Սյունիքի մարզ

Սյունիքի մարզ մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանի հարավում։ Սահմանակից է Իրանին, արևմուտքից՝ Նախիջևանին, արևելքից՝ Արցախին, որի՝ Սյունիքի մարզին սահմանակից տարածքը ժամանակավորապես Ադրբեջանի վերահսկողության տակ է, իսկ հյուսիսից՝ Վայոց ձորին։

Սյունիքի մարզի ամենամեծ գետը Որոտանն է։ Սյունիքի միջին բարձրությունը ծովի մակարդակից 2.200 մ է։ Ամենաբարձր լեռնագագաթներն են Կապուտջուղը (3.904), Ծղուկը (3.581), Մեծ Իշխանասարը (3.550) և այլն։ Սյունիքը կոչվում է նաև Զանգեզուր, Սիսական։

ԼՂ-ից բռնի տեղահանվածները դեռ շոկային վիճակում են. իրենց հետ աշխատում են հոգեբանները. ՏԿԵ փոխնախարար |1lurer.am|

ԼՂ-ից բռնի տեղահանվածները դեռ շոկային վիճակում են. իրենց հետ աշխատում են հոգեբանները. ՏԿԵ փոխնախարար |1lurer.am|

1lurer.am: ԼՂ-ից Հայաստան մեքենաների հոսքը շարունակվում է: Այս մասին «Լուրերի» հետ զրույցում հայտնեց ՏԿԵ փոխնախարար Հովհաննես Հարությունյանը:  «Բացի հումանիտար աղետից, ԼՂ-ում կար նաև վառելիքի սուր խնդիր, մեքենաները մի կերպ են հասնում Հակարիի կամուրջ և այն անցնում. մենք տեղադրել ենք մի քանի կետ, որտեղ տրամադրում ենք բենզին, որպեսզի կարողանան հասնել Գորիս և մյուս համայնքներ»,- ասաց նա: Գորիսում հաշվառում անցնելուց հետո տեղի ունեցող գործընթացներին անդրադառնալով` փոխնախարարը նշեց. «Այստեղ մենք տեսնում ենք հումանիտար աղետի բոլոր դրսևորումները` սկսած սովածությունից, վերջացրած առողջապահական խնդիրներով, սոցիալական խնդիրներով, հոգեկան խանգարումներով, մարդիկ սեպտեմբերի 19-ից հետո նկուղում էին, այդ ահաբեկումից հետո մարդիկ դեռ շոկային վիճակում են, իրենց հետ տեղում աշխատում են հոգեբանները, բժիշկները, տրամադրվում է դեղորայք, հիգիենայի պարագաներ, մանկական սնունդ: Կրկնում եմ` տեսնում ենք հումանիտար աղետի բոլոր դրսևորումները` իրենց ցավալի հետևանքներով»,- ասաց նա: Հարությունյանը տեղեկացրեց, որ համայնքներում ակտիվ աշխատանք է ընթանում` 24/7 ռեժիմով, փորձում են մեր հայրենակիցներին տրամադրել պայմաններ, որ ավելի արագ կարողանան վերադառնալ կյանքի սովորական հուն: Փոխնախարարի խոսքով` կառավարությունն աշխատում է արտակարգ ռեժիմով` բոլոր խնդիրների լուծումներն ապահովելու համար:
23:09 - 28 սեպտեմբերի, 2023
ՆԳՆ ենթակա ծառայությունները արտակարգ ռեժիմով ծառայություն են իրականացնում Սյունիքում

ՆԳՆ ենթակա ծառայությունները արտակարգ ռեժիմով ծառայություն են իրականացնում Սյունիքում

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, ոստիկանությունը և փրկարար ծառայությունը Սյունիքի մարզում իրականացնում են շուրջօրյա ծառայություն։ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հաշվառման գործընթաց՝ բաղկացած երկու մասից. անձնական տվյալների հավաքագրում, մշակում և նույնականացում և առաջնային կարիքի գնահատում: Տվյալների շտեմարանին ըստ գործառութային անհրաժեշտության հասանելիություն ունեն ոլորտային լիազոր մարմինները: Տվյալների հավաքագրման գործընթացը կազմակերպվել է միջազգային և հասարակական կազմակերպությունների աջակցությամբ և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությամբ: Ժամը 19։00-ի դրությամբ հաշվառվել է 35350 անձ։ Աշխատանքներն իրականացվում են 24-ժամյա ռեժիմով։ ՆԳՆ փրկարար ծառայության Սյունիքի և Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունների և ենթակա ստորաբաժանումների ծառայողները ակտիվորեն ներգրավվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց մարդասիրական օգնության ցուցաբերման, տարհանման և տեղափոխման, տեղահանված բնակչության կենսագործունեության ապահովման միջոցառումներին։ Տեղում, ըստ անհրաժեշտության, փրկարարները մասնակցում են իրավիճակից բխող այլ աշխատանքների։ ՆԳՆ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների, ոստիկանության զորքերի և պարեկային ծառայության աշխատակիցները իրականացնում են հասարակական կարգի և հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումներ, հերթերի կանոնակարգում, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովում, ուղեկցումներ, ինչպես նաև օժանդակում են տեղում աշխատանք իրականացնող մյուս գերատեսչություններին։
21:52 - 27 սեպտեմբերի, 2023
Կեցության վայրից հրաժարված արցախցիները խնդիրների դեպքում կարող են նորից դիմել պատկան մարմիններին՝ կեցության վայրի ապահովման համար

Կեցության վայրից հրաժարված արցախցիները խնդիրների դեպքում կարող են նորից դիմել պատկան մարմիններին՝ կեցության վայրի ապահովման համար

Արցախից բռնի տեղահանված բնակիչների համար ՀՀ-ում գործում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից գործարկված Առաջնային կարիքի հաշվառման հարթակը՝ https://e-soc.am։ Հավաքակայաններում սոցիալական աշխատողների կողմից նշված հարթակում լրացվում են քաղաքացու կարիքները, որոնք հասանելի են պատասխանատու մարմինների համար (Մարզպետարան, ՏԻՄ, Միասնական սոցիալական ծառայություն), և վերջիններիս կողմից էլ պետք է բավարարվեն առկա կարիքները՝ կացարան, սնունդ, հագուստ, այլ անհրաժեշտ պարագաներ։ Ցանկության դեպքում՝ հարթակում քաղաքացիները հայտը կարող են լրացնել նաև ինքնուրույն։ Infocom-ի հետ զրույցում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության խոսնակ Զառա Մանուչարյանը ասաց, որ Հայաստան մուտք գործելուց անմիջապես հետո քաղաքացին անցնում է հաշվառում, որը իրականցվում է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից, իսկ առհասարակ կարիքների գնահատման աշխատանքներում ներգրավված է և՛ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, և՛ մարզպետարանները։ Գործընթացի ամբողջ համակարգումը իրականացնում են ՏԿԵ նախարարությունը և հիմանականում մարզպետարանները։  Հարցին, թե այն դեպքում, երբ քաղաքացին հաշվառում անցնելիս նշում է, որ ունի կեցության վայր (բարեկամի տուն կամ ժամանակավոր այլ կացարան), սակայն հետո ինչ-ինչ պատճառներով հնարավոր է կրկին ունենա կացարանի խնդիր, ի՞նչ պետք է անի, Մանուչարյանը պատասխանեց, որ առաջնային կարիքի հաշվառման հարթակում բնակիչները ուղղակի նշում են՝ կացարանի կարիք այդ պահին ունե՞ն, թե՞ ոչ, բայց դա չի նշանակում, որ իրենք ապահովված են իրենց պատկանող բնակարանով կամ մշտական կեցության վայրով։  Ժամանակավոր կացարան ունենալու և հետագայում այլ խնդիրների առաջացման վերաբերյալ խոսեցինք նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության խոսնակ Սոնա Հարությունյանի հետ։ Հարցին, թե այն դեպքում, երբ քաղաքացին հաշվառում անցնելիս նշում է, որ ունի կեցության վայր (բարեկամի տուն կամ ժամանակավոր այլ կացարան), սակայն հետո ինչ-ինչ պատճառներով կրկին ունենում է կացարանի խնդիր, ի՞նչ պետք է անի, և արդյոք կարո՞ղ է կրկին դիմել պատկան մարմիններին՝ կեցության վայրով ապահովվելու համար, Հարությունյանը դրական պատասխան տվեց։  «Այս պահի դրությամբ նման դեպք չունենք, որ ասեն՝ ունեն կեցության վայր, բայց հաջորդ օրը կրկին դիմեն մեզ, բայց, բնականաբար, բոլոր բռնի տեղահանված արցախցիները, որոնք ունեն բնակարանային ապահովման խնդիր, իրենք կացարանով ապահովվում են»։ Հարությունյանի խոսքով՝ շատ քաղաքացիներ և՛ հաշվառվում են, և՛ կեցության վայրի համար են դիմում, շատերն էլ հաշվառվում են, բայց կեցության վայրի խնդիր չեն ունենում, սակայն մի մասն էլ առհասարակ չեն հաշվառվում։ «Խնդիրն այն է, որ բավականին մեծ թվով քաղաքացիներ այդ պահին նշում են, որ իրենք ունեն բնակարան կամ տեղափոխվում են բարեկամի տուն և այլն, ապա առաջ են շարժվում Գորիսից, Վայքից անցնում են, գալիս հասնում են մոտակա մարզեր, Երևան և ասում են՝ մեզ տեղավորեք։ Այսինքն՝ այնտեղ հրաժարվում են օգնությունից, և այստեղ են խնդրի առաջ կանգնում։ Նաև կան մեծ թվով քաղաքացիներ, որոնք առհասարակ չեն հաշվառվում, իրենց մեքենաներով առաջ են գալիս»,- ասաց Հարությունյանը՝ հորդորելով, որ բոլոր քաղաքացիները անպայման հաշվառում անցնեն, որպեսզի հետագայում դուրս չմնան աջակցության որևէ ծրագրից։ ՏԿԵՆ խոնակի խոսքով, թեև հավաքակայաններում բոլոր գերատեսչություններից աշխատանքային խմբեր կան, որոնք հենց տեղում՝ Կոռնիձորում, Գորիսում, արդեն նաև Վայքում իրականացնում են հաշվառում, բայց, հաշվի առնելով, որ մարդիկ առանց հաշվառվելու են հասնում ՀՀ տարբեր համայնքներ, ներկայումս համայնքներում ստեղծված հումանիտար կենտրոններում նույնպես կիրականացվի հաշվառում, որպեսզի որևէ բնակիչ չմնա առանց հաշվառման և, ըստ այդմ, հետագայում դուրս չմնա աջակցության ծրագրերից։  Այսպիսով, եթե հաշվառման կետերում քաղաքացիները ինչ-ինչ պատճառներով հրաժարվում են կեցության վայրից, հետագայում, անկախ նրանից, կլինեն Գորիսում, Վայքում, Երևանում, թե ՀՀ մեկ այլ համայնքում, կարող են կրկին դիմել պատկան մարմիններին, այդ թվում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, ՏԿԵՆ և մարզպետարաններ, կեցության վայրով ապահովելու համար։  Աննա Պալաքյան Լուսանկարը՝ Ռոման Աբովյանի/Վայք 
18:33 - 27 սեպտեմբերի, 2023
Մենք առաջնայինը կեցության խնդիրն ենք լուծում. Նարեկ Մկրտչյան |aysor.am|

Մենք առաջնայինը կեցության խնդիրն ենք լուծում. Նարեկ Մկրտչյան |aysor.am|

aysor.am: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն այս օրերին մնացած գերատեսչությունների հետ ծառայություն է իրականացնում ինչպես Կոռնիձորում, այնպես էլ Գորիսում գործող մեր հաշվառման կայաններում, այս մասին հայտարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ «Հաշվառումից հետո հասկանում ենք, թե ով միանգամից տեղավորվելու կարիք ունի։ Մենք առաջնայինը կեցության խնդիրն ենք լուծում։ Այն քաղաքացիները, ովքեր ցանկանում են իրնց նախընտրած վայրը գնալ, իրենք ազատ են որոշելու, թե  որտեղ պետք է տեղակայվեն։ Բայց դա չի նշանակում, որ մենք իրենց հետ կապ չենք պահպանում և իրենց խնդիրներին չենք արձագանքում։ Այս օրերին գործարկել ենք առաջնային կարիքի հարթակ,  ԼՂ մեր հայրենակիցները կարող են արձանագրել իրենց կարիքները։ Այս պահի դրությամբ ունենք մոտ 3000 դեպք և դրանց մասով գնահատում է իրականացվելու և մենք աջակցություն ենք տրամադրելու։ Դրանք կարող են տարբեր լինել՝ սննդի կարիք, հագուստ, սոցիալական որոշակի աջակցություն»,- նշեց նախարարը։ Մկրտչյանը նաև ավելացրեց, որ նոր հարթակ են նաև գործարկել. սոցիալական աջակցության քարտեզագրման հարթակն է. «Մենք գիտենք, որ տարբեր հասարակական կազմակերպություններ, անհատներ ցանկություն են հայտնել աջակցություն տրամադրել ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչությանը և որպեսզի մենք նրանց հնարավորություն տանք նեցուկ լինել այց գործընթացին և ճիշտ տեղաբաշխենք ռեսուրսները, այս հարթակում արդեն 170 առաջարկ ենք ստացել, կրկին կգնահատենք կարիքները և դրանք համապատասխան կուղղորդենք»։ Նա նշեց, որ նախարարությունն շխատանքները պլանավորում է կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով. «Այս պահի դրությամբ մեր խնդիրն է, որպեսզի արցախահայերին հնարավորություն տանք տեղակայվելու։ Մենք գործարկել ենք նաև թեժ գիծը՝ 114, և այս ընթացքում ավելի քան 6000 զանգ ենք ստացել ամենատարբեր խնդիրներով»։
12:53 - 27 սեպտեմբերի, 2023
Ներքին Խնձորեսկի նախկին ղեկավարին, նրա դստերն ու որդուն առերևույթ կոռուպցիոն չարաշահումներ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել. ՔԿ

Ներքին Խնձորեսկի նախկին ղեկավարին, նրա դստերն ու որդուն առերևույթ կոռուպցիոն չարաշահումներ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել. ՔԿ

Ավարտվել է Սյունիքի մարզի Գորիս համայնքի Ներքին Խնձորեսկ բնակավայրի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, վստահված գույքը հափշտակելու, հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գույքերի լվացում կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից: ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում իրականացված քննությամբ հիմնավորվել է, որ Ներքին Խնձորեսկ բնակավայրի ղեկավարը, 2005թ. ստանձնելով հիշյալ պաշտոնը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, պաշտոնեական կեղծիք կատարելով,  իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվող աշխատակիցների, համայնքի ղեկավարի տեղակալի, վիճակահանության հանձնաժողովի նախագահի և անդամների միջոցով, իրականությանը չհամապատասխանող գրառումներ ներառելով համապատասխան արձանագրությունների մեջ, հաստատելով համապատասխան փաստաթղթերը, իրեն վստահված խոշոր չափերով` ընդհանուր 3.063.250 ՀՀ դրամ կադաստրային արժեք ունեցող, ընդհանուր 4.824 հա հողամասերն օտարել է դստերը։ Վերջինս իր հերթին ձևական առուվաճառքի պայմանագրով այդ գույքը փոխանցել է եղբորը: Բացի այդ, հանդիսանալով հիշյալ գյուղական համայնքի «Զոհված ազատամարտիկների հրապարակի բարեկարգման օժանդակ աշխատանքներ» ծրագրի պատվիրատու և նշված աշխատանքների կազմակերպման ու իրականացման ղեկավար, համայնքի վարչական տարածքում զոհված ազատամարտիկների` գոյություն չունեցող հրապարակի բարեկարգման աշխատանքները նշված ծրագրով նախատեսված ծավալով ու ժամանակահատվածում փաստացի չիրականացնելու, օժանդակ աշխատակիցների կողմից դրանց կատարմանը փաստացի չմասնակցելու պայմաններում, Ներքին Խնձորեսկ բնակավայրի նախկին ղեկավարն անձամբ ստորագրել է իր հանձնարարությամբ կազմված՝ կատարվելիք աշխատանքների` իրականությանը չհամապատասխանող բովանդակությամբ կատարողական ակտը, 25 աշխատակիցների նույն ժամանակահատվածի հաճախումները հավաստող ցուցակը։ Այն շրջանառության մեջ դնելով` համայնքի նախկին ղեկավարը հափշտակել է ծրագրի շրջանակում հրապարակի բարեկարգմանը հատկացված, տեղական գանձապետական բաժին փոխանցված 1.844.600 ՀՀ դրամից օժանդակ աշխատակիցների վարձատրության համար նախատեսված խոշոր չափերով` ընդհանուր 1.132.500 ՀՀ դրամ աշխատավարձի գումարը: Քննությամբ պարզվել է նաև, որ նշված բնակավայրի նախկին ղեկավարը փաստացի չկայացած աճուրդների միջոցով իր ընտանիքին պատկանող ընկերության անունից հանդես եկած մորաքրոջ որդուն 4.272.000 ՀՀ դրամ և 2.740.800 ՀՀ դրամ արժեքներով օտարել է ընդհանուր 13.957.800 ՀՀ դրամ կադաստրային արժեք ունեցող ընդհանուր 32.46 հա երկու հողամասերը։ Դրանք սեփականությամբ իր և իր ընտանիքի անդամներին պատկանող ընկերության հաշվեկշիռ ներառելու, իրենց սեփականությունը դարձնելու միջոցով նա յուրացրել է իրեն վստահված համայնքային սեփականություն հանդիսացող առանձնապես խոշոր չափերով հիշյալ հողամասերը: Բացի այդ, կեղծ որոշման հիման վրա փաստացի չկայացած մրցույթի արդյունքում համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր` 15.8654 հա հողամասերը վարձակալությամբ տրամադրվել են դրա իրավունքը չունեցող անձանց` հիշյալ համայնքի նախկին ղեկավարի որդուն, աշխատակցին և մրցութային հանձնաժողովի անդամին, ինչպես նաև` փաստացի չկայացած մրցույթի մյուս մասնակիցներին` էական վնաս պատճառելով համայնքի և հասարակության օրինական շահերին: Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Ներքին Խնձորեսկ համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ), ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (4 դրվագ), 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով:  Վերջինիս դստերը և որդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Հսկող դատախազի կողմից որոշումներ են կայացվել` հիշյալ ենթադրյալ հանցագործություններում ներգրավված մյուս անձանց նկատմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով հանրային քրեական հետապնդումներ չհարուցելու մասին: Գորիս համայնքին պատճառված վնասի հատուցումը, ինչպես նաև` հանցավոր ճանապարհով ստացված գույքերի հնարավոր բռնագանձումն ապահովելու համար արգելանք է դրվել Ներքին Խնձորեսկ բնակավայրի վարչական տարածքում գտնվող 19.88 հա և 12.58 հա գյուղատնտեսական նշանակության հողամասերի, ինչպես նաև 4.824 հա վարելահողի վրա: Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար: Ծանուցում.  Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:11 - 27 սեպտեմբերի, 2023
Ժամանում են ուժասպառ, քաղցած և տրավմատիկ ընտանիքներ՝ իրենց հետ բերելով ունեցվածքի քիչ մասը․ Սամանտա Փաուերը՝ Արցախից տեղհանվածների մասին

Ժամանում են ուժասպառ, քաղցած և տրավմատիկ ընտանիքներ՝ իրենց հետ բերելով ունեցվածքի քիչ մասը․ Սամանտա Փաուերը՝ Արցախից տեղհանվածների մասին

Երևանից մեկնել եմ Լաչինի միջանցքի մուտքի մոտ, որը լի է Լեռնային Ղարաբաղից հեռացող մարդկանցով։ Այս մասին իր x-ի էջում գրել է USAID-ի ղեկավար Սամանտա Փաուերը։  Նա նշել է, որ վերջին մի քանի օրվա ընթացքում 28 000 մարդ փախել է Հայաստան։ Ժամանում են ուժասպառ, քաղցած և տրավմատիկ ընտանիքներ՝ իրենց հետ բերելով ունեցվածքի քիչ մասը։ «Կոռնիձորում նստեցի մի տեղահանված կնոջ կողքին և լսեցի անհանգստացնող պատմություններ ԼՂ-ից փախչելու մասին։ Մի կին ասաց․ «Մենք ամեն բան ունեինք։ Դպրոց մեր երեխաների համար, մեր ընտանիքի կառուցած տունը, լավ աշխատանք։ Հիմա մենք ամեն բան պետք է կառուցենք զրոյից, և մենք սկսում ենք ոչնչից»,- գրել է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան։ Մեկ այլ թվիթում Փաուերը մեծ շնորհակալություն է հայտնել մարդասիրական գործունեությամբ զբաղվող գործընկերներին, որոնք փորձում են կյանք փրկող աջակություն հասցնել ԼՂ-ից փախչող կամ այնտեղ մնացող մարդկանց․ «Հայտարարվել է 11,5 միլիոն նոր աջակցության մասին, բայց Ադրբեջանը պետք է թույլ տա այս կազմակերպությունների անհապաղ, անարգել հասանելիությունը»։
12:04 - 27 սեպտեմբերի, 2023
Պետք է ապահովենք, որ միջազգային հանրությունը հասանելիություն ունենա Լեռնային Ղարաբաղ․ Փաուեր

Պետք է ապահովենք, որ միջազգային հանրությունը հասանելիություն ունենա Լեռնային Ղարաբաղ․ Փաուեր

Ինչպես արդեն հայտնել ենք ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) տնօրեն Սամանտա Փաուերը Հայաստանում է։ Նա այսօր մեկնել է նաև Կոռնիձոր։ Նա հայտարարեց, որ ԱՄՆ-ն 11.5 մլն դոլարի աջակցություն կցուցաբերի Հայաստանին հումանիտար կարիքների համար․ «Դա կուղղվի ինչպես սննդի ձեռքբերմանը, այնպես էլ սոցիալական և հոգեբանական օգնությանը»։ Ասուլիսի ժամանակ նա հայտարարեց․ «Մենք պետք է ապահովենք, որ միջազգային հանրությունը հասանելիություն ունենա Լեռնային Ղարաբաղ, որտեղ դեռ տասնյակ հազարավոր էթնիկ հայեր կան, որոնք ապրում են շատ խոցելի վիճակում: Եվ արդեն մենք տեսնում ենք վկայություններ մարդկանցից, որոնք փախել են բռնությունից և զրկանքներից՝ Ադրբեջանի կառավարության իշխանության տակ ապրելու վախով: Մենք լսել ենք մտահոգիչ հաղորդագրություններ քաղաքացիական անձանց դեմ բռնությունների մասին, միաժամանակ հաշվի առնելով այստեղի քաոսն ու տրավման՝ վկայությունների հավաքումը նոր է սկսվում:  Հաղորդումները ևս մեկ անգամ ընդգծում են՝ ինչքան կարևոր է, որ անկախ աչքեր ներկա լինեն ԼՂ տարածքում և դա լինի հիմա»:
16:26 - 26 սեպտեմբերի, 2023
Մամա՛, զա՛նգ տուր Վարդանին

Մամա՛, զա՛նգ տուր Վարդանին

Վայոց ձորից երթևեկությունը ծանրանում է, մերթընդմերթ երևացող շտապօգնության մեքենաները և բեռներով բարձված մարդատարները մատնում են, որ մոտենում ենք Գորիսին:  Անձրևից մնացած ջրափոսերի մեջ չփչփացնելով՝ մոտենում ենք շենքին, որը դեռ մեկ շաբաթ առաջ Դրամատիկական թատրոն էր: Շենքի դիմաց մեծ կապույտ ավտոբուս է: Պատուհանից երևացող մարդանց դեմքերից տանջանքն ու հոգնածությունը ծորում են: Մտքիս մեջ ուրախանում եմ, որ դիմացս ուղեփակոց է և հնարավորություն չունեմ մարդկանց մոտիկից տեսնելու… Մոտ 4 տարեկան մի երեխա, հացի կտորը ծամելով, դուրս է գալիս շենքից և քիչ է մնում բախվի սնունդ տեղափոխող արագ-արագ ներսուդուրս անող կամավորներին։ «Տաքսին ստեղ ա, բոլորդ կա՞ք»,- ութհոգանոց ընտանիքին ճանապարհում է Կարմիր խաչի աշխատակիցը. երեխաների հետ կատակներ է անում, մեքենան նստելիս հարազատի նման հրաժեշտ տալիս… «Հետ գնացեք, էս ավտոն դուրս գա»,- բղավում է ոստիկանը և ձեռքի շարժումով խնդրում մարդկանց ճանապարհ բացել… Կարմիր վերարկուով մոտ երկու տարեկան մի երեխա մոլորված շուրջն է նայում. «Մենակ ա՞»,- իրար երեսի են նայում մարդիկ: Մինչ փորձում ենք կողմնորոշվել, մայրը՝ գրկին ևս մեկ մանկահասակ երեխա, բռնում է փոքրիկի ձեռքը և միասին անցնում են ուղեփակոցից այն կողմ։ Մի ծեր կին սայթաքում է և մինչև կոճերը հայտնվում ջրափոսում. տեսնես փոխնորդ կոշիկ ունի՞: Հողաթափերով էր:  Մինչ մայթեզրին կանգնած՝ փորձում եմ մարսել առաջին տպավորությունս, սպիտակ «Ֆորդի» դիմաց կանգնած կարմիր հուդիով 5-6 տարեկան աղջիկը գրավում է ուշադրությունս: Գոհարի ընտանիքը Մարտակերտի Հաթերք գյուղից է: «Ամսի 20-ին բարեկամներով՝ 25 հոգով, լցվեցինք ավտոյի մեջ ու գնացինք օդանավակայան, հինգ օր մնացինք էնտեղ, հետո էլ բերեցին (խաղաղապահները-խմբ.) Հակարին անցկացրին»,- պատմում է Գոհարի մայրը՝ տիկին Ռուզաննան: Ասում է՝ իրենք անասուններ ունեին, հասցրին մորթել ու հետները վերցնել, ինչով էլ ապրել են մինչև Կոռնիձոր հասնելը: Հարցիս՝ ինչպես դիմավորեցին օդանավակայանում, զարմանում է՝ «Ո՞վ, ռու՞սը: Բաց դաշտ ա, ավտոյով գնացել ենք կանգնել, ավտոյի մեջ քնել, մենք մեզանով ապրել»: Ասում է՝ գյուղում զոհեր են ունեցել՝ հինգ զինվոր: «Մինչև հիմա մի էրեխա ունենք, որ չեն կարողացել հանեն, բերեն, 19 տարեկան:  Չորս քույր են, մի ախպեր: Ավտոներով արդեն դուրս էինք գալիս գյուղից, էդ կինը (զոհվածի մայրը-խմբ.) հետ էր նայում, տենա էրեխեն գալիս ա, թե չէ. չի հավատում որ էրեխեն չկա: Մինչև հիմա սպասում ա, որ գալու ա»,- աչքերը լցրած՝ պատմում է տիկին Ռուզաննան: Նրա ընտանիքում ևս զոհ կա՝ ամուսնու զարմիկը՝ 19 տարեկան զինվոր: Ասում է՝ փորձում են Կարմիր խաչի օգնությամբ մարմինը տեղափոխել Հայաստան: Իրենք էլ սպասում են ընտանիքի այլ անդամներ էլ միանան, որ ճանապարհվեն Երևան: Իսկ հետո՞: «Հետո կգնամ Պյատիգորսկ, աղջիկս էնտեղ ա: Հետո քիչ-քիչ Հայաստանն էլ կհայաթափվի, ոնց որ Արցախը հայաթափվեց»:  Տիկին Ռուզաննան՝ Գոհարի հետ Պատի տակ միայնակ կանգնած աղջնակին հարցնում եմ՝ ու՞մ հետ ես: Բաբոյի: Մինչ փորձում եմ հասկանալ՝ ով է Նարեի տատիկը, տեսնեմ՝ աջ կողմում մի կին փորձում է «կարգի բերել» թափառական շան հետևից վազվզող չարաճճիներին՝ Արենին ու Ալենին. մեկի ձեռքից բռնում, փողոցից հեռացնում է, մինչև մոտեցնում է մայթին, մյուսն է փախչում: Տիկին Գոհարի ընտանիքը երկրորդ անգամ է տունը կորցնում: 2020թ. Շուշիից փախել են Ստեփանակերտ, հիմա՝ Գորիս, հետո… «երևի Ռուսաստան, էնտեղ բարեկամներ ունենք»: Արենը, Ալենը ու Նարեն «Գորիս» հյուրանոցի բակում տղամարդիկ մտահոգ ծխում են: Իրար հետ չեն խոսում, անծանոթների հետ չեն հաղորդակցվում: Հյուրանոցի միջանցքը մարդաշատ է, բազմոցի վրա թռվռացող մի երեխա տասը մատով թաթախված՝ շոկոլադ է վայելում, որի համը երևի արդեն մոռացել էր: Մի տղամարդ հերթով տոպրակից հանում է մրգերը, քաղցրավենիքը, հյութերը և բաժանում իրար հերթ չտվող փոքրիկներին ու նրանց ծնողներին: Կարճ գանգուրներով մի աղջնակ հազիվ է ձեռքերի մեջ պահում ստացած օգնության փաթեթները: «Տոպրակ կտա՞ս»,- ժպտալով դիմում է ինձ: «Ես Լարիսան եմ,- ներկայանում է ինքը, հետո ծանոթացնում եղբոր հետ.- ինքն էլ Արծիվն ա (Արտյոմ-խմբ.)»:  Լարիսայի ընտանիքը Եղցահողից է գաղթել, թեև ինքը՝ Լարիսան, հպարտորեն նշում է, որ ինքը շուշեցի է: «Շուշիի ծննդատանն է ծնվել»,- ուղղում է մայրը: Տիկին Սուսանի ընտանիքի հայրենի Եղցահողն ամբողջությամբ դատարկվել է: «Ամսի 20-ին, գիշերվա ժամը մեկին էրեխեքին հանեցինք, բերեցինք ռուսի պոստը: Մեր գյուղը լրիվ հանել են, կողքի գյուղերն էլ՝ Հին Շենը ու Մեծ Շենը: Ոչ մի բան չենք վերցրել՝ ոչ շոր, ոչ մի բան: Գյուղապետն ավտո տրամադրեց, գյուղից հանեց: Մենք դուրս ենք էկել, թուրքերը մեր հետևից մտել են գյուղը»,- պատմում է նա: Ռուսական անցակետում, ըստ տիկին Սուսանի, երեք գյուղերի բնակիչներին տեղավորել են և սնունդ տրամադրել, հետո ուղեկցել մինչև Կոռնիձոր: Անցակետում զննում չեն անցել, մեքենաներից չեն իջեցրել, ստուգել են միայն անձնագրերը:  Տիկին Սուսանը՝ Լարիսայի և Արտյոմի հետ Տիկին Սուսանի ընտանիքը ո՛չ Գորիսում, ո՛չ Երևանում բարեկամներ ու հարազատներ չունի: Ասում է՝ քաղաքում չի կարող ապրել: Ո՞րն է հաջորդ կայարանը՝ չգիտի, բայց Ռուսաստան չի գնա. «Ես գյուղ տեղ եմ ուզում, որ մի աշխատանք գտնեմ, էրեխեքիս պահեմ»: Կողքից մի տղամարդ հարցնում է. «Մեղրիում չե՞ք ուզի ապրել, հրավիրում եմ»: «Մեղրի՞, մոտիկ չի՞ թուրքին: Մոտիկ ա: Բա որ գնամ էնտեղ, մի հատ էլ էնտեղ հարձակվեն»:  Հյուրանոցի միջանցքը դատարկվում է: Ստեփանակերտի գազալցակայանի հրդեհից արդեն հրապարակված կադրեր կան: Բազմոցի վրա մի կին աղիողորմ ճչում է և արդեն որերորդ անգամ կրկնում. «Մամա, զանգում եմ չի պատասխանում, զանգ տուր Վարդանին»:  Հյուրանոցից լուռ դուրս եմ գալիս: Դրսում ժամանակը կանգ է առել։ Տղամարդիկ հուսահատ ծխում են՝ կարծես նույն դիրքով, ինչ մեկ ժամ առաջ էին: Իսկ ականջներիս մեջ դեռ զնգում է. «Մամա՛, զա՛նգ տուր Վարդանին»:    Հեղինակ՝ Վիկտորյա Անդրեասյան Լուսանկարները՝ Էնթոնի Պիզզոֆերատոյի
12:58 - 26 սեպտեմբերի, 2023
Անհրաժեշտ է գնահատել հումանիտար աղետի կարիքները, միջազգային գործընկերներին ծանոթացնել մանրամասներին. ՀՀ ԱԳ փոխնախարար
 |armenpress.am|

Անհրաժեշտ է գնահատել հումանիտար աղետի կարիքները, միջազգային գործընկերներին ծանոթացնել մանրամասներին. ՀՀ ԱԳ փոխնախարար |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը կարևորում է հումանիտար աղետի բոլոր կարիքների գնահատումը, որպեսզի համապատասխան օգնություն հասցվի, ինչպես նաև՝  միջազգային գործընկերներին մանրամասներին ծանոթացնելը: Հովհաննիսյանն այս մասին ընդգծեց «Արմենպրես»-ի հետ զրույցում Գորիսի կոորդիանցիոն կենտրոնում: «Բոլորս տեսնում ենք այս աղետալի հումանիտար իրավիճակը: Սա ԱԳՆ-ի ջանքերի առաջնային խնդիրներից մեկն է: ԱՄՆ ՄԶԳ տնօրեն Սամանթա Փաուերի և պետքարտուղարի տեղակալ Յուրի Քիմի ղեկավարությամբ այս այցն էլ այդ ջանքերի արդյունքն է: Նմանատիպ աշխատանքներ ենք տանում բոլոր միջազգային կազմակերպությունների, գործընկեր երկրների հետ, սա վերջին այցը չի լինի»,-ասաց Հովհաննիսյանը: Փոխնախարարն ընդգծեց՝ անհրաժեշտ է գնահատել այս հումանիտար աղետի բոլոր կարիքները, որ համապատասխան օգնություն հասցվի, ինչպես նաև կարևոր է տեսնել իրավիճակը, միջազգային գործընկերներին ծանոթացնել բոլոր մանրամասներին: Այս պահին բոլոր աշխատանքներն ուղղված են այս նպատակին: Հովհաննիսյանը վստահեցրեց, որ թե միջազգային տարբեր հարթակներում, թե երկրների հետ երկկողմ մակարդակով տարվում են անհրաժեշտ աշխատանքներ: Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից ԼՂ-ի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչներին: Հայկական կողմն ոայս պահի տվյալներով ունի առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր։ Նրանց թվում նաև քաղաքացիական անձինք են: Սեպտեմբերի 20-ին ԼՂ իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ։ Սեպտեմբերի 21-ին Եվլախում կայացավ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը, երկրորդ հանդիպումը տեղի ունեցավ սեպտեմբերի 25-ին Իվանյանում (Խոջալու): Սեպտեմբերի 24-ին հայտարարվեց, որ ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստան կիրականացվի այն ընտանիքների տեղափոխումը, որոնք վերջին ռազմական գործողությունների հետևանքով մնացել են անօթևան և հանրապետությունից դուրս գալու ցանկություն են հայտնել։ Սեպտեմբերի 26-ին ժամը 08:00 դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 13 550 անձ:
12:51 - 26 սեպտեմբերի, 2023
Պայթյունի հետևանքով տուժած արցախցիներին տեղափոխող առաջին ուղղաթիռը իջել է Սիսիան․ ՀՀ ԱՆ

Պայթյունի հետևանքով տուժած արցախցիներին տեղափոխող առաջին ուղղաթիռը իջել է Սիսիան․ ՀՀ ԱՆ

Լեռնային Ղարաբաղում պայթյունի հետևանքով տուժած մեր հայրենակիցներին տեղափոխող առաջին ուղղաթիռը իջել է Սիսիան: ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այնտեղից նրանք կտեղափոխվեն մայրաքաղաքի բժշկական կենտրոններ: Հիշեցնենք՝ երեկ՝ սեպտեմբերի 25-ին, Ստեփանակերտում վառելիքի պահեստում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Ըստ Արցախի ԱՆ-ի՝ 290 անձ տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է բուժհաստատություններ, 7 հիվանդ մահացել է հիվանդանոցում, 13 չճանաչված մարմին տեղափոխվել է «Դատաբժշկական փորձաքննության բյուրո»։  Պայթյունից տուժած տասնյակ հիվանդներ դեռևս գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ Բազմաթիվ անձինք անհետ կորած են, քանի որ պայթյունի հետևանքով այրվել են և նրանց վերաբերյալ լրացուցիչ տվյալներ պետք է ճշտվեն։ ՀՀ ԱՆ-ն այսօր հայտնել էր, որ ուղղաթիռով բժիշկների թիմը՝ անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով մեկնել է դեպի Ստեփանակերտ։  
11:50 - 26 սեպտեմբերի, 2023
Սյունիքը կարող է միջազգային օդանավակայան ունենալ
 |hetq.am|

Սյունիքը կարող է միջազգային օդանավակայան ունենալ |hetq.am|

hetq.am: Կապանի «Սյունիք» օդանավակայանը Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի կողմից (IATA) եռանիշ կոդ է ստացել՝ YUK, ինչը նշանակում է, որ այն կարող է սպասարկել միջազգային կանոնավոր չվերթեր: Մինչ այս «Սյունիքն» արդեն ստացել էր Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO, կառույց է ՄԱԿ-ի համակարգում) քառանիշ կոդ՝ UDCK, ինչը նրան իրավունք էր տալիս սպասարկել միջազգային ոչ կանոնավոր (չարտերային, սեզոնային) չվերթեր:  Հատկանշական է, որ «Սյունիքը» ՀՀ ընդամենը երրորդ օդանավակայանն է, որն ունի IATA-ի կոդ: «Զվարթնոց» (Երեւան) – EVN (IATA), UDYZ (ICAO)«Շիրակ» (Գյումրի) – LWN (IATA), UDSG (ICAO)«Սյունիք» (Կապան) – YUK (IATA), UDCK (ICAO)«Էրեբունի» (Երեւան) – UDYE (ICAO)«Ստեփանավան» (Ստեփանավան/Տաշիր) – UDLS (ICAO), ներկայում չի շահագործվում Չնայած ֆորմալ առումով Սյունիքի մարզկենտրոնն այսուհետ կարող է ընդունել կանոնավոր եւ ոչ կանոնավոր միջազգային չվերթեր, իրականությունն այն է, որ Կապանի օդանավակայանը ներկայում սպասարկում է միայն ներքին չվերթ՝ Երեւան-Կապան-Երեւան: Ընդ որում՝ ներքին ուղեւորափոխադրումները դեպի Կապան սկսվեցին այս տարվա օգոստոսի 21-ից:  Թռիչքներն իրականացնում է երեւանյան «ՆովԷյր» ավիաընկերությունն իր միակ՝ «L-410UVP-E20» ինքնաթիռով (ՀՀ գրանցումը՝ EK-4117), որը նախատեսված է 19 հոգու համար:  Օգոստոսի 17-ին այս օդանավով աշխատանքային այցով Երեւանից Կապան էր մեկնել վարչապետ Փաշինյանը: Նույն օրը հայտարարվեց, որ օգոստոսի 19-ին՝ Կապանի օրվա առիթով, կլինի Երեւան-Կապան ներկայացուցչական չվերթ, որից հետո նախատեսվում են կանոնավոր չվերթեր: Ամսի 19-ին Երեւանից Կապան էին թռել վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմեն Ստեփանյանը։ Նկատենք, որ օդանավի սեփականատերը հենց ԶՊՄԿ-ի բարեգործական հիմնադրամն է: Սյունիքի մարզպետի աշխատակազմը հայտարարեց, որ թռիչքները լինելու են յուրաքանչյուր երկուշաբթի եւ ուրբաթ: Թռիչքը Երեւանից՝ 08:00-ին, Կապանից՝ 10:00-ին: Առաջին չվերթը, ինչպես ասվեց, տեղի ունեցավ օգոստոսի 21-ին: Դրանից հետո չվերթեր են կայացել նաեւ սեպտեմբերի 1-ին ու 4-ին: Իսկ ահա մնացած 7 չվերթերը չեն կայացել եղանակային վատ պայմանների պատճառով: Բանն այն է, որ դեպի Կապան եւ այնտեղից հետադարձ չվերթերը կատարվում են վիզուալ թռիչքների կանոններով (VFR), որոնց դեպքում եղանակի համար նախատեսված են շատ ավելի խիստ պահանջներ, քան սարքավորումներով թռիչք (IFR) կատարելիս: Այսինքն՝ եթե եղանակն այնպիսին է, որ չեն ապահովվում VFR-ով նախատեսված նվազագույն պայմանները, ապա չվերթ չի կարող կատարվել:  Ժամանակին ավիատորների շրջանում քննարկվում էր այն հարցը, որ Կապանը կարող է որպես միջազգային օդանավակայան ընդունել եւ ճանապարհել Իրանից եկող եւ դեպի Իրան մեկնող չվերթեր համեմատաբար փոքր ինքնաթիռների կատարմամբ: Ինչու՞ փոքր ինքնաթիռների. որովհետեւ «Սյունիք» օդանավակայանի աերոդրոմը սերտիֆիկացվել է որպես «2B» դասի աերոդրոմ, ինչը նշանակում է, որ այն կարող են օգտագործել այնպիսի օդանավեր, որոնց թեւերի լայնքը 15-24 մ է, իսկ շասսիի արտաքին ակերի հեռավորությունը միմյանցից՝ 4,5-6 մ: 19 հոգու համար նախատեսված «L-410»-ը հենց նման ինքնաթիռ է:  Այլ կերպ ասած՝ «Սյունիք» օդանավակայանը չի կարող ընդունել այնպիսի խոշոր օդանավեր (օրինակ՝ «Boeing» կամ «Airbus»), որոնք վայրէջք են կատարում Երեւանի «Զվարթնոցում» կամ Գյումրու «Շիրակում» (սրանք ունեն «4D» դասի աերոդրոմներ): Բայց ավելի փոքր օդանավերի հարցում այն պետք է որ խնդիր չունենա:  Այստեղ, բնականաբար, պետք է հաշվի առնել արտաքին անվտանգային գործոնը, քանի որ «Սյունիք» օդանավակայանը գտնվում է հայ-ադրբեջանական սահմանի, իսկ ներկա պայմաններում՝ հակամարտ զորքերի շփման գծի անմիջական հարեւանությամբ: Հիշեցնենք, որ օգոստոսին ադրբեջանցիները մի քանի անգամ սադրանքի դիմեցին՝ կրակելով օդանավակայանի շենքի ուղղությամբ:  Կա եւս մի խնդիր «Սյունիքը» միջազգային օդանավակայան դարձնելու հարցում: Խոսքը ՀՀ կառավարության եւ արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության միջեւ 2001 թ. դեկտեմբերին կնքված պայմանագրի մասին է: Հիշեցնենք, որ այդ պայմանագրով 2002 թ. հունիսից «Զվարթնոցը» 30 տարով կոնցեսիոն կառավարման հանձնվեց Էռնեկյանի նորաստեղծ ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին, իսկ 2007-ին պայմանագրում ներառվեց նաեւ «Շիրակ» օդանավակայանը:  Իսկ ահա «Սյունիք» օդանավակայանն իր հերթին 2017 թ. սեպտեմբերին կնքված կոնցեսիոն պայմանագրով Կապանի համայնքապետարանը 25 տարով անհատույց հանձնել է ««Սյունիք» օդանավակայան» ՍՊԸ-ին, որը 50-50 համամասնությամբ պատկանում է Սյունիքի մարզի զարգացման եւ ներդրման հիմնադրամին (պետական հիմնադրամ է) եւ ԶՊՄԿ-ի բարեգործական հիմնադրամին: Կառավարության եւ Էռնեկյանի միջեւ 2001 թ. կնքված կոնցեսիոն պայմանագրով, երբ «Շիրակը» դեռ դրանում ներառված չէր, նախատեսվել է, մասնավորապես, հետեւյալը (ընդգծումները «Հետքինն» են). «Եթե ՀՀ կառավարությունը ուղղակիորեն կամ երրորդ անձանց հետ կնքվող պայմանագրի միջոցով (ա) կառուցում է օդավանակայանից («Զվարթնոցից» - հեղ.) բացի որեւէ այլ միջազգային օդանավակայան ՀՀ տարածքում կամ գոյություն ունեցող օդանավակայաններից որեւէ մեկը դարձնում միջազգային օդանավակայան, կամ (բ) կառուցում է տեղական նշանակության օդանավակայան օդանավակայանից («Զվարթնոցից» - հեղ.) երկու հարյուր հիսուն (250) կմ շառավղով հեռավորության վրա, ապա նշված շինարարության սկսվելու պահից մինչեւ ավարտին հաջորդող մեկ տարվա ավարտի պահը կառավարիչն իրավունք ունի դադարեցնել սույն պայմանագիրը [...] եւ համապատասխան հատուցում ստանալ ՀՀ կառավարությունից: Կողմերն ընդունում են ի գիտություն, որ Գյումրու օդանավակայանը սպասարկում է թռիչքներ ԱՊՀ երկրներ։ Գյումրու օդանավակայանը, բացի ԱՊՀ երկրներ թռիչքներից, միջազգային թռիչքներ սպասարկել չի կարող»։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
12:08 - 25 սեպտեմբերի, 2023
Լեռնային Ղարաբաղի բնակիչները պիտի արժանանան հարգանքի եւ արժանապատիվ վերաբերմունքի․ կոնգրեսական Գարի Փիթերս |aravot.am|

Լեռնային Ղարաբաղի բնակիչները պիտի արժանանան հարգանքի եւ արժանապատիվ վերաբերմունքի․ կոնգրեսական Գարի Փիթերս |aravot.am|

aravot.am: Հայաստան ժամանած ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությունը, որը գլխավորում է սենատոր Գարի Փիթերսը, սեպտեմբերի 23-ին այցելեց Սյունիքի մարզ։ Գորիսում նրանց դիմավորեց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։ «Միրհավ» հյուրանոցային համալիրում կայացած հանդիպմանը, որին մասնակցեց նաեւ Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, մարզպետը կոնգրեսականներին ներկայացրեց ստեղծված իրավիճակը, նաեւ քննարկվեցին  Հայաստանի եւ Արցախի առաջ ծառացած անվտանգային ու հումանիտար մարտահրավերները։ Ղուկասյանը կոնգրեսականներին ուղեկցեց նաեւ Կոռնիձոր՝ որտեղ դեռ կայանված են հումանիտար օգնությամբ Արցախի համար նախատեսված բեռնատարները։ ԱՄՆ սենատորները համոզվեցին, որ Լաչինի միջանցքը դեռ փակ է։ «Կարծում եմ՝ միջազգային իրազեկման անհրաժեշտություն կա։ Մարդիկ խուճապի մեջ են։ Աշխարհը պետք է իմանա, թե ինչ է կատարվում այնտեղ։ Մենք Ադրբեջանի կառավարությունից լսում ենք, որ անհանգստանալու կարիք չկա, եւ եթե այդ պնդումը համապատասխանում է իրականությանը, նշանակում է, որ միջազգային դիտորդները կարող են մուտք գործել, որպեսզի տեղում ծանոթանան իրավիճակին»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է նա։ Փիթերսը  հանդիպել է  նաեւ Սյունիքում գտնվող այն արցախցիների հետ, որոնք  փակ ճանապարհի պատճառով չեն կարողացել  հասնել իրենց ընտանիքներին  ու հարազատներին։ «Նրանք ամիսներ շարունակ տառապում են այդ շրջափակման պատճառով։ Հիմա էլ անհանգստանում են իրենց հարազատների համար։ Սննդամթերքի, բժշկական պարագաների, վառելիքի պակաս կա։ Իրավիճակը ծայրահեղ ծանր է»,- ասաց Գարի Փիթերսը՝ հավաստիացնելով, որ իր տեսածի մասին կպատմի ԱՄՆ իր գործընկերներին։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
20:54 - 23 սեպտեմբերի, 2023