ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց կամավորությունը որպես աշխատանքային փորձառություն ամրագրող նախագծին
 |armenpress.am|
13:59 - 16 մայիսի, 2023

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց կամավորությունը որպես աշխատանքային փորձառություն ամրագրող նախագծին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց Կամավոր աշխատանքի մասին օրենսդրական նախաձեռնությանը, որով փորձ է արվում Հայաստանում կամավոր աշխատանքն ավելի գրավիչ դարձնել. կամավորը կազմակերպության հետ պետք է կնքի կամավոր աշխատանքի մասին պայմանագիր, իսկ կամավոր աշխատանքի ժամանակահատվածը նրա համար կհամարվի աշխատանքային փորձառություն:

Կամավոր աշխատանքի մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը:

Փոխնախարարը նաև ներկայացրեց խնդիրները: Այս պահի դրությամբ գործող կարգավորումներով կամավոր աշխատանքն օրինական աշխատանքից տարանջատելը բավականին բարդ է, բացակայում են կամավորություն իրականացնողների երաշխիքները և այլն:  Սարգսյանը վստահեցրեց, որ այս փաթեթն ընդունվելու դեպքում կնպաստի կամավորական ինստիտուտի կայացմանը:

Անդրադառնալով երաշխիքներին՝ նա ասաց՝ ներկայացնում են, թե ով իրավունք ունի որպես կամավոր ներգրավվելու, անդրադարձ կա կամավորի կարգավիճակի մասին, առողջության և անվտանգության պահպանման երաշխիքների մասին և այլն:

«Ըստ նախագծի՝ կամավորն այն քաղաքացին է, որը կամավոր աշխատանք է իրականացնում և ունի պայմանագիր: Նա կարող է լինել ՀՀ քաղաքացի, օտարերկրյա քաղաքացի և քաղաքացիություն չունեցող անձ: Տարիքային սահմանափակում չկա: Սակայն մինչև 16 տարեկաններին վերաբերող որոշակի առանձնահատկություններ, երաշխիքներ կան»,-ներկայացրեց Սարգսյանը:

Կամավորության մասին պայմանագիրը հանդիսանալու է քաղիրավական պայմանագրի տեսակ, ոչ աշխատանքային:

Պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը հետաքրքրվեց, թե այդ փաթեթով ինչո՞վ են գրավիչ դարձնում կամավորի աշխատանքը:

«Առկա մասնակի կարգավորումները շատ դեպքերում խոչընդոտ էին հանդիսանում՝ օրինակ փոխհատուցելու կամավորներին: Շատ դեպքերում կամավորության ապացուցելիությունը բավականին խնդրահարույց էր: Կային բազմաթիվ խոչընդոտներ, որոնք բերում էին նվազ գրավչությանը: Բայց այս օրենքը կնպաստի հենց այդ երաշխիքային մասին, գրավչության բարձրացմանը: Ավելին՝ այս դեպքում ձևակերպում ենք աշխատանքային փորձառություն հասկացությունը: Իհարկե, որևէ գործատուի օրենքով չենք պարտադրում, որ դա հիմք հանդիսանա՝ հետագայում աշխատանքի ընդունելու համար: Սակայն կարծում ենք, որ այդ մշակույթը ՀՀ-ում կտարածվի»,-ասաց փոխնախարարը:

Նախարարությունը մշակել է և ունի նաև նախնական կայք, որտեղ կամավորը և կամավորական կազմակերպությունները հնարավորություն կունենան իրար հանդիպելու:

Նախագծի վերաբերյալ անցկացվել էին նաև խորհրդարանական լսումներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել