ԵՄ դիտորդները հայտնել են, որ երեկվա միջադեպի պահին տեղում չեն եղել, բայց դիտարկումները արել են․ Արարատ Միրզոյան
17:58 - 12 ապրիլի, 2023

ԵՄ դիտորդները հայտնել են, որ երեկվա միջադեպի պահին տեղում չեն եղել, բայց դիտարկումները արել են․ Արարատ Միրզոյան

Երեկ տեղի ունեցած սադրանքի եւ Ադրբեջանի կողմից տարբեր զինատեսակներով զինծառայողների եւ դիրքերի ուղղությամբ արձակված կրակի վերաբերյալ տեղեկացվել է ԵՄ միջնորդական առաքելությանը։ Այս մասին ԱԺ հերթական նիստի ժամանակ հայտնեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ 

Արարատ Միրզոյանի խոսքով՝ այսօր արդեն ԵՄ մամուլի ծառայությունն ասել է, որ հայկական կողմը տեղեկացրել է իրենց, նրանք նաեւ նշել են, որ տեղում չեն եղել այդ պահին, բայց իրենց դիտարկումներն արել են, իրենց զեկուցման մեխանիզմն ունեն․ Բրյուսելում ԵՄ արտաքին ծառայությանն են զեկուցում ոչ հրապարակային, մենք առայժմ տեղեկություն չունենք, թե ինչպիսին է այդ զեկույցը։

Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ։ Նույն օրը ժամը 17:30-ի սահմաններում նույն ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ: 

ՀՀ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։ Զոհված զինծառայողներն են՝ Արթուր Ավետիսի Սահակյան (ծնվ. 1999թ.), Մկրտիչ Արմենի Հարությունյան (ծնվ. 1989թ.), Հենրիկ Վաչագանի Քոչարյան (ծնվ. 1997թ.), Նարեկ Գագիկի Սարգսյան (ծնվ. 1994թ.)։ 

Ըստ ՀՀ ՊՆ-ի՝ ադրբեջանական կողմն ունի մեծաթիվ զոհեր և վիրավորներ: Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդել է ադրբեջանական կողմից 3 զոհի մասին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել