factor.am: Հակակոռուպցիոն կոմիտեն հանցադեպքի բացակայության հիմքով կարճել է Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի և ԲԴԽ նախագահի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի միջև խոսակցության ձայնագրության դեպքով վարույթը։ Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը Factor. am-ի հարցին ի պատասխան ասաց, որ որոշումը ստուգվել և հաստատվել է։
Հիշեցնենք, որ 2022 թվականի հունիսի 20-ին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը հրապարակել է մի ձայնագրություն, որում Գագիկ Ջհանգիրյանը նրան հորդորում է հրաժարվել ԲԴԽ նախագահի պաշտոնից:
Խոսակցությունը տեղի է ունեցել 2021 թվականի փետրվարին՝ այն ժամանակ, երբ Ջհանգիրյանն արդեն ընտրվել էր ԲԴԽ անդամ, իսկ Ռուբեն Վարդազարյանը ԲԴԽ նախագահն էր: Վարդազարյանը ձայնագրության մեջ խոսում է այն մասին, որ իր վերաբերյալ հարուցված գործեր կան, որ մեկ օր առաջ է խոսել գլխավոր դատախազի հետ, Ջհանգիրյանն էլ փորձում է վստահեցնել, որ ընդամենը մեկ գործ է հարուցված:
«Հաշվի՝ չկա, էն առաջինն էլ չկա»,- ասում է Ջհանգիրյանը, որից հետո Ռուբեն Վարդազարյանը տարակուսանքով հարցնում է՝ այսինքն Ջհանգիրյանն այնքան հզոր է, որ գլխավոր դատախա՞զ է կառավարում: «Ապե՛ր, ես պրեզիդենտ էլ եմ կառավարել դու էդ ի՞նչ կարծիքի ես իմ մասին»,- պատասխանում է Ջհանգիրյանը:
Վերջինս նաև վստահեցնում է, որ թույլ չի տվել Վարդազարյանի նկատմամբ երկրորդ, երրորդ գործերը հարուցվեն: «Էդ բոլորը կանգնեցված ա, և ես գարանտ եմ: Ես, տես, սաղ փակել եմ, էս պահին ոչ մի բան չի գնում՝ սկսած Վահագնի գործից վերջացրած մյուսներով»,- կրկին վստահեցնում է Գագիկ Ջհանգիրյանը: Ձայնագրությունից պարզ է դառնում, որ հանդիպմանը մասնակցում է նաև ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանը։
Այս խոսակցությունից կարճ ժամանակ անց՝ 2021-ի ապրիլին Ռուբեն Վարդազարյանին մեղադրանք է առաջադրվել արդարադության իրականացմանը խոչընդոտելու հոդվածով։ Ըստ գործի՝ Վարդազարյանը փորձել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Սիմոնյանին համոզել կալանքից ազատ արձակել «Ալավերդցի Վահագն» անունով հայտնի Վահագն Աբգարյանին։ Գործի հարուցումից հետո Վարդազարյանի լիազորությունները՝ որպես ԲԴԽ նախագահ, կասեցվել են, ու ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտանակատար է նշանակվել Գագիկ Ջհանգիրյանը, որը, սակայն, ձայնագրություն հրապարակումից հետո հրաժարական է տվել։ Ռուբեն Վարդազարյանի կողմից ձայնագրության հրապարակումից հետո Գագիկ Ջհանգիրյանը ԲԴԽ լրատվական ծառայության միջոցով հայտարարություն է տարածել, որ հացի սեղանի շուրջ խոսակցությունները չի մեկնաբանում: Բայց հետագայում մեկնաբանել ու հայտնել է, թե, «կուտ է տվել» Ռուբեն Վարդազարյանին, որն իր երբեմնի ուսանողն է:
Ավելի մանրամասն՝ factor.am-ում։
comment.count (0)