ատեստավորման համակարգ, որը, ատեստավորման արդյունքներից կախված, աշխատավարձերը ընդհուպ կրկնապատկելու հնարավորություն է տալիս։ Ուսուցիչների պարագայում գործում է նաև տարակարգի, ԲՏՃՄ ոլորտի առարկաներ դասավանդող ուսուցիչների, ինչպես նաև գյուղական վայրերում մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցների ուսուցիչների համար նախատեսված հավելավճարների համակարգը, որը աշխատավարձերի ևս մինչև 50 % հավելման հնարավորություն է տալիս՝ բացի կամավոր ատեստավորումից: Այսինքն՝ կամավոր ատեստավորում անցած ուսուցիչները կարող են նաև այս գործոններով պայմանավորված բարձրացնել իրենց աշխատավարձը: Կամավոր ատեստավորման միջոցով աշխատավարձներն ավելացնելու հնարավորություն են ստացել նաև արտադպրոցական կրթության մանկավարժները՝ 12 մարզաձևերի մարզիչներ և մշակույթի ոլորտի 8 ուղղությունների դասատուներ։ Իհարկե, մենք սա սկսել ենք նվազագույնից և ժամանակի ընթացքում մարզաձևերը և ոլորտները մշակութային կրթության ավելացնում ենք: Տարակարգի միջոցով աշխատավարձերը բարձրացնելու հնարավորություն են ստացել նաև մանկապարտեզի դաստիարակները։ Ատեստավորման համակարգով Հայաստանի գիտաշխատողների աշխատավարձերը 2025 թվի հունվարի դրությամբ 2021 թվականի համեմատությամբ ավելացել են 100-ից 300 %–ով, ինչի մանրամասները կառավարության վերջին նիստում ներկայացրել եմ: Կամավոր ատեստավորման ծրագիր է մեկնարկել նաև մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի դասախոս-վարպետների համար, խոսքը քոլեջների մասին է։ Մասնագիտական կրթության և ուսուցման, ինչպես նաև բուհական մի շարք գերակա ուղղություններով ուսանողների համար սահմանվել է 50 և 70000 դրամ ամսական կրթաթոշակ։ Սա էլի, որպեսզի թյուրըմբռնում չլինի որոշակի ուղղություններով 1-ին կուրս ընդունված ուսանողների համար այս թոշակները, կրթաթոշակները գործում են, 2-րդ տարվանից արդեն թոշակների համակարգը վերափոխվում է կախված առաջադիմությունից: Գերազանցության պարագայում այս թոշակների վրա 10 % լրացուցիչ ավելանում է:300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագրին զուգընթաց՝ ավելի քան 800 000 վարձու և պայմանագրային աշխատող հանդիսացող քաղաքացիների համար մեկնարկում է համընդհանուր հայտարարագրումը, որը հայտարարագրվող քաղաքացիների եկամուտների ավելացման անուղղակի համակարգ է նաև։ Համընդհանուր հայտարարագրման արդյունքում քաղաքացիները իրենց վճարած եկամտային հարկից տարեկան մինչև 100 000 դրամ կարող են ետ ստանալ՝ առողջապահության ապահովագրության, ատամնաբուժության, բուհերում, քոլեջներում և վճարովի, մասնավոր դպրոցներում՝ ուսման վճարների, հանրակրթական դպրոցներում դասագրքերի վարձակալության, մանկապարտեզների վճարների, մարզական և արվեստի խմբակների և դպրոցների, այլ արտադպրոցական կրթական ծառայությունների, ինչպես նաև վերապատրաստման, որակավորման, վերաորակավորման, կրթական ծառայությունների, այսինքն՝ իրենց և իրենց երեխաների առողջապահության և կրթության համար կատարված վճարների դիմաց: Սա համընդհանուր հայտարարագրման մասին է, և էստեղ էլ ես արձանագրում եմ, որ մենք որոշակի դժվարություններ ունենք այս ուղերձը հանրությանը հասկանալի բացատրելու հարցում, և հույս ունեմ՝ այսօր մենք առիթը կօգտագործենք։ 2024 և 2025 թվականների հայտարարագրերի լրացման արդյունքում վերը նշված ուղղություններով քաղաքացիների կատարած շուրջ 70 միլիարդ դրամի ծախսեր կվերադարձվեն քաղաքացիներին, կամ նաև զուգահեռ նշված ուղղություններ կուղղորդվի լրացուցիչ մի քանի տասնյակ միլիարդ դրամ: Այսինքն՝ այդ ոլորտների քաղաքացիներին վերադարձնում ենք, բայց դրա հարակից էֆեկտը կլինի նաև այն, որ այդ ոլորտներըլրացուցիչ մի քանի տասնյակ միլիարդ դրամի ֆինանսավորում կստանան այդ ճանապարհով։ 2025 թվականի փետրվարի 1-ից մեկնարկում է անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվացման միջոցառումը։ Ըստ այդմ, մինչև 1 միլիոն դրամ մայր գումարով առնվազն 3 տարվա անհուսալի վարկեր ունեցող քաղաքացիներին առաջարկվում է անցնել վարձու կամ պայմանագրային աշխատանքի։ Ինչու՞ է առաջարկվում, որովհետև նման վիճակում գտնվող քաղաքացիները սովորաբար առնվազն թափանցիկ դաշտում չեն աշխատում այն մտավախությամբ, որ իրենց ստացած ամբողջ կամ իրենց համար անընդունելի չափով եկամուտները կբռնագանձվեն։ Ահա մենք այս մարդկանց առաջարկում ենք անցնել թափանցիկ դաշտում աշխատանքի, և այս պարագայում նրանց աշխատավարձի համար հաշվարկված եկամտային հարկը ամբողջությամբ կուղղվի անհուսալի վարկի մարմանը»: Նիկոլ Փաշինյանի խոսքով «նշված բարեփոխումները հնարավորություն կտան ոչ միայն երկարաժամկետում և միջնաժամկետում, այլև կարճաժամկետում՝ աշխատանքի և կրթության, այսինքն՝ կրթության միջոցով ավելի արդյունավետ ու արտադրողական դարձող աշխատանքի միջոցով քաղաքացիների բարեկեցության կառուցման ռազմավարության արդյունավետ իրագործման համար»:
12:20 - 31 հունվարի, 2025
Գեներալ-մայոր Կարեն Առստամյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

Գեներալ-մայոր Կարեն Առստամյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

44-օրյա պատերազմի ժամանակ 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար, գեներալ–մայոր Կարեն Առստամյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Գլխավոր դատախազությունից, «Ինֆոքոմ»-ի գրավոր հարցմանն ի պատասխան, տեղեկացրել են, որ նախորդ տարեվերջին՝ 2024 թ․ դեկտեմբերի 27-ին, նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Քրեական օրենսգրքի (2003 թ․) 376-րդ հոդվածի 3-րդ մասով՝ պատերազմի ժամանակ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար։ Դեկտեմբերի 29-ին միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Առստամյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է․ «Քրեական վարույթով նախաքննության ընթացքում 21 մեղադրյալների վերաբերյալ 5 քրեական վարույթներ արդեն իսկ հանձնվել են դատարան, ընթանում է դատաքննություն»,- ասված է պատասխանում։ Մեր տեղեկություններով Կարեն Առստամյանի մեղադրանքի դրվագը առնչվում է Ջրականի եւ Հադրութի մարտական գործողություններին։ Նշենք, որ Առստամյանի անունը պարբերաբար շրջանառվել է 44-օրյա պատերազմին առնչվող քրեական գործերի, այդ թվում՝  Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի վերաբերյալ գործի շրջանակում։  Դեռեւս 2022 թ․ հոկտեմբերի 22-ին նա այդ գործով կանչվել էր դատարան եւ որպես վկա հարցաքննվել` նշելով, որ Խուռհատ սարում շրջափակման մեջ հայտնվելու եւ կապի միջոցի բացակայության մասին իրեն այդ պահին չեն զեկուցել, պարզաբանել էր՝ իր ղեկավարության ներքո 25 գումարտակ է եղել, եւ ամեն ինչ չէր, որ իրեն պիտի զեկուցվեր․ դրա համար զորամասի հրամանատարներ կային։ Զոհված զինծառայողների ներկայացուցիչ, փաստաբան Գուրգեն Գրիգորյանն էլ հետաքրքրվել էր․ «Իսկ չե՞ք կարծում, որ Ձեր պարտականությունը, որպես դիվիզիայի հրամանատար, թերի եք կատարել, որն էլ հանգեցրել է ծանր հետեւանքի»։ Ի պատասխան՝ Կարեն Առստամյանը ասել էր․ «Եթե ապացուցվի, որ այդպես է, ես պատրաստ եմ պատասխանատվություն կրել»։ Կարեն Առստամյանն իր պաշտոնից ազատվել է պատերազմի ավարտից մեկ օր առաջ՝ 2020 թ․ նոյեմբերի 8-ին։ Ամիսներ անց՝ 2021 թ․ մարտի 24-ին, նա դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ նախագահի՝ պահանջելով վերջինիս պարտավորեցնել իրեն տրամադրել իր ազատման հրամանագիրը։ ՀՀ վարչական դատարանը, դատավոր Արծրուն Միրզոյանի նախագահությամբ քննելով հայցը, 2022 թ․ հունվարի 3-ին վճռել է մերժել այն՝ հիմնավորմամբ, որ Առստամյանին պաշտոնից ազատելու մասին առաջարկությունը եւ կից հրամանագրի նախագիծը Հանրապետության նախագահի աշխատակազմ են ներկայացվել «Հույժ գաղտնի» դրոշմագրով, այսինքն՝ այն համարվում է պետական գաղտնիք, ինչի պարագայում նախագահի մերժումը եղել է իրավաչափ։ Դատարանի այս որոշման դեմ Առստամյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել։ Վերաքննիչ դատարանը, նախագահությամբ դատավոր Արթուր Պողոսյանի, կազմով Հայկ Խաչատրյանի եւ Կարեն Մաթեւոսյանի, վճռել է հայցն ամբողջությամբ բավարարել եւ գործն ուղարկել վարչական դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության։   Միլենա Խաչիկյան
17:57 - 29 հունվարի, 2025
«Երբ մեղավորները չեն պատժվում, ծնողներն են դառնում դատավոր»․ տուժողների իրավահաջորդները՝ Խուռհատ սարի գործով

«Երբ մեղավորները չեն պատժվում, ծնողներն են դառնում դատավոր»․ տուժողների իրավահաջորդները՝ Խուռհատ սարի գործով

– Ինձ շատ քիչ հարց տվեցիք, ուրիշ հարց չկա՞,– այսպես ընդմիջվեց 44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Լեւոն Գալստյանի մոր՝ Արմենուհի Գալստյանի հարցաքննությունը,– հազիվ մի տեղ հարցնում են՝ Ձեր էրեխուն ի՞նչ է եղել, ես չգիտեմ՝ ուր գնամ, էլ որ դատարան, – ասաց նա։ Արմենուհի Գալստյանը մեկն է այն ծնողներից, որոնք 2020 թ․ հոկտեմբերի 10-ի Խուռհատ սարի մարտական օպերացիայի վերաբերյալ քրեական գործով նախաքննության ժամանակ չեն հարցաքննվել։ Փաստաբան Գայանե Հովակիմյանը այսօր միջնորդեց՝ նրան եւ մի քանի այլ ծնողների տուժողի իրավահաջորդի կարգավիճակ տրամադրել եւ հարցաքննել  դատարանում։ Դատարանը, դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ, միջնորդությունը բավարարեց՝ միաժամանակ պարզաբանելով՝ քանի որ բոլոր հանգամանքները դատարանում արդեն քննարկվել են, շատ հարցեր չեն տալիս՝ հասկանալով, որ ծնողի համար դժվար է։ Որդեկորույս ծնողները –  Շատ դժվար է, բայց ավելի դժվար է, որ մինչ այսօր չգիտեմ իմ որդու զոհվելու հանգամանքները․․․ [Վահանյանը], հա, մեղավոր է, բայց մենակ ինքը չէ, էլի մեղավորներ կան․ Հայկազը (նույն գումարտակի սպա, նրա ցուցմունքը՝ այստեղ), որ էս աթոռին նստած չէ, որ նոյեմբերի 7-ին ինձ ասում էր՝ տղադ լավ ա, կզանգի։ Այսինքն՝ հերիք չէ՝ սպանել են, մի հատ էլ զոհվելու հանգամանքն են գաղտնի պահել,– վրդովվեց տիկին Արմենուհին։ Իշխան Վահանյանը այն գումարտակի հրամանատարն է, որի կազմում ծառայել է Լեւոն Գալստյանը։ Նրան այժմ մեղադրում  են իշխանության անգործություն դրսեւորելու եւ վիրավորման պատրվակով մարտի դաշտը ինքնակամ լքելու մեջ։ Անկանոն նահանջը, ըստ գործի նյութերի, նրա ենթադրյալ փախուստին է հաջորդել․ զորքի մի մասը այլ սպաների հետ կարողացել է դուրս գալ Սարուշեն գյուղի ուղղությամբ եւ փրկվել, իսկ մյուս մասը, պատշաճ չտեղեկացվելով, որ հակառակորդը արդեն Հադրութում է, այդ ուղղությամբ է գնացել եւ ընկել շրջափակման մեջ։ Արմենուհի Գալստյանը, ինչպես եւ շատ այլ ծնողներ, մինչ օրս տեղյակ չէ՝ կոնկրետ երբ եւ ինչ հանգամանքներում է իր որդին զոհվել․  «Լեւոնս ամեն օր զանգում էր, էդ օրը չի զանգում, ես եմ զանգում, չի վերցնում, սկսում ենք հետաքրքրվել, ասում են՝ ծուղակում է, հետո գալիս է [տեղեկություն], չգիտեմ՝ սուտ թե ճիշտ, որ ծուղակից հանել են, էդ օրը չի զանգում, 11-ի առավոտյան՝ ժամը 7–ին, զանգում է, շատ ցածր ձայնով՝ մամ, ես լավ եմ, չեմ կարող ասել՝ ինչ է կատարվում, ծուղակում ենք, բայց տեղյակ ենք պահել, գալու են մեր հետեւից․․․ Էդ ժամանակ լինում են Հադրութի տան մեջ․․․ Դրանից հետո մենք սկսում ենք զանգել․ ամսի 11–ին զանգում եմ ՊՆ, ասում,  որ 15 հոգով տան մեջ են, հաջորդը՝ Արայիկ Հարությունյանին, ում պատահի, ում հնարավոր է, բոլորին տեղյակ ենք պահում»։ Մոր խոսքով՝ Արայիկ Հարությունյանն իրենց փոխանցում է Թաղասեռի գյուղապետի եւ Հադրութի ղեկավարի համարները․ «Էրեխեքին  ուղղորդում են էդ գյուղի թարմաների տակ, մի ողջ օր մարտ վարելով՝ հասել են էդտեղ։ Լեւոնս մի փոքր վիրավորում է ունեցել։ Երբ արդեն պիտի ընդառաջ գային, մի քանի անգամ զանգել է, իսկ ամսի 12-ի առավոտյան ասել է՝ չեն եկել, ասել են՝ փոքր ձորակ կա, անցեք, բայց դա դիտարկման մեջ է, չենք կարող անցնել, հետներս էլ՝ 4 վիրավոր, հազիվ բերել, հասցրել ենք․․․ Ժամը 12-ի կողմերը վերջին զանգն է լինում՝ էլ զարյադկա չունենք, չեմ կարողանա զանգել․․․ Հարցնում ենք՝ զենք–զինամթե՞րք, ասում է՝ ունենք․․․ Ասում ենք՝ դե ձեր հետեւից գալիս են, ուշադիր եղեք․․․ Սպաները փախել են, էրեխքին թողել են ծուղակի մեջ»,– պատմեց նա։ Որդեկորույս մայրը ցավով նշեց, որ երբ մեղավորները չեն պատժվում, ծնողներն են իրենց ձեռքը վերցնում քննիչի, դատախազի, դատավորի աշխատանքը․ «Պարո՛ն դատավոր, արդեն երկրորդ գործն են ամուսնուս վրա հարուցում, էս էլ նրա համար, որ․․․ Մի քանի օր առաջ Բադալյան Մանուկին է տեսել (ՊԲ N զորամասի դիվիզիայի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալն էր, այժմ մեղադրյալ է մեկ այլ գործով), Բադալյան Մանուկն է Արմենի վրա գործ հարուցել, պատկերացնո՞ւմ եք։ Արցախի երգի տակ բռունցք է արել, ամուսինս ասել է՝ իջեցրու, դու դավաճան, էրեխեքին թողել, գնացել ես, էդ երգի տակ իրավունք չունես բռունցք անես։ Այ դրա համար Արմենի վրա գործ է հարուցված։ Ծնողն էլ չգիտի՝ ինչ անի, ես նույն վիճակում եմ, պարզապես տղամարդը ավելի բռնկվող է․․․ Ես սարի նման, սպորտսմեն տղա եմ տվել, էսօր եկել, աղաչում եմ, որ ասեն՝ իմ էրեխեն ինչից է զոհվել, հետն էլ սաղ օրը դատարաններում եմ։ Ավելի արագ Արմենի գործն է քննվում, քան սա․․․ Էսպես, ախր, չի կարելի։ Մենք էլ ենք երեխա ունեցել, մենք էլ ենք ուզել, որ էդ երեխան իր նպատակներին հասնի, ուրախ–զվարթ ծառայության ենք ուղարկել, որ հայրենիքին պիտանի լինի, ոչ թե որ հետո սպանեն, դավաճանեն, վերջում էլ ծնողներին դատեն»։ Տուժողի իրավահաջորդը նշեց, որ որդու մարմինը նույնականացումից միայն ամիսներ հետո են իրեն փոխանցել․ «Պարոն դատավոր, ողջ ընթացքում, ամսի 11-ից մինչեւ 12 ու դրանից հետո գիտե՞ք՝ քանի անգամ եմ ՊՆ զանգել, ամեն անգամ նորից սկսել են գրանցել, ես ջղայնանում էի, ասում էի՝ դեռ գրանցո՞ւմ եք, փոխանակ հասնեք օգնության․․․ Ես ամբողջ օրը պարտաճանաչ Կառավարության շենքի դիմաց խնդրում էի, որ իմ բալին ինձ տան, հուսահատությունից գետնին նստել էի, ասում էի՝ ինձ տվեք, այնինչ պարզվում է՝ Հերացիում նույնականացված էր․․․ Ես չգիտեմ՝ որ դատարան գնամ, ում դիմեմ, Արթուր Դավթյանին (նախկին գլխավոր դատախազ,–հեղ․) 8 թերթ գրել եմ, որ մեզ այս ձեւ խաբել են, էրեխուս մարմինը էնքան քանդակած են տվել, որ ես չեմ ճանաչել, Գերմանիա եմ հասել․․․» Մելինե Երանոսյանի ցուցմունքը  Զոհված զինծառայող Սերյոժա Երանոսյանի մայրը պատմեց, որ որդու հետ ինքն է կապի մեջ եղել, ռազմաճակատում են եղել նաեւ իր մյուս որդին ու ամուսինը․ «Հոկտեմբերի 11-ին՝ ժամը լուսաբաց 6-ին, զանգում է, բա մամ ջան, քեզ լավ կպահես, կսպասես իմ զանգին, ես չեմ իմանում, որ շրջափակման մեջ են, ասում եմ՝ անջատի, չբռնվես, դու մի ասա՝ արդեն ընկել է շրջափակման մեջ, զանգել, ինձ հաջող է անում։ Խոսել է նաեւ եղբորս հետ, բա քեռի ջան, մենք սենց վիճակի մեջ ենք, չգիտենք՝ ոնց անենք, ինչ անենք, մեր չորս կողմը թուրքեր են, ասել է՝ 12 էրեխեքի հետ են, որից մեկը, հետո ենք իմանում, Լեւոնն է եղել»։ Այդ խոսակցությունից հետո Մելինեն որքան զանգել է, որդին անհասանելի է եղել։ Փորձել է կապ հաստատել դասակի հրամանատար Հայկազ Գրիգորյանի միջոցով (նա նույնպես մեկ այլ գործով մեղադրյալ է,–հեղ․)․ «Էնքան արագ եմ խոսել՝ մտածելով, որ պատերազմ է, չվնասեմ։ Ներկայացել եմ որպես բարեկամ, ասել եմ՝ տղա ջան, ի՞նչ կլինի, մի զինվոր կապ է ունեցել ծնողների հետ, հիմա կապ չկա, կարո՞ղ ես տեղեկություն տալ, խնդրում եմ․․․ Հայկազն էլ լիքը զինվորների մեջ էր, ոչ տարավ, ոչ բերեց, ասաց՝ տղերք, մեջներդ Երանոսյան Սերոժ կա՞, մեկն ասաց՝ էդ Սերոժիկը ընկել ա շրջափակման մեջ, չենք կարողացել օգնել․․․» Հովհաննես Մարտիրոսյանի ցուցմունքը Զոհված Աշոտ Մարտիրոսյանի հայրը՝ Հովհաննես Մարտիրոսյանը հայտնեց, որ իր տեղեկություններով՝ նորակոչիկներին խաբելով են տարել, համոզելով, հայհոյելով․ «Տարել են «թուրքի գերեզմաններ» կոչվող տարածք, դասակից մնացել են մի քանի հոգի, մնացածը՝ վիրավոր ու զոհ․․․ Դրանից հետո ոտքով եկել են Հադրութի դպրոց, ինչ–որ սպա է տեսել, զանգել Վահանյանին, ասել  է՝ բեր մեր մոտ․․․ Հանել են էդ սարը, սարից էլ Մուրադյան Հովոն է հետները մնում (զոհվել է,–հեղ․), մնացածը փախչում են»,– նշեց նա։ Դեկտեմբերի 3-ին հայկական կողմին է վերադարձվել 54 մարմին, որոնց մեջ եղել է նաեւ Մարտիրոսյանի որդին։ Դատավոր Ջոն Հայրապետյանը Կորյուն Զաքարյանի ցուցմունքը Զոհված Մխիթար Գրիգորյանի հայրը՝ Կորյուն Զաքարյանը, կարճ խոսեց, նշեց, որ վերջին անգամ որդու հետ հոկտեմբերի 9-ին է կապի դուրս եկել։ Հաջորդ օրը նա զոհվել է․ «Խփել են իր կողքի ընկերոջ թեւին, ինքն է իջեցրել, ընկերն  ասել է՝ հետս արի հոսպիտալ, բա սա՝ չէ, տղերքը մնացին, ոնց ես գամ Ստեփանակերտ, ու էլ կապ չենք ունեցել․․․ Սաղ էլ պիտի պատասխան տան, լավերը զոհվել են․․․» Ալինա Գրիգորյանի ցուցմունքը Զոհված Վահագն Խաչատրյանի մայրը՝ Ալինա Գրիգորյանը պատմեց, որ իր որդու հետ վերջին խոսակցությունը հոկտեմբերի 8-ին է եղել․ «Որդիս ունեցել է աչքերի խնդիր, օպտիկական ակնոց էր կրում, 2 շաբաթ առաջ եղել էր հոսպիտալում, բորբոքվել էր, Ստեփանակերտի հոսպիտալ էին ուղարկել, բուժում նշանակել։ Պատերազմը սկսելուց 2 օր առաջ ասաց՝ նորից նույն խնդիրն ունեմ, երկուշաբթի հոսպիտալ են պառկեցնելու, իսկ կիրակի պատերազմը սկսվեց, անգամ ակնոց չէր հասցրել հետը վերցնել, ուզում եմ հասկանալ՝ նման խնդրով էրեխուն ո՞նց են ուղարկում դիրքեր»,– վրդովվեց մայրը։ Վահագն Խաչատրյանի մասին առավել մանրամասն՝ այստեղ։ Ռուզաննա Վարդանյանի ցուցմունքը Տուժողի իրավահաջորդ ճանաչվեց նաեւ զինծառայող Սարգիս Ղուկասյանի մայրը՝ Ռուզաննա Վարդանյանը։ Նա, սակայն, դատարանին հայտնելու տեղեկություններ չուներ, ասաց՝ քանի որ ամուսնուն նույնպես կորցրել է, որդու հարցերով ամուսնու եղբայրն է զբաղվել (նրա ցուցմունքը՝ այստեղ)։ Սարգիս Ղուկասյանի հետ ընտանիքը վերջին անգամ հոկտեմբերի 10-ին է խոսել, շրջափակման մասին հետագայում է տեղեկացել։ Նա ուսումնական գումարտակի այն մի քանի զինծառայողներից է, որ առ այսօր համարվում են անհետ կորած։ Նիստի ավարտին դատարանը անդրադարձավ նաեւ մեղադրյալ Իշխան Վահանյանի խափանման միջոցին։ Վահանյանը միջնորդել էր այն փոխարինել տնային կալանքով, ինչի դեմ առարկեցին տուժող եւ մեղադրող կողմերը։  Դատարանը, խորհրդակցական սենյակից վերադառնալով, որոշեց մերժել միջնորդությունը։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 13-ին։   Գլխավոր լուսանկարում՝ որդեկորույս հայրերը Միլենա Խաչիկյան
23:15 - 27 հունվարի, 2025
ՔԿ-ն ուսումնասիրում է քննիչի ենթադրյալ ուղղորդման մասին «Ինֆոքոմի» հարցումը

ՔԿ-ն ուսումնասիրում է քննիչի ենթադրյալ ուղղորդման մասին «Ինֆոքոմի» հարցումը

44-օրյա պատերազմից 4 տարի անց դատարաններում քննության առարկա են պատերազմին առնչվող մի շարք հանգամանքներ՝ տարբեր ստորաբաժանումների նահանջներից մինչեւ տասնյակ զինծառայողների զոհվելու դեպքեր։ Այդ գործերից մեկի դատաքննությունն ընթանում է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում․ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ դատարանը քննում է Մարտունի 3 զորամասի 3-րդ հրաձգային գումարտակի 7-րդ վաշտի ողջ անձնակազմի զոհվելու դեպքը։ Գործով մեղադրվում են զորամասի հրամանատար Գոռ Իշխանյանն ու ՊԲ օպերատիվ բաժնի նախկին պետ Նվեր Մարտիրոսյանը։ Նիստերն ընթանում են նրանց բացակայությամբ։  Դատարանն այժմ զոհերի հարազատների՝ տուժողների հարցաքննության փուլում է։ Ծնողները դատարանում ցուցմունք տալիս պատմում են իրենց որդիների հետ ունեցած վերջին զրույցների, նրանց հրամանատարների հետ ունեցած խոսակցությունների, հանդիպումների ու տղաների մարմինները գտնելու դժվար ճանապարհի մասին։  Այս գործի շրջանակում նախորդ տարեվերջին՝ դեկտեմբերի 24-ին կայացած դատական նիստի ժամանակ զոհված պահեստազորային Արշակ Զարգարյանի հայրը՝ Կոմիտաս Զարգարյանը, հայտարարություն արեց այն մասին, որ նախաքննության ժամանակ քննիչն իրեն ուղղորդել է՝ ասելով, թե 73 տղաների զոհվելու մեջ Գոռ Իշխանյանն է մեղավոր․ «Գոռ Իշխանյանն իմ տղու մազն էլ չարժի, բայց գոյություն ունի ճիշտ, որ խիղճը մեզ չտանջի։ Նույն քննության ժամանակ, որ պարոն Գասպարյանը եկել ա, ինձ ուղղորդում էր, ուղղորդում՝ բերում-բերում-բերում՝ Գոռ Իշխանյանը մեղավոր ա։ Ասում եմ՝ ինչի՞ ա մեղավոր, բա՝ որ հրաման ա տվել։ Ես էլ ասում էի՝ եթե հրաման չտար, էն վախտ կասեի՝ մեղավոր ա, եթե հրաման չտար, շատ կներեք, կասեի՝ թռչել ա, չի կարում հրաման տա, բայց հրաման ա տվել, ինչի՞ համար ա անունը հրամանատար, այսինքն՝ հրաման տալու իրավունք ունի, էն մարդը հրաման ա տվել, հիմա պետք ա քննել՝ ինչի՞ հիման վրայա էդ մարդը հրաման տվել»,- ցուցմունք տալիս ասել էր տուժողը։  Կոմիտաս Զարգարյանի այս հայտարարության առնչությամբ գրավոր հարցում ենք ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ խնդրելով հայտնել՝ Կոմիտաս Զարգարյանի հայտարարությունն ուսումնասիրվե՞լ է, եթե այո, ապա քրեական վարույթ նախաձեռնվե՞լ է։ ՀՀ գլխավոր դատախազության զինվորական կենտրոնական դատախազությունից մեր հարցումը հունվարի 10-ին ուսումնասիրման նպատակով ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչություն, որը, համաձայն ՔԿ նախագահի որոշման, իրականացնում է ծառայողական քննություն։ ՔԿ ՆԱ վարչությունը մեր հարցումը ստացել է հունվարի 14-ին։ Քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությունից հայտնել են, որ ստուգողական գործողություններ են կատարում, արդյունքների մասին կտեղեկացնեն լրացուցիչ։ Նշենք, որ նախնական ուսումնասիրությունը կատարվում է քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու նպատակով։ Ծառայողական քննության մյուս փուլը կարգապահական վարույթն է։ Նախնական ուսումնասիրությունն իրականացվում է հնարավորինս սեղմ ժամկետում, բայց ոչ ավելի, քան դրա նշանակումից սկսած 15 օրվա ընթացքում: ՀՀ քննչական կոմիտեի մասին օրենքի 31-րդ հոդվածի համաձայն՝ ծառայողական քննությունը հարուցվում է կարգապահական խախտում հայտնաբերելու օրվանից հետո` 30-օրյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան այն կատարելու օրվանից 12 ամիս հետո: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վաշտի անձնակազմի զոհվելուն առնչվող գործը մեկուկես տարի է՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում է (դրանից առաջ գործը քննել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության քրեական դատարանը), ենթադրելի է, որ Զարգարյանի հիշատակած հարցքննության ենթադրյալ ուղղորդման դրվագից 12 ամիսը վաղուց անցել է (հարցաքննությունը տեղի է ունեցել Արցախում)։  Քննչական կոմիտեից հավելյալ պատասխան ստանալու պարագայում այն կհրապարակենք։ Հայարփի Բաղդասարյան
13:41 - 22 հունվարի, 2025
Ալեքսանդր Սիրունյանը հրաժարվել է ԲԴԽ անդամի թեկնածությունից

Ալեքսանդր Սիրունյանը հրաժարվել է ԲԴԽ անդամի թեկնածությունից

Ալեքսանդր Սիրունյանը հրաժարվել է ԲԴԽ անդամի թեկնածությունից։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: «Եթե չեմ սխալվում, պարոն Սիրունյանն ինքը արդեն հանդես է եկել հայտարարությամբ. հայտարարել է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ քննարկումների, նաև ԿԿՀ եզրակացության մեջ որոշակի դիտարկումներ կան, ինքը էս պարագայում իր թեկնածությունը հետ է քաշում, որպեսզի իրավիճակը պարզաբանվի, ինչից հետո եթե առիթ լինի, կխոսենք»,- ասաց Կոնջորյանը: Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրել էր Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունը: Մի շարք ՀԿ-ներ ավելի վաղ հայտարարություն էին տարածել և դատապարտել Սիրունյանի առաջադրումը՝ նշելով, որ դեռևս 2019 թվականին վերջինս կարգապահական պատասխանատվության և խիստ նկատողություն կարգապահական տույժի է ենթարկվել ՀՀ փաստաբանների պալատի կողմից փաստաբանի վարքագծի կանոնները խախտելու համար։ Մասնավորապես, հաստատվել էր Սիրունյանի կողմից հայհոյախառն, ժարգոնային և վիրավորական բառապաշարի օգտագործումը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում:  Անդրադառնալով անպարկեշտ գրառումներին, այդ թվում՝ արցախցիների նկատմամբ ատելության խոսք պարունակող, Սիրունյանը հայտարարել էր, որ  դրանք «կոնտեքստից անջատված են մեջբերում», իսկ էջը, որտեղ կատարվել են գրառումները «կոլեկտիվ կառավարվող է»։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն էլ ԱԺ-ում կոչ էր արել ՔՊ պատգամավորներին կարդալ Սիրունյանի բարեվարքության վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունը և վերանայել որոշումը: Մանուկյանի խոսքով՝ այդ զեկույցը միանգամից պետք է գնար գլխավոր դատախազություն, քանի որ դրանում կա ատելության խոսք, կոռուպցիոն կասկածներ պարունակող տվյալներ և այլ հանգամանքներ։
12:23 - 22 հունվարի, 2025
73 զինծառայողի զոհվելու գործով մեղադրյալի պաշտպանները պահանջում են դատարանում ապահովել իրենց անվտանգությունը

73 զինծառայողի զոհվելու գործով մեղադրյալի պաշտպանները պահանջում են դատարանում ապահովել իրենց անվտանգությունը

44-օրյա պատերազմի ժամանակ 73-հոգանոց վաշտի ողջ անձնակազմի զոհվելու հանգամանքների վերաբերյալ հերթական դատական նիստն այսօր մեկ ժամ էլ չտեւեց։ Բանն այն է, որ այս գործով մեղադրյալների պաշտպանները դատական նիստին չէին ներկայացել՝ դատարանին նախապես գրությամբ հայտնելով, որ չներկայանալու պատճառն իրենց անվտանգության ապահովման հարցն է։ Այս գործով երկու մեղադրյալ կա՝ Մարտունի 3 զորամասի նախկին հրամանատար Գոռ Իշխանյանը եւ ՊԲ օպերատիվ բաժնի նախկին պետ Նվեր Մարտիրոսյանը․ նիստերն ընթանում են նրանց բացակայությամբ եւ նրանց պաշտպանների՝ Արման Բայադյանի, Դավիթ Կարապետյանի, Արտակ Հովհաննիսյանի, Երեմ Սարգսյանի մասնակցությամբ։  Գոռ Իշխանյանի պաշտպաններ Դավիթ Կարապետյանն ու Երեմ Սարգսյանը Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանին գրություն են ուղարկել՝ հայտնելով, որ այսօրվա նիստին չեն ներկայանալու եւ չեն ներկայանալու հաջորդ նիստերին եւս այնքան ժամանակ, քանի դեռ ապահովված չեն անվտանգային միջոցներ։ Այս գործով նիստերը երբեմն ընթանում են լարված մթնոլորտում․ զոհվածների հարազատների հույզերը գլուխ են բարձրացնում, դատարանում հնչում են անհարգալից արտահայտություններ մեղադրյալների ու նրանց պաշտպանների հասցեին։ Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը փորձում է սաստել նման իրավիճակները, երբեմն սանկցիա է կիրառում տուժողների նկատմամբ եւ նրանց հեռացնում դատարանի դահլիճից։  Դատարանին ուղղված գրության մեջ պաշտպանները ներկայացրել են, որ նախորդ դատական նիստից հետո նիստերի դահլիճում որոշ տուժողներ անհարգալից վարք են դրսեւորել եւ սպառնալից արտահայտություններ արել։ Նրանք պահանջում են հաջորդ նիստերն անցկացնել դատարանի ապակեպատ առանձնապատնեշով դահլիճում եւ հետայսու ոչ պատշաճ վարքագիծ դրսեւորած անձանց թույլ չտալ մասնացել նիստերին։ Պաշտպանները պնդում են, որ հակառակը հանգեցնելու է նիստերին իրենց մասնակցության անհնարինության, քանի որ պաշտպանի գործառույթն իրավական շահի պաշտպանությունն է, այլ ոչ թե դահլիճում լռելյայն ձեւական ներկայնության ապահովումը։ Այսպիսով՝ պաշտպանները դատարանին խնդրում են հաջորդ նիստին ապահովել արդար դատաքննության միջոցներ, այդ թվում՝ անվտանգային։ Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը նիստին ներկայացած պաշտպան Արման Բայադյանից հետաքրքրվեց, թե ինչ է ենթադրում անվտանգային միջոցը։ Վերջինս ասաց, որ, օրինակ, ապակեպատ դահլիճը դրանցից մեկն է, մեկ այլ տարբերակ է կարգադրիչների կողմից անվտանգային միջավայր ստեղծելը կամ դատական սանկցիաների կիրառումը եւ ոչ պատշաճ վարքագիծ դրսեւորող անձանց նիստերի դահլիճից երկարաժամկետ հեռացումը։ Հանրային մեղադրող Գեւորգ Մղդեսյանը դատարանին խնդրեց հստակեցնել, թե ինչ անվտանգային սպառնալիքի մասին է խոսքը, դատարանը տեղյա՞կ է այդ միջադեպի մասին, սպառնալիքն իրակա՞ն է, թե՞ ոչ, ի վերջո ո՞րն է այն հիմքը, որից ելնելով պաշտպանական կողմը կարծում է, որ այս դահլիճում իրենց անվտանգությունը կասկածի տակ է դրվում։ Ձախից՝ հանրային մեղադրող Գրիգոր Մղդեսյանը, աջից՝ տուժող Համլետ Այվազյանը Դատավորն ասաց, որ ինքը նոր է ծանոթանում այդ գրությանը, իսկ դրանում հիշատակված է նախորդ՝ հունվարի 8-ի նիստը։ Միաժամանակ, նա նշեց, որ նիստի ավարտից հետո դատավորը դուրս է եկել դահլիճից, եւ դրանից հետո ինչ է կատարվել՝ տեղյակ չէ։ Դատավորն ասաց, որ, ընդհանրապես, այն, ինչ կատարվում է նիստից հետո, դատավորը չի կարող վերահսկել կամ կարգավորել։ Արտուշ Գաբրիելյանը շեշտեց, որ նման միջադեպերը հարթելու համար կողմերը կարող են դիմել համապատասխան մարմիններին։ Հանրային մեղադրողն առաջարկեց լսել տուժողներին, որոնք ներկա են եղել ենթադրյալ միջադեպին։ Տուժողները, սակայն, պնդեցին, որ, որպես այդպիսին, սպառնալիքներ չեն հնչեցրել՝ միաժամանակ ընդունելով, որ պատահում է՝ հուզված ժամանակ իրենց զայրույթը կոպտորեն արտահայտեն։ Պաշտպան Բայադյանն, ի դեպ, դատարանում ասաց, որ անձամբ իր հասցեին սպառնալիքներ չեն հնչել։ Բայց Բայադյանի դիտարկմամբ եւս դահլիճում այնպիսի մթնոլորտ է լինում, որը խոչընդոտում է նիստի բնականոն ընթացքին։ Պաշտպանն առաջարկեց իրենց հասցեին որեւէ արտահայտության դեպքում սանկցիա կիրառել եւ արգելել հետագա նիստերին մասնակցությունը։ Դիմելով տուժողներին՝ նա ասաց․ «Ամենասկզբում մենք դիմել ենք յուրաքանչյուրին, շատ է լինում՝ որոշակի շփում ենք ունենում, բայց մեր նկատմամբ հարգանքը պետք է լինի, ոչ թե իրավունք ունեք հարգելու կամ ոչ, այլ պիտի՛ հարգեք, որովհետեւ հակառակ պարագայում դուք եք տուժելու։ Երբ մենք ձեր նկատմամբ ցուցաբերում ենք հարգանք, ինքս պահանջում եմ փոխադարձ հարգանք»։ Պաշտպանների գրությունն ու պատճառաբանությունները տուժողների վրդովմունքն արթնացրին։ Նրանք պաշտպանական կողմին մեղադրեցին իրենց զգացմունքները չհասկանալու մեջ։ Ավելին՝ տուժողների մոտ տպավորություն է, որ պաշտպանները հատուկ են ընտրել նման գործելաոճ, որպեսզի նիստերը հետաձգվեն եւ գործը հասնի վաղեմության ժամկետին։ Զոհված զինծառայողների հարազատները Անդրադառնալով նիստերն ապակեպատ դահլիճում իրականացնելու պաշտպանների առաջարկին՝ հանրային մեղադրողը չբացառեց այդ տարբերակը՝ նշելով, որ տուժողները իրավունք ունեն ապակեպատ հատվածից ներս գտնվելու, եւ դատարանը կարող է միայն որոշ անձանց արգելել ներս մտնել։  Նախագահող դատավորը նպատակահարմար չհամարեց նիստերն անցկացնել ապակեպատ դահլիճում՝ պարզաբանելով, որ շատ այլ գործեր են ընթանում այնտեղ, եւ եթե այս նիստերն էլ տեղափոխեն, ապա ստիպված է լինելու ամիսը մեկ անգամ նիստ նշանակել։ Դատավորը համաձայնեց պաշտպան Բայադյանի հետ, որ սանկցիաներն ավելի շատ պետք է կիրառվեն, բայց իրադրությունն այնպես կարգավորեն, որ մյուս տուժողները մեկ-երկուսի պատճառով չտուժեն։  Ի դեպ, նախագահող դատավորը նշեց, որ ապակեպատ դահլիճ է համարվում ապակիներից ներս ընկած հատվածը, եւ տուժողները, որպես դատավարության մասնակիցներ, իրավունք ունեն գտնվելու այդ հատվածում, ոչ թե դրսում, ինչն արդեն այդ դահլիճի ընտրությունն անիմաստ է դարձնում։ Նշենք, որ այս դատավարության մեկնարկին որոշ նիստեր անցկացվել են հենց ապակեպատ դահլիճում, իսկ տուժողները գտնվել են ապակիներից այն կողմ․ այդ հատվածում նույնիսկ նիստի ընթացքն էր դժվար լսելի։  Դատավորն ասաց, որ անձամբ կխոսի պաշտպանների հետ, եւ եթե հաջորդիվ որեւէ մեկը տեղից հունից դուրս գա, նիստերի դահլիճից հեռացվելու է եւ այլեւս հնարավորություն չունենա մասնակցելու դատական նիստին։ Դատավորը պաշտպան Բայադյանին առաջարկեց նիստի ավարտից հետո տուժող կողմի հետ շփում չունենալ, եթե հարկ լինի, կարող է թույլ տալ, որ պաշտպաններն ավելի շուտ դուրս գան դահլիճից՝ միջանցքում էլ իրար չպատահելու համար։  Այսօրվա նիստը հետաձգվեց՝ հիմք ընդունելով Քրեական դատավարության օրենսգրքի 273-րդ հոդվածի 3-րդ մասը, համաձայն որի՝ դատական նիստին պաշտպանի չներկայանալու և տվյալ նիuտում նրան այլ պաշտպանով փոխարինելու անհնարինության դեպքում դատալսումները հետաձգվում են։  Հաջորդ նիստը նշանակվեց փետրվարի 4-ին։ Ինչում են մեղադրվում սպաները Ըստ մեղադրական եզրակացության՝ ՊԲ N զորամասի նախկին հրամանատար Գոռ Իշխանյանը եւ ՊԲ օպերատիվ բաժնի նախկին պետ Նվեր Մարտիրոսյանը պատերազմի ընթացքում իրենց ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք են դրսեւորել եւ չեն կատարել դրանք, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։  73 զինծառայողները՝ ՊԲ N զորամասի 3-րդ հրաձգային գումարտակի 7-րդ վաշտի ողջ անձնակազմը, զոհվել են Հադրութի շրջանի Այգեստան գյուղում, երբ նրանց վրա հարձակվել են հակառակորդի դիվերսիոն խմբերը։ Նրանք Այգեստան չպիտի գնային, այլ համապատասխան երթուղով մեկնեին Հադրութի շրջանի «9 կմ» կոչվող տեղամաս եւ անցնեին ՊԲ 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար Կարեն Առստամյանի հրամանատարության ներքո։ Ըստ մեղադրանքի՝ ՊԲ հրամանատարի կողմից հոկտեմբերի 11-ին արձակած՝ մեկ վաշտ 18-րդ դիվիզիայի հրամանատարության ներքո ուղարկելու մարտական կարգադրության հիման վրա ՊԲ N զորամասի հրամանատար Գոռ Իշխանյանը 7-րդ վաշտին նույն օրը տվել է մարտական կարգադրություն, որում չեն ներառվել եւ պահպանվել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի համապատասխան դիրեկտիվով մարտական կարգադրության ներկայացվող եւ դրանում պարտադիր ներառվող դրույթները։ Ապա նույն օրը կեսօրին Իշխանյանը ՊԲ օպերատիվ շտաբ է զեկուցել անձնակազմի երթը սկսվելու մասին, որի մասին օպերատիվ բաժնի նախկին պետ Նվեր Մարտիրոսյանը զեկուցել է ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանին։ Ջալալ Հարությունյանը հանձնարարել է վաշտի երթի մասին տեղեկացնել 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար Կարեն Առստամյանին, մինչդեռ Նվեր Մարտիրոսյանն այդ ուղղությամբ միջոցներ չի ձեռնարկել՝ երթի սկսման մասին չի հայտնել հրաձգային դիվիզիայի հրամանատարին, չի կազմակերպել ու վերահսկել մեկնող անձնակազմի տեղաշարժը։ Այսպիսով, նրանց դիմավորող չի եղել եւ վաշտի անձնակազմը նախանշված տեղից ավելի է անցել ու հայտնվել շրջափակման մեջ։ Հայարփի Բաղդասարյան
17:20 - 21 հունվարի, 2025