Արցախի ԱԺ-ում քննարկվում է վարչապետ Փաշինյանի հայտարարությունը մերժող ու քննադատող հայտարարությունը
 |azatutyun.am|
23:53 - 22 մայիսի, 2023

Արցախի ԱԺ-ում քննարկվում է վարչապետ Փաշինյանի հայտարարությունը մերժող ու քննադատող հայտարարությունը |azatutyun.am|

azatutyun.am: Արցախի Ազգային ժողովը չի ընդունում Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու Հայաստանի վարչապետի հայտարարությունը, ասված է խորհրդարանի արտահերթ նիստում ներկայացված հայտարարության մեջ։ Այն այս պահին քննարկման է դրված, ներկայացրեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը։

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունը, որի մեջ նա վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ Արցախը ներառելու Ադրբեջանի կազմում, խիստ վրդովմունք ու զայրույթ է առաջ բերել Արցախի Հանրապետությունում», - ասված է տեքստում։

Ըստ Արցախի օրենսդիր մարմնում քննարկվող հայտարարության՝ այդ հանձնառությամբ Հայաստանի ղեկավարը կոպտորեն խախտում է ՀՀ անկախության հռչակագրի ու Սահմանադրության ամրագրումներն Արցախի մասին։

«Եվս մեկ անգամ վերահաստատում ենք, որ Արցախի կարգավիճակն արդեն իսկ որոշվել է 1991թ. դեկտեմբերի 10-ի համաժողովրդական կամարտահայտությամբ, և որևէ իշխանություն իրավասու չէ այն բեկանելու։ Մեզ համար անընդունելի և առոչինչ են Արցախի Հանրապետության ինքնիշխանությունը, մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքը և դրա իրացման փաստն անտեսող Նիկոլ Փաշինյանի ցանկացած հայտարարություն և դրա հիման վրա կազմած որևէ փաստաթուղթ։ Արցախը երբեք չի հրաժարվելու իր պայքարի անշեղ ուղուց», - ներկայացրեց Վահրամ Բալայանը։

Հշեցնենք, որ մայիսի 22-ին Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի՝ 86,6 հազար կմ² տարածքային ամբողջականությունը, որի մեջ մտնում է նաև Լեռնային Ղարաբաղը։ «86, 6հազար կմ²-ը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը, բայց նաև պետք է արձանագրել, որ մենք ասում ենք՝ ԼՂ հայության իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու-Ստեփանակերտ ֆորմատով․․․ 86,6 հազար կմ² տարածքային ամբողջականությունը Հայաստանը պատրաստ է ճանաչել և, մեր ընկալմամբ, Ադրբեջանը պատրաստ է ճանաչել ՀՀ 29,8 հազար կմ² տարածքային ամբողջականությունը»,- ասել էր Փաշինյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել