Հայաստանի ԱԳՆ-ից հաստատում են՝  նախարարների եռակողմ  հանդիպման պայմանավորվածություն է ձեռք բերվել
17:00 - 27 ապրիլի, 2023

Հայաստանի ԱԳՆ-ից հաստատում են՝ նախարարների եռակողմ հանդիպման պայմանավորվածություն է ձեռք բերվել

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր հայտարարեց, որ ՌԴ-ում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել։ 

ՀՀ ԱԳՆ-ից հաստատում են, որ նախարարների հանդիպման պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Ի պատասխան հարցի, թե որտեղ և երբ է տեղի ունենալու հանդիպումը, ԱԳՆ խոսնակը Infocom-ի հետ զրույցում նշեց․ «Եղել են հանդիպումների առաջարկներ, հիմա կան պայմանավորվածություններ»։ Նա այլ մանրամասներ չհայտնեց՝ նշելով, որ ԱԳՆ-ն այդ մասին լրացուցիչ կհայտնի։

Նշենք, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեհյուն Բայրամովը Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոնայի հետ մամուլի ասուլիսում հայտարարել էր․ «Մենք, իհարկե, մեր երախտագիտությունն ենք հայտնում բոլոր միջնորդներին, մասնավորապես, վերջին շաբաթների ընթացքում ԱՄՆ-ն ակտիվորեն աշխատել է Հայաստանին բանակցությունների սեղան վերադարձնելու ուղղությամբ, դրական քայլերի, դերի և արդյունքների համար: Հայաստանը հայտարարել է, որ վերադառնում է գործընթացին։ Իհարկե, մեր ակնկալիքները պետք է իրատեսական լինեն, սա հեշտ գործընթաց չէ, սակայն հերթական բանակցությունների անցկացումը կարևոր փուլ և քայլ է»,- հայտարարել է Բայրամովը։

Պատասխանելով մեր ճշտող հարցին, թե արդյոք հանդիպման առաջարկություն եղել է նաև ԱՄՆ-ից, և հնարավոր է՝ ԱՄՆ միջնորդությամբ հանդիպում տեղի ունենա, ԱԳՆ խոսնակը կրկին հղում կատարեց իր նախորդ պատասխանին, որ եղել են հանդիպումների առաջարկեն՝ չհստակեցնելով՝ ում կողմից են եղել այդ առաջարկները։

Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում պետք է կայանար ՌԴ Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումը, սակայն հայկական կողմը խնդրել էր հետաձգել այն քանի որ այդ պահին ՀՀ ԱԳ նախարարի առաջնահերթությունը Լաչինի միջանցքի անխոչընդոտ վերագործարկման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի արդյունքում ստեղծված խնդիրների հասցեագրումն է: Նշենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։

Ապրիլի 26-ին ՀՀ ԱԳՆ-ից հայտնել էին, որ ռուսական կողմի հետ քննարկվում են դեկտեմբերին հետաձգված Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման անցկացման հստակ ժամկետները եւ հանդիպման մանրամասները: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել