ՀՀ ՔԿ-ն դատախազին է ուղարկել Իջևանում կոռուպցիոն չարաշահումների վարույթի մեղադրական եզրակացությունը
19:03 - 10 մայիսի, 2023

ՀՀ ՔԿ-ն դատախազին է ուղարկել Իջևանում կոռուպցիոն չարաշահումների վարույթի մեղադրական եզրակացությունը

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում ավարտվել է Իջևան համայնքի նախկին ղեկավարի, «Իջևանի վերնատուն պատկերասրահ» ՓԲԸ նախկին տնօրենի և մի քանի աշխատակիցների կողմից կատարված առերևույթ կոռուպցիոն չարաշահումների վարույթով նախաքննությունը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, իրականացված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2011-2019թթ. ընթացքում Իջևան համայնքի նախկին ղեկավարի պաշտոնն զբաղեցրած Վ. Ղ.-ն 2016թ. հունիսի 1-ին  իր ընկերոջ կնոջը նշանակել է «Իջևանի վերնատուն պատկերասրահ» ՓԲԸ բյուջետային հիմնարկի տնօրենի պաշտոնակատար, իսկ 2016թ. հուլիսի 3-ին՝ նույն հիմնարկի տնօրեն:

«2017թ. վերոնշյալ ընկերոջ կողմից ԱԺ պատգամավոր ընտրվելու և կնոջ հետ Երևան քաղաք տեղափոխվելուց հետո Իջևան համայնքի նախկին ղեկավարը դիտավորությամբ հսկողություն չի իրականացրել ընկերոջ կնոջ կողմից 2017թ. հոկտեմբերի 1-ից մինչև 2018թ. հոկտեմբերի 1-ը ներառյալ աշխատանքի չներկայանալու և աշխատանքային պարտականությունները չիրականացնելու նկատմամբ։ Այդ ընթացքում վերջինս փաստացի աշխատանքի չի ներկայացել և աշխատանքային պարտականությունները չի կատարել, իսկ Իջևանի համայնքապետարանի կողմից հիշյալ ընկերությանը հատկացված դրամական միջոցներից որպես աշխատավարձ դուրս գրված ընդհանուր 698.365 ՀՀ դրամ խոշոր չափերի գումարը յուրացվել է ՓԲԸ տնօրենի կողմից:

Բացի այդ, ՓԲԸ-ում որպես լրագրող ձևակերպված անձի կողմից 2016թ. հունիսի 4-ից մինչև 2018թ.-ի հուլիսի 20-ն աշխատանքի չներկայանալու և աշխատանքային պարտականությունները փաստացի չկատարելու պարագայում, ՓԲԸ տնօրենը, ունենալով համապատասխան լիազորություններ, ոչ միայն նրա նկատմամբ կարգապահական պատասխանատվության միջոց չի կիրառել, աշխատանքից չի ազատել և չի լուծել աշխատանքային պայմանագիրը, այլև պաշտոնեական դիրքն օգտագործելով հանձնարարել է հաշվարկել և նրան վճարել այդ ժամանակահատվածի համար դրույքաչափերով նախատեսված աշխատավարձը՝ ընդհանուր 1.074.997 ՀՀ դրամի չափով՝ փաստացի այդ աշխատակցի օժանդակությամբ կատարելով վատնում:

Տնօրենը նույն հիմնարկի հաշվապահին և փոխտնօրենին հանձնարարել է կազմել իր և հիշյալ լրագրողի՝ աշխատանքի չներկայանալու ժամանակահատվածի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող՝ աշխատանքի հաճախելու վերաբերյալ կեղծ տվյալներ պարունակող աշխատավարձերի ցուցակներ և աշխատաժամանակի հաշվարկման տեղեկագրեր։ Դրանց մի մասը հաստատել է ինքը՝ այդպիսով կատարելով պաշտոնեական կեղծիք։ Իսկ մյուս մասը, իր բացակայության ընթացքում, հանձնարարել է հաստատել փոխտնօրենին՝ դրդելով վերջինիս և հաշվապահին կատարել կեղծիք։ Այդ կերպ հիմնարկի վերոնշյալ երեք աշխատակիցների օժանդակությամբ տնօրենի կողմից յուրացվել, վատնվել է խոշոր չափերի՝ ընդհանուր շուրջ 1.700.000  ՀՀ դրամ գումար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Իջևան համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել պաշտոնեական դիրքը չարաշահելու համար, «Իջևանի վերնատուն պատկերասրահ» ՓԲԸ-ի նախկին տնօրենին՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելու (երկու դրվագ), պաշտոնեական կեղծիք կատարելու, պաշտոնեական կեղծիք կատարելուն և փաստաթղթերի կեղծմանը դրդելու համար։  Մեղադրանքներ են ներկայացվել նաև ՓԲԸ-ի նախկին փոխտնօրենին, հաշվապահին, ինչպես նաև «Իջևանի վերնատուն պատկերասրահ» ՓԲԸ-ի նախկին մամուլի պատասխանատուին։ Բոլոր 5 մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:

Նշվում է, որ նախաքննությունն ավարտվել է և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան հանձնելու համար:

 Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել