ԲԴԽ

Բարձրագույն դատական խորհուրդը Սահմանադրական մարմին է, որը կոչված է ապահովելու դատական իշխանության անկախությունը եւ բնականոն գործունեությունը։

1. ԲԴԽ-ն`
1) կազմում եւ հաստատում է դատավորների թեկնածուների, ներառյալ առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակները.
2) Հանրապետության նախագահին առաջարկում է նշանակման ենթակա, ներառյալ առաջխաղացման կարգով նշանակման ենթակա դատավորների թեկնածուներին, դատարանների նախագահների եւ Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների թեկնածուներին. 
3) ԱԺ-ին առաջարկում է Վճռաբեկ դատարանի դատավորների եւ նախագահի թեկնածուներին.
4) լուծում է դատավորներին մեկ այլ դատարան գործուղելու հարցը, իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցը, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, դատավորների լիազորությունների դադարեցման հարցերը։

2. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարց քննարկելու, ինչպես նաեւ Դատական օրենսգրքով սահմանված այլ դեպքերում Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան:

3. Օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով Բարձրագույն դատական խորհուրդն ընդունում է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:

Խորհրդի գործող նախագահը Ռուբեն Վարդազարյանն է։

Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ դադարեցվել են 6 դատավորների լիազորությունները

Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ դադարեցվել են 6 դատավորների լիազորությունները

Բարձրագույն դատական խորհրդի կողմից առաջարկված օրենսդրական փոփոխությունների արդյունքում՝ լիազորությունները կասեցված 6 դատավորներ այսօրվանից դադարել են պաշտոնավարել:   Նրանք են՝ Արա Կուբանյանը, Գևորգ Նարինյանը, Բորիս Բախշիյանը, Ալբերտ Պետրոսյանը, Դավիթ Գրիգորյանն ու Արուսյակ Ալեքսանյանը:   Վերը նշված օրենսդրական փոփոխության համաձայն՝ այսուհետ 1 ամսից ավելի լիազորությունները կասեցված դատավորների փոխարեն հնարավոր կլինի կատարել նոր նշանակումներ, ինչը կնպաստի դատարանների գերծանրաբեռնվածության թոթափմանը:   Հավելենք, որ մինչ կատարված փոփոխությունները՝ լիազորությունները կասեցված դատավորների հաստիքները չէին համարվում թափուր, և նրանց փոխարինելու մեխանիզմներ չկային, ինչը դատարանների գերծանրաբեռնվածության պայմաններում հանգեցնում էր մինչև անգամ ճգնաժամային իրավիճակների:   Օրինակ՝ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աղվան Պետրոսյանի լիազորությունները շուրջ 6 տարի է՝ կասեցվել են, և ձգձգվող դատական պրոցեսների ընթացքում նրա փոխարեն այլ դատավոր նշանակելու պայմանների հնարավորության բացակայությունը հանգեցրել է մի շարք խնդիրների, այդ թվում՝ տվյալ դատարանի բնականոն աշխատանքի ապահովման դժվարությունների:   Կյանքի կոչված օրենսդրական լուծումները հնարավորություն կտան խուսափելու համանման իրավիճակներից:   Նշվում է՝ վերը նշված օրենսդրական փոփոխությունները քննարկվել և մշակվել են դեռևս 2022 թվականի դեկտեմբերին՝ Դիլիջանում ԲԴԽ-ի նախաձեռնությամբ կազմակերպված արտագնա աշխատաժողովների ընթացքում՝ ՀՀ-ում գործող ավելի քան 250 դատավորների, օրենսդիր և գործադիր իշխանության ներկայացուցիչների մասնակցությամբ:  
12:59 - 08 փետրվարի, 2023
Մնացական Մարտիրոսյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ

Մնացական Մարտիրոսյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ

ՀՀ նախագահի հրամանագրով Մնացական Մարտիրոսյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ։  «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի հունվարի 23-ի ԲԴԽ-8-Ո-26 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մնացական ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով», - նշված է հրամանագրում։   Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը Հանրապետության նախագահին առաջարկել էր Մնացական Մարտիրոսյանի թեկնածությունը՝ Երևանի քրեական դատարանի նախագահի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար: 
20:04 - 30 հունվարի, 2023
ԲԴԽ-ն դադարեցրել է դատավոր Ալեքսեյ Սուքոյանի լիազորությունները 
 |tert.am|

ԲԴԽ-ն դադարեցրել է դատավոր Ալեքսեյ Սուքոյանի լիազորությունները |tert.am|

tert.am: ԲԴԽ-ն դադարեցրեց Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսեյ Սուքոյանի լիազորությունները։ Խորհուրդը հարկ է համարում պարզաբանել, որ Դատավորը վարույթ է ընդունել երեխայի որդեգրման վերաբերյալ դիմում այն դեպքում, երբ առկա էր այն վերադարձնելու հիմք, կայացրել է որդեգրման վերաբերյալ չհիմնավորված և չպատճառաբանված վճիռ՝ երեխա որդեգրելու համար անհրաժեշտ օրենսդրական հիմքերի և պայմանների բացակայությամբ, ինչպես նաև վճռով լուծել է Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնին վերապահված՝ ամուսնության մեջ չգտնվող անձի կողմից որդեգրված երեխայի հոր ազգանվան գրառման հետ կապված հարցը, ընդ որում՝ որդեգրված երեխայի հոր ազգանվան վերաբերյալ գրառումը կատարել է սահմանված կարգի խախտմամբ: Խորհուրդն արձանագրում է, որ Դատավորն իր գործողություններով կասկածի տակ է դրել իր համապատասխանությունը դատավորի կարգավիճակին և հեղինակազրկել է դատական իշխանությունը:  
13:15 - 30 հունվարի, 2023
ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Սուրեն Անտոնյանի լիազորությունները. ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ նա խախտել է քաղաքացու իրավունքները

ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Սուրեն Անտոնյանի լիազորությունները. ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ նա խախտել է քաղաքացու իրավունքները

Բարձրագույն դատական խորհուրդը, քննելով Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը, որոշեց բավարարել այն և դադարեցնել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Սուրեն Անտոնյան լիազորությունները՝ էական կարգապահական խախտման հիմքով: Այս մասին դատական նիստի ժամանակ ասաց ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը։  Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:  «Խորհուրդը հարկ է համարում պարզաբանել, որ որոշման կայացման համար հիմք է հանդիսացել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը, որով արձանագրվել են իրավական որոշակիության, դատական ակտերի վերջնական լինելու սկզբունքների, ինչպես նաև քաղաքացու հիմնարար իրավունքների խախտումներ: Այնսինքն՝ դատարանը նույն քաղաքացիական գործի շրջանակներում վերադարձրել է վճռաբեկ բողոքը՝ վարույթ ընդունելու հիմքերի բացակայության պատճառաբանությամբ, սակայն շուրջ 6 ամիս անց նույն գործով, նույն կողմի վերստին ներկայացված վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունել, ինչի արդյունքում ստացվել է, որ դատարանի կողմից նույն գործով երկու իրարարմերժ որոշումներ են կայացվել»։ 
15:20 - 26 հունվարի, 2023
Մնացական Մարտիրոսյանի թեկնածությունը ԲԴԽ-ն առաջարկել է Երևանի քրեական դատարանի նախագահի պաշտոնում

 |factor.am|

Մնացական Մարտիրոսյանի թեկնածությունը ԲԴԽ-ն առաջարկել է Երևանի քրեական դատարանի նախագահի պաշտոնում |factor.am|

factor.am: Բարձրագույն դատական խորհուրդը Հանրապետության նախագահին առաջարկել է Մնացական Մարտիրոսյանի թեկնածությունը՝ Երևանի քրեական դատարանի նախագահի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար: Այս մասին տեղեկանում ենք Բարձրագույն դատական խորհրդի կայքից։ Որոշման մեջ, մասնավորապես, ասված է․ «2023 թվականի հունվարի 23-ին, դռնփակ նիստում, քննարկելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահի պաշտոնի թափուր տեղում թեկնածություն առաջարկելու վերաբերյալ հարցը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 121-րդ և 117-րդ հոդվածներով` Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է․ 1. Հանրապետության նախագահին առաջարկել Մնացական Վոլոդյայի Մարտիրոսյանի թեկնածությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար»:Նշենք, որ Մնացական Մարտիրսյանը վերջին օրերին ստանձնել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրի նախագահի պատոնակատարի պարտականությունները։ Կենտրոնի նստավայրում տարիքով ամենաավագը Գագիկ Պողոսյան է, սակայն վերջինս հրաժարվել էր պաշտոնից, ուստի պաշտոնակատար էր դարձել Մնացական Մարտիրոսյանն Ավելի մանրամասն՝ factor.am-ում։
20:45 - 25 հունվարի, 2023
Մնացական Մարտիրոսյանը նշանակվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ նստավայրի նախագահի պաշտոնակատար |factor.am|

Մնացական Մարտիրոսյանը նշանակվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ նստավայրի նախագահի պաշտոնակատար |factor.am|

factor.am: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը նշանակվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի նստավայրի նախագահի պաշտոնակատար։ Տեղեկությունը հաստատել է ԲԴԽ լրատվության վարչության պետ Լիլիթ Շաբոյանը։ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախագահի հաստիքը թափուր մնալու ժամանակ նշանակվում է տարիքով ամենաբարձր դատավորը, այս պահին ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Մնացական Մարտիրոսյանը։ Նշենք, որ Կենտրոնի նստավայրում տարիքով ավելի մեծ էր Գագիկ Պողոսյանը, սակայն, նա հրաժարվեց պաշտոնից, ուստի, ինքստինքյան, նրան փոխարինեց նրանից հետո տարիքով ավելի բարձր Մարտիրոսյանը »,- պարզաբանեց Շաբոյանը։ Հիշեցնենք, որ նախորդ տարվա նոյեմբերին հայտնի էր դարձել, որ Հակակոռուպցիոն դատարանի դատավորների կազմում ընդգրկելու համար ԲԴԽ-ն երկու թեկնածուներից նախապատվությունը տվել է Մնացական Մարտիրոսյանին։ Իրավական և քաղաքական դաշտում բուռն քննարկումներ սկսվեցին, հնչեցին քննադատություններ՝ թե ինչու է աղմկոտ դատավճիռներով հայտնի Մարտիրոսյանը առաջխաղացվում։ Մոտ մեկ ամիս տևած խմորումներից հետո ԲԴԽ-ն տարվա վերջին աշխատանքային օրը հայտարարեց, որ որոշում է կայացվել Մարտիրոսյանի անունը հանել թեկնածուների ցուցակից։
17:39 - 20 հունվարի, 2023
ԲԴԽ-ն Մնացական Մարտիրոսյանին հանել է հակակոռուպցիոն դատարանի թեկնածուների ցուցակից

ԲԴԽ-ն Մնացական Մարտիրոսյանին հանել է հակակոռուպցիոն դատարանի թեկնածուների ցուցակից

Բարձրագույն դատական խորհուրդը Մնացական Մարտիրոսյանին հանել է հակակոռուպցիոն դատարանի թեկնածուների ցուցակից։ Այս մասին հայտնում են ԲԴԽ-ից։ «Այսօր Բարձրագույն դատական խորհուրդը խորհրդակցական սենյակում՝ բաց քվեարկությամբ որոշեց դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթաբաժնից հանել Մնացական Մարտիրոսյանին՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 113-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ մասի հիմքով: Այսինքն՝ Մնացական Մարտիրոսյանը կշարունակի պաշտոնավարումը որպես Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր և չի տեղափոխվի հակակոռուպցիոն դատարան»։   Հիշեցնենք՝ նա այդ ցանկում ընդգրկվել էր նոյեմբերի 21-ին ԲԴԽ անդամների 6 կողմ, 3 դեմ ձայնով, որին հաջորդել էր ՀԿ-ների եւ իրավաբանական համայնքի դժգոհությունը՝ պայմանավորված այն հանգամանքով, որ Մարտիրոսյանի կայացրած մի շարք վճիռներում, այդ թվում` 2008 թ. Մարտի 1-ի դեպքերով, ՄԻԵԴ-ը մարդու իրավունքների խախտումներ է արձանագրել։
17:05 - 30 դեկտեմբերի, 2022
ԲԴԽ-ն դադարեցրել է դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները |hetq.am|

ԲԴԽ-ն դադարեցրել է դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները |hetq.am|

hetq.am: Բարձրագույն դատական խորհուրդն (ԲԴԽ) դադարեցրել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները՝ էական կարգապահական խախտման հիմքով։ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ ԲԴԽ-ին դիմել էր արդարադատության նախարար (դիմելու պահին՝ նախարարի լիազորությունները կատարող) Գրիգոր Մինասյանը։ Ըստ ԲԴԽ որոշման՝ դատավոր Փիլոսյանը չորս քաղաքացիների վճիռները տրամադրել է սահմանված ժամկետից 1-2 տարի ուշացումով, ինչն էլ համարվել է էական խախտում։ ԲԴԽ 9 անդամներից հարցի քննությանը մասնակցել է 8-ը։ Բոլորն էլ միակարծիք են եղել, որ Աննա Փիլոսյանը կարգապահական խախտում է թույլ տվել։ Միայն ԲԴԽ անդամներ Դավիթ Խաչատուրյանն ու Անի Մխիթարյանն են դեմ եղել խիստ պատասխանատվությանը՝ լիազորությունները դադարեցնելուն։ Աննա Փիլոսյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԲԴԽ որոշմանը։ Փիլոսյանը նշել է, որ հեռանալով դատական իշխանությունից՝ ցանկանում է շնորհակալություն հայտնել ՀՀ երրորդ նախագահին՝ իր հրամանագրով իրեն դատավոր նշանակելու համար, Արդարադատության խորհրդի՝ 2013 թվականի կազմին՝ վստահության, հայրենիքին ու արդարադատությանը ծառայելու բացառիկ հնարավորություն ընձեռելու համար: «Պաշտոնավարող ու ինձ փոխարինող դատավորներին մաղթում եմ մնալ ամուր, արժանապատիվ ու բարձր կոչմանը հավատարիմ»,-նշել է Ա. Փիլոսյանը: Արդեն նախկին դատավորը շնորհակալություն է հայտնել նաե Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանին, անդամներ Հայկ Գրիգորյանին, Վիգեն Քոչարյանին, Երանուհի Թումանյանցին, Նաիրա Հովսեփյանին, Մեսրոպ Մակյանին՝ թեկուզ ծայրահեղ անարդար ձևով, իրեն ընտանիքին ու երեխաներին վերադարձնելու համար: Իսկ ԲԴԽ անդամներ Անի Մխիթարյանին ու Դավիթ Խաչատուրյանին շնորհակալ է իրենց քվեարկության համար: «Կարծում եմ՝ իրավունք վաստակել եմ հայտարարելու, որ հեռանում եմ այնպես, ինչպես եկել եմ՝ խիղճս մաքուր ու ճակատս պարզ»,-եզրափակել է Աննա Փիլոսյանը:
11:09 - 27 դեկտեմբերի, 2022
ԱԺ-ն ընտրեց Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն և վարչական պալատների դատավորներ |armenpress.am|

ԱԺ-ն ընտրեց Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն և վարչական պալատների դատավորներ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ ընտրեց Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն և վարչական պալատների դատավորներ: Դեկտեմբերի 21-ի ԱԺ արտահերթ նիստում փակ քվեարկության արդյունքները հայտնեց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը: ԲԴԽ-ն Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Լուսինե Աբգարյանի, Ռուբիկ Մխիթարյանի և Դավիթ Վեքիլյանի թեկնածությունները: ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 70-ը, քվեատուփում առկա է եղել 69 քվեաթերթիկ: Բոլոր 69 պատգամավորներն էլ կողմ էին քվեարկել Դավիթ Վեքիլյանի թեկնածությանը: ԲԴԽ-ն Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Լիզա Գրիգորյանի, Լիլիթ Խաչատրյանի և  Արման Կուրեխյանի թեկնածությունները: Քվեարկությանը մասնակցել են 70-ը:  Բոլորն էլ կողմ են քվեարկել Արման Կուրեխյանի թեկնածությանը: ԲԴԽ-ն Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Արման Թովմասյանի, Վահագն Թորոսյանի և Արգիշտի Ղազարյանի թեկնածությունները: Քվեարկությանը մասնակցել են 70 պատգամավորներ: 70-ն էլ կողմ են քվեարկել Արման Թովմասյանի թեկնածությանը:
14:52 - 21 դեկտեմբերի, 2022
«Ես լավ տղա եմ, ինձ ընտրեք». ԱԺ-ն ընտրում է Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր
 |hetq.am|

«Ես լավ տղա եմ, ինձ ընտրեք». ԱԺ-ն ընտրում է Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովը քննարկում է Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուների ընտրությունը: Առաջարկվել են Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Արման Թովմասյանի, Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահագն Թորոսյանի և Վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանի թեկնածությունները: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց, որ չեն մասնակցի իշխող խմբակցության առաջադրած թեկնածուների քվեարկությանը: Փաստացի, Ազգային ժողովը Վճռաբեկ դատարանի դատավորների ընտրության հարցը քննարկեց առանց ընդդիմության: Թեկնածուներին Ազգային ժողովում ներկայացրեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը: Թեկնածու Արման Թովմասյանը խոսեց դատարանների ծանրաբեռնվածության մասին՝ շեշտելով, որ երբեմն պետական մարմիններն, անհարկի բողոքարկելով դատական ակտերը, լրացուցիչ ծանրաբեռնում են վարչական դատարանը: Բացի այդ, պարտվելով կրում են նաև դատական ծախսերի բեռը: Թեկնածուին հարց ուղղեց միայն «Քաղաքացիական պայանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը: Նրան հետաքրքրում էր՝ արդյոք հնարավոր չէ ծանուցումներն ապահովել բացառապես էլեկտրոնային եղանակով: Արման Թորոսյանը նշեց, որ ծանուցման այսօրվա գործող կարգավորումներով ամբողջովին կարողանում են ապահովել պատշաճ ծանուցումները: Նրա խոսքերով, եթե ամբողջությամբ անցում կատարվի էլեկտրոնային ծանուցմանը, ապա դժվարություններ կառաջանան, օրինակ՝ մարզաբնակների դեպքում: Վահագն Թորոսյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ պատիվ է հանդես գալ օրենսդիր մարմնում և ներկայացնել իր մոտեցումները: Թեկնածուն կարևորեց Վճռաբեկ դատարանի վարչական պալատի ստեղծումը: Նշեց, որ պալատը մեծ անելիք ունի արդարադատություն իրականացնելու միասնական դատական պրակտիկայի ձևավորման հարցում: Նշեց, որ ոլորտում կան բազմաթիվ խնդիրներ, որոնք արմատական լուծման կարիք ունեն: Մասնավորապես, գործերի քննության ձգձգումները, որը և՛ գործերի թվի հետ է կապված, և՛ անհարկի բողոքարկումների հետևանք է: Դատավորի թեկնածուն ասաց, որ ոչ մի կերպ արդարացված չէ վարչական մարմինների բողոքարկումներն այն դեպքում, երբ հստակ գիտեն դատական պրակտիկան ինչպես է ձևավորվել, հետևաբար պարտվելու են: «Խիղճը հանդիսանում է մարդու ամենաթանկ զարդը»,- ասաց Վահագն Թորոսյանը՝ հավելելով, որ իր գործունեության ընթացքում իր խղճին դեմ չի գնացել, ինչը կարևոր հանգամանք է դատավոր աշխատելու համար: Պատգամավոր Գուրգեն Արսենյանն ասաց, որ վարչական մարմինների կողմից «տրադիցիոն» բողոքարկումները ծանրաբեռնում են դատարանին: Հետաքրքրվեց՝ արդյոք հնարավոր չէ՞ հետազոտություն ներկայացնել, թե ինչպիսին է դատական պրակտիկան, որ եթե 80% դեպքերում դատարանը չի բավարարում, այլևս չբողոքարկեն: Վահագն Թորոսյանը նշեց, որ հաճախ բողոքները «քոփի» են անում: Առաջին ատյանի դատարանում վարչական մարմնի պատասխանը վերադաս ատյանում ներկայացվում է որպես բողոք: Թեկնածուն նշեց, որ երբեմն բողոքները ներկայացվում են զուտ ինչ-որ բան ապացուցելու համար, գուցե՝ վերադասին: Թորոսյանն ասաց, որ այստեղ քննարկվում է երևույթը, որ վարչական մարմնի համար օրենսդրական պարտադիր պահանջ դառնա՝ հաշվի առնել Վճռաբեկ դատարանի նախադեպային դիրքորոշումները: Դրանով կբարձրանա մատուցվող արդարադատության որակը, ինչից շահելու են բոլորը: Պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը գոհունակություն հայտնեց, որ թեկնածուն ներկայացրեց իր տեսակետը, այդ թվում՝ խմբակցության պատգամավորների հետ հանդիպման ժամանակ: Ապա հետաքրքրվեց հաշտարարության ինստիտուտի մասին: Վահագն Թորոսյանի կարծիքով անհրաժեշտ է, որ ընտանեկան վեճերով զույգերն անցնեն հաշտարարության փուլը, քանի որ այստեղ գործ ունենք ընտանիքի, երեխաների հետ: Արգիշտի Ղազարյանն իր ելույթում ասաց, որ «ծավալուն ելույթի միտում չունի», համաձայն է գործընկերների դիրքորոշումների հետ: Հերիքնազ Տիգրանյանը հետաքրքրվեց, արդյոք թեկնածուի համար անհարմարություն է ԱԺ-ի առջև ներկայացնելու իր մոտեցումները՝ Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրվելու համար: Պատգամավորը մատնացույց արեց, որ ընդդիմադիրներին կարծես թե չի հետաքրքրում հարցը և ստացվում է, որ միայն իշխող խմբակցության կողմից է թեկնածուն ընտրվում: Արգիշտի Ղազարյանն ասաց, որ ԱԺ-ի կողմից ընտրվելը, անկախության սեգմենտ պարունակում է:  Ըստ նրա՝ դժվար է կառուցել խոսքը, գտնել մեխանիզմ պատգամավորի, քաղաքական ուժի բարեհաճությունը կորզելու համար: Սակայն, նշեց, որ կաշկանդված չէ ելույթ ունենալու համար: «Ես լավ տղա եմ, ինձ ընտրեք, մեխանիզմը տանում է դրան»,- ասաց Ա. Ղազարյանը: Թեկնածուն ակնհայտ դժգոհ էր, որ Վճռաբեկ դատարանի դատավորին ընտրում է Ազգային ժողովը: Նա իր ելույթից հետո դուրս եկավ դահլիճից, ինչն անհարգալից վերաբերմունք դիտարկեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Վերջինս նշեց, որ թեկնածուն դեռ պետք է եզրափակիչ ելույթ ունենար ԱԺ ամբիոնից: Շարունակությունը` hetq.am-ում
16:48 - 20 դեկտեմբերի, 2022
Ստեփան Միքայելյանի լիազորությունները ԲԴԽ-ում դադարել են՝ իր դիմումի համաձայն․ ԲԴԽ

Ստեփան Միքայելյանի լիազորությունները ԲԴԽ-ում դադարել են՝ իր դիմումի համաձայն․ ԲԴԽ

Ստեփան Միքայելյանի լիազորությունները ԲԴԽ-ում դադարել են՝ իր դիմումի համաձայն։ Այս մասին հայտնում են ԲԴԽ-ից։ «Տեղեկացնում ենք, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Ստեփան Միքայելյանը երեկ հրաժարականի դիմում է ներկայացրել, որն այսօր, օրենքով սահմանված կարգով, քննարկվել է ԲԴԽ-ում։ Ստեփան Միքայելյանի լիազորությունները, իր դիմումի համաձայն, այսօրվանից դադարել են: Միևնույն ժամանակ, հայտնում ենք, որ Ստեփան Միքայելյանը կշարունակի պաշտոնավարումը Վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնում»,- նշված է հաղորդագրության մեջ։  Հիշեցնենք, որ Ստեփան Միքայելյանը այն դատավորն է, որը ներկա էր գտնվել ԲԴԽ նախկին նախագահներ Ռուբեն Վարդազարյանի եւ Գագիկ Ջհանգիրյանի՝ 2021 թվականի փետրվարի 20-ի հայտնի հանդիպմանը, որի ընթացքից Վարդազարյանը այս տարվա հունիսի 20-ին գաղտնի ձայնագրություն էր հրապարակել։ Ձայնագրության հրապարակումից հետո նախաձեռնվել էր քրեական վարույթ, որը Քննչական կոմիտեն օրեր առաջ կարճել է։
15:28 - 15 դեկտեմբերի, 2022
ԱԺ-ն փակ քվեարկությամբ ԲԴԽ անդամի պաշտոնում ընտրեց Հայկ Գրիգորյանին

ԱԺ-ն փակ քվեարկությամբ ԲԴԽ անդամի պաշտոնում ընտրեց Հայկ Գրիգորյանին

ՀՀ ազգային ժողովում շարունակվում են քառօրյա նիստերի աշխատանքները։ Նիստի սկզբում պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին 1988 թ․-ի դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը։ Ազգային ժողովը փակ քվեարկությամբ Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում ընտրեց Քննչական կոմիտեի նախկին նախագահ Հայկ Գրիգորյանին։  Գրիգորյանն ընտրվեց 75 կողմ, 0 դեմ ձայներով։ Նա երդմամբ ստանձնեց պարտականությունները։ Այդ պաշտոնում նրան առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ ԲԴԽ անդամի ընտրության հարցը Ազգային ժողովը քննարկել է երեկ՝ դեկտեմբերի 6-ին։ Հայկ Գրիգորյանը իր ելույթում ընդգծել էր՝ ընտրվելու դեպքում պարտավորվում է պարտականությունները իրականացնել օրինականության և իրավունքի գերակայության սկզբունքների հիման վրա։
10:06 - 07 դեկտեմբերի, 2022
ԲԴԽ անդամի թեկնածու Հայկ Գրիգորյանը հավաստիացրեց՝ ընտրվելու դեպքում պարտականությունները  կիրականացնի բացառապես օրինականության և իրավունքի գերակայության սկզբունքների հիման վրա

ԲԴԽ անդամի թեկնածու Հայկ Գրիգորյանը հավաստիացրեց՝ ընտրվելու դեպքում պարտականությունները կիրականացնի բացառապես օրինականության և իրավունքի գերակայության սկզբունքների հիման վրա

Սահմանադրությունը հռչակում է, որ ՀՀ իրավական համակարգում դատական իշխանության անկախությունը ապահովում է Բարձրագույն դատական խորհուրդը, ինչը նշանակում է, որ արդարադատություն իրականացնելիս դատարանի գործունեությանը ցանկացած թե արտաքին, թե նույն դատական իշխանության կողմից ներքին որևէ ներգործություն կամ միջամտություն արգելվում է։ Այս մասին ԱԺ-ում՝ ԲԴԽ անդամի ընտրության հարցի քննարկման ընթացքում ասաց ԲԴԽ անդամի թեկնածու, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Հայկ Գրիգորյանը։  «Այս դրույթը ամագրված է Սահմանադրության 162-րդ հոդվածում, որը ոչ միայն սահմանում է, որ ՀՀ-ում արդարադատությունն իրականացվում է դատարանների կողմից և բացառապես Սահմանադրության և օրենսդրությանը համապատասխան, այլև, որ արդարադատություն իրականացնելիս դատարանի գործունեությանը որևէ միջամտություն արգելվում է»։ Գրիգորյանի խոսքով՝ նշված սահմանադրական դրույթը գործնականում նշանակում է, որ պետք է բացառվեն օրենքի ոչ միատեսակ կիրառումը, դատական ակտերի անկանխատեսելիությունը, չպատճառաբանված դատական ակտերը, կամայականությունները, խտրականությունները, այսինքն՝ միևնույն կամ համանման իրավիճակում տարբերակված մոտեցումները, իսկ առանձին դեպքերում նաև՝ ուղղակի բացահայտ ապօրինությունները․ «Միևնույն ժամանակ, դա ամենևին չի նշանակում, որ դատավորը պետք է կաշկանդված լինի կամ կարող է կարգապահական պատասխանատվության ենթարկվել օրենքի ազատ մեկնաբանությունների, փաստերին կամ ապացույցներին անձնական գնահատական տալու, այսինքն՝ գործի փաստական հանգամանքները ներքին համոզմամբ գնահատելու համար»։  Թեկնածուն նշեց՝ ԲԴԽ սահմանադրական նպատակից բխող խնդիրների, դրանց իրացման ուղիների, դրանցով պայմանավորված լիազորությունների ապահովումն արտահայտվում է մի շարք այլ իրավակարգավորումներով, որոնց շարքին, ի թիվս, այլնի, կարելի է դասել նաև ԲԴԽ կազմի և կազմավորման կարգի ինստիտուտը, դատավորների ընտրության և առաջխաղացման մեխանիզմները, դատավորներին կարգապահական պատասխանտվության ենթարկելու և այլ երաշխիքների ինստիտուտները․ «Նշված դրույթները ժողովրդավարական և իրավական պետության, ինչպես նաև քաղաքացիական հասարակության անկյունաքարային հիմքերից մեկն են։ Հետևաբար, կենսական անհրաժեշտություն է առաջանում ապահովել ԲԴԽ անդամի լիազորությունները, որպեսզի վերջինս իր արդար քվեարկության միջոցով, անաչառ պատշաճ և վճռականորեն իրականացնելով իր լիազորությունները բարձրացնի քաղաքացիների վստահությունը դատական իշխանության նկատմամբ»։  Եզրափակելով ելույթը՝ Գրիգորյանն ասաց՝ ընտրվելու դեպքում պարտավորվում է պարտականությունները իրականացնել օրինականության և իրավունքի գերակայության սկզբունքների հիման վրա։
10:50 - 06 դեկտեմբերի, 2022