«Ուզում ենք՝ փոսերը տեղում քանդվեն և փոսալցվեն նույն օրը»․ Ավինյանը հանձնարարեց ծագած խնդիրները հնարավորինս շուտ լուծել
11:58 - 08 մայիսի, 2023

«Ուզում ենք՝ փոսերը տեղում քանդվեն և փոսալցվեն նույն օրը»․ Ավինյանը հանձնարարեց ծագած խնդիրները հնարավորինս շուտ լուծել

armeniasputnik.am: Երևանի քաղաքապետարանի Շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը, Գործակարգավարական նիստի ժամանակ զեկուցելով Երևան քաղաքի վարչական շրջանների փողոցների ասֆալտբետոնե ծածկի փոսանորոգման աշխատանքների մասին, ներկայացրեց, որ կապալառու ընկերություններից երկուսի հետ լուրջ խնդիր կա։

«Մենք լուրջ խնդիր ունենք մեր փոսալցման շինարարական ընկերությունների հետ՝ հատկապես երկուսի, որոնք շահել են 10 լոտ։ Թե՛ տեխնիկապես, թե՛ հնարավորություններով չեն կարողանում ամբողջ ծավալով, մի քանի խմբերով աշխատանք իրականացնել։ Դրա հետ մեկտեղ իրենք չունեն համապատասխան տեխնիկական միջոցներ»,- ասաց նա։

Գրիգորյանի խոսքով՝ սկզբնական շրջանում այդ երկու ընկերություններին կցել են այն գործընկերներին, որոնք ունեն ասֆալտի գործարաններ, որպեսզի նրանց հետ համագործակցեն։

Բայց քաղաքապետարանը չի կարող մշտապես այդ գործն իրականացնել, քանի որ նշված ընկերությունները տենդեր են շահել։

«Ընկերություններից մեկին տրվել է 3 նկատողություն և արդեն պայմանագիրը կխզվի, մյուսի մասով կա մեկ նկատողություն»,- ասաց նա։

Ավինյանն իր հերթին հարց բարձրացրեց, թե տեխնիկական առաջադրանքում ինչու չի եղել կետ, որ տենդերին մասնակցող կապալառուներն ունենան տեխնիկական համապատասխան միջոցներ, այդ թվում՝ ասֆալտի գործարան, որպեսզի փորած փոսը 10-15 օր դրանք բաց չմնա։

«Մենք ուզում ենք, որ փոսերը տեղում քանդվեն և փոսալցվեն նույն օրը։ Այն ընկերությունները, որոնք չունեն այդ հնարավորությունները, ավտոմատ չեն մասնակցի տենդերներին»,- ասաց Ավինյանը։

Նա հանձնարարեց ծագած խնդիրները հնարավորինս շուտ լուծել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել