«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - ՔՊ

2021 թվականի հունիսին տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքում ՀՀ-ում կառավարություն ձեւավորած եւ խորհրդարանական մեծամասնություն դարձած քաղաքական կուսակցություն է։ 8-րդ գումարման խորհրդարանում՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն։

Որպես միավոր՝ ձեւավորվել է 2013 թվականին։ Կուսակցությունը պաշտոնապես ստեղծվել է 2015 թվականին։

Կուսակցությունը «Իմ քայլը» դաշինքի կազմով բացարձակ մեծամասնություն է եղել նաեւ ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովում։ 

Իսկ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին կուսակցությունը դաշինքով էր հանդես եկել «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցութունների հետ, ԱԺ-ում «Ելք» խմբակցություն ձեւավորել՝ 9 պատգամավորով։ Նույն դաշինքով կուսակցությունը մասնակցել էր նաեւ 2017թ․ Երեւանի քաղաքապետի եւ ավագանու ընտրություններին՝ ունենալով 14 հոգանոց խմբակցություն։

2018 թվականին Երեւանի քաղաքապետի ու ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ կուսակցությունը մասնակցել էր «Առաքելություն» կուսակցության հետ՝ «Իմ քայլը» դաշինքով․ դաշինքի ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը դարձավ Երեւանի քաղաքապետ` ստանալով 80%-ից ավել քվե։

«Անկախ ձեր գնահատականներից և վերաբերմունքից՝ իմ աշխատանքը գնահատվել է»․ Հայկուհի Հարությունյանը հանդես եկավ եզրափակիչ ելույթով

«Անկախ ձեր գնահատականներից և վերաբերմունքից՝ իմ աշխատանքը գնահատվել է»․ Հայկուհի Հարությունյանը հանդես եկավ եզրափակիչ ելույթով

Երեկվանից Ազգային ժողովի լիագումար նիստի ընթացքում քննարկում էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում Հայկուհի Հարությունյանի թեկնածությունը: Հարցուպատասխանից և ելույթներից հետո հանձնաժողովի նախկին նախագահ, այժմ անդամի թեկնածու Հայկուհի Հարությունյանը եզրափակիչ ելույթ ունեցավ։ «Երկու կարեւոր արձանագրում եմ ուզում անել․ առաջինը՝ թույլ տվեք որպես քաղաքացի պահանջ հնչեցնել երկու քաղաքական ուժերին (ՔՊ և «Հայաստան» դաշինք՝ խմբ․), անհատներին․ ես երեկ նշեցի, այսօր ընդգծված կրկնում եմ՝ ես իմ գործունեության ամբողջ ժամանակահատվածում եղել եմ անկուսակցական, ապաքաղաքական անձ եւ անկախ քաղաքական շահերից՝ պահանջում եմ ինձ այլ կերպ բնութագրելու եւ թիրախավորելու բոլոր տեսակի միտումները դադարեցնել՝ նաեւ անհատների կողմից։ Տիկին Տիգրանյան (պատգամավոր Հերիքնազ Տիգրանյան՝ խմբ․), Դուք ինձ նոր չեք ճանաչում, բայց, ցավում եմ, որ ինձ զգուշացնում եք, որ ընդդիմության կողմից իմ վերաբերյալ ասված խոսքերը կարող են ինձ վնաս պատճառել։ Երկրորդը՝ Հանձնաժողովի անդամի պաշտոնը թափուր չի մնացել առաջին անգամ, եւ մնացած բոլոր տեսակի գնահատականների, փաստերի անդրադարձից առաջ ուզում եմ հարց հնչեցնել՝ այս նույն ԱԺ-ի կողմից երեք տարի պաշտոնավարումից հետո ընտրված թեկնածուի հարցադրումների վերաբերյալ։ Տիկի՛ն Կարապետյան (պատգամավոր Մարիա Կարապետյան՝ խմբ․), Դուք էդ հարցերը տվե՞լ եք էդ նույն անդամին, ով հանդիսացել է հենց էդ նույն աշխատանքի տեսանկյունից էդ համակարգող պատասխանատու անդամը, Դուք էդ հարցերի պատասխանն ստանալուց հետո փորձե՞լ եք ճշտել, թե էդ դեպքում եթե ես ինքս՝ որպես Հանձնաժողովի նախագահ, էդ աստիճանի գերակա ազդեցություն ունենալով, գործունեություն էի շարունակում, բա թիմի, քաղաքական թիմի եւ նույն կառավարության համար երկու տարի առաջ վտանգ չէի՞, էն գործողությունները, որոնք վերագրվում են ինձ, իրականացվել են բացառապես պաշտոնապես, իրականացվել են քվեարկության ու Հանձնաժողովի կոլեգիալ մարմնի կողմից կայացված որոշումներով։ Երկրորդ արձանագրումը նույն խնդրի վերաբերյալ, նույնիսկ գույքային դրության վերաբերյալ խնդիրները համարժեք են եղել նաեւ մյուս թեկնածուի առնչությամբ։ Հրապարակային են եղել նիստերը, ուստի առաջարկում եմ բոլորին նորից ծանոթանալ եւ ինքներդ գնահատել, արդյոք սա հավասար մոտեցո՞ւմ է, թե իսկապես այն, ինչից նաեւ դուք եք նեղանում, հանրային նաեւ հասարակական պահանջներից, արդարացված է»,- հայտարարեց Հարությունյանը։ Այնուհետև նա առանձին անդրադարձավ պատգամավորների ելույթներին և անհատապես պատասխանեց նրանց բարձրաձայնած հարցերին։ «Ի՞նչ տեղի ունեցավ այս երկու օրերի ընթացքում։ Պարո՛ն Աղաջանյան (պատգամավոր Էդուարդ Աղաջանյան՝ խմբ․), Դուք ճիշտ եք ասում, Հանձնաժողովի գործունեության կամ իմ վերաբերյալ որեւէ բովանդակային քննարկում տեղի չունեցավ, եւ ես հղում չեմ անում պարոն Մինասյանին, որպեսզի նորից փորձերը ինձ քաղաքականացնելու, չկրկնվեն։ Բայց ի՞նչ տեղի ունեցավ, հիմա ես՝ փաստերով։ Փաստ համար մեկ, եւ սա ընդգծված եմ ասում․ ինձ հետ համատեղ բնակվող անձանց հայտարարագրերը թե՛ էլեկտրոնային, թե՛ թղթային տարբերակով ներկայացված են եւ հասանելի, ավելին, դրանք վերլուծված են Հանձնաժողովի կողմից։ Բոլոր նրանք, ովքեր կասկածում են, գործընկերներից մեկը երեկ Հանձնաժողովի կայքին բավականին լավ ծանոթացել էր, առաջարկում եմ նրանից խորհրդատվություն ստանալով գտնել եւ կարդալ, որպեսզի այս երկու օրերի ընթացքում նույն հարցն ավելի քան յոթ անգամ հնչեցնելով, տարբեր ելույթներում էդ տեսակի վարքագծի մասին հարցեր բարձրացնելով պատրանքային տպավորություն չստեղծվի, թե դա իմ բարեվարքության խնդիրն է, որով ես ԿԿՀ նախագահումը թերի կերպով եմ իրականացրել։ Բացի դրանից՝ խնդրում եւ պահանջում եմ սա երրորդ անձի անունից՝ իմ քրոջ վերաբերյալ ձեր հայտարարություններում եւս զգույշ եղեք։ Իմ քույրը երբեւէ Հանձնաժողովի կողմից ֆինանսավորված որեէ գործարքի եւ գործողության մասնակից չի եղել, սրանում կասկածողներն էլ հնարավորություն ունեն կոնկրետ կազմակերպություններից տվյալներ ճշտելու։ Երկրորդ փաստ․ պարոն Խանդանյան (պատգամավոր Սարգիս Խանդանյան՝ խմբ․), լա՛վ է, որ Հանձնաժողովի կայքն էդ աստիճան ուսումնասիրել եք, հաշվետվողականության հարց եք բարձրացնում, բայց լավ չի, որ մինչեւ վերջ չեք կարդացել։ Որովհետեւ ես Ձեզ հարց ունեմ․ եթե կարդայիք, էդ հաշվետվության մեջ նշված էր մի հարց, որի պատասխանը Դուք պիտի հիմա հնչեցնեիք՝ նորից նույն ինստիտուցիոնալ մոտեցումը պահպանելով։ Հանձաժողովի կողմից ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ անհամատեղելիության եզրակացությունը ինչի՞ ուշացրած ներկայացրեք ՍԴ, հարց երկրորդ՝ ավելի քան երկու տարի Հանձնաժողովի անդամի պաշտոնը թափուր մնալու դեպքում ինչի՞ ԱԺ-ն այդ պաշտոնը չհամալրեց իր ընտրությամբ։ Փաստ երրորդ՝ տիկին Բադալյան (պատգամավոր Լուսինե Բադալյան՝ խմբ․), Ձեր քաղաքական հասունությունից չեմ ուզում, բայց արդեն հրապարակված տեղեկություններն օգտագործելով՝ ուզում եմ ոչ միայն ինձ, ամբողջ հանրությանը բացատրեք՝ քաղաքական հասունության ո՞ր ստանդարտով եք գնահատում իրականացնում, եւ նորից, հրապարակված տվյալներն օգտագործելով՝ ուզում եմ բացատրեք՝ էդ տվյալը օգտագործելով քաղաքական հասունության ստանդարտը ո՞նց գնահատվեց, օրինակ, ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ, բա եթե փակ քննարկումներից նեղվում ենք, ինչի՞ չենք ուզում էդ ստանդարտի հավասար կիրառումը հասանելի, թափանցիկ դարձնել նաեւ հանրությանը։ Փաստ համար հինգ․ տիկի՛ն Ջուլհակյան (պատգամավոր Արուսյակ Ջուլհակյան՝ խմբ․), լավ է, որ իմ հայտարարագրերը փորձել էիք վերլուծել, բայց լավ չէ, որ դա արել էիք նույն լրագրողի սիրողական մակարդակով, այնինչ Ձեզ տրված էր հսկայական լիազորություն՝ ստանալ, վերլուծել, օգտագործել օրենքով սահմանված կարգով բոլոր այն տեղեկությունները, որոնք Ձեր բոլոր տեսակի կասկածները կփարատեին։ ԱԺ աշխատակազմի միջոցով մրցութային խորհուրդը Հանձնաժողովի մասին օրենքի 10-րդ հոդվածի պրիմ եւ տասներորդ մասի համաձայն՝ պարտավոր էր ներկայացնել այն տեսակի եզրակացություն, որը ներկայացնում է Հանձաժողովը մնացած բոլոր թեկնածուների վերաբերյալ, եւ Ձեր գործընկերոջ այն հարցադրումն ինձ, թե ինչու նույն օրինակ Ինֆոքոմի հրապարակած հոդվածն այդտեղ տեղ չէր գտել, ես չեմ դրա պատասխանատուն, այդ եզրակացությունը կազմելու պարտավորությունը կրել է խորհուրդը։ Խնդրում եմ ներկայացնել եզրակացություն՝ ստորագրված այդ խորհրդի հինգ անդամների կողմից, եւ դա հասանելի դարձնել այդ նույն տվյալների, հնարավոր կամ ենթադրյալ շահերի բախման, հնարավոր գույքային դրության անհամատեղելիության կամ այլ հարցերի վերաբերյալ հավասարապես։ Ընդգծված կրկնում եմ՝ հղում չանել եւ չօգտագործել ԿԿՀ կողմից գույքային դրության ստուգման այն տեղեկանքը, որը կազմվել է․․․ քանի որ ԱԺ խորհուրդը բանկային գաղտնիքին հասանելություն չունի, բա մնացած տվյալների մասով, օրինակ, խորհուրդն ինչի՞ է հարցում արել ԱԱԾ-ին, եթե դրա պատասխանն ԱԺ բոլոր պատգամավորները հավասարաչափ չունեն։ Փաստ երկրորդ՝ Արուսյակ Ջուլհակյանի արած հրապարակումների մասով․ ես առաջարկեցի մինչեւ շահերի բախման մասին խոսելը առնվազն կարդալ օրենքը։ Իմ կողմից օրենսդրական նախաձեռնությամբ «հանդես գալու», որովհետեւ ես որպես սուբյեկտ եւ մարմին ներկայացնող՝ նման իրավասություն չունեմ եւ չեմ ներկայացրել օրենսդրական նախաձեռնություն, բայց դրա համատեքստում կամ զուգահեռ ուզում եմ հարց տալ․ տիկի՛ն Ջուլհակյան, բա Ազգային Ժողովի պատգամավորի աշխատավարձը բարձրացնելիս ԱԺ-ի կողմից այդ նույն նախագծին քվեարկելը շահերի բախում չէ՞, կամ Վճռաբեկ դատարանի թեկնածու ԱԺ պատգամավորին քվեարկելը շահերի բախում չի՞։ Պարոն Թորոսյան (պատգամավոր Արսեն Թորոսյան՝ խմբ․), Դուք իմ հերոսը չեք եւ ցավում եմ, երբեք չեք էլ կարող դառնալ, բայց առաջարկում եմ շահերի բախման մասին խոսելիս, ինչքան էլ էդ որոշումը ձեզ ամենաանպրոֆեսիոնալը թվա, մի հատ նորից կարդալ, եւ ինձ չէ, մնացած բոլորի համար էն հարցին պատասխանել, թե ձեր կնոջ ղեկավարած կազմակերպությունը որպես Առողջապահության նախարար Ձեր պաշտոնավարման ընթացքում ո՞նց է եղել, որ պայմանագրի արժեքը մեծացրել է՝ դարձնելով մինչեւ 350 մլնից ավելի արժեքով։ Սահմանափակվում եմ փաստերի ներկայացման՝ ժամանակի տված հնարավորությամբ՝ ընդամենը արձանագրելով այս երկու օրերի քննարկման արդյունքները մեկ վերջնական նախադասությամբ․ այո՛, կոռուպցիայի կանխարգելման ինստիտուտը ՀՀ ներդրվել է, ինստիտուտը կայացել է, եւ դա այն անշրջելի իրողությունն է, որը հետդարձի ճանապարհ չունի, անկախ ձեր գնահատականներից եւ ձեր վերաբերմունքից՝ իմ աշխատանքը գնահատվել է, եւ էդ աշխատանքը եւս որպես պատմություն խեղաթյուրել եւ շրջելի դարձնելու հնարավորություն չունի»,- եզրափակեց Հայկուհի Հարությունյանը։
14:18 - 07 դեկտեմբերի, 2023
ՔՊ-ն միակողմանիորեն խզում է «Բալասանյան դաշինք» կուսակցության հետ ստորագրած Համագործակցության մասին հուշագիրը

ՔՊ-ն միակողմանիորեն խզում է «Բալասանյան դաշինք» կուսակցության հետ ստորագրած Համագործակցության մասին հուշագիրը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միակողմանիորեն խզում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության միջև 30.10.2021թ.-ին ստորագրված Համագործակցության մասին հուշագիրը։ Համայնքապետի տեղակալներ Արթուր Պապիկյանը և Վահագն Մկրտչյանը կներկայացնեն հրաժարականի մասին դիմումներ։ Այդ մասին տեղեկանում է ՔՊ կուսակցության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում կատարված հրապարակումից: «Նման որոշման պատճառն այն է, որ Գյումրին չի կառավարվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եւ քաղաքում իրականացվում է ստվերային կառավարում, ինչը անարդյունավետ է դարձնում թե Գյումրիի քաղաքապետարանի գործունեությունը եւ թե «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչների աշխատանքը քաղաքապետարանի գործադիր օղակներում»,- ասված է հրապարակման մեջ:
16:05 - 06 դեկտեմբերի, 2023
Սերգեյ Մարաբյանը ընտրվեց Վճռաբեկ դատարանի դատավոր, Հասմիկ Հակոբյանն ու Նունե Հախվերդյանը՝ ՀՌՀ անդամներ․ ԱԺ նիստը շարունակվում է

Սերգեյ Մարաբյանը ընտրվեց Վճռաբեկ դատարանի դատավոր, Հասմիկ Հակոբյանն ու Նունե Հախվերդյանը՝ ՀՌՀ անդամներ․ ԱԺ նիստը շարունակվում է

Շարունակվում է Ագզային ժողովի հերթական քառօրյա նիստը։ Օրակարգում քննարկվում է 2024թ․ պետական բյուջեի հարցը, այն ներկայացնում է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Մինչ այդ, սակայն, ներկայացվեցին երեկ տեղի ունեցած քվեարկությունների արդյունքները, որոնց մասնակցել է միայն ՔՊ խմբակցությունը: Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում ընտրվեցին Հասմիկ Հակոբյանը և Նունե Հախվերդյանը՝ երկուսն էլ 68 կողմ, 1 դեմ ձայներով։ Ընտրված երկու անդամներն էլ ԱԺ նիստի ընթացքում երդվեցին։ Նունե Հախվերդյանը   Հասմիկ Հակոբյանը Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում ընտրվեց Հակոբ Միհրանյանը՝ 69 կողմ ձայնով։ Հակոբ Միհրանյանը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավոր ընտրվեց Սերգեյ Մարաբյանը՝ 68 կողմ ձայնով։ Սերգեյ Մարաբյանը
10:27 - 06 դեկտեմբերի, 2023
Հայտարարություն Ալավերդու ավագանու ապալեգիտիմացման մասին

Հայտարարություն Ալավերդու ավագանու ապալեգիտիմացման մասին

Հասարակական կազմակերպությունները հայտարարություն են տարածել Ալավերդու ավագանու ապալեգիտիմացման մասին։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․ «2023թ․ դեկտեմբերի 5-ին Ալավերդի համայնքում գումարվել է համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու օրակարգով ավագանու նիստ: Նիստին մասնակցել են ավագանու Քաղաքացիական պայմանագիր (ՔՊ) խմբակցությունը, Ապրելու երկիր խմբակցությունը լքած ավագանու անդամ Սիմոն Զախարովը, ներկա է եղել ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը, որը 2022թ․ սեպտեմբերին ՔՊ կուսակցության կողմից համայնքի ղեկավարի թեկնածուն էր: Ի պատասխան՝ Արկադի Թամազյանի աջակիցները նիստի օրը՝ դեկտեմբերի 5-ին, ժամը 8-ին հրավիրել են քաղաքացիական խաղաղ հավաք համայնքապետարանի շենքի մոտ՝ անվստահության գործընթացը թույլ չտալու նպատակով: Սա վերջին երկու ամիսների ընթացքում Ալավերդիում արդեն երկրորդ ավագանու նիստն է՝ համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու օրակարգով: 2023թ․ հոկտեմբերին համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու հարցով ավագանու նիստ  էր հրավիրել Ապրելու երկիր խմբակցությունը, որին բավարար քվորում չէր ապահովվել: Այս նիստին ներկա էին ԱԵ խմբակցության 12 անդամներից 11-ը և Հայ Ազգային Կոնգրեսը ներկայացնող ավագանու մեկ անդամը: Վերջին ամիսներին պարբերաբար շրջանառվում էին տեղեկություններ, որ փորձ է արվում տարբեր ճնշումների միջոցով հեռացնել Ալավերդի համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին։ Այս մասին նաև հայտարարել են ԱԵ կուսակցության նախագահ Մեսրոպ Առաքելյանը և ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը համատեղ ասուլիսի ընթացքում: Ավագանու կողմից համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելն ինքնին իրավական, թեև ծայրահեղ միջոց է, սակայն այն չի կարող ընթանալ ճնշումների, շանտաժի,  իրավունքների իրացման խոչընդոտման միջոցով: Ալավերդու համայնքապետին անվստահություն հայտնելու գործողությունների ուսումնասիրությունը և այդ մասին եղած հրապարակային աղբյուրները մեզ հիմք են տալիս հայտարարելու, որ ՀՀ պետական իշխանությունը և իշխող ՔՊ կուսակցությունը համառ ջանքեր են ներդրել ճնշումների և ահաբեկումների միջոցով իրականացնելու այդ պաշտոնանկությունը: Մասնավորապես.  Գործադրվել է ճնշում ավագանու ՔՊ խմբակցության անդամ Մարիաննա Պեպանյանի նկատմամբ, որը համաձայն չէր խմբակցության կողմից Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու օրակարգին, հայտնելով, որ չի տեսնում դրա համար հիմնավոր որևէ պատճառ։ Կան տեղեկություններ նաև այլ անդամների նկատմամբ ճնշումների վերաբերյալ, սակայն նրանք հրաժարվել են հանդիպել կամ տեղեկություն տրամադրել քաղաքացիական հասարակության անդամներին կամ հրապարակային հանդես գալ այդ մասին։ Բռնությունների գործադրմամբ արգելափակվել է ավագանու անդամների մի մասի, այդ թվում գործող համայնքապետի մուտքը ավագանու 2023 թ. դեկտեմբերի 5-ի նիստին:Ոստիկանությունը փորձել է արդարացնել այդ սահմանափակումը նրանով, որ գործողություններ են իրականացնում ՔՊ ավագանու անդամների անվտանգությունն ապահովելու համար։ Իրավապահներն արգելափակել են  համայնքի բնակիչների մուտքը ավագանու նիստերի դահլիճ և ներկայությունը այդ նիստին, որով խախտվել է ՏԻՄ օրենքի՝ նիստի հրապարակայնության պահանջը: (Տեսեք վերոհիշյալ աղբյուրը:) ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը ԱԺ լիագումար նիստին մասնակցելու և իր բուն պարտականությունները կատարելու փոխարեն մասնակցել ու միջամտել է Ալավերդի համայնքի հիշյալ նիստին՝ նաև անձնական վիրավորանքներ է հասցրել գործող համայնքապետին։ ԱԵ խմբակցությունը լքած ավագանու անդամ Սիմոն Զախարովին մասնակցության և քվեարկության համար, ըստ տարածվող տեղեկությունների, ՔՊ կուսակցության անդամները խոստացել են Ալավերդու ԲԿ-ի տնօրենի պաշտոնը: Անվստահություն հայտնելուն աջակցող ավագանու անդամները նիստերի դահլիճում հայտնվել են ուստիկանության աջակցությամբ։ ՆԳՆ փրկարար ծառայության ներկայացուցիչներն այդ նպատակով կոտրել են դահլիճի փակ դուռը։ Օրենքի խախտմամբ ընթացած նիստում համայնքի ղեկավար է ընտրվել ՔՊ խմբակցության ղեկավար` Շնող համայնքի նախկին ղեկավար, Դավիթ Ղումաշյանը։ Մենք ներքոնշյալ կազմակերպություններս.  համարում ենք, որ ավագանու անդամների և հետաքրքրված քաղաքացիների մասնակցության խոչընդոտմամբ նիստը ինքնին ապօրինի է և դրա արդյունքում ընդունված որոշումները չեն կարող օրինական համարվել։ դատապարտում ենք օրենսդիր և գործադիր իշխանությունների միջամտությամբ հակաժողորդավարական միջամտությունը Ալավերդի համայնքի տեղական ինքնակառավարմանը, ավագանու անդամների և քաղաքացիների օրինական շահերի և իրավունքների խախտումները, ինչպիսիք քանիցս դրսևորվել են նաև այլ համայնքներում, խստորեն դատապարտում ենք ՔՊ պատգամավոր Արեն Մկրտչյանի, իրավապահ մարմինների և Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի միջամտութամբ Ալավերդի համայնքում ավագանու ապալեգիտիմացումը, իրավապահ մարմիններից պահանջում ենք քննություն իրականացնել ոստիկանության գործողությունների իրավաչափության և արձանագրված ճնշումների փաստերի գնահատման համար, իրավապահ մարմիններից պահանջում եք քննության ենթարկել առերևույթ քրեական հանցակազմ պարունակող վերոհիշյալ գործողությունները, Հայտարարում ենք, որ Տեղական ինքնակառավարման համակարգի նկատմամբ այսպիսի ոտնձգությունները և ճնշումները պետական օրենսդիր և գործադիր իշխանությունների կողմից ոտնահարում են քաղաքացիների կամքը, հակոտնյա են ուղիղ և ներկայացուցչական ժողովրդավարության ոգուն ու հետզհետե ոչնչացնում են այն խորհրդանշական առաջընթացը, որ արձանագրվել էր ընտրական գործընթացներում: Պետական իշխանությունը պարտավոր է իրեն ու հանրությանը հաշիվ տալ նշված հետադիմական զարգացումները նախաձեռնելու և խթանելու համար: «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» «Ուղղակի Ժողովրդավարություն» «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ «Խաղաղության երկխոսություն» ՀԿ «Երևանի մամուլի ակումբ» ՀԿ Հանրային լրագրության ակումբ ՀԿ  Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ»։
21:05 - 05 դեկտեմբերի, 2023
Դատապարտում ենք Նիկոլ Փաշինյանի կողմից Ալավերդիում իշխանազավթումը. «Մայր Հայաստան»

Դատապարտում ենք Նիկոլ Փաշինյանի կողմից Ալավերդիում իշխանազավթումը. «Մայր Հայաստան»

Ժողովրդավարությունից, մարդու իրավունքների պաշտպանությունից, օրինականությունից խոսող Նիկոլ Փաշինյանն իր գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ ՔՊԿ-ի միջոցով Ալավերդի համայնքում հակաքաղաքացիական գործողությունների է գնացել: Այս մասին հայտարություն է տարածել «Մայր Հայաստան» դաշինքը։  «ՔՊԿ-ն ապօրինաբար և քստմնելի տեխնոլոգիաներ կիրառելով գողացել է համայնքի բնակիչների քվեն, զրկել «Ապրելու երկիր» և «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների կոալիցիոն համայնքապետին իշխանությունից ու համայնքի ղեկավար նշանակել սեփական թեկնածուին: Այդպիսով հակաժողովրդավարական տրամաբանությամբ վերանայվել են 2022թ. սեպտեմբերի 25-ին Ալավերդիում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները: ՔՊԿ-ական թեկնածուի նշանակման գործընթացին նախորդել և հաջորդել են ՔՊԿ-ական պատգամավորի անմիջական ղեկավարմամբ իրականացվող՝ օրենքի աղաղակող խախտումներն ու բարոյական նորմերի ոտնահարումը: Իշխանազավթման նիստը տեղի է ունեցել ընթացակարգային կոպիտ խախտումներով: Այդ ամենին գործուն մասնակցություն են ցուցաբերել Ոստիկանությունն ու Արտակարգ իրավիճակների նախարարությունը: Ալավերդիում տեղի ունեցածը «թավշյա», ուժային կառույցների միջոցով իրականացված իշխանազավթում է: Փաշինյանական ընտրակեղծիքների առանձնահատկությունն այն է, որ ընտրակեղծիքների իրականացումը տեղի է ունենում ոչ միայն նախընտրական, այլ նաև հետընտրական փուլերում: Նման մեթոդի Նիկոլ Փաշինյանը դիմել է Վանաձորում, Երևանում և այլ համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո: Այնտեղ, որտեղ ՔՊԿ-ն պարտվել է ՏԻՄ ընտրություններում, հետևել են հետընտրական ապօրինությունները, կուլիսային ճնշում-գործարքները և անգամ կալանավորումները՝ զրկելով համայնքին ոչ ՔՊԿ-ական ղեկավար ունենալու իրավունքից:Իր այս գործելաոճով ՔՊԿ-ն վերածվել է ռազմաքրեական հանցախմբի: Հաշվի առնելով այս իրողությունները, ինչպես նաև ՔՊԿ ներքին ու արտաքին կործանարար քաղաքականությունը՝ այդ ուժին իշխանությունից հեռացնելը մեր երկրի անվտանգության ու գոյության, ինչպես նաև ժողովրդավարական կարգի ապահովման թիվ մեկ նախապայմանն է» ,- ասված է հայտարարության մեջ։ 
17:11 - 05 դեկտեմբերի, 2023
ՀՌՀ անդամի թափուր պաշտոնում ՔՊ-ն առաջադրել է Հասմիկ Հակոբյանի թեկնածությունը
 |1lurer.am|

ՀՌՀ անդամի թափուր պաշտոնում ՔՊ-ն առաջադրել է Հասմիկ Հակոբյանի թեկնածությունը |1lurer.am|

1lurer.am: Խորհրդարանը քննարկում է հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի համաձայն՝ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում Ազգային ժողովին առաջարկել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված՝ գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Հասմիկ Հակոբյանի թեկնածությունը: ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ներկայացրել է Հասմիկ Խաչիկի Հակոբյանի թեկնածությունը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի  թափուր պաշտոնում: Հակոբյանի թեկնածությունը քննարկվել է նաև հանձնաժողովում»,- թեկնածուին ներկայացնելիս ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը: Հակոբյանը սովորել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի բակալավրիատում, ապա՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրայում, զբաղվել հետազոտական աշխատանքներով, հրապարակել 50-ից ավելի գիտական և գրախոսական հոդվածներ: Պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն, ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան: 2012-ից «Գրանիշ» կայքի գլխավոր խմբագիրն է: «Վստահ եմ, որ տիկին Հակոբյանը բարեխղճորեն կկատարի իր աշխատանքը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում, կոչ եմ անում ԱԺ բոլոր խմբակցություններին՝ կողմ քվեարկել տիկին Հակոբյանի թեկնածությանը»,- նշեց Ղազարյանը:
14:19 - 05 դեկտեմբերի, 2023
Սա վերջը չի, սա սկիզբն է ամեն ինչի. Արկադի Թամազյանը պատրաստվում է դատարանում բողոքարկել իր իմպիչմենտը
 |news.am|

Սա վերջը չի, սա սկիզբն է ամեն ինչի. Արկադի Թամազյանը պատրաստվում է դատարանում բողոքարկել իր իմպիչմենտը |news.am|

news.am: Ալավերդու ավագանու նիստն անօրինական էր: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Ալավերդու համայնքապետարանի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել է Ալավերդու արդեն նախկին համայնքապետ Արկադի Թամազյանը: «Սա վերջը չի, սա սկիզբն է ամեն ինչի: Պայքարը հենց այսօրվանից սկսվելու է: Կփորձեն  նաև իրավական, իրավապահ մարմինների միջոցով տարբեր խաղեր՝ կեղտոտ փորձեն անել, դա ոչինչ չի փոխելու, համոզված եղեք: Այս ընթացքում մեր փաստաբանները կդիմեն դատարան, և լրացուցիչ  տեղեկություն կտրամադրենք գործի հետ կապված»,- հայտարարեց Թամազյանը: Հիշեցնենք, որ առավոտյան Ալավերդու ավագանու 27 անդամներից 14-ն անվստահություն հայտնեցին Արկադի Թամազյանին և համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրեցին ՔՊ խմբակցության ղեկավար Դավիթ Ղումաշյանին։ Ամբողջ խնդիրն այն է, որ «Ապրելու երկիր» խմբակցությունից Սիմոն Զախորվը դուրս է եկել խմբակցությունից եւ դարձել «անկախ» անդամ՝ աճակցելով ՔՊ-ին: Դա թույլ է տվել ՔՊ-ին ունենալ 14 քվե, համայնքապետին անվստահություն հայտնելու համար։ 
13:09 - 05 դեկտեմբերի, 2023
Ալավերդու համայնքապետ ընտրվեց ՔՊ-ական Դավիթ Ղումաշյանը

Ալավերդու համայնքապետ ընտրվեց ՔՊ-ական Դավիթ Ղումաշյանը

Ալավերդի խոշորացված համայնքի ավագանու 27 անդամից 14-ը քվեարկությամբ անվստահություն հայտնեցին համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին։ Գաղտնի քվեարկությամբ համայնքապետ ընտրվեց ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար, Շնողի նախկին համայնքապետ Դավիթ Ղումաշյանը։ Ինչպես արդեն հայտնել ենք, Ալավերդի խոշորացված համայնքի ավագանու ՔՊ խմբակցությունը նախաձեռնել է «Ապրելու երկիր» կուսակցությունից համայնքապետ Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու գործընթաց։ Հիշեցնենք, որ 2022թ․ սեպտեմբերի 25-ին Ալավերդիում կայացած ՏԻՄ համամասնական ընտրությունների արդյունքներով Ալավերդիում ՔՊ-ն և «Ապրելու երկիր» կուսակցություններին տրվել էր հավասար թվով՝ 13-ական մանդատ, ևս մեկ մանդատ տրվել էր «Հայ ազգային կոնգրես»-ին։ Կոալիցիա էին կազմել «Ապրելու երկիր»-ը և ՀԱԿ-ը՝ համայնքապետ ընտրելով Թամազյանին։
11:05 - 05 դեկտեմբերի, 2023
Ալավերդու համայնքապետին անվստահություն հայտնելու առաջին քվեարկությունը անվավեր համարվեց․ ընթանում է նոր քվեարկություն

Ալավերդու համայնքապետին անվստահություն հայտնելու առաջին քվեարկությունը անվավեր համարվեց․ ընթանում է նոր քվեարկություն

Ինչպես արդեն հայտնել ենք, Ալավերդի խոշորացված համայնքի ավագանու ՔՊ խմբակցությունը նախաձեռնել է «Ապրելու երկիր» կուսակցությունից համայնքապետ Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու գործընթաց։ Ավագանու արտահերթ նիստին մասնակցում է 14 անդամ՝ 13-ը ՔՊ խմբակցության անդամներն են, 1-ը՝ «Ապրելու երկիր» խմբակցությունից դուրս եկած և ավագանու անկախ անդամ։ Գաղտնի քվեարկության ավարտից հետո նիստերի սենյակ մտավ գործող համայնքապետ Արկադի Թամազյանը, ներս մտավ նաև Մեսրոպ Առաքելյանը։ Թամազյանը նշեց, որ նիստը սկսել են օրենքի խախտմամբ, քանի որ պետք է 30 րոպե սպասեին, մինչ համայնքապետը կամ տեղակալը գային, և հետո միայն նրանց չգալու դեպքում նիստը կվարեր ավագ անդամը։ Հետո Մեսրոպ Առաքելյանը վերցրեց քվեատուփը՝ լրագրողներին ցույց տալու, որ արդեն քվեարկությունը տեղի է ունեցել, ինչից հետո լեզվակռիվ ու քաշքշուկ սկսվեց։ Ոստիկանները դուրս տարան Առաքելյանին։ Նշենք, որ սենյակում է նաև ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը։ Վերջինիս և Թամազյանի միջև ևս լեզվակռիվ սկսվեց, վիրավորանքներ հնչեցին։ Ոստիկանները դուրս տարան նաև Թամազյանին։ Քվեատուփի հետ տեղի ունեցած միջադեպի պատճառով առաջարկվեց նախկին քվեարկությունը համարել անվավեր։ Այժմ ավագանու անդամները նորից են քվեարկում։ Քաղաքացիները համայնքապետարանի բակում բողոքի ակցիա են իրականացնում՝ նշելով, որ դեմ են համայնքապետին անվստահություն հայտնելու գործըթնացին։ Ըստ ՔՊ-ի՝ բնակիչները հավաքվել են վարչական ռեսուրսի գործադրմամբ։ Հիշեցնենք, որ 2022թ․ սեպտեմբերի 25-ին Ալավերդիում կայացած ՏԻՄ համամասնական ընտրությունների արդյունքներով Ալավերդիում ՔՊ-ն և «Ապրելու երկիր» կուսակցություններին տրվել էր հավասար թվով՝ 13-ական մանդատ, ևս մեկ մանդատ տրվել էր «Հայ ազգային կոնգրես»-ին։ Կոալիցիա էին կազմել «Ապրելու երկիր»-ը և ՀԱԿ-ը՝ համայնքապետ ընտրելով Թամազյանին։ Լուսանկարում՝ Արկադի Թամազյանը
10:51 - 05 դեկտեմբերի, 2023
Որպես ԱԺ նախագահ չե՞ք գտնում, որ Ձեր կուսակիցների պահվածքը հայկական պառլամենտարիզմը ոչնչացնելուն ուղղված քայլ էր․ Արթուր Խաչատրյանն՝ Ալեն Սիմոնյանին  |tert.am|

Որպես ԱԺ նախագահ չե՞ք գտնում, որ Ձեր կուսակիցների պահվածքը հայկական պառլամենտարիզմը ոչնչացնելուն ուղղված քայլ էր․ Արթուր Խաչատրյանն՝ Ալեն Սիմոնյանին |tert.am|

tert.am: Իշխող քաղաքական մեծամասնությունը հերթական անգամ թույլ չտվեց ընդդիմության  կողմից նախաձեռնված հարցը մտնի նստաշրջանի նիստի օրակարգ և քննարկվի նիստում։ Այս մասին հարց ուղղելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ «Հերթական նախաձեռնությունը սպանվեց հանձնաժողովի մակարդակում։ Որպես ԱԺ նախագահ չե՞ք գտնում, որ Ձեր կուսակիցների պահվածքը հայկական պառլամենտարիզմը ոչնչացնելուն ուղղված  քայլ է»,- ասաց նա։ Պատասխանեով հարցին՝ ԱԺ նախագահն ասաց․ «Որպես ԱԺ նախագահ գտնում եմ, որ պառլամենտարիզմը ոչնչացնում է նիստերին չգալը, ընդդիմությանը տրամադրված հանձնաժողովների նախագահ մարմինները չձևավորելը, խորհրդի նիստերին չմասնակցելը և նմանատիպ այլ գործունեությունը։ Իսկ ես ինչ եմ գտնում որպես ԱԺ նախագահ, կարծում եմ օրենքից վեր չի կարող լինել։ Հարցը տալուց նաև դա նկատի ունեցեք, որ օրենքով նախաձեռնված շատ հնարավորություններից դուք հրաժարվում եք, հետո գալիս եք այստեղ, երկմտում, զարմանում, թե ինչու մի հարցը չի մտել նիստի օրակարգ»։ Արթուր Խաչատրյանը Ալեն Սիմոնյանը խոսքերը շանտաժ որակեց։ «Կարո՞ղ եմ հասկանալ, որ Ձեր ասածը պարզ շանտաժ էր, քանի որ մասնակցությունը ցածր է, վարչական պաշտոններից հրաժարվել ենք ու քանի որ մեր պահվածքը այսպես է, շարունակելու եք ընդդիմության բոլոր օրենսդրական նախաձեռնությունները, սպանել հանձնաժողովների մակարդակում»,- ասաց պատգամավորը։ Ալեն Սիմոնյանն իր հերթին չհամաձայնեց Արթուր Խաչատյանի հարցադրման հետ՝ նշելով, որ կան շատ օրինակներ, երբ ընդդիմության նախաձեռնությունները օրենք են դարձել։
10:45 - 05 դեկտեմբերի, 2023
Ալավերդիում իրավիճակը լարված է․ քաղաքացիները դեմ են համայնքապետին անվստահություն հայտնելու ՔՊ նախաձեռնությանը

Ալավերդիում իրավիճակը լարված է․ քաղաքացիները դեմ են համայնքապետին անվստահություն հայտնելու ՔՊ նախաձեռնությանը

Ալավերդու ավագանու ՔՊ խմբակցությունը նախաձեռնել է «Ապրելու երկիր» կուսակցությունից համայնքապետ Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու գործընթաց։ Ալավերդու բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում ավագանու այս նախաձեռնության դեմ։ Այս պահին մեծ թվով ոստիկաններ թույլ չեն տալիս համայնքապետարանի աշխատակիցներին մուտք գործել շենք։ ՔՊ-ն համայնքապետին անվստահություն հայտնելու վերաբերյալ ավագանու որոշում է ներկայացրել, որը պետք է քննարկվի նիստի օրակարգում։ Համայնքապետ Արկադի Թամազյանը հայտարարել է, որ ՔՊ-ն օրենքի խախտմամբ է փորձում իրեն պաշտոնազրկել։ Ավելի վաղ Ալավերդի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հայտարարել էր․ «Մեզ անդադար հասնում են տեղեկություններ վարչական ռեսուրսի գործադրմամբ վաղը նախատեսած հանրահավաքի մարդաշատություն ապահովելու նպատակով։ Մասնավորապես, համայնքապետարանի պաշտոնյաներ, բաժնի պետեր զանգահարում են մանկապարտեզների, բուժամբուլատորիաների, երաժշտական դպրոցների, մշակույթի տների տնօրենների և հրահանգում վաղը՝ ժամը 09:30-ին, ներկայանալ համայնքապետարան՝ իբր բյուջեի քննարկման այն պարագայում, երբ ժամը 08:00-ին համայնքապետարանի դիմաց հրավիրել են հանրահավաք։ Հրահանգվել է նաև հանրահավաքին մասնակցել համայնքապետարանի աշխատակազմին, ՀՈԱԿ-ների աշխատակազմերի»։ Հիշեցնենք, որ 2022թ․ սեպտեմբերի 25-ին Ալավերդիում կայացած ՏԻՄ համամասնական ընտրությունների արդյունքներով Ալավերդիում ՔՊ-ն և «Ապրելու երկիր» կուսակցություններին տրվել էր հավասար թվով՝ 13-ական մանդատ, ևս մեկ մանդատ տրվել էր «Հայ ազգային կոնգրես»-ին։ Կոալիցիա էին կազմել «Ապրելու երկիր»-ը և ՀԱԿ-ը՝ համայնքապետ ընտրելով Թամազյանին։ Ավելի ուշ ավագանու անդամ Սիմոն Զախարովը լքել էր «Ապրելու երկիր» խմբակցությունը և դարձել «անկախ» անդամ: Ավագանու արտահերթ նիստը այս պահին մեկնարկել է, մասնակցում է 14 անդամ։ Առաջարկվում է անվստահություն հայտնել գործող համայնքապետ Արկադի Թամրազյանին և համայնքապետ ընտրել ՔՊ խմբակցության ղեկավար Դավիթ Ղումաշյանին։ Արտահերթ նիստը վարում է հենց Սիմոն Զախարովը, քանի որ համայնքապետի բացակայության պայմաններում նիստը պետք է վարի ավագ անդամը։
09:53 - 05 դեկտեմբերի, 2023
Առաջարկում եմ դեմ քվեարկել «Հայաքվեի» նախագծին, այն իր հիմնական նպատակը իրականացրել է․ Վլադիմիր Վարդանյան
 |tert.am|

Առաջարկում եմ դեմ քվեարկել «Հայաքվեի» նախագծին, այն իր հիմնական նպատակը իրականացրել է․ Վլադիմիր Վարդանյան |tert.am|

tert.am: ԱԺ դահլիճից անհրաժեշտ է որոշակի հանրայնացում «Հայաքվե» նախագծի վերաբերյալ, իսկ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքը չի պարունակում որևէ հնարավորություն  քաղաքացիական նախաձեռնության հարցով առանձին լսումներ կազմակերպելու։ Այս մասին ԱԺ պետականիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, անդրադառնալով  «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության ներկայացրած օրենքի նախագծին, ասաց հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։ «Այդ լսումները կարող են կազմակերպվել կամ հանձնաժողովի կողմից, կամ խմբակցության։ Խմբակցությունն էլ չէր կարող այդ լսումները կազմակերպել։ Կանոնակարգ օրենքը հստակ նախատեսում է հետևյալ կանոնակարգումը, որ նման լսումներ կարող են կազմակերպվել միայն խմբակցության կամ նրա որևէ պատգամավորի կողմից առաջադրված նախագծի հարցով»,- ասաց նա։ Վարդանյանը նշեց, որ «Հայաստան» խմբակցության կողմից  ներկայացված նախագիծը ինքնուրույն բովանդակություն չունի և ամբողջությամբ վերաբերում է «Հայաքվե» նախագածի բովանդակությանը։ «Առաջարկում եմ պարզապես արձանագրել, որ այս հայտարարությունը կատարել է իր առաքելությունը՝ լսումները կազմակերպվել են, ես անձամբ ուշադիր հետևել եմ լսումներին, լսել եմ այն դատողությունները ու մտքերը, որ հնչել են այդ լսումների ժամանակ։ Այս նախագիծը որևէ այլ ավելացված արժեք չի պարունակում։ Հաշվի առնելով, որ այս նախագծի  հիմնական նպատակը արդեն իսկ իրականացվել է՝ առաջարկում եմ դեմ քվեարկել այս նախագծին»,- ասաց Վլադիմիր Վարդանյանը։
14:01 - 04 դեկտեմբերի, 2023
ՔՊ պաշտոնյաները մերժում են տեղեկություն տրամադրել՝ համարելով, որ օրենքն իրենց վրա չի տարածվում

ՔՊ պաշտոնյաները մերժում են տեղեկություն տրամադրել՝ համարելով, որ օրենքն իրենց վրա չի տարածվում

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները խոչընդոտում են լրագրողների աշխատանքը՝ կարծելով, թե իրենք չեն ենթարկվում «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքին։ Այս տարվա օգոստոսի 9-ին հարցում ենք ուղարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ խնդրելով տրամադրել Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ կուսակցության կազմակերպած դրամահավաք-երեկոյի ընթացքում նվիրատվություններ կատարած անձանց ցանկը և նվիրատվության չափը, ինչպես նաև նշել, թե ավելացած գումարը ինչպես է տնօրինվել։ Օգոստոսի 15-ին ստացել ենք պատասխան, որ կուսակցության աշխատակազմը ծանրաբեռնված է Երևանի ավագանու սպասվող ընտրությունների կազմակերպչական խնդիրներով և հարցմանը կփորձեն պատասխանել հնարավորինս սեղմ ժամկետներում։ Պատասխանը ստանալուց հետո կապ ենք հաստատել կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանի հետ, որը հեռախոսազրույցում նշել է, որ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը կուսակցություններին չի վերաբերում, ուստի, նրա պնդմամբ, պարտավոր չեն ենթարկվել օրենքով սահմանված ժամկետներին։ Ալեքսանյանը նշեց նաև, որ քանի որ իրենք բարձր են գնահատում լրատվամիջոցների միջոցով հանրության հետ հազորդակցությունը, երբ ազատ ժամանակ ունենան, հարցմանը կպատասխանեն։ Հարցումն ուղարկելուց գրեթե 4 ամիս անց դեռ պատասխան չենք ստացել։ Օրեր առաջ՝ նոյեմբերի 20-ին ՔՊ կուսակցությանը կրկին հարցում ենք ուղարկել՝ խնդրելով տրամադրել Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական շրջանում կուսակցությանը նվիրատվություն կատարած անձանց ցանկը։ Նոյեմբերի 28-ին ստացել ենք պատասխան՝ կիսատ տեղեկությամբ։ Կուսակցությունը շարունակում է մերժել ցանկի տրամադրումը։ «Ինֆոքոմի» հետ հեռախոսազրույցում կուսակցության վարչության փոխնախագահ, հանրային կապերի համակարգող, պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ևս մեկ անգամ պնդեց, որ «Տեղեկատվության ազատության» մասին օրենքը կուսակցություններին չի վերաբերում։ Մինչդեռ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ օրենքի գործողությունը տարածվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունների, ինչպես նաև հանրային նշանակության կազմակերպությունների և դրանց պաշտոնատար անձանց վրա։ ՔՊ-ն` որպես ԱԺ վերջին ընտրություններին օրենքով սահմանված շեմը հաղթահարած կուսակցություն,  ֆինանսավորում է ստանում նաև պետբյուջեից, հետևաբար օրենքը տարածվում է կուսակցության վրա։ Այս հանգամանքը հաստատվել է նաև Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ռազմավարական դատավարության շրջանակում դատարանների կողմից (ԵԿԴ 1391/02/09, ԵԿԴ 1524/02/12) ընդունված վճիռները։  Ինֆորմացիայի ազատության կենտրոնի փորձագետ-իրավաբան, տեղեկատվության ազատության փորձագետ Գևորգ Հայրապետյանի խոսքով մի քանի դատական գործերով Ինֆորմացիայի ազատության կենտրոնը (ԻԱԿ) «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի դաշտում դատարանով հաջողության է հասել՝ կուսակցությունների դեմ մի քանի ռազմավարական գործերով. «Վերջնարդյունքում ԻԱԿ-ը կուսակցություններից ստացել է տեղեկությունը։ Դատարաններն էլ համարել են, որ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը կուսակցությունների վրա տարածվում է։ Օրենքներն ինքնաբավ չեն, դրանք կարգավորվում են ու ամբողջանում են դրանց դրույթների՝ դատարանների մեկնաբանությամբ։ Դատարաններն այդպես են մեկնաբանել, ու դա ճիշտ է ու այդպես պետք է լինի», - նշեց Գևորգ Հայրապետյանը։  Սա առաջին դեպքը չէ, երբ ՔՊ կուսակցության անդամները պնդում են, որ ՏԱ մասին օրենքն իրենց չի վերաբերում։ Նույն կարծիքին են նաև ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորներ Հայկ Կոնջորյանը, Արթուր Հովհաննիսյանը և Սարգիս Խանդանյանը։  Հոկտեմբերի 14-ին գրավոր հարցում էինք ուղարկել ՔՊ խմբակցություն՝ խնդրելով հայտնել, թե ինչ դիրքորոշում ունեն Վահագն Հովակիմյանի՝ ԿԸՀ նախագահի պաշտոնում ընտրվելու ժամանակ սեփական քվեարկությանը մասնակցելու վերաբերյալ և արդյոք պատրաստվում են իրավական գործընթաց սկսել։ Գրավոր հարցումը ՔՊ-ին ուղարկել ենք խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի անվամբ, և ուղարկելուց հետո նրա օգնական Նատալի Սինորյանից հավաստիացել ենք, որ այն ստացել են։ 5-օրյա ժամկետը լրանալուց հետո հարցման պատասխանը չենք ստացել և կապ ենք հաստատել Սինորյանի հետ՝ պատճառները հասկանալու համար։ Վերջինս տեղեկացրել է, որ Հայկ Կոնջորյանից հարցման վերաբերյալ որևէ հանձնարարական չի ստացել։ Խնդրել ենք ճշտել՝ հիշեցնելով օրենքով նախատեսված ժամկետի ավարտի մասին։ Սինորյանը խոստացել է ճշտել և տեղեկացնել, ինչն այդպես էլ չի արվել։ ։ Մենք փորձել ենք կապ հաստատել նաև պատգամավոր Հայկ Կոնջորյանի հետ, սակայն նա հեռախոսազանգերին չի պատասխանել։ Ինֆոքոմը փետրվարի 14-ին գրավոր հարցումներ էր ուղարկել Աժ երեք խմբակցություններին՝ հետաքրքրվելով՝ արդյո՞ք քննարկել են Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծ ներկայացնելու հարցը՝ պայմանավորված այն բանով, որ հանրային ծառայության անցնելուց հետո նա շարունակել էր զբաղվել փաստաբանությամբ եւ գրանցումից չէր հանել իր անհատ ձեռնարկությունը, ինչի իրավունքը, ըստ օրենքի, չուներ։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը մեր հարցմանը չի պատասխանել։ Նրա օգնական Սյուզի Սարգսյանը փոխանցել է, որ դրանում նշված հարցերը հարցազրույցի բնույթ են կրում։ Դրանից բացի, «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը, ըստ Սարգսյանի, տարածվում է գործադիր իշխանության վրա, իսկ պատգամավորներին չի վերաբերում։  Մեկ այլ տեղեկատվության հարցում օգոստոսի 9-ին ուղարկել էինք ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանին՝ հետաքրքրվելով, թե ինչ աշխատանքներ է իրականացրել միջազգային գործընկերների հետ՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման, Արցախում հումանիտար աղետը կանխելու ուղղությամբ։ Խանդանյանը օրենքով սահմանված ժամկետում չի արձագանքել հարցմանը, ինչից հետո զանգով հետաքրքրվել ենք պատճառների մասին։ Խանդանյանը նախ ասել է, թե այդ հարցերը հարցազրույցի հարցեր են, հետո մեկնաբանել է, թե պատգամավորների վրա չի տարածվում «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը, ինչպես նաև զբաղվածության պատճառաբանությամբ բանավոր չի պատասխանել հարցման մեջ նշված հարցերին։  Տեղեկատվության ազատության փորձագետ Գևորգ Հայրապետյանը նշեց, որ դեռևս 2010 թվականին «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի գիտագործնական (դոկտրինալ) մեկնաբանություններ հրատարակվեցին. «Դրանց շրջանակում անդրադարձ կար նաև տեղեկություն տնօրինողների շրջանակին։ Ի թիվս այլնի՝ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի դաշտում են գտնվում նաև պաշտոնատար անձինք»,- պարզաբանում է Հայրապետյանը։  ՔՊ կուսակցության նվիրատուների վերաբերյալ հարցումն անպատասխան թողնելուց հետո «Ինֆոքոմը» դիմել էր Ինֆորմացիայի ազատության կենտրոն։ ԻԱԿ-ը ևս նույն թեմայով հարցումներ էր ուղարկել ՔՊ, որոնք մնացել են անպատասխան։ «Հարցումները անպատասխան մնալուց հետո ԻԱԿ-ը դիտարկում է դատական կարգով իր՝ տեղեկատվության ազատության իրավունքի խախտման փաստը վիճարկելը», - նշեց Գևորգ Հայրապետյանը։
15:37 - 01 դեկտեմբերի, 2023
ՔՊ-ն Ալավերդու համայնքապետին անվստահություն հայտնելու վերաբերյալ ավագանու որոշում է ներկայացրել

ՔՊ-ն Ալավերդու համայնքապետին անվստահություն հայտնելու վերաբերյալ ավագանու որոշում է ներկայացրել

Ալավերդու ավագանու «Քաղաքացիական պայմանագրի» խմբակցությունն Ալավերդու համայնքապետին անվստահություն հայտնելու վերաբերյալ ավագանու որոշում է ներկայացրել։ Այս մասին տեղեկանում ենք «Ապրելու երկիր» կուսակցությունից Ալավերդու համայնքապետ ընտրված Արկադի Թամազյանի ֆեյսբուքյան էջից։ «Ալավերդի համայնքի սիրելի՛ բնակիչներ, Այսօր օրենքի խախտումով Ալավերդու համայնքապետարան է ներկայացվել Ալավերդի համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու վերաբերյալ ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշումը: Մեկ տարվա ընթացքում տարաբնույթ հերյուրանքներից, շահարկումներից, սուտ և մտացածին խոսակցություններից հետո այն սպասելի էր թե՛ իմ, թե՛ մեր բնակիչների համար։Սակայն այստեղ իրապես ցավալի է մեկ հանգամանք. բնակչության վստահության շնորհիվ ավագանու անդամի կարգավիճակ ստացած, սակայն անձնական շահի և ցանկությունների կատարման համար օգտագործված առնետի ընտրած ճանապարհը։ Բոլորս գիտենք՝ առնետի ճանապարհն ավարտվում է թակարդում։ Սիրելի՛ ալավերդցիներ, վերահաստատում եմ, որ մենք շարունակում ենք ծառայությունը ի շահ Ալավերդի համայնքի և ի շահ մեր բնակչի։ Մենք մեր հնարավորություններն օգտագործել ենք միայն Ալավերդին ամեն եկող օրվա հետ ավելի լավը դարձնելու համար՝ վստահ լինելով, որ դա է գնահատականի արժանանալու միակ բանաձևը։ Ալավերդիում իշխանությունը ձևավորվել է ձեր ընտրության շնորհիվ, և իշխանությունը հենց ձերն է։ Ձեր վստահությունը մեզ համար ամենաթանկն ու կարևորն է, և վստահեցնում ենք՝ ձեզ հետ միասին չենք թողնելու, որ մի խումբ արկածախնդիրներ խլեն ձեր իշխանությունը։ Եվս մեկ անգամ շնորհակալ եմ Ձեզ վստահության և աջակցության համար», - գրել է Թամազյանը` գրառմանը կից հրապարակելով նաև նախագիծը։ Ավելի վաղ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Ալավերդի համայնքում նախորդ տարի տեղի ունեցած ավագանու ընտրություններում կրած պարտությունից հետո ընդդիմադիր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներն այդպես էլ չեն ընդունում իրենց կարգավիճակը և անում են առավելագույնը խոչընդոտելու համայնքի զարգացմանը։ «Ամիսներ առաջ օգտագործելով բազմաթիվ վարչական լծակներ, տեղացիների ասելով՝ տալով նաև նյութական խոստումներ՝ հաջողացրել են «Ապրելու երկիր» խմբակցության անդամներից մեկին տանել իրենց կողմը։ Արդյունքում, արդեն մի քանի ամիս է՝ իշխանության թիմը չի ներկայանում ավագանու նիստերին՝ խոչընդոտելով համայնքի համար կարևոր մի շարք ծրագրերի քննարկմանը։ Ընդ որում, մեր այլ թիմակիցների նկատմամբ ճնշումներ և առաջարկներ անելու փորձեր նույնպես արվել են՝ պարտված թեկնածուի և խմբակցության՝ քրեական բազմաթիվ դրվագներով հայտնի ղեկավարի կողմից։ Ուզում եմ կարևորել նաև, մեր կոալիցիոն գործընկեր «Հայ ազգային կոնգրես» կուսակցության սկզբունքային դիրքորոշումը, ում հետ ձևավորվել է իշխանությունը։ Եվ ահա, Ալավերդիում ընդդիմադիր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը առաջիկա օրերին նախատեսում է ՏԻՄ օրենքի կոպիտ խախտումով նախաձեռնել համայնքի ղեկավարի անվստահության գործընթաց, ինչը օրեր առաջ արժանացել է իրենց ղեկավարության՝ կուսակցության վարչության և կուսակցության նախագահի հավանությանը։ Ժողովրդավարության մասին հեքիաթներ պատմող իշխող ուժը փորձում է ամեն գնով խլել ժողովրդի կողմից ձևավորված իշխանությունը, որը բոլորի համար եղել է ընդունելի։ «Ապրելու երկիր» կուսակցությունը չի թույլատրելու զոռբայությամբ և օրենքի խախտումով իշխանության փոփոխությունը Ալավերդի համայնքում։ Ժողովրդի կողմից ձևավորված իշխանությունը կարող է փոխվել միայն ժողովրդի կողմից։ Պատրաստ ենք քննարկել նույնիսկ ավագանու արտահերթ ընտրությունների անցկացումը՝ վերահաստատելով ժողովրդի վստահությունը։ Հակառակ պարագայում, կհանդիպենք որտեղ պատահի․․․», - գրել էր Մեսրոպ Առաքելյանը։
23:15 - 30 նոյեմբերի, 2023