73 զինծառայողների զոհվելու գործով մեղադրյալի պաշտպանը կարծում է՝ քննիչն ապացույցներում ընտրանքային հղումներ է կատարել
20:35 - 17 մայիսի, 2024

73 զինծառայողների զոհվելու գործով մեղադրյալի պաշտպանը կարծում է՝ քննիչն ապացույցներում ընտրանքային հղումներ է կատարել

Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է 44-օրյա պատերազմի ժամանակ Հադրութի շրջանի Այգեստան գյուղում 73 զինծառայողների զոհվելու դեպքի վերաբերյալ գործի ապացույցների հետազոտման փուլը։

Այս գործով ՊԲ N զորամասի նախկին հրամանատար Գոռ Իշխանյանը եւ ՊԲ օպերատիվ բաժնի նախկին պետ Նվեր Մարտիրոսյանը մեղադրվում են այն բանի համար, որ պատերազմի ընթացքում, հայտարարված ռազմական դրության պայմաններում, ենթակա անձնակազմի նկատմամբ հանդիսանալով պետ եւ պաշտոնատար անձ, իրենց ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետեւանքով չեն կատարել դրանք, ինչն անզգուշությամբ առաջացրել են ծանր հետեւանքներ։ Երկու մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց է ընտրված չբացակայելու արգելքը։ Դատական նիստերն ընթանում են առանց նրանց մասնակցության։

Այսօրվա դատական նիստում հանրային մեղադրող Գ․ Մղդեսյանը շուրջ երկու ժամ ընթերցում էր գործի հիմքում դրված ապացույցները, որոնք, մեծ մասամբ, վերաբերում էին զորքերի տեղաշարժին, ռազմերթին եւ այլն։ Ապացույցների շարքում են այն իրավական ակտերը, որոնք վերաբերելի են Զինված ուժերին։ 

«Զորքերի տեղաշարժը․ գումարտակի, վաշտի տեղաշարժը կատարվում է իր ընթացքով, ռազմերթով, կամ տեղափոխվում է երկաթուղային տրանսպորտով։ Մոտոհրաձգային գումարտակը, վաշտը, բացի այդ, կարելի է տեղափոխել օդային տրանսպորտով, գումարտակի, վաշտի հիմնական տեղաշարժը ռազմերթն է։ Գումարտակը, վաշտը մշտապես պետք է պատրաստ լինի մեծ հեռավորություններում հակառակորդի զանգվածային խոցման [...]: Անկախ տեղաշարժի եղանակից եւ պայմաններից՝ զորքերն այն պետք է իրականացնեն կազմակերպված՝ գաղտնիության պահպանմամբ, բարձր տեմպով ու կարճ ժամկետներում [...]»,- ներկայացրեց հանրային մեղադրողը՝ ընթերցելով նաեւ, թե ինչ է ռազմերթը, ինչպես է այն կազմակերպվում եւ այլն։

Հանրային մեղադրողը, սակայն, ներկայացնում էր նաեւ այնպիսի դրույթներ, որոնք գործին ըստ էության չեն առնչվում, օրինակ․ «Ռադիոակտիվ քիմիական եւ կենսաբանական վարակման մասին ազդարարման ազդանշաններով գումարտակը, վաշտը շարունակում է ռազմերթը։ Վարակված գոտիները հաղթահարելուց առաջ հետեւակի մարտական մեքենաներում, զրահափոխադրիչներում եւ տանկերում ելանցքերը, դռները, հրակնատները փակվում են, միացվում են դրանցում տեղադրված պաշտպանության համակարգերը»։ 

Ապացույցների շարքն այսքան մանրամասն ընթերցելն առաջացրեց զոհված զինծառայողների ծնողների վրդովմունքը։ Մեղադրյալ Նվեր Մարտիրոսյանի պաշտպան Արման Բայադյանն ասաց, որ ապացույցների ծավալը որոշում է մեղադրողը, Գոռ Իշխանյանի պաշտպան Դավիթ Կարապետյանն էլ ասաց, որ իրենք առարկություն չունեն դրանք չներկայացնելու վերաբերյալ, եթե մեղադրողը հանի ապացույցների շարքից։ Դատավոր Արտուշ Գաբրիելյանն էլ մեկնաբանեց, որ կարգն է այսպես, եւ ապացույցներն ընթերցվում են, որպեսզի դատարանում մանրամասն հետազոտվեն։ Տուժողներն, իհարկե, նշեցին, որ հարկ չկա դրանք հանել ապացույցների ցանկից․ «Էսքան տարի դիմացել ենք, երկու ամիս էլ կդիմանանք»,- ասաց նրանցից մեկը։

Այնուհետեւ հանրային մեղադրողը ներկայացրեց նաեւ ՀՀ պաշտպանության նախարարի, ԶՈՒ ԳՇ պետի եւ մի շարք այլ հրամաններ, ըստ որոնց Գոռ Իշխանյանը եւ այլ անձինք ազատվել են տարբեր պաշտոններից ու նշանակվել այլ պաշտոններում

Պաշտպան Դավիթ Կարապետյանը, դիմելով դատարանին, նշեց, որ քննիչը գաղտնի փաստաթղթի է հղում արել, եւ հայտնի չէ՝ իրավունք ուներ այդ հղումները կատարելու, թե ոչ։ Ըստ նրա՝ եթե հղում ես անում գաղտնի փաստաթղթի, բացահայտում, այն այլեւս գաղտնի չէ։ Կարապետյանի համոզմամբ՝ մեղադրանքի թեքումով ապացույցներ են բերվել դատարան, քննիչը ընտրանքային հղումներ է կատարել․ «Լավ, եթե արել ես, լավ ես արել, բա էն մնացած դրվագներն ինչո՞ւ մնացին գաղտնի, ինչո՞ւ փաստաթուղթն ամբողջությամբ չդրվեց գործի մեջ, որպեսզի, ի վերջո, պաշտպանական կողմն էլ կարողանա դրան ծանոթանալ»,- հարցեց պաշտպանը՝ խնդրելով դատարան բերել այդ ապացույցները, որպեսզի իրենք կարողանան մանրամասն ծանոթանալ եւ դիրքորոշում ներկայացնել։

Կարապետյանը, խոսելով այս ապացույցների մասին, նկատեց, որ հանրային մեղադրողը ներկայացրեց միայն զորքերի տեղաշարժին վերաբերող հոդվածները եւ չանդրադարձավ զորքերի տեղափոխման մասին դրույթներին․ «Մեր կարծիքով՝ էստեղ խոսքը ոչ թե զորքերի տեղաշարժի մասին է, այլ զորքերի տեղափոխման, որովհետեւ զորքերի տեղափոխումը լրիվ ուրիշ կատեգորիա է՝ լրիվ ուրիշ կարգավորումներով, զորքերի տեղաշարժը՝ ուրիշ։ Էստեղ զորքերի տեղաշարժ չէր էլ կարող լինել, հետագայում մենք դա կհիմնավորենք, էստեղ զորքերի տեղափոխում է եղել մի դիվիզիոնից մեկ այլ դիվիզիոն»,- նշեց պաշտպանը։

Հանրային մեղադրող արձագանքեց, որ դատարանի առաջին իսկ պահանջի դեպքում քննչական մարմինը կտրամադրի բոլոր փաստաթղթերը։

Հաջորդ ապացույցը փաստաթուղթ էր, որում ներկայացված էին անհայտ կորած զինծառայողների անունները, նրանց կոչումները եւ այլ տվյալներ։ Դատավարության մասնակիցներն ընդհանուր հայտարարի եկան, որ այս տվյալները ներկայացնելու անհրաժեշտություն չկա։

Հաջորդիվ հանրային մեղադրողը ներկայացրեց 3-րդ պաշտպանական շրջանի, 18-րդ եւ 37-րդ հրաձգային դիվիզիաների հրամանատարներին ուղղված հրամանները, համաձայն որոնց 3-րդ ՊՇ հրամանատարին հանձնարարվել է 3-րդ ՊՇ-ից մեկ հրաձգային վաշտով երթ կատարել կոնկրետ երթուղով։ Նշվել է, որ կոնկրետ վայրում այդ վաշտն անցնում է 18-րդ ՀԴ հրամանատարի ենթակայության տակ։ Ապա 18-րդ ՀԴ հրամանատարաին հրամայավել է ընդունել 3-րդ ՊՇ-ի հրաձգային վաշտը եւ մարտական խնդիր առաջադրել։

Պաշտպան Դավիթ Կարապետյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, խոսվում է 3-րդ ՊՇ, 18-րդ եւ 37-րդ ՀԴ հրամանատարներին ուղղված հրամանների մասին, սակայն քննություն է կատարվել միայն 3-րդ ՊՇ եւ 18-րդ ՀԴ հրամանատարների մասով․ «Բայց Գոռ Իշխանյանի հրամանատարը հենց 3-րդ ՊՇ-ի հրամանատարան է, էս հրամանը վերաբերել է նաեւ 37-րդ դիվիզիայի հրամանատարին։ Բայց էս գործով, էդպես էլ չենք հասկանում, ի վերջո քննություն արվե՞լ է, թե՞ ոչ։ Ամենավերեւի հրամանատարի ոչ մի գործողության ոչ մի քննություն արված չի, ու էս մասը անընդհատ անտեսված է եղել։ Հետագա հարցաքննություններում սրան ուշադրություն դարձնելու ենք․ ինչի՞ ղեկավարին թողած․․․»։

Հանրային մեղադրողն արձագանքեց, որ հաշվի առնելով, որ մրցակցային դատավարություն է ընթանում, հակընդդեմ հարցման իրավունքից մեղադրյալը զրկված չէ, ուստի անհրաժեշտության դեպքում պաշտպանական կողմը կարող է միջնորդել, որ 37-րդ ՀԴ հրամանատարը կանչվի հարցաքննության։

Դատական նիստն այսօր ընդհատվեց, հաջորդ նիստը նշանակվեց հունիսի 5-ին։

Լուսանկարում՝ մեղադրյալների պաշտպանները

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել