Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել բրյուսելյան հանդիպման վերաբերյալ
 |tert.am|
15:50 - 15 մայիսի, 2023

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել բրյուսելյան հանդիպման վերաբերյալ |tert.am|

tert.am: «Բրյուսելյան ձևաչափով» հերթական հանդիպումը կարևոր է կողմերի միջև ամենաբարձր մակարդակով երկխոսությունը խրախուսելու տեսանկյունից։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ մայիսի 14-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման կապակցությամբ, հաղորդում է Trend-ը։

«Մայիսի 14-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Հայաստանի վարչապետի միջև այս ձևաչափով Եվրոպական խորհրդի նախագահի կողմից կազմակերպված հինգերորդ հանդիպումը օգտակար և արդյունքային ենք համարում երկու երկրների հարաբերությունների կարգավորման օրակարգն առաջ մղելու առումով։ Հանդիպման ընթացքում մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկկողմ խաղաղ համաձայնագրի նախագծի համաձայնեցման, սահմանների սահմանազատման և հաղորդակցության վերականգնման ոլորտներում կոնկրետ արդյունքների հասնելու համար։

Հատկապես կարևոր է պետությունների տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի ևս մեկ հաստատումը, Հայաստանի կողմից Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականության ընդունումն այս համատեքստում։

Մենք հայտարարում ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը՝ հիմնված միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգային սահմանների փոխադարձ ճանաչման և հարգման վրա, միակ ճանապարհն է՝ ապահովելու կայուն խաղաղություն և կայունություն տարածաշրջանում։

Մենք ողջունում ենք ջանքերն այս ուղղությամբ՝ նպաստելով հարաբերությունների կարգավորման առաջընթացի ձեռքբերմանը, վերահաստատելով մեր պատրաստակամությունը շարունակելու երկխոսությունն ու փոխգործակցությունը այդ նպատակը հետապնդող միջազգային գործընկերների հետ»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

Հիշեցնենք՝ երեկ Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:

Հանդիպման վերաբերյալ ԵՄ խորհդրի նախագահ Շառլ Միշելը նաև հայտարարել է, որ կողմերը հաստատել են՝ հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ Հայաստանը՝ 29 800 քառ․ կմ, Ադրբեջանը՝ 86 600 քառ․ կմ (ներառյալ ԼՂԻՄ-ը և յոթ շրջանները)։

Ըստ Միշելի՝ քննարկվել է «նախկին ԼՂԻՄ-ում ապրող հայերի իրավունքների ու անվտանգության խնդիրը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել