Կորոնավիրուս

Կորոնավիրուսի դեմ ամբողջությամբ պատվաստվել է 976 425 մարդ

Կորոնավիրուսի դեմ ամբողջությամբ պատվաստվել է 976 425 մարդ

COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր ապրիլի 3-ի դրությամբ` կատարվել է 2 114 184 պատվաստում, որից 1 114 714-ը պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացածներն են, 976 425-ը՝ երկրորդ դեղաչափը, 37 414-ը՝ երրորդ դեղաչափը կամ բուստերը։ Այս մասին հայտնում է առողջապահության նախարարությունը։ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում առաջին դեղաչափով պատվաստվածների թիվն ավելացել է 4 556-ով, երկրորդ դեղաչափով պատվաստվածներինը՝ 9 401-ով: Հայաստանում պատվաստումներ իրականացվում են «ԱստրաԶենեկա», «Սպուտնիկ-Վի», «Սինոֆարմ», «Մոդեռնա» և Pfizer պատվաստանյութերով։ Կարող են պատվաստվել 12 և բարձր տարիքի անձինք՝ ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով։ «Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը։ Նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից, և գրանցվել պատվաստման համար։ Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները: Պատվաստումներն անվճար են»,- հայտնում են նախարարությունից։
10:52 - 04 ապրիլի, 2022
Պատվաստումները պետք է անել հենց այն ժամանակ, երբ հիվանդությունը հետ է քաշվել. նախարարը հորդորում է պատվաստվել

 |armenpress.am|

Պատվաստումները պետք է անել հենց այն ժամանակ, երբ հիվանդությունը հետ է քաշվել. նախարարը հորդորում է պատվաստվել |armenpress.am|

armenpress.am: ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը քաղաքացիներին հորդորում է չկորցնել զգոնությունը, պատվաստվել կորոնավիրուսի դեմ, քանի որ հիմա, երբ դեպքերը նվազել են, իմունիտետի բավարար շերտ ձևավորելու լավ հնարավորություն է ստեղծվել: Ավանեսյանն այս մասին ասաց  պատվաստումների ցածր թվերի վերաբերյալ հարցին ի պատասխան: «Երբ կորոնավիրուսային վարակի թվերն իջնում են, զգոնությունն իջնում է, ինչը միանշանակ հասկանալի է: Բայց պետք է հասկանանք, որ հենց կանխարգելիչ գործընթացներն այս ժամանակ են շատ արդյունավետ: Պատվաստումները պետք է անցնել այն ժամանակ, երբ հիվանդությունը հետ է քաշվել, և մենք ունենք ժամանակ, հնարավորություն՝ ձևավորելու իմունիտետի բավարար շերտը»,-ասաց Ավանեսյանը: Պետությունը շարունակում է պատվաստումային գործընթացը, շարունակվում են տնային այցերը, շարժական կետերի գործունեությունը, բոլոր պատվաստանյութերը առկա են: «Եվս մեկ անգամ հորդորում ենք քաղաքացիներին օր առաջ պատվաստվել և պատրաստ լինել հնարավոր հետագա հիվանդացության ալիքներին»,-ասաց Ավանեսյանը: Անդրադառնալով դիտարկմանը, որ պատվաստումային տեմպը հիմա ցածր է, սակայն նոր պատվաստանյութեր են ստացվում, որոնց ժամկետը կարող  է անցնել՝ նախարարն ասաց, որ կորոնավիրուսի պարագայում ճշգրիտ թվեր կանխատեսել, պլանավորում անել հնարավոր չէ: Բոլոր երկրներում էլ լինում են պատվաստանյութերի չօգտագործված խմբաքանակներ: «Բայց մենք բոլոր ջանքերը ներդնելու ենք՝ ունենալու պատվաստանյութեր և դրանք հնարավորինս արդյունավետ օգտագործելու»,-նշեց նախարարը:
16:40 - 01 ապրիլի, 2022