Հայկական հուշարձաններից հայկական հետքը վերացնելու մասին Բաքուն պետական մակարդակով է խոսում. ԱՄՆ հանձնաժողովի զեկույց |azatutyun.am|
10:56 - 17 մայիսի, 2023

Հայկական հուշարձաններից հայկական հետքը վերացնելու մասին Բաքուն պետական մակարդակով է խոսում. ԱՄՆ հանձնաժողովի զեկույց |azatutyun.am|

azatutyun.am: Միջազգային մարմիններն ու այլ կազմակերպություններ շարունակում են կասկածի տակ դնել Ադրբեջանի կառավարության պատրաստակամությունը՝ պաշտպանելու և պահպանելու կրոնական և մշակութային ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում, որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Այս մասին արձանագրել է Միացյալ Նահանգների Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը կրոնական ազատությունների վերաբերյալ իր ամենամյա զեկույցում։ Դրա հեղինակները հիշեցնում են՝ հայկական հուշարձաններից հայկական հետքը վերացնելու մասին Բաքուն պետական մակարդակով է խոսում։

2022 թվականի փետրվարին այդ ժամանակ Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովը հայտարարել էր աշխատանքային խմբի ստեղծման մասին, որի նպատակն էր եկեղեցիներից հեռացնել Հայ Առաքելական արձանագրությունները, որոնք նա անվանել էր «կեղծ»: Ըստ ամենայնի, կառավարությունը հետ կանգնեց այդ ծրագրից միջազգային հանրության բարձրացրած աղմուկից հետո, իսկ մարտին Եվրախորհրդարանը դատապարտել է Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ հայկական մշակութային ժառանգությունը ջնջելու և ժխտելու Ադրբեջանի շարունակական քաղաքականությունը, գրում են զեկույցի հեղինակները։

Զեկույցում հղում է արվում նաև Քորնելի համալսարանի Caucasus Heritage Watch հետազոտական նախաձեռնությանը, որն արբանյակային պատկերներով արձանագրել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Հադրութի Սուրբ Սարգիս եկեղեցու ավերումը։ Զեկույցում Ադրբեջանն ընդգրկվել է հատուկ հսկողության տակ գտնվող երկրների ցանկում։ Այս տարվա զեկույցում Հայաստանը ներառված չէ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել