#armVote

2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում կանխատեսվում են խորհրդարանական արտահերթ ընտրություններ: 

2021 թվականի մարտի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս որոշումը կայացվել է ՀՀ նախագահի, «Իմ քայլը» խմբակցության, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ քննարկումներից հետո։

ՀՀ Սահմանադրությունը սահմանում է, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու համար Ազգային ժողովը պետք է արձակվի, դրա համար վարչապետը պետք է հրաժարական ներկայացնի, որից հետո 2 շաբաթում 2 անգամ անընդմեջ չընտրվի նոր վարչապետ, այնուհետեւ ոչ շուտ, քան 30 եւ ոչ ուշ, քան 45 օր հետո նշանակվեն նոր ընտրություններ։

Այս գործընթացի համար վարչապետը հրաժարական է ներկայացրել 2021 թվականի ապրիլի 25-ին, եւ արդեն մեկ անգամ չի ընտրվել։ Վարչապետի ընտրության հարցով հաջորդ նիստը կգումարվի մայիսի 10-ին։

Քաղաքական մի շարք ուժեր կարեւորում են նախքան ընտրությունները Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ընդունումը։ Խորհրդարանական մեծամասնությունը հայտարարել էր, որ Օրենսգրքում փոփոխություններ անելու որոշում ունեն, դրանցից որոշներն արդեն ընդունվել են, մասնավորապես, ռեյտինգային ընտրակարգը վերացվել է։ ԸՕ փոփոխությունների մեծ փաթեթը դեռեւս ընդունված չէ։

Կարող եք կատարել նվիրատվություն հետևյալ հղումով՝

Նվիրաբերել
Առանց համախմբման ռեսուրսները ծախսվելու են իրար ոչնչացնելու համար, մեր ամենակարևոր ուղերձը համախմբումն է․ Էդմոն Մարուքյան |tert.am|

Առանց համախմբման ռեսուրսները ծախսվելու են իրար ոչնչացնելու համար, մեր ամենակարևոր ուղերձը համախմբումն է․ Էդմոն Մարուքյան |tert.am|

tert.am: Ամենակարևոր ուղերձը պիտի համախմբումը լինի, բոլորը ունեն լավ ծրագրեր, բայց առանց համախմբման ոչ մի կարևոր ծրագիր կյանքի չի կոչվելու․ որովհետև ներուժ չի լինելու։ Այս մասին Գյումրիում քարոզարշավի ընթացքում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը։«Ամբողջ ռեսուրսը ծախսվելու է իրար ոչնչացնելու վրա, ինչպես որ մինչև այսօր եղել է։ Եվ դրա համար սիրելի գյումրեցիներ, շիրակցիներ ԼՀԿ-ն առաջարկում է հունիսի 20-ին գնացեք ընտրական տեղամասեր վերցրեց թիվ 9 քվեաթերթիկը և քվեարկեք հանուն համերաշխության, քվեարկեք հանուն միասնության, քվեարկեք հանուն մեր բոլորի համախմբման, բոլորի ռեսուրսները մեկտեղ հանուն մեր պետության օգտագործման։ Սա է մեր օրակարգը, այս օրակարգով ենք այստեղ»,- ասաց նա։Էդմոն Մարուքյանի խոսքով՝ յուրաքանչյուրը պետք է իրացնի իր սահմանադրական իրավունքն իր քվեով երկրի կառավարմանը մասնակցելու ձևով։ Ըստ նրա՝ ընտրությանը մասնակցելը նաև պարտականություն է։«Ձեր իրավունքից օգտվեք, որ վաղը չէ մյուս օրը չասեք դժգոհ ենք այս մեկերից, այն մեկերից։ Կատարեք ընտրություն, պատասխանատու կերպով մոտեցեք այդ մեկ ձայնին»,- ասաց նա։
20:14 - 12 հունիսի, 2021
«Հանրայինի նկատմամբ քաղաքական ճնշումների փորձեր են արվում»․ հեռուստաընկերությունը դիմում է ԿԸՀ, ՀՌՀ, ՄԻՊ՝ հրատապ արձագանքի համար

«Հանրայինի նկատմամբ քաղաքական ճնշումների փորձեր են արվում»․ հեռուստաընկերությունը դիմում է ԿԸՀ, ՀՌՀ, ՄԻՊ՝ հրատապ արձագանքի համար

Հանրային հեռուստաընկերությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ հեռուստաընկերության նկատմամբ քաղաքական ճնշումներ գործադրելու փորձեր են արվում։ Հայտարարությունում ասվում է․ «Հանրային հեռուստաընկերությունը գտնում է, որ Առաջին ալիքի նկատմամբ քաղաքական ճնշումների  փորձեր են արվում: Հանրային հեռուստաընկերությունը դիմում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին, Մարդու իրավունքների պաշտպանին, ինչպես նաև միջազգային դիտորդներին և կոչ է անում պաշտպանել Հանրայինի՝ անաչառության ու ոչ խտրական վերաբերմունքի հանձնառությունը: Օրերս Հանրային հեռուստաընկերությանը նախընտրական քարոզչության նպատակով տարբեր քաղաքական ուժերի կողմից տրամադրվել են օրենքի տեսանկյունից վիճահարույց տեսահոլովակներ, որոնք պարունակում են բռնության կոչեր ու տեսարաններ, հեղինակային իրավունքների խախտումներ, վիրավորանք, զրպարտություն: Նախօրեին Հանրային հեռուստաընկերությունը գրություն է ուղարկել ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին՝ խնդրելով զերծ մնալ այնպիսի տեսահոլովակներ տրամադրելուց, որոնք կարող են հակասել ՀՀ օրենսդրությանը և զգուշացրել, որ վերոգրյալը կարող է հիմք հանդիսանալ տեսանյութերը Հանրային հեռուստաընկերության եթերում չհեռարձակելու համար: Հանրայինը հերքում է, որ իր եթերում դիտարկվում են միայն որոշ ուժերի հոլովակներում հնարավոր խախտումները: Օրենքի առաջ հավասար են բոլոր քաղաքական ուժերը. մինչ օրս կուսակցությունների ու դաշինքների հետ համագործակցությամբ մի շարք հոլովակներում շտկումներ են արվել: Նման միջադեպերից խուսափելու համար Հանրայինն ակնկալում է վերը նշված կառույցների շտապ խորհրդատվակական կարծիքը՝ հստակ և համապարփակ մոտեցում ցուցաբերելու համար՝ պատրաստակամություն հայտնելով տրամադրել անհրաժեշտ բոլոր նյութերը»:
19:56 - 12 հունիսի, 2021
Իմ նախագահության տարիներին եղել է կարգապահության և պատասխանատվության բռնապետություն․ Ռոբերտ Քոչարյան |tert.am|

Իմ նախագահության տարիներին եղել է կարգապահության և պատասխանատվության բռնապետություն․ Ռոբերտ Քոչարյան |tert.am|

tert.am: Խոսում են իմ նախագահության տարիներին բռնապետության մասին: Միգուցե, այդ ժամանակ նման ինչ-որ բան մի թեթև եղել է, բայց միայն պետական կառավարման հանդեպ: Այս մասին Վանաձորում կայացած հանրահավաքում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը՝ հավելով, որ եթե խնդիր է դրված, այն պետք է կատարել։ Ըստ նրա՝ իր նախագահության տարիներին եղել է կարգապահության և պատասխանատվության բռնապետություն։«Պետք է ծրագիր իրականացնել` ճղվիր, բայց իրականացրու ծրագիրը: Պատասխանատվության բռնապետություն: Ինչը հիմա բացարձակապես չկա: Բռնապետություն ընդդեմ ստի: Ոչ մի պաշտոնյա չի կարող ստել: Ես այդ գործը լավ եմ անում: Մենք գալիս ենք, որպեսզի բերենք արժանապատիվ խաղաղություն, վերականգնենք բանակը, պաշտպանենք սահմանները, ապահովենք տնտեսական աճ․․․Եթե ցանկանում եք, որ պետական համակարգն աշխատի ժամացույցի պես, վստահեք մեզ»,-ասաց նա։ Շարունակությունը՝ tert.am-ում։
19:35 - 12 հունիսի, 2021
Ժամավճար հասկացությունը պետք է բացառվի. ուրիշ ինչ առաջարկներ ունի Ազատական կուսակցությունը |armeniasputnik.am|

Ժամավճար հասկացությունը պետք է բացառվի. ուրիշ ինչ առաջարկներ ունի Ազատական կուսակցությունը |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Ազատական կուսակցության կառավարման խորհրդի քարտուղար, պատգամավորի թեկնածու Արամ Ղլեչյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին և այդ համատեքստում իրենց կուսակցության ծրագրային դրույթներին։ Արամ Ղլեչյանի փոխանցմամբ` իրենց կուսակցությունը հատուկ առանձնացրել է պաշտպանությանը միտված քաղաքականությունը, ինչպես նաև գյուղատնտեսության, առողջապահության, կրթության, պետական կառավարման, տնտեսական, իրավական ոլորտներում տարվող քաղաքականությունը։ Դրանք առանցքային ուղղություններն են, և կուսակցությունն ունի նոր առաջարկներ, որոնք կարող են հետաքրքրել քաղաքացիներին։ «Մասնավորապես պաշտպանության ոլորտում առաջարկում ենք անհապաղ անցնել արհեստավարժ բանակի, որոնհետև միայն այդպիսի բանակն է ունակ հինգերորդ սերնդի պատերազմների պարագայում առանց կենդանի ուժի կորստյան ապահովել մեր սահմանների անձեռնմխելիությունը, մեր պետականության անկախությունը։ Կարծում ենք, որ պետական անվտանգությունը բոլոր դեպքերում հնարավոր է ապահովել միայն արդիական սպառազինության, ֆիզիկական ու տեխնիկական բարձր պատրաստվածությամբ օժտված անձնակազմի միջոցով, որի համար նախատեսում ենք պայմանագրային աշխատավարձ սահմանել ՀՀ–ում նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով»,– նշեց Ազատական կուսակցության կառավարման խորհրդի քարտուղարը։ Ղլեչյանի խոսքով` առողջապահության ոլորտում կուսակցությունն առաջարկում է հեղափոխական մոտեցում, այն է` բժշկական օգնության պետական ապահովագրական համակարգի ներդրում, ինչի շնորհիվ հնարավոր կլինի վերականգնել հասարակական համերաշխությունն այն սկզբունքով, որ ՀՀ բոլոր քաղաքացիներն, անկախ իրենց նյութական վիճակից, կունենան անհրաժեշտ բուժօգնություն ստանալու հավասար պայմաններ, և որևէ քաղաքացի այլևս ֆինանսական վիճակով պայմանավորված` չի զրկվի կյանքի իրավունքի իրացման հնարավորությունից։   Շարունակությունը՝ armeniasputnik.am-ում։
19:28 - 12 հունիսի, 2021
Եթե մարդու հետ 26 ուժ խոսի, նա հոգեկան տվայտանքների կենթարկվի. «Հայոց Հայրենիք» կուսակցության վարչապետի թեկնածու |armtimes.com|

Եթե մարդու հետ 26 ուժ խոսի, նա հոգեկան տվայտանքների կենթարկվի. «Հայոց Հայրենիք» կուսակցության վարչապետի թեկնածու |armtimes.com|

armtimes.com: «Կազմաքանդված պետական համակարգի վերականգնում, գերիների վերադարձ, 44-օրյա պատերազմում անհետ կորած անձանց ճակատագրերի պարզում, Արցախի և Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնում». ահա սա է «Հայոց Հայրենիք» կուսակցությունն առաջարկում իր ընտրողներին: Նախընտրական քարոզարշավը կուսակցությունը իրականացնում է դեպի մարզեր այցելությունների միջոցով: Կուսակցության վարչապետի թեկնածու Արտակ Գալստյանի խոսքով՝ կուսակցությունը ստանդարտ հավաքներ չի կազմակերպում, թիմակիցները բուկլետների և գյուղից գյուղ, տնից տուն հանդիպումների միջոցով են մարդկանց ներկայացնում իրենց նախընտրական ծրագրերը: «Հայոց Հայրենիք»-ն իր նախընտրական ծրագրում առաջարկում է Հայաստանի և Սփյուռքի ներուժի ամբողջական միավորում, գործընկեր-բարեկամական հարաբերությունների խորացումը ՌԴ-ի հետ, ԱՄՆ-ի հետ գործընկերային հարաբերությունների հաստատում, քրդերի, եզդիների մասսայական ոչնչացման ու հայրենազրկման ճանաչումը՝ որպես ցեղասպանություն:  Արտակ Գալստյանի հետ մեր զրույցը՝ ստորև. - Պարոն Գալստյան, արդեն 5-րդ օրն է, ինչ քարոզարշավը մեկնարկել է: Ինչպե՞ս եք գնահատում քարոզարշավի մթնոլորտը: Ձեր կուսակցությունը այս ընթացքում որևէ խոչընդոտի հանդիպել է: - Մեր կուսակցությունը հավաքներ չի կազմակերպում, քանի որ դրա կարիքը չկա: 26 ուժ է մասնակցում ընտրություններին, պատկերացրեք ցանկացած մարդու հոգեվիճակ, երբ որ միանգամից 26 ուժ է իր հետ խոսում, այդ մարդը ընկնում է հոգեկան տվայտանքների մեջ: Այդ պատճառով մենք աշխատում ենք այցելությունների միջոցով հանդիպել մարդկանց հետ: Միջադեպի արդեն հանդիպել ենք. երբ Լոռու մարզում իրականացնում էինք քարոզարշավ, միկրոավտոբուս եկավ՝ «Ապագա կա պաստառով», մի անձնավորություն իջավ և հարձակվեց մեր կին թեկնածուներից մեկի վրա: Ոստիկանները ժամանակին արձագանքեցին, և այդ մարդը տեղափոխվեց բաժին: Շարունակությունը՝ armtimes.com-ում։
18:46 - 12 հունիսի, 2021
Ընտրակեղծարարները խոսում են, որ այս իշխանությունները պատրաստվում են կեղծել ընտրությունները․ Արարատ Միրզոյան

Ընտրակեղծարարները խոսում են, որ այս իշխանությունները պատրաստվում են կեղծել ընտրությունները․ Արարատ Միրզոյան

Շատ տարբեր են այն խոսույթները, ձևակերպումները, որոնք կիրառվում են ընդդիմադիր մի քանի ուժերի կողմից, և «Քաղաքացիական պայմանագրի» կողմից, մեր բանախոսների կողմից զանազան հարթակներում։ Այս մասին «Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցի ընթացքում հայտարարել է յոթերորդ գումարման Ազգային ժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի երկրորդ համար Արարատ Միրզոյանը։ Նրա խոսքով՝ անտեսանելի գիծ կա իշխանությունների դեմ պայքարելու, և արդեն այդ պայքարը պետության և ողջ հասարակության դեմ տանելու։ «Սա մաքուր պատերազմ է ՀՀ –ի դեմ և ՀՀ-ում հիմա կան մարդիկ, կան քաղաքական ուժերի ղեկավարներ, ներկայացուցիչներ, որոնք տանում են այս պատերազմը։ Ես կրկնում եմ՝ երբեմն նույնիսկ տպավորություն է ստեղծվում, որ որոշ ընդդիմադիրների ձևակերպումները, գործողությունները և Ադրբեջանի իշխանությունների գործողությունները կարծես թե համակարգված են և մի կենտրոնից ուղղորդվեն։ Համենայն դեպս, շահերը մեկին մեկին այդպիսի պարագաներում համընկնում են»։ Արարատ Միրզոյանը նշեց, որ իր խոսքը հիմնականում վերաբերում է այն քաղաքական ուժերին, որոնք մասնակցում են խորհրդարանական արտահերթ ընտրություններին։ «Ես նկատի ունեմ հենց Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած ուժին, Ռոբերտ Քոչարյանին, նկատի ունեմ Սերժ Սարգսյանին և նրա ղեկավարած ուժին, նախկին վարչապետ կար՝ նա էլ է մասնակցում՝ Հրանտ Բագրատյանը, որը հուշում էր՝ երբ ու ոտեղից է պետք  հարձակվել Հայաստանի վրա։ Մարդիկ կան, որ նախընտրական հոլովակներ ունեն, որտեղ ցույց է տալիս՝ ինչպես են բայրաքթարները հարվածներ հասցնում մեր զինուժին, այդ մարդիկ հաճույքով տարածում են հոլովակները, որոնք ստեղծված են ադրբեջանական քարոզչության մեքենայի կողմից և ուղղված եղել են և մինչ այժմ էլ ուղղված են մեր զինվորականների ռազմական ոգին կոտրելուն, և ընդհանրապես հայ ազգի դիմադրական ոգին կոտրելուն»։ Անդրադառնալով որոշ քաղաքական ուժերի դիտարկումներին, ըստ որոնց հունիսի 20-ին սպասվող խորհրդարանական արտահերթ ընտրությունները վատագույն ընտրություններն են լինելու, Միրզոյանը նշեց․ «Գողերն ու ավազակները խոսում են, որ այս իշխանությունները թալանում են, ընտրակեղծարարները խոսում են այն մասին, որ այս իշխանությունները պատրաստվում են ընտրություններ կեղծել։ Կարծեմ դա առաջին նախագահն էր ասել, որ վատագույն ընտրություններն են լինելու։ Խնդրում եմ, թող այդ մարդը և իր համակիրները հիշեն 1995 և 1996 թ․-ի ընտրությունները»։ Միրզոյանի խոսքով՝ 1991 թ․-ին դեմոկրատական ընտրություններ ունենալուց հետո առաջին անգամ մարդկանց պատկերացումներն ու երազանքները փշրվեցին այդ ընտրակեղծարարության ժայռերին, որոնք հիմնադրեցին և առաջինը իրականացրեցին իրենք 1995 և 1996-ին։ «Իրենց ի՞նչ է թվում, մարդկանց հիշողությունը այդքան կարճ է, կամ մոռացել ենք, կամ վե՞րջ, որ Արցախյան պատերազմ եղավ, էլ ոչ մեկ չի՞ հիշում, որ իրենք ընտրություն են կեղծել, էն մյուսները մարդ են սպանել Երևանի փողոցներում, Մարտի 1-ին կամ հարսնաքարներում, կամ Պապլավոկի սանհանգույցում»։ Նա նաև հավելեց,  որ ընտրապայքարը, քարոզարշավը և ձևակերպումները բավականին կտրուկ են և թեժ են։ «Մի կողմից սա լավ չի, որովհետև, այնուամենայնիվ, ցանկալի կլիներ ունենալ քաղաքական բանավեճ քաղաքական բովանդակության շուրջ՝ մի քիչ այլ տերմինաբանությամբ, բայց մյուս կողմից գուցե բարին այս է, և պետք է վերջնականապես գծեր քաշվեն, այդ մերժվածների կույտը ընդհանրապես նետվի պատմության աղբանոց։ Իրավունք չունեն և տեղ չունեն նրանք հայկական իրականության մեջ, որքան էլ որ իրենց միլիոնների հաշվին փորձեն մի քանի հոգի հավաքել իրենց կամ իրենց շտաբերի շուրջ և ինչ-որ շարժման իմիտացիա ստեղծել»։
18:30 - 12 հունիսի, 2021
«Ազատ Հայրենիք» դաշինքը մարզային քարոզարշավին անդրադարձել է բնապահպանական խնդիրներին |armenpress.am|

«Ազատ Հայրենիք» դաշինքը մարզային քարոզարշավին անդրադարձել է բնապահպանական խնդիրներին |armenpress.am|

armenpress.am: «Ազատ Հայրենիք» դաշինքի թիմը ընտրարշավի շրջանակներում հունիսի 11-ին այցելել է Տավուշ, Ալավերդի և Ստեփանավան: Քաղաքներում իրականացվել են քարոզչական երթեր: Բնակիչները դիմել են դաշինքի ղեկավարներին և թեկնածուներին իրենց հուզող հարցերով։ Հարցերը վերաբերել են կառավարող և նախկինում կառավարող ուժերի հետ համագործակցության և բնապահպանական խնդիրներին։ «Մենք սկզբունքորեն մերժում ենք որևէ քաղաքական դաշինք և միավորում ինչպես Նիկոլ Փաշինյանի և իր թիմի հետ, այնպես էլ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Երկուսին էլ պատասխանատու ենք համարում Հայաստանի ներկա իրավիճակի համար և չենք տեսնում իրենց հետ համագործակցության եզրեր»,-նշել է դաշինքի վարչապետի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը: Անդրադառնալով բնապահպանական հարցերին՝ նա ընդգծել է՝ հարկ է լիովին օգտագործել միջազգային օգնություն ներգրավելու առկա հնարավորությունները՝ երկրի տարածքի 50 տոկոսի վրա առկա կենսոլորտային արգելոցների բարելավման և նոր արգելոցների ստեղծման համար: «Պետության կողմից պահպանվող վայրի բնության տարածքը պետք է լինի երկրի տարածքի առնվազն 10 տոկոսը, տարածքի 40 տոկոսի վրա անհրաժեշտ է իրականացնել անտառային տնկարկներ` նոր էկոլոգիական համալիրներ ստեղծելու համար»,-շեշտել է Ղուկասյանը:
18:13 - 12 հունիսի, 2021
Ինչպե՞ս է լուծվելու Արցախյան հիմնախնդիրը․ ՔՊ-ի, ԼՀԿ-ի, ՀԱԿ-ի և «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչները ներկայացրին իրենց տեսակետները

Ինչպե՞ս է լուծվելու Արցախյան հիմնախնդիրը․ ՔՊ-ի, ԼՀԿ-ի, ՀԱԿ-ի և «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչները ներկայացրին իրենց տեսակետները

Մենք, ի վերջո, պիտի ընդունենք փաստը, որ խաղաղությունը չեն մուրում, չեն խնդրում, այն պարտադրում են։ Ե՛վ նախկին իշխանությունները, և՛ այսօրվա իշխանությունները ձախողել են իրենց պետականաշինության գործը, և դրա արդյունքում երկուսն էլ հրաժարվում են ստեղծել պարիտետային քննիչ հանձնաժողով, որը կքններ բացթողումները։ Այս մասին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Գևորգ Գորգիսյանը՝ Ազատություն ՌԿ-ի՝ «Արցախյան հիմնախնդիր, անվտանգություն» թեմայով բանավեճի ժամանակ։ Թեմայի շուրջ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության պատգամավորի թեկնածու Արման Մուսինյանը նշեց, որ Հայաստանը ծնկած, ջարդված, կազմալուծված, կազմաքանդված վիճակում է այս իշխանությունների վարած քաղաքականության շնորհիվ։ «Մի օրինակ բերեմ․ խոսում ենք Արցախի հարցի կարգավորման մասին, Հայաստանում այսօր ԱԳՆ գոյություն չունի։ Ինչ պետք է անի նոր իշխանությունը։ Առաջինը՝ պետք է լուծի պետական համակարգի կառավարելիության հարցը և պետական ինստիտուտների անխափան աշխատանքի հարցը, ապահովի ներքաղաքական կայունությունը, որպեսզի ունենա ուժեղ թիկունք բանակցություններում, երրորդը նաև բանակի վերականգնումը և ակտիվորեն ներգրավի Արցախի հարցով արտաքին դիվանագիտական հարաբերությունների մեջ և՛ գործընկերների, դաշնակիցների, դաշնակից կազմակերպությունների, և՛ նաև հակառակորդների՝ այդ թվում Ադրբեջանին»,- հավելեց Մուսինյանը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից Ռուբեն Ռուբինյանն էլ ընդգծեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում պիտի լուծվի հարցը, որը լուծված չէ, այսինքն՝ Արցախի կարգավիճակի հարցը՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հիման վրա։  «Եթե նկատել եք, վերջին շրջանում միջազգային հանրությունը և ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ակտիվորեն խոսում են սրա մասին, և անհրաժեշտ է վերաակտիվացնել ՄԽ գործունեությունը, միաժամանակ սրանից անհնար է տարանջատել մեր անվտանգային համակարգը, մեր բանակի արդիականացումը պիտի սրան զուգահեռ ընթանա»։ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Հայկ Մամիջանյանն էլ հայտնեց, որ իրենք հաստատ չեն կրկնի նախորդների սխալը, որը հետևյալն էր․ իրենք չգիտես ինչու փորձ էին կատարում բանակցել Ադրբեջանի հետ․ «Աշխարհում չկա ազգերի ինքնորոշման խնդիր, որը լուծվել է ուղիղ մետրոպոլիայի հետ բանակցություններով։ Դու չես կարող Ալիևի հետ բանակցել, որ էդ խնդիրը լուծես։ Դու պիտի բանակցես ամբողջ աշխարհի հետ, որ, ամբողջ աշխարհի մեծամեծներ անվանենք, գերտերություն անվանենք, ՄԽ համանախագահ երկրներ անվանենք, ճնշում գործադրեն մետրոպոլիայի վրա, որ դու կարողանաս ստանալ խնդրի լուծում։ Այլ կերպ ասած, լուծման տրամաբանությունը կարող է լինել միայն միջազգային շփումների և ոչ մի դեպքում Ադրբեջանի հետ ուղիղ բանակցությունների մեջ»։
17:55 - 12 հունիսի, 2021
Չենք բացառում․ «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը՝ «Հայաստան» դաշինքի հետ կոալիցիա կազմելու մասին

Չենք բացառում․ «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը՝ «Հայաստան» դաշինքի հետ կոալիցիա կազմելու մասին

Փաշինյանի հեռացումը ինքնանպատակ չէ, ավելին՝ նպատակը երկրի անվտանգ զարգացումն է, և Փաշինյանի հեռացումն ընդամենը անհրաժեշտ պայմաններից է։ Այս մասին Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը։ «Այսինքն՝ բոլոր երեք ուժերը («ՀԱԿ», «Հայաստան» դաշինք, «Պատիվ ունեմ» դաշինք - խմբ․) համարում են, որ Փաշինյանի առկայության պայմաններում մեր երկիրը կործանվելու է։ Եվ էստեղ միասնական է դիրքորոշումը։ Երկրի զարգացման հետ կապված՝ կան որոշակի տարբերություններ։ Սակայն չեմ կարող ասել՝ դրանք արմատական տարբերություններ են»,- նշեց նա։ Հարությունյանի խոսքով՝ ռեալ-պոլիտիկի տեսանկյունից երբ ունես զարգացման ուղիների հետ կապված որոշակի տարբեր մոտեցումներ, սա ոչ նպատակահարմար է, «Ես կարծում եմ՝ դա թյուր պատկերացում է, որ դրանով մեր ընտրազանգվածը փոշիանում է։ Չի փոշիանում, դա շատ լուրջ ընտրազանգված է, որի մի խումբը պաշտպանում է երրորդ նախագահի, մի խումբ՝ երկրորդ նախագահի, և վստահ եմ՝ բավականին մեծ խումբ նաև առաջին նախագահի մոտեցումները»։ Անդրադառնալով ընտրություններից հետո որևէ ուժի հետ դաշինք կազմելու հարցին՝ Դավիթ Հարությունյանն ընդգծեց, որ չեն բացառում, որ դաշինքներ կարող են ստեղծվել, բայց դաշինքների մասին պետք է խոսել հաջորդ փուլում՝ ընտրություններից հետո։ «Մի բան ակնհայտ է՝ բոլոր խոհեմ ուժերը շատ հստակ հայտարարել են, որ որևէ համագործակցություն չի կարող լինել Փաշինյանի ղեկավարած ուժի հետ։ Եվ ակնհայտ է, որովհետև նրանք քաղաքականությամբ չեն զբաղվել»,- նշեց նա և լրագրողի ճշտող հարցին, թե Ռոբերտ Քոչարյանի հե՞տ էլ դաշինք կկազմեն, պատասխանեց, որ չեն բացառում՝ հավելելով, որ արդեն նշեց, թե ում հետ 100 տոկոսով դաշինք չեն կազմի, իսկ մնացյալը կորոշեն ընտրությունների արդյունքներից հետո։  
17:08 - 12 հունիսի, 2021
ՀԱԿ-ը քարոզարշավի 6-րդ օրը Շիրակի մարզում էր |armenpress.am|

ՀԱԿ-ը քարոզարշավի 6-րդ օրը Շիրակի մարզում էր |armenpress.am|

armenpress.am: «Հայ Ազգային Կոնգրես»-ը քարոզարշավի 6-րդ օրը Շիրակի մարզում էր: Թեև հանդիպման առաջին կանգառը Մարալիկն էր, սակայն ժամանակի սղության  պատճառով հանդիպումը մարզի ընտրողների հետ մեկնարկեց  Գյումրու Մարզամշակութային կենտրոնի  դահլիճում:  Տեղի ունեցավ Հայ Ազգային Կոնգեսի անդամների ու համակիրների հանդիպումը՝ կուսակցության փոխնախագահներ Լևոն Զուրաբյանի և Արամ Մանուկյանի հետ:   «Պատկերացնում եք պետություն, որն ունի անհրաժեշտ գումար ամբողջ Հյուսիս-հարավ մայրուղին կառուցելու համար, բայց մոտ 10 տարի դա չի սարքում: Սա վերաբերում է և՛ նախկիններին, և՛ ներկաներին. էն ժամանակ սարքում էին, որ թալանեն, հիմա էլ անունը դնում են կոռուպցիայի դեմ պայքար և 3 տարվա մեջ բան չի փոխվել»,- իր ելույթում նշեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը: Վերջինիս կարծիքով՝ գերիների խնդիրը միայն կլուծվի բանիմաց ու խոսքի ուժ ունեցող ղեկավարի դեպքում: «Վստահեցնում եմ՝ Տեր-Պետրոսյանը լինի երկրի ղեկավար, մեկ շաբաթվա ընթացքում կլուծվի գերիների հարցը և բազմաթիվ այլ հարցեր, որովհետև երկիր կառավարելը կրկես ու թամաշա  չէ՝ լուրջ արվեստ է և այդ արվեստի  տիրապետող մարդիկ պետք է կարողանան երկիրը ղեկավարել ու երկրի անվտանգության հարցը լուծել»,- նշեց Լևոն Զուրաբյանը: Խոսելով երկրորդ նախագահի վերադարձի մասին՝ ՀԱԿ անդամները նշեցին  դա լուրջ պրոբլեմ է: «Մենք պետք ժողովրդին փրկենք երկընտրանքից, չկա երկընտրանք՝ ո՛չ մեկը, ո՛չ մյուսը ընտրանք չեն մեզ համար: Երկուսն էլ չարիք են»,- հավելեց Զուրաբյանը:
16:45 - 12 հունիսի, 2021
Այս իշխանությունը պողպատյա մանդատը չի ուզում թշնամուն ՀՀ ինքնիշխան տարածքից հեռացնելու, մեր կորցրածը վերականգնելու համար․ Իշխան Սաղաթելյան |tert.am|

Այս իշխանությունը պողպատյա մանդատը չի ուզում թշնամուն ՀՀ ինքնիշխան տարածքից հեռացնելու, մեր կորցրածը վերականգնելու համար․ Իշխան Սաղաթելյան |tert.am|

tert.am: Մեր երկիրը վտանգի առջև է, մի խումբ մարդիկ, մոլորեցնելով մեր ժողովրդին, եկան իշխանության և 3 տարիների ընթացքում քանդեցին ամեն ինչ, քանդեցին, ինչ հնարավոր էր։ Այս մասին «Հայաստան» դաշինքի՝ Տաշիրում կայացած քարոզարշավին հայտարարեց դաշինքի անդամ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ «Նրանք երկիրը տարան պատերազմի, մեր ժողովրդին և պետությանը բերեցին պարտության։ Մենք պարտավոր ենք վերականգնել մեր արժանապատվությունը, ինքնիշխանությունը, դա պետք է անենք միասին, ՀՀ գիտակից, արժանապատիվ քաղաքացու մասնակցությամբ և օգնությամբ, մենք այլ տարբերակ չունենք, դավաճաններին թողնելու հայրենիք չունենք»,-ասաց նա՝ նշելով, որ հունիսի 20-ին կազմակերպված կերպով պետք է հեռացնել գործող իշխանությանը և կերտել ուժեղ Հայաստան»։   Ավելի մանրամասն՝ tert.am-ում
15:13 - 12 հունիսի, 2021
Հունիսի 21-ին բոլորիդ հրավիրում եմ Հանրապետության հրապարակ՝ արձանագրելու ոչ բռնի, պողպատյա հեղափոխության հաղթանակը |armtimes.com|

Հունիսի 21-ին բոլորիդ հրավիրում եմ Հանրապետության հրապարակ՝ արձանագրելու ոչ բռնի, պողպատյա հեղափոխության հաղթանակը |armtimes.com|

armtimes.com: Գեղարքունքի մարզում, և ընդհանրապես Սոթք-Խոզնավար հատվածում ստեղծված իրադրության հետ կապված մենք մեր դիրքորոշումը ասել ենք. խնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով և միրջազգային մեր գործընկերներ ներգրավմամբ: Ճամբարակում քարոզարշավի ժամանակ այս մասին խոսեց Նիկոլ Փաշինյանը «Այս օրերին մենք ակտիվ համագործակցության և քննարկումների մեջ ենք ՌԴ գործընկերների հետ: Նրանք լայնորեն ներգրավված են: Քայլ-քայլ գնում ենք այդ խնդրի հանգուցալուծմանը: Աշխատում ենք նաև միջազգային մեջ գործընկերների՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում ևս: Բայց մենք մեր անվտանգային խնդիրները պետք է լուծենք պրոֆեսիոնալ բանակի ստեղծմամբ: Պայմանագրայինը պրոֆեսիոնալը չէ»,-ասաց Փաշինյանը: Քարոզարշավի ժամանակ նաև եղավ անդրադարձ քաղաքական ուժերի կողմից հնչող արտահայտություններին ու կարծիքներին, ընտրակաշառքին ու պատասխանատվությանը: «Նրանք մեզ ու ձեզ ասում էին «ժեխ»: Հունիսի 20-ին մենք պետք է գնանք ընտրատեղամաս և ցույց տանք, թե ով է «ժեխը» էս հանրապետությունում, էդ բոլոր «ժեխերին» պետք է  ցույց տանք իրենց տեղը ՀՀ-ում, և դա պետք է անի Հայաստանի հպարտ, ազատ, արժանապատիվ քաղաքացին: Հունիսի 21-ին բոլորիդ հրավիրում եմ Հանրապետության հրապարակ՝ արձանագրելու ոչ բռնի, պողպատյա հեղափոխության հաղթանակը»,-ասաց Փաշինյանը:
15:05 - 12 հունիսի, 2021
Կհեռանա՞ Ռուսաստանը տարածաշրջանից, թե՞ ոչ․ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի դիրքորոշումները

Կհեռանա՞ Ռուսաստանը տարածաշրջանից, թե՞ ոչ․ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի դիրքորոշումները

«Հանրային» հեռուստաընկերության կազմակերպած նախընտրական բանավեճի ընթացքում Հայաստանի եվրոպական կուսակցության ներկայացուցիչ Ներսես Զեյնալվանդյանը հարց ուղղեց «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչ Արման Աբովյանին․ «Եթե հանկարծ Ռուսաստանում սկսվի տնտեսական, քաղաքական քաոս, և Ռուսաստանը հեռանա այս տարածաշրջանից, դուք ի՞նչ եք առաջարկելու այդ դեպքում Հայաստանին, հայ ժողովրդին»։ Արման Աբովյանը նշեց, որ հասկանում է Ներսես Զեյնավանդյանի հարցի կոնտեքստը․ «Շտապեմ Ձեզ ուրախացնել, որովհետև Ռուսաստանը չի հեռանա տարածաշրջանից, տարածաշրջանից հենց Ռուսաստանը հեռացավ, տեղը զբաղեցնելու է Թուրքիան։ Ասում եք՝ եթե։ Իսկ եթե միջուկային պատերազմ սկսվի, ու բոլոր պետությունները վառվեն, եթե, օրինակ, եվրոն արժեզրկվի, և Եվրոպան գտնվի շատ վատ, ծանր սոցիալական վիճակում»․․․ Զեյնալվանդյանը հակադարձեց Աբովյանին․ «Ռուսաստանը 100 տարի առաջ հեռացավ՝ հեղափոխությունից հետո, մենք մեն-մենակ կարողացանք  թուրքերին հետ շպրտել մինչև նրա վերադարձը, հետո նա նորից օկուպացրեց մեր երկիրը։ Ընդամենը 30 տարի առաջ Ռուսաստանը հեռացավ և այստեղից իր բոլոր զորքերը տարավ, և մենք ունեցանք հաղթանակներ և ազատագրեցինք Արցախը, մինչև 2020 թ․ Ռուսաստանը, օգտվելով միջազգային իրավիճակից՝ պանդեմիա և ԱՄՆ-ում ընտրություններ, Թուրքիայի հետ նախագծեց պատերազմ և նորից իր զորքը տեղակայեց, օկուպացրեց ամբողջ Արցախը, և հիմա էլ շարունակվում է լավրովյան ծրագիրը, այն է՝ մեզ կտրել Իրանի սահմանից»։ Ըստ Ներսես Զեյնալվանդյանի՝ հեռու չէ այն օրը, երբ Ռուսաստանը լքելու է տարածաշրջանը։ «5165» ազգային պահպանողական կուսակցության ներկայացուցիչ Հովհաննես Ղազարյանը նշեց՝ իր համար վիրավորական է, երբ Հայաստանը միշտ փորձում է ոչ թե որպես գործընկեր կամ դաշնակից հանդես գալ, այլ փրկիչ է փնտրում․ «Փոխանակ խոսենք՝ ինչ կարող ենք անել, որ արժեքավոր գործընկեր դառնանք, հզորանանք տնտեսապես և ռազմականապես, անընդհատ  ինչ-որ փրկիչների փնտրտուքի մեջ ենք»” «Ազգային-ժողովրդավարական բևեռից» Վահագն Ավագյանն ասաց՝ Լավրովն ինքը հայտարարում է, որ Թուրքիայի ներգրավվածությունն Արցախում կայունացնող գործոն է․ «Ռուս քաղաքագետները հայտարարաում են, որ իրենց ձեռնտու է, որ Արցախում լինի թուրքական դրոշ, ոչ թե ֆրանսիական կամ ամերիկյան, ռուսներն իրենք 250 տարվա մեջ առաջին անգամ թույլ են տվել, որ Արաքսից այս կողմ թուրքական զորք լինի, և այդ զորքը գտնվում է Արցախում՝ մեր հարազատ Ակնայում, և հետևում է, թե արցախահայությունն ուր է գնում, ինչ է անում, ռուսները հեռանում են այս տարածաշրջանից  և ամեն ինչ անում են, որ իրենց փոխարեն տարածաշրջան մտնի Թուրքիան»։ Արման Աբովյանն ասաց, որ քաղաքականությունը պետք է կառուցվի միա՛յն հայակենտրոնության և հայամետության վրա․ «Բայց դրա հետ մեկտեղ ստիպված եմ հիշեցնել մի թուրք քաղաքական գործչի խոսքերը․ «Որ վայրկյանին Ռուսաստանը հեռանա տարածաշրջանից, Թուրքիայի արևը կբացվի»։ Թուրքիայի արևն ե՞ք բացում»։ «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքից» Հայկ Սուքիասյանը նշեց, որ քաղաքական պատմության չիմացության հետևանքով ով, ինչ ասես, կարող է խոսել․ «Ռուսաստանը երկու անգամ այստեղից հեռացել է, մեկը՝ 1918 թ․, մենք ստեղծել ենք Առաջին հանրապետություն, մյուսը Խորհրդային միության լուծարումն է ( ԽՍՀՄ-ի անցյալով տառապողներն ասում են փլուզում), մենք հիմնադրել ենք Երրորդ հանրապետություն։ Եթե մի բան կրկնվելու հատկություն ունի, ուրեմն օրինաչափություն է։ Ասում են, որ Ռուսաստանը չի գնա։ Ցարական Ռուսաստանը 12 անգամ Հայաստանի արևմտյան հատվածը գրավել է, 12 անգամ ժողովրդին հետը ծախել է Թուրքիային։ Վերջին անգամ մտել են Լոռիս-Մելիքովի զորքերի հետ, երբ հայությունը պառկել էր Լոռիս-Մելիքովի ձիերի սմբակների տակ և աղերսում էր փրկություն, բայց Լոռիս-Մելիքովի զորքը հասավ Կարս, հետո վերադարձավ»։ «Ինքնիշխան Հայաստան»-ից Հովսեփ Ղազարյանի կարծիքով՝ համոզմունքը, որ Ռուսաստանը չի հեռանալու, սխալ է․ «Հայաստանում պետք է ձևավորվի քաղաքական միտք, որը պետք է վերլուծի տարբեր սցենարներ։ Հինգ տարուց արդեն մենք խնդիր ունենք Արցախում խաղաղապահների հետ կապված․ ի՞նչ ենք անելու, երբ Ադրբեջանը հրաժարվի երկարացնել մանդատը»։ Ազատական կուսակցությունից Արամ Ղլեչյանն էլ նշեց՝ մենք չպետք է դատողություններ անենք՝ Ռուսաստանը կհեռանա՞, թե՞ ոչ․  «Մենք պետք է առաջնահերթ մտածենք մեր ազգային և պետական շահերի մասին։ Մնացել է չորսուկես տարի, չորսուկես տարվա ընթացքում մենք պետք է ստեղծենք այն բանակը, որն այլևս կախված չի լինելու ո՛չ Ռուսաստանից, ո՛չ որևէ այլ երկրից։ Միայն այդ դեպքում մեր պետականությունն ապահովված կլինի»։
14:41 - 12 հունիսի, 2021
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը քարոզարշավի 6-րդ օրը Շիրակում է |armenpress.am|

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը քարոզարշավի 6-րդ օրը Շիրակում է |armenpress.am|

armenpress.am: Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը քարոզարշավի 6-րդ օրն սկսեց Շիրակի մարզում: Կուսակցության ղեկավար Արա Զոհրաբյանը տարբեր համայնքներում բնակիչների հետ հանդիպմանը, անդրադառնալով գործող իշխանություններին նշեց, որ իշխանությունները ձախողել են տարբեր ոլորտներում: «Մենք պետք է պայքարենք մեր արժեհամակարգի համար: Մենք հիմա չենք կարող ձեզ սարեր խոստանալ, չենք կարող ասել, թե ձեր վարկերը կփակենք, արագաչափերը կվերացնենք: Մենք կարող ենք ասել, որ դուք ունեք արժեհամակարգի պաշտպան, և ձեզ հետ միասին կնստենք ու այդ խնդիրները կլուծենք»,-ասաց Արա Զոհրաբյանը: Կուսակցության ներկայացուցիչներն իրենց ելույթներում անընդունելի համարեցին հասարակության պառակտվածությունը, միմյանց հանդեպ թշնամանքը: Եվ դա խանգարեց վերջին պատերազմի ելքը որոշելու հարցում: Նրանք կոչ արեցին ազգային շահերից շարժվող քաղաքական ուժերին ուշադրության կենտրոնում պահել: Կուսակցությունն առաջնահերթություն է համարում հասարակության համախմբումն՝ ընդգծելով, որ այս պառակտվածությունը Հայաստանի շահերից չի բխում, ավելին՝ ջուր է լցնում թշնամու ջրաղացի վրա: Նրանք ընդգծեցին՝ երկիրը հզոր է իր գյուղերով:
14:32 - 12 հունիսի, 2021