Բաքուն կրկին պահանջում է Երևանից Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի տարածք |azatutyun.am|
09:47 - 20 ապրիլի, 2023

Բաքուն կրկին պահանջում է Երևանից Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի տարածք |azatutyun.am|

azatutyun.am: Պաշտոնական Բաքուն վերստին պահանջում է Երևանից միանշանակ ընդունել Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք: Այս մասին ասվում է Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությունում։

Մինչ այդ էլ՝ երկուշաբթի օրը, Ադրբեջանի նախագահն էր պնդել, թե այժմ ժամանակն է, որ Հայաստանի ղեկավարն ինքն իր հայտարարությունը խմբագրի և հայտարարի «Ղարաբաղն Ադրբեջան է»։

Հայաստանի արտգործնախարարությունը, արձագանքելով Իլհամ Ալիևի այս պահանջին և նույն հարցազրույցում հնչեցրած սպառնալիքներին, պնդել է, որ Ադրբեջանի նախագահն իր հայտարարությամբ ընդունում է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ծրագրավորված ագրեսիա իրականացնելու և օկուպացիայի փաստը, բացահայտում Լեռնային Ղարաբաղի բնակչությանն էթնիկ զտումների ենթարկելու իր մտադրությունները։

Պաշտոնական Բաքուն, երեկ ուշ երեկոյան հակադարձելով հայկական կողմին, մեղադրանքների իր չափաբաժինն է հնչեցրել Հայաստանի իշխանությունների հասցեին՝ «տարբեր պատրվակներով բանակցային գործընթացը խոչընդոտելու», «խաղաղության պայմանագրի տեքստում միջազգային իրավունքի սկզբունքներին ուղղակիորեն հակասող հարցեր ներառելու փորձերի» համար։ Թե որոնք են այդ հարցերը, հայտարարությունում չի ասվում։

Ադրբեջանի արտգործնախարարությունը նշում է, որ արդեն 43 օր է սպասում է իր առաջարկների վերաբերյալ հայկական կողմի մեկնաբանություններին։

Ադրբեջանը միաժամանակ հավաստիացնում է, թե ի տարբերություն իր հարևանի՝ պատրաստ է խաղաղություն կնքել, բայց մինչ այդ պահանջում է, որպեսզի «հայկական կողմը հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնություններից և միանշանակ ճանաչի, որ Ղարաբաղը հանդիսանում է Ադրբեջանի տարածք»։

Ինչ վերաբերում է Ղարաբաղին, Բաքուն կրկնել է հայտնի թեզը՝ վճռական է տրամադրված Ղարաբաղի հայերին ինտեգրելու գործում, մերժելով այդ գործընթացներին խառնվելու Երևանի փորձերը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել