Բացառում եմ, որ «Նեմեսիսի» հուշարձանը ապամոնտաժվի․ այդպես կարող ենք հասնել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին. Ավինյան
 |news.am|
14:46 - 11 մայիսի, 2023

Բացառում եմ, որ «Նեմեսիսի» հուշարձանը ապամոնտաժվի․ այդպես կարող ենք հասնել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին. Ավինյան |news.am|

news.am: Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը այսօր՝ մայիսի 11-ին, լրագրողների հետ զրույցում բացառեց, որ «Նեմեսիսի» հուշարձանը քաղաքապետարանի որոշմամբ հնարավոր է ապամոնտաժվի։

«Այդ արձանը նվիրված է ազգային արժանապատվության ասպետներին։ Այն որեւէ ժողովրդի, որեւէ երկրի դեմ չէ։ Շատ քաղաքականացնել հարցը, ինչն անում է Թուրքիայի արտգործնախարարությունը, տեղին չէ, որովհետեւ եթե անընդհատ նույն թեմաները քննարկենք, կարող ենք հասնել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին, դա էլ կարող է հարց առաջացնել թուրք պաշտոնյանների մոտ։ Սա մեր ներքին հարցն է, որեւէ մեկը չի կարող դրա հետ կապ ունենալ»,- ասաց Ավինյանը։

Նրա  խոսքով՝ արձանի տեղադրման որոշումն ընդունվել է Երեւանի ավագանու կողմից 2021 թվականին։ Կառավարությունը որեւէ կապ չի ունեցել։

«Երեւանի քաղաքապետարանն այդ որոշումը 2021 թվականին չի համաձայնեցրել։ Կարծում եմ, որ նմանատիպ որոշումները պետք է քննարկվեն Կառավարության եւ Արտաքին գործերի նախարարության հետ, վստահաբար այդտեղ սխալ բան կա։ Արձանի տեղադրումից առաջ մենք Թուրքիայի արձագանքի վերաբերյալ որեւէ քննարկում, մտահոգություն չենք ունեցել»,- նշեց Ավինյանը։

Ավինյանն ասաց, որ թեմայի շուրջ Փաշինյանի հետ եւս խոսակցություն չի ունեցել։

Հիշեցնենք, որ Թուրքիան առանց նախօրոք տեղեկացնելու ապրիլի 29-ին չեղարկել էր Flyone Armenia ավիաընկերությանն ավելի վաղ տրամադրված թույլտվությունը Թուրքիայի օդային տարածքով դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու համար։ Դրա հետեւանքով Փարիզ-Երեւան օդանավը հարկադրված վայրէջք էր կատարել Քիշնեւի օդանավակայանում։ Մայիսի 2-ին էլ թուրքական արգելքի պատճառով չեղարկվել էր Երեւան-Փարիզ-Երեւան չվերթը։

Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն օդային տարածքի փակումը բացատրել է Երեւանում «Նեմեսիս»գործողության հերոսների հուշարձանի բացմամբ։

Հայոց ցեղասպանությունն իրականացրած թուրք պարագլուխների սպանությունները կազմակերպած «Նեմեսիս» գործողության անդամներին նվիրված աղբյուր-հուշակոթողը բացվել է ապրիլի 25-ին, Երեւանի սրտում՝ Օղակաձեւ զբոսայգու չորրորդ հատվածում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել