Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում ու իրականացնում է աշխատանքի և սոցիալական ապահովության բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը։ 

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումն ընդունվել է վարույթ

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումն ընդունվել է վարույթ

Հակակոռուպցիոն դատարանը 2023 թվականի հունիսի 27-ին վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից։ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության թիվ 6 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախկին նախագահ Ժ․Հ․-ից և նրա հետ փոխկապակցված մեկ անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ Երևան քաղաքում գտնվող մեկ անշարժ գույք, իսկ անհնարինության դեպքում՝ դրա միջին շուկայական արժեքը, որը կազմում է 38 մլն 800 հազար դրամ.  80 հազար ԱՄՆ դոլարի չափով ներդրված ավանդներ, ինչպես նաև 130 մլն 875 հազար 843 դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ. 4 մլն 287 հազար 647 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և ենթակա է բռնագանձման՝ հիմք ընդունելով Օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը։
09:47 - 04 հուլիսի, 2023
Միջազգային չափորոշիչներով կենսաթոշակը պետք է լինի աշխատավարձի 40 %-ը. Մենք այսօր դրանից շատ հեռու ենք. Անահիտ Գալստյան |news.am|

Միջազգային չափորոշիչներով կենսաթոշակը պետք է լինի աշխատավարձի 40 %-ը. Մենք այսօր դրանից շատ հեռու ենք. Անահիտ Գալստյան |news.am|

news.am: Կառավարությունը հուլիսի 1-ից կբարձրացնի կենսաթոշակի և նպաստի չափը. մասնավորապես, կբարձրանա նվազագույն կենսաթոշակի չափը, որը 31 600 դևրամից դարձել է 36 հազար դրամ: Այս մասին այսօր՝ հունիսի 30-ին,  մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանը: «Սա նշանակում է, որ մոտավորապես մինչեւ 14 տարվա ստաժ ունեցող կենսաթոշակառուների կենսաթոշակը կկազմի 36 հազար դրամ: Ավելացել է նաեւ հիմնական կենսաթոշակի չափը: Այն 21 հազար դրամից դարձել է 24 հազար դրամ: Դա նշանակում է գործնականում բոլոր աշխատանքային կենսաթոշակները առնվազն 3 հազար դրամի չափով ավելանում են: Իսկ այն կենսաթոշակառուները, որոնց նվազագույն կենսաթոշակ էին ստանում, նրանցը կավելանա 4400 դրամով»,-ասաց նա: Անդրադառնալով զինվորական կենսաթոշակներին, Անահիտ Գալստյանն ասաց, որ այս պարագայում կենսաթոշակը ձեւավորվում է հիմնական կենսաթոշակի եւ զինվորական ծռայության ստաժի հիման վրա. «Հիմնական կենսաթոշակն այս դեպքում չենք փոխում, հիշեցնենք, որ  սեպտեմբերին մենք 18 հազար դրամից այն բարձրացրեցինք 20 հազար դրամի: Այս դեպքում կավելանա զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը, որը 1600 դրամի փոխարեն սահմանվում է 1 750 դրամ: Եթե հաշվի առնենք, որ զինվորական կենսաթոշակի իրավունք տվող նվազագույն ստաժը 20 տարին է, ապա 20 տարվա դեպքում կենսաթոշակը կավելանա նվազագույնը 3 հազար դրամով: Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերն ավելանում են հետեւյալ չափով` 1) ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով (1-ին խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 50,600 դրամ (46,000 դրամի փոխարեն), 2) ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով (2-րդ խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 41,400 դրամ (36,000 դրամի փոխարեն), 3) ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով (3-րդ խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 38,000 դրամ (33,000 դրամի փոխարեն)»,-հայտարարեց նա: Պաշտոնյան տեղեկացրեց, որ հուլիսի 1-ից կավելանան նաեւ  ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը «Ծերության նպաստի չափը սահմանվել է՝ 36,000 դրամ (31,600 դրամի փոխարեն), - ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով (1-ին խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 39,000 դրամ (31,600 դրամի փոխարեն), - ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով (2-րդ խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 37,500 դրամ (31,600 դրամի փոխարեն), - ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով (3-րդ խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 36,000 դրամ (31,600 դրամի փոխարեն), -կերակրողին կորցնելու դեպքում նպաստի չափը՝ 36,000 դրամ (31,600 դրամի փոխարեն)»: Դիտարկմանը, որ կա դժգոհություն, որ կենսաթոշակները բարձրանում են 3 հազար դրամով, իսկ որոշ ոլորտներում 100 տոկոսով, պաշտոնյան ասաց. «Երբ մարդու կենսաթոշակն այնքան չէ, որ բավարարի իր նվազագույն կենսական պահանջները, ապամա նման համեմատություններ ու դժգոհություններ  լինելու են: Դրանք անխուսափելի են: Մյուս կողմից, պետք է հասկանանք, որ կենսաթոշակն աշխատավարձ չէ, այն ապահովագրական համակարգ է: Այսինքն աշխատում ես, վճարումներ կատարում ես եւ երբ գալիս է այն տարիքը, որ չես աշխատում, կենսաթոշակի իրավունք տվող վճարներ կատարած լինելու դեպքում արդեն ստանում ես փոխհատուցում: Որեւէ երկրում աշխատավարձին հավասար կենսաթոշակ չկա: Այստեղ գոյություն ունի փոխհատուցման գործակից հասկացությունը, որը հաշվարկվում է  հետեւյալ կերպ՝ կենսաթոշակի հարաբերակցությունը  միջին աշխատավարձին: Ինչքան էի ստանում ես, երբ մինչեւ 63 տարեկան էի, եւ ինչքան կդառնա, երբ գնամ կենսաթոշակի: Միջազգային չափորոշիչներով, 33 տարվա միջին աշխատանքային ստաժի պարագայում փոխհատուցման գործակիցը պետք է լինի 40 տոկոս: Մենք այսօր այդ 40 տոկոսից հեռու ենք: Դա մեզ ստիպեց ներդնել կուտակային համակարգը, որը կօգնի ավելի արժանապատիվ կենսաթոշակ ստանալու, երբ քաղաքացին ուղղակիորեն մասնակցում է իր կենսաթոշակի չափի ձեւավորմանը»:
13:11 - 30 հունիսի, 2023
Հուլիսի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափը կբարձրանա |tert.am|

Հուլիսի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափը կբարձրանա |tert.am|

tert.am: Հուլիսի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափը կսահմանվի 36,000 դրամ՝ 31,600 դրամի փոխարեն: Նախագիծը, որն ընդունվեց միաձայն, կառավարության նիստում ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը: «Միջին կենսաթոշակը կբարձրանա 7,1 %-ով՝ 46,100 դրամից հասնելով 49,700 դրամի: Զինվորական միջին կենսաթոշակը ներկայիս 87,590 դրամից կհասնի 91,600 դրամի: Նվազագույն կենսաթոշակի և պարենային զամբյուղի հարաբերակցությունը 99,5 % է»,- ասաց նախարարը: Ըստ Մկրտչյանի՝ նաև ունենք դրական դինամիկա միջին կենսաթոշակի և սպառողական զամբյուղի հարաբերակցության առումով: «Այս պահին 68,9% է, բայց հուլիսի մեկի բարձրացումով մենք այդ հարաբերակցությունը հասցնում ենք 73,7 %-ի: Նվազագույն կենսաթոշակը 2018 թվականից ի վեր այս պահի դրությամբ բարձրացրել ենք 225%-ով, 16,000 դրամից դրաձրել ենք 36,000 դրամ այն դեպքում, երբ ասում ենք, որ նաև պարենի զամբյուղն է գնաճ գրանցել: Պարենի գնաճը 73% է, իսկ կենսաթոշակինը՝ 225»,- ասաց նա:
12:47 - 29 հունիսի, 2023
Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու միջոցառման ժամկետը երկարացվեց |armtimes.com|

Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու միջոցառման ժամկետը երկարացվեց |armtimes.com|

armtimes.com: Այսօր՝ Կառավարության նիստի ժամանակ, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն անդրադարձավ 2022 թվականի հունիսից ներդրված ծրագրին, համաձայն որի՝ անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար է տրամադրվում պետություն-մասնավոր փոխգործակցության շրջանակներում։ Ծրագիրը պետք է իրականացվեր մինչև 2023 թվականի հունիսի 30-ը, սակայն նախարարը խնդրեց երկարացնել դրա իրականացման ժամկետը։ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեկնարկից սկսած՝ բոլոր ցուցանիշներում ունենք դրական դինամիկա, օրինակ, երբ որ անկանխիկ գործարքների ծավալի ցուցանիշը 8 անգամ է աճել է, մինչ այդ զրոյական էր եղել։ Շահառուները մեկնարկի ժամանակ եղել են 16 հազար 900, դեկտեմբերի դրությամբ՝ 66 հազար 800, այս տարվա մայիս ամսին շահառուները եղել են 114 հազարից ավելի։ Կենսաթոշակառուներին տրամադրած հետվճարի չափը կազմել է 2,38 միլիարդ դրամ։ Սա նպաստել է, որ իրենց վճարները ստանան քարտային կերպով, և թոշակառուներից 82,2 տոկոսը կենսաթոշակը ստանում է բանկային քարտերով։ Առաջարկում ենք այս ցուցանիշները հաշվի առնելով՝ ծրագիրը երկարացնել մինչև դեկտեմբերի 31-ը»,- ասաց Մկրտչյանը։ Արձագանքելով վարչապետն ասաց՝ սա կարևորագույն ծրագիր է, որն ունի ռազմավարական նշանակություն․ «Երբ մի որոշում կայացնում ենք, պետք է որպես որոշման նպատակային թիրախ դիտարկենք ոչ միայն այն վերնագրի բովանդակությունը, այլ նաև պետք է մեր որոշումները դրական էֆեկտներ ունենան։ Սոցիալական կոնկրետ ազդեցություն է ունենում այս ծրագիրը։ Նախորդ տարի ՀՀ-ում կենսաթոշակները բարձրացրել ենք 2 անգամ, բայց այս էֆեկտի շնորհիվ ես համարում եմ, որ բարձրացրել ենք 3 անգամ։ Հուլիսի 1-ից նաև թոշակները նորից բարձրանալու են։ Դա կքննարկենք հաջորդ տարի։ Հաջորդ խնդիրը կանխիկի շրջանառության կրճատման մեր քաղաքականությունն է, ես ուզում եմ, որ դրա դերը տնտեսական դինամիկայի հարցում չթերագնահատենք։ Պետք է այս հարցում մեզ օգնեն թոշակառուները։ 595 հազար թոշակառուներից և նպաստառուներից ծրագրից օգտվում են 114 հազարը, պետք է պոտենցիալը ընդլայնենք։ ՊԵԿ-ի և Կենտրոնական բանկի մեր գործընկերները նույնպես այս հարցում պետք է օգնեն։ Կանխիկ վճարումի հետ կապված խնդիրները 3 ամսվա ընթացքում պետք է լուծվեն, և բոլոր վճարումները պետք է կատարվեն անկանխիկ եղանակով։ Եթե ես լսեցի, որ որևէ պետական գերատեսչությունում քաղաքացին պետական գործառույթ իրականացնելիս ֆիզիկապես թղթադրամին կպնում է, դա նշանակում է, որ իմ հանձնարարականը կատարված չէ»,- նշեց նա։ Կառավարության ղեկավարի խոսքով ծրագիրը պետք է ընդմիշտ երկարաձգել, այլ բան է դրա իրականացման բանաձևերի փոփոխությունը։ Հնարավոր է այս հարցում լինի բարդ որոշում, օրինակ՝ կենսաթոշակների ավելացումը գուցե իրականացվի անկանխիկ տրամաբանությամբ։ Ծրագրին մասնակից բանկերն են «Հայբիզնես», «ԱԿԲԱ», «Արդշին», «ՎՏԲ»։ Վարչապետը անհասկանալի համարեց մյուս բանկերի՝ այս ծրագրին մասնակից չլինելու փաստը։ Կառավարության որոշմամբ անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցառման ժամկետը երկարացվեց մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը:
12:11 - 22 հունիսի, 2023
Իրանական կողմը հետամուտ է, որ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները սեղմ ժամկետներում կյանքի կոչվեն. Իրանի դեսպան

Իրանական կողմը հետամուտ է, որ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները սեղմ ժամկետներում կյանքի կոչվեն. Իրանի դեսպան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ, որն առաջիկայում կդադարեցնի իր լիազորությունները ՀՀ-ում։   Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին արդյունավետ աշխատանքի համար՝ ընդգծելով, որ ոլորտային hամագործակցությունը կայուն զարգացում է ունեցել՝ վերջին շրջանում առավել ընդլայնելով աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ուղղությունները։   Խոսելով ԻԻՀ կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարար Սեյեդ Սոուլաթ Մորթազավիի հետ Ժնեևում օրեր առաջ ունեցած հանդիպման մասին՝ նախարար Մկրտչյանը մանրամասնել է ձեռք բերված պայմանավորվածությունների մասին և նշել, որ Իրանի գործընկերոջ հետ քննարկել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնմանը, այդ թվում՝ փորձի փոխանակմանը, վերապատրաստումների իրականացմանը, ինչպես նաև նախատեսվող հուշագրերի կնքման ժամկետներին, գործողությունների պլանին առնչվող հարցեր։     ՀՀ աշխատանքի և սոցիալական նախարարությունից տեղեկացնում են, որ արկուստեք վերահաստատվել է պատրաստակամությունը՝ շարունակել իրականացնել անհրաժեշտ աշխատանքներ նաև Սեյեդ Սոուլաթ Մորթազավիի՝ փետրվարին Հայաստան կատարած այցի ընթացքում քննարկված թեմաների շուրջ։   Դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի խոսքով՝ իրանական կողմը ևս հետամուտ է, որ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները սեղմ ժամկետներում կյանքի կոչվեն։
18:55 - 13 հունիսի, 2023
Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը զրկված է առողջության, աշխատանքի և ազատ տեղաշարժի իրավունքից․ նախարարի ելույթը Ժնեւում

Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը զրկված է առողջության, աշխատանքի և ազատ տեղաշարժի իրավունքից․ նախարարի ելույթը Ժնեւում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդես է եկել ելույթով՝ Ժնևում անցկացվող Աշխատանքի միջազգային համաժողովի 111-րդ նստաշրջանում, որին մասնակցում են Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) 187 անդամ երկրները ներկայացնող պատվիրակություններ։ Խոսելով աշխատանքի և զբաղվածության ոլորտում ՀՀ որդեգրած քաղաքականության ու այս ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին՝ Նարեկ Մկրտչյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը, հավատարիմ լինելով իր որդեգրած արժեքներին, շարունակում է անհրաժեշտ ջանքեր և ռեսուրսներ ներդնել՝ անհրաժեշտ բարեփոխումների իրականացման ուղղությամբ։ Այս համատեքստում բանախոսն ընդգծել է ՀՀ զբաղվածության ռազմավարության մշակման, «Արժանապատիվ աշխատանք» ծրագրի իրականացման, «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի ու այլ ծրագրերի իրագործման կարևորությունը։ Նախարարն իր ելույթում ընդգծել է նաև 2030 թ․ Կայուն զարգացման օրակարգի իրականացման գործում արժանապատիվ աշխատանքի կարևորությունը՝ նշելով, որ «Արժանապատիվ աշխատանք» 2019-2023 թթ․ ծրագիրը Հայաստանի կողմից իրականացվել է հաջողությամբ։ Այնուամենայնիվ, ինչպես նշել է ՀՀ պատվիրակության ղեկավարը, զինված հակամարտությունները մնում են որպես այդ ջանքերի հիմնական մարտահրավեր: «2020 թ․ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ դրսևորվող ադրբեջանական ագրեսիան, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի 120,000 բնակչի ավելի քան կես տարի շարունակվող շրջափակումը մեծապես խոչընդոտում են մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությանը։ Ներկայումս Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը զրկված է առողջության, աշխատանքի և ազատ տեղաշարժի իրավունքից, ինչը հակասում է միջազգայնորեն ընդունված նորմերին, մասնավորապես՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին, Աշխատանքի միջազգային կազմակերպության նպատակներին և դրանց վերաբերող հռչակագրին»,- նշել է նախարարը։ Միաժամանակ, նախարար Մկրտչյանը ելույթի ընթացքում բարձր է գնահատել Աշխատանքի միջազգային կազմակերպության հետ Հայաստանի Հանրապետության 31 տարվա համագործակցությունը և շեշտել, որ կազմակերպությունը եղել և շարունակում է մնալ Հայաստանի վստահելի գործընկերը հատկապես սոցիալական արդարության ամրապնդման, աշխատանքի անվտանգության և առողջության ապահովման, սոցիալական երկխոսության զարգացման գործում։ Եզրափակելով ելույթը՝ ՀՀ պատվիրակության ղեկավարը հույս է հայտնել, որ ԱՄԿ-ի բոլոր մասնակիցների հետևողական աշխատանքն ու ընդհանուր ջանքերը հնարավորություն կտան հաղթահարել առկա մարտահրավերները՝ ապահովելով սոցիալական արդարություն, արժանապատիվ աշխատանք և բարգավաճում:
10:36 - 07 հունիսի, 2023
ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց կամավորությունը որպես աշխատանքային փորձառություն ամրագրող նախագծին
 |armenpress.am|

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց կամավորությունը որպես աշխատանքային փորձառություն ամրագրող նախագծին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց Կամավոր աշխատանքի մասին օրենսդրական նախաձեռնությանը, որով փորձ է արվում Հայաստանում կամավոր աշխատանքն ավելի գրավիչ դարձնել. կամավորը կազմակերպության հետ պետք է կնքի կամավոր աշխատանքի մասին պայմանագիր, իսկ կամավոր աշխատանքի ժամանակահատվածը նրա համար կհամարվի աշխատանքային փորձառություն: Կամավոր աշխատանքի մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը: Փոխնախարարը նաև ներկայացրեց խնդիրները: Այս պահի դրությամբ գործող կարգավորումներով կամավոր աշխատանքն օրինական աշխատանքից տարանջատելը բավականին բարդ է, բացակայում են կամավորություն իրականացնողների երաշխիքները և այլն:  Սարգսյանը վստահեցրեց, որ այս փաթեթն ընդունվելու դեպքում կնպաստի կամավորական ինստիտուտի կայացմանը: Անդրադառնալով երաշխիքներին՝ նա ասաց՝ ներկայացնում են, թե ով իրավունք ունի որպես կամավոր ներգրավվելու, անդրադարձ կա կամավորի կարգավիճակի մասին, առողջության և անվտանգության պահպանման երաշխիքների մասին և այլն: «Ըստ նախագծի՝ կամավորն այն քաղաքացին է, որը կամավոր աշխատանք է իրականացնում և ունի պայմանագիր: Նա կարող է լինել ՀՀ քաղաքացի, օտարերկրյա քաղաքացի և քաղաքացիություն չունեցող անձ: Տարիքային սահմանափակում չկա: Սակայն մինչև 16 տարեկաններին վերաբերող որոշակի առանձնահատկություններ, երաշխիքներ կան»,-ներկայացրեց Սարգսյանը: Կամավորության մասին պայմանագիրը հանդիսանալու է քաղիրավական պայմանագրի տեսակ, ոչ աշխատանքային: Պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը հետաքրքրվեց, թե այդ փաթեթով ինչո՞վ են գրավիչ դարձնում կամավորի աշխատանքը: «Առկա մասնակի կարգավորումները շատ դեպքերում խոչընդոտ էին հանդիսանում՝ օրինակ փոխհատուցելու կամավորներին: Շատ դեպքերում կամավորության ապացուցելիությունը բավականին խնդրահարույց էր: Կային բազմաթիվ խոչընդոտներ, որոնք բերում էին նվազ գրավչությանը: Բայց այս օրենքը կնպաստի հենց այդ երաշխիքային մասին, գրավչության բարձրացմանը: Ավելին՝ այս դեպքում ձևակերպում ենք աշխատանքային փորձառություն հասկացությունը: Իհարկե, որևէ գործատուի օրենքով չենք պարտադրում, որ դա հիմք հանդիսանա՝ հետագայում աշխատանքի ընդունելու համար: Սակայն կարծում ենք, որ այդ մշակույթը ՀՀ-ում կտարածվի»,-ասաց փոխնախարարը: Նախարարությունը մշակել է և ունի նաև նախնական կայք, որտեղ կամավորը և կամավորական կազմակերպությունները հնարավորություն կունենան իրար հանդիպելու: Նախագծի վերաբերյալ անցկացվել էին նաև խորհրդարանական լսումներ:
13:59 - 16 մայիսի, 2023
Արաբական Միացյալ Էմիրություններում փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու ԱՄԷ հանդուրժողականության և համակեցության նախարարության միջև

Արաբական Միացյալ Էմիրություններում փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու ԱՄԷ հանդուրժողականության և համակեցության նախարարության միջև

Կարևորելով սոցիալական պաշտպանության ոլորտում հանդուրժողականության և համակեցության դերն ու այս ուղղությամբ Արաբական Միացյալ Էմիրությունների լավագույն փորձի ուսումնասիրությունը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու ԱՄԷ հանդուրժողականության և համակեցության նախարարության միջև Արաբական Միացյալ Էմիրություններում մայիսի 10-ին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել։   Հուշագրի շրջանակում կողմերը պարտավորվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում իրականացնել անհրաժեշտ աշխատանքներ՝ հանդուրժողականության ու համակեցության արժեքների խթանման, ինչպես նաև փորձի փոխանակման ուղղությամբ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղել ջանքերը՝ սոցիալական տարբեր խմբերին (երեխաներ, տարեցներ, հաշմանդամություն ունեցող, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և բռնության ենթարկված անձինք, աշխատանքային միգրանտներ և այլն) ուղղված աշխատանքներում, ինչպես նաև կրթական համակարգում հանդուրժողականության ու մարդկային արժեքների ամրապնդման և մի շարք այլ ուղղություններով։ Կողմերը պարտավորվել են քննարկել համատեղ աշխատանքային հանձնաժողովի ձևավորման հարցը, որը նպատակ ունի մշակել ու իրականացնել երկկողմ շահերից բխող ծրագրեր։
11:56 - 12 մայիսի, 2023
ԱԺ-ն ընդունեց ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ նախագիծը
 |1lurer.am|

ԱԺ-ն ընդունեց ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ նախագիծը |1lurer.am|

1lurer.am: ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ նախագիծը երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունվել է Ազգային ժողովի կողմից։ 81 կողմ ու 0 դեմ ձայնով՝ օրենսդիրը հավանություն է տվել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մշակած նախագծին։ Ըստ այդմ՝ Աշխատանքային օրենսգրքի 266 հոդվածից փոփոխվում են 122-ը։ Այսպիսով՝ գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերից հանվել է կենսաթոշակային տարիքը լրանալու հանգամանքը. գործատուին իրավունք է տրվում կենսաթոշակային տարիքի անձանց հետ կնքել պայմանագիր անորոշ ժամկետով՝ ի տարբերություն գործող կարգավորման, որով սահմանվում է, որ վերջիններիս հետ աշխատանքային պայմանագիրը կնքվում է որոշակի ժամկետով. կրճատվել են մինչև 18 տարեկան անձանց աշխատաժամանակի տևողությունը, միաժամանակ սահմանվել է, որ նրանք կարող են աշխատել միայն պարտադիր կրթության համար սահմանված ժամերից դուրս։Ընդլայնվել են երեխա ունեցող աշխատողների իրավունքները՝ – հնարավորություն է տրվում ոչ թե մինչև մեկ, այլ նաև մինչև երկու տարեկան երեխա խնամող աշխատողին իրավունք տալ նվազեցնելու իր աշխատաժամանակը. –  վերանայվել է երեխային կրծքով կերակրող կնոջը յուրաքանչյուր երեք ժամը մեկ տրամադրվող լրացուցիչ ընդմիջման մասով կարգավորումը (մինչև երեխայի մեկուկես տարին լրանալը)։ Հանվել է երեխային կրծքով կերակրելու պայմանը և նախատեսվել, որ բացի հանգստի և սնվելու համար տրամադրվող ընդմիջման ժամերից, յուրաքանչյուր երեք ժամը մեկ, կես ժամից ոչ պակաս տևողությամբ լրացուցիչ ընդմիջում է տրամադրվում մինչև երկու տարեկան երեխա ունեցող կնոջը՝ մինչև երեխայի երկու տարին լրանալը (այս մասով միաժամանակ հարկ է նկատել, որ նշված կարգավորումը նախատեսող դրույթում մեծացվել է նաև երեխայի տարիքային շեմը՝ մեկուկես տարեկանի փոխարեն՝ երկու տարեկան)։ ամրագրվել է աշխատանքում բռնության կամ սեռական ոտնձգության հասկացությունը, ինչպես նաև հստակ ամրագրվել է այդ մասով արգելքը։ վերանայվել են արձակուրդի կարգավորումները՝ – եթե աշխատողը երկուսուկես տարի անընդմեջ խուսափում կամ հրաժարվում է իրեն հասանելիք ամենամյա արձակուրդից, ապա գործատուն այն տրամադրում է առանց աշխատողի դիմումի. – նախատեսվել է օրենսգրքով սահմանված ժամկետներում ամենամյա արձակուրդը աշխատողին չտրամադրելու դեպքում գործատուի կողմից աշխատողին տուժանք վճարելու կարգավորում. – ամրագրվել է, որ կողմերի համաձայնությամբ ամենամյա արձակուրդը կարող է տրամադրվել նաև մինչև աշխատողի՝ տվյալ գործատուի մոտ անընդհատ աշխատանքի 6 ամիսը լրանալը. – մինչև 2 տարի ժամկետով ուսումնական արձակուրդ ձևակերպելու հնարավորություն է տրվում՝ աշխատատեղը պահպանելով։ աշխատանքային պայմանագրում նախատեսվում է պարտադիր ներառել նաև գործատուի և աշխատողի կողմից միմյանց ծանուցելու եղանակները։ նախատեսվել է փորձնակության (internship) ինստիտուտը, որը կնպաստի ուսումնական հաստատություններում սովորող կամ այդ հաստատությունները նոր ավարտած (ավարտելուց հետո մեկ տարվա ընթացքում) անձանց աշխատանքային փորձառություն ձեռք բերելուն, լրացվել են աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու պատճառով աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերը։ Գործատուն կկարողանա լուծել աշխատանքային պայմանագիրը, եթե՝ – աշխատողի կողմից աշխատանքի անվտանգության կանոնները խախտելու հետևանքով վտանգվել է անձանց կյանքն ու առողջությունը. – աշխատողն անօրինական օգտագործել է գործատուի համակարգչային տեխնիկան կամ տեղեկատվական համակարգերը, որի միջոցով ձեռք է բերել աշխատանքային կամ անձնական տվյալներ և իրականացրել է տվյալների անօրինական օգտագործում, որոնք խաթարել են գործատուի բնականոն աշխատանքը. գործատուին հնարավորություն է տրվում նաև արտաժամյա աշխատանքի ներգրավել առանց բացառիկ դեպքերի առկայության, եթե աշխատողը տվել է իր գրավոր համաձայնությունը, այսուհետ կգործեն աշխատողի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման ճկուն կարգավորումներ. աշխատանքային պայմանագիրը կարող է լուծվել աշխատանքից ազատվելու մասին դիմումում նշված ժամկետում՝ չպահպանելով Աշխատանքային օրենսգրքով սահմանված նախապես ծանուցման 30-օրյա ժամկետը, իսկ պայմանավորվածությունները չպահպանելու դեպքում՝ սահմանվել է գործատուին տուժանք վճարելու պահանջ, հաստիքների կրճատման դեպքում աշխատանքում մնալու նախապատվության իրավունք է սահմանվել հաշմանդամության կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողի, ինչպես նաև ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակմամբ հաշմանդամության կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողի կամ զոհված (մահացած) կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողի ընտանիքի անդամի համար,  հստակեցվում են վերջնահաշվարկ չկատարելու դեպքերը, վերանայվել են ընդմիջումների տրամադրման կարգավորումները,  սահմանվել է, որ աշխատանքային պայմանագիրը կարող է կնքվել նաև փոստային կամ էլեկտրոնային հաղորդակցությունն ապահովող կապի միջոցով՝ կողմերի միջև փոխանակմամբ, նախատեսվում է չաշխատած օրերի համար վճարված գումարի (երբ աշխատողին տրամադրվել է արձակուրդ չաշխատած ժամանակահատվածի համար ևս) գանձում կատարել նաև այն դեպքերում, երբ աշխատողն ազատվում է աշխատանքից որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալու դեպքում, ինչպես նաև կողմերի համաձայնությամբ, մեղմացվում են գործադուլ հայտարարելու որոշումը կայացնելուն վերաբերող իրավակարգավորումները, որոնք, ի տարբերություն գործող նորմերի, նախատեսում են ավելի քիչ աշխատողների կամահայտնության դեպքում գործադուլ հայտարարելու հնարավորություն (օրինակ, գործատուի մոտ գործադուլի համար գործող կարգավորումներով պահանջվում է աշխատողների ընդհանուր թվի երկու երրորդի ձայների առկայություն, իսկ առաջարկվող փոփոխություններով՝ աշխատողների ընդհանուր թվի առնվազն կեսի ձայների առկայությունը), նախագծով վերանայվում են նաև աշխատողների ներկայացուցիչներին վերաբերող կարգավորումները։ Օրինակ՝ – որպես աշխատողների ներկայացուցիչների իրավունք՝ նախատեսվել է ամրագրել նաև աշխատողների իրավունքները խախտող գործատուի և նրա լիազորած անձանց որոշումները և գործողությունները դատական կարգով բողոքարկելու իրավունքը, – նախատեսվել է որպես գործատուի պարտավորություն սահմանել (աշխատողների ներկայացուցիչներին իրենց լիազորությունների իրականացման համար) կոլեկտիվ պայմանագրով կամ կողմերի համաձայնությամբ սահմանված կարգով անհրաժեշտ պայմաններ, տարածք և նյութատեխնիկական միջոցներ տրամադրելը, նախատեսվել են նաև սոցիալական գործընկերությանը, կոլեկտիվ աշխատանքային հարաբերություններին, արհմիությունների դերին, գործատուի կողմից մասնագիտական ուսուցում կազմակերպելուն վերաբերող, ինչպես նաև իրավակիրառ պրակտիկայից բխող մի շարք խնդիրների լուծմանն ու Աշխատանքային օրենսգրքի դրույթները Աշխատանքի միջազգային կազմակերպության կոնվենցիաներին և Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի պահանջներին համապատասխանեցնելուն ուղղված այլ փոփոխություններ։
12:28 - 03 մայիսի, 2023
Անօգնական կույր տղամարդն արդեն ԱՍՀ նախարարության խնամքի տակ է. նրան տեղափոխել են

Անօգնական կույր տղամարդն արդեն ԱՍՀ նախարարության խնամքի տակ է. նրան տեղափոխել են

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության սոցիալական աշխատողներն այցելել են քաղաքացուն, իրականացրել կարիքների գնահատման աշխատանքներ։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է նախարարության մամուլի քարտուղար Զառա Մանուչարյանը՝ նշելով, որ թեպետ այս փուլում փաստաթղթերի ամբողջացման գործընթաց է ընթանում, բայց քաղաքացին արդեն իսկ նախարարության խնամքի ներքո է, երեկ տեղափոխվել է հաստատություններից մեկը։ Նշենք, որ խոսքը լուսանկարի տարեց տղամարդու մասին է, որի պատմությունը ներկայացրել է համացանցի օգտատերերից մեկը՝ հայտնելով, որ տղամարդը կույր է, ժամեր շարունակ եղել է փողոցում՝ անցորդներին խնդրելով օգնել իրեն գտնել տան տեղը, սակայն քաղաքացիներն անտարբերություն են ցուցաբերել: Ըստ ահազանգի՝ տղամարդը ապրում է սոցիալական ծայրահեղ անբարենպաստ պայմաններում, սանիտարահիգիենիկ վատ իրավիճակում, չունի զավակներ ու մտերիմներ:
11:12 - 03 մայիսի, 2023
Հղի կանայք և անչափահասները մինչև 4 ժամ աշխատանքի դեպքում կընդմիջեն իրենց նախընտրած ժամին. նախագիծ |1lurer.am|

Հղի կանայք և անչափահասները մինչև 4 ժամ աշխատանքի դեպքում կընդմիջեն իրենց նախընտրած ժամին. նախագիծ |1lurer.am|

1lurer.am: Ազգային ժողովում քննարկվեց «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ  ընդունելու մասին հարցը: Հիմնական զեկուցող, աշխատանքի և սոցիալայան հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը նշեց, որ խոսքը մոտ 122 հոդվածների փոփոխության մասին է, որոնց զգալի մասը տեխնիկական բնույթի են: Դրանցից մեկը վերաբերում է հղի կանանց և անչափահասների աշխատանքային պայմանների փոփոխությանը: «Նոր նախագծով հնարավորություն կտրվի հղի կանանց և մինչև 18 տարեկան աշխատողներին 4 ժամը չգերազանցող աշխատանքային գործունեության դեպքում հանգստանալու և սնվելու համար ընդմիջում տրամադրել իրենց նախընտրած ժամերին»,- ասաց փոխնախարարի տեղակալը:
13:54 - 02 մայիսի, 2023
ԱՍՀ նախարարության առաջնահերթությունն է քաղաքացիներին արժանապատիվ աշխատանքով ապահովումը. Նարեկ Մկրտչյան

ԱՍՀ նախարարության առաջնահերթությունն է քաղաքացիներին արժանապատիվ աշխատանքով ապահովումը. Նարեկ Մկրտչյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա կապակցությամբ, որում մասնավորապես նշված է.   «Հարգելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս՝ Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առթիվ։   Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ որպես աշխատանքի և զբաղվածության ոլորտը համակարգող գերատեսչություն, իր առաջնահերթություններից է համարում քաղաքացիներին արժանապատիվ աշխատանքով ու կայուն զբաղվածությամբ ապահովումը, աշխատաշուկայում ինքնիրացման հնարավորությունների ընդլայնումը՝ վերջիններիս մրցունակության բարձրացման, մասնագիտական ներուժի իրացման ու ընտանիքի բարեկեցության ապահովման միջոցով։   Հենց այս նպատակներին են ուղղված և՛ Զբաղվածության ռազմավարության մշակումը, և՛ իրականացվող ոլորտային բարեփոխումներն ու ծրագրերը։   Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ այս տարի լայնածավալ փոփոխություններ ենք նախատեսել ՀՀ աշխատանքային օրենսգրքում։ Բարեփոխումներն ուղղված են կարգավորելու աշխատողների և գործատուների իրավահարաբերությունները, լուծելու իրավակիրառ պրակտիկայից բխող բազմաթիվ խնդիրներ։   Կարևորելով աշխատող քաղաքացու իրավունքները՝ վերջերս ԱԺ-ն ընդունեց նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ նախատեսող օրենքի մեկ այլ նախագիծ, որը հնարավորություն կընձեռի վարժական հավաքներին ներգրավված աշխատողների աշխատավարձը պահպանել ամբողջությամբ։   Կառավարության կողմից հավանության արժանացավ նաև «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի նախագիծը, որի ընդունումը կնպաստի Հայաստանում կամավոր աշխատանքի ինստիտուտի և մարդկային կապիտալի զարգացմանը, աշխատանքային փորձառության ձեռքբերմանը և աշխատանքի շուկայում անձի մրցունակության բարձրացմանը։   Բարեփոխումներն իրար հաջորդող են ու շարունակական, ուստի մեկ անգամ ևս շնորհավորում եմ օրվա առթիվ, մաղթում անսպառ եռանդ և նորանոր ձեռքբերումներ․ աշխատանքով և միայն աշխատանքով կարող ենք հաղթահարել եղած մարտահրավերներն ու հասնել ցանկալի արդյունքի»,- նշվում է ուղերձում:
12:35 - 01 մայիսի, 2023
Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության ծրագրերի շրջանակում 930 շահառու ստացել է աջակցություն

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության ծրագրերի շրջանակում 930 շահառու ստացել է աջակցություն

2023 թվականի ընթացքում արդեն իսկ շուրջ 930 շահառու ստացել է աջակցություն՝ երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի շրջանակում․ ընդհանուր առմամբ վճարվել է շուրջ 645 մլն դրամ։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հիշեցնում են, որ երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերն ուղղված են հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերող (բերած) կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացած շահառուներին։ Առաջին ծրագրով միանվագ դրամական աջակցություն է տրվում մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով։ Երկրորդ ծրագրի շրջանակում՝ հիփոթեքով բնակարան ձեռք բերող շահառուին տրամադրվում է դրամական աջակցություն՝ կանխավճարի ապահովագրության տարեկան ապահովագրական վճարի իրականացման համար։ Երրորդ ծրագրով՝ հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում՝ ընտանիքին տրվում է միանվագ դրամական աջակցություն։
11:35 - 17 ապրիլի, 2023
Կամավորությունը կհամարվի աշխատանքային փորձառություն. ոլորտում սպասվում են բարեփոխումներ
 |armenpress.am|

Կամավորությունը կհամարվի աշխատանքային փորձառություն. ոլորտում սպասվում են բարեփոխումներ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում որևէ ժամանակահատվածում կամավորների պակաս չի նկատվել, սակայն օրենսդրական բացի պատճառով բարի կամք դրսևորած քաղաքացիների աշխատանքը, որոշ առումներով, աննկատ է անցել: Հենց այդ բացը լրացնելու համար էլ օրերս ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի նախագծին, որի ընդունումից հետո կամավորների հետ կկնքվի պայմանագիր, և նրանց կատարած աշխատանքն աշխատանքային պատմության մեջ կամրագրվի որպես աշխատանքային փորձառության ձեռքբերում: «Նման օրենք ընդունելու փորձ արվել է դեռևս 2006-ին, 2010-ին, 2015-ին, 2017-ին, բայց վերջնարդյունքի չէինք հասել, չունեինք իրավական ակտ, որը կլուծի կամավորական շարժումների, կամավորական կառույցների խնդիրները: Յուրաքանչյուր անձ, որը գտնվում է աշխատավայր կոչվող պայմանական վայրում, պարտադիր պետք է ունենա պայմանագիր: Այս օրենքի հիմնական նպատակներից է օժանդակել ակտիվ քաղաքացիական հասարակություն ձևավորելուն, սոցիալական պատասխանատվության դերի բարձրացմանը»,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը: Փոխնախարարն, անդրադառնալով Հայաստանում կամավորների թվին, հիշեցրեց Covid-19-ի և 44-օրյա պատերազմի ու հետպատերազմյան ժամանակահատվածում կամավորական գործունեություն իրականացնող հասարակության ակտիվությունը: Մեկտեղ ընդգծեց՝ այս օրենքը չի տարածվում հայրենիքի պաշտպանության համար ստեղծված կամավորական կառույցների վրա: «Իհարկե, կամավորը ոչ թե սեփական շահի կամ եկամուտ ստանալու նպատակով է անում, այլ՝ հանրային օգուտ ցուցաբերելու: Բայց նրա իրավունքներն էլ պետք է պաշտպանված լինեն: Ընդհանուր առմամբ՝ օրենքում ամրագրված են 14 հիմնական ուղղություններ, որոնց նպատակն է աշխատաշուկա մտնելը հեշտացնելը, ոչ ֆորմալ կրթության, որոշակի կամավորական աշխատանքների  հիման վրա փորձ ձեռք բերելը, անհրաժեշտության դեպքում՝ քաղաքացիական պաշտպանության պարագայում կամավորներ ներգրավելը, նրանց միջոցով մարդասիրական գաղափարների սկզբունքները տարածելը, պետական, համայնքային միջոցառումների կազմակերպմանը ներգրավվելը»,- նկատեց Ռուբեն Սարգսյանը: Օրենքի նախագծով՝ կամավորներ ներգրավելու իրավունք կունենա պետությունը, շահույթ չհետապնդող կազմակերպությունները (Հասարակական կազմակերպություններ, հիմնադրամներ, միություններ): Շահույթ հետապնդող կազմակերպություններից էլ կամավորներ կարող են ներգրավել այն կազմակերպությունները, որոնց 100 տոկոսանոց սեփականատերը պետությունն է: «Կամավորներ ներգրավելու պարտադիր պահանջներից է պայմանագրի կնքումը, որտեղ կնշվի, թե ինչ նպատակով ու ինչ ժամկետով են ներգրավում կամավորին: Կհստակեցվեն փոխադարձ պարտավորություններն ու երաշխիքները: Պետության համար սա նաև մեխանիզմ է այս կամ այն գաղափարի շուրջ ներգրավել բազմաթիվ կամավորների»,-հստակեցրեց բանախոսը: Օրենքը սահմանում է, որ կամավորի ճանապարհածախսը, գիշերակացը, օրապահիկն ու տվյալ աշխատանքի հետ կապված բոլոր ծախսերը պետք է փոխհատուցվեն: Մինչ այս, կամավորական կառույցը, որը ներգրավում էր կամավոր, չէր տալիս երաշխիք, որ տվյալ կամավորը կամ կամավորները կփոխհատուցվեն: «Իրականում, սա դեռ առաջին փուլն է, կարծում ենք՝ 6-7 ամիս հետո, երբ օրենքը սկսի կիրառվել, կարող է այն բարելավելու, առավել զարգացնելու անհրաժեշտություն առաջանալ»,- ընդգծեց նա: Կամավոր աշխատանքով կարող է զբաղվել 16 տարին լրացած քաղաքացին: Եթե մինչև 14 տարեկանը լրացած քաղաքացին է ուզում կամավոր լինել, ապա իր ծնողի կամ խնամակալի համաձայնությամբ պետք է լինի, պայմանագրի մեջ ամրապնդվի: Տարիքային վերին շեմ չի նշվում, փոխնախարարն ընդգծում է՝ կամավորական կազմակերպությունը յուրաքանչյուր մարդու համար պարտավոր է գտնել իր ուժերին ու իր ֆիզիկական հնարավորություններին համապատասխան աշխատանք ու պայմաններ ստեղծի աշխատելու համար: Ի դեպ, առաջիկայում նախատեսվում է տարիքային սահմանափակումը հանել նաև աշխատանքային օրենսգրքից: Հատկանշական է, որ մասնագիտական հմտությունների պահանջող աշխատանքներում կամավորագրվող քաղաքացին պարտադիր պետք է ունենա տվյալ ոլորտում կրթության մասին որևէ փաստաթուղթ: Օրենքի այս կարգավորումն էլ հնարավորություն է տալիս ուսանողին սովորելու ընթացքում փորձ ձեռք բերել: Նախարարությունն արդեն իսկ ունի նախնական մշակած էլեկտրոնային հարթակներ, որոնք հնարավորություն կտան և կամավորին, և կամավորական կազմակերպություններին գտնելու միմյանց: Այդ հարթակը ևս կնպաստի կամավորական շարժման զարգացմանը: 
15:04 - 14 ապրիլի, 2023
Կառավարությունը հավանություն տվեց կամավորական աշխատանքի իրականացմանն առնչվող հարաբերությունների կարգավորմանը

Կառավարությունը հավանություն տվեց կամավորական աշխատանքի իրականացմանն առնչվող հարաբերությունների կարգավորմանը

Կամավորության մշակույթի զարգացման ու տարածման համար անհրաժեշտ իրավական հիմքերի ապահովման նպատակով՝ կամավոր աշխատանքի հետ կապված հարաբերություններում կգործեն միասնական կարգավորումներ։ Այսօրվա նիստում նախագիծն արժանացել է Կառավարության հավանությանը։  Այս մասին հայտնում են ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Նախագծի ընդունմամբ՝ հնարավորություն է տրվում նպաստել կամավոր աշխատանքի ինստիտուտի և մարդկային կապիտալի զարգացմանը, աշխատանքային փորձառության ձեռքբերմանը, բնականաբար նաև՝ աշխատաշուկայում անձի մրցունակության բարձրացմանը։ Ըստ այդմ, կամավորների համար կամրագրվեն՝ ·         կամավոր աշխատանքի մասին պայմանագիր, տեղեկանք, երաշխավորագիր, ·         կամավոր աշխատանքի ժամանակահատվածը` կամավորի համար աշխատանքային փորձառության համարում, ·         ծախսերի հատուցման իրավունք, ·         առողջության և անվտանգության ապահովման երաշխիքներ, ·         ապահովագրության հնարավորություն, ·         կապահովի աշխատաշուկա մուտք գործելու, նոր գիտելիք և մասնագիտական փորձառություն ձեռք բերելու հնարավորություն: «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի ընդունմամբ՝ կապահովվեն նաև «Երիտասարդների անդրազգային երկարաժամկետ կամավորական ծառայության խթանման մասին» Եվրոպական կոնվենցիայով, «Կամավորականությանն աջակցելու» ՄԱԿ-ի հանձնարարագրով, Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի 14-րդ հոդվածի 2-րդ պարբերությամբ նախատեսված միջազգային նորմերի իրականացումը, ինչպես նաև կամրագրվեն ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների իրացման հարցում կամավորների ներուժի օգտագործման համար իրավական մեխանիզմներ։
13:15 - 06 ապրիլի, 2023