ԱԺ-ում քաշքշուկ սկսվեց․ ԱԺ նախագահը անվտանգության աշխատակիցներին հրահանգեց դուրս տանել Արթուր Սարգսյանին
13:41 - 24 մայիսի, 2023

ԱԺ-ում քաշքշուկ սկսվեց․ ԱԺ նախագահը անվտանգության աշխատակիցներին հրահանգեց դուրս տանել Արթուր Սարգսյանին

ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը խորհրդարանում իր ելույթի ժամանակ դիմեց դատավոր Արմեն Դանիելյանին՝ նշելով, որ 2021թ․-ի նոյեմբերի 15-ին իր լսելու իրավունքը խախտելով՝ Դանիելյանը կալանավորել է իրեն․ «Ես ոչ թե իմ մասին եմ խոսում, Դուք շատ ճակատագրեր եք խախտել, բայց այդ մարդիկ հիմա հնարավորություն չունեն այս ամբիոնից խոսելու, ես խոսում եմ իրենց տեղը։ Դուք այսօր, այս ամբիոնում կանգնած, հպարտորեն ասում եք, որ Դուք Ձեր բոլոր որոշումները կայացրել եք օրենքի սահմաններում։ Ասեմ, որ Դուք ապօրինի որոշումներ եք կայացրել, և փաստն է, որ ապօրինի որոշում եք կայացրել և կալանավորել եք ինձ»։

Սարգսյանի խոսքով այդ կալանքը իր համար զրո արժեք է ունեցել, որովհետև դա իր երկրորդ կալանքն է եղել, ու ինքն այդ դժվարություններն արդեն հաղթահարած է եղել։

«Ես շատ եմ մտածել, որ ինչու, կարող է իմ լսելի լինելու իրավունքն ապահովեիք, նոր կալանավորեիք։ Այն պահին, երբ մակագրվել է Ձեզ, ես վստահ էի, որ պետք է կալանավորվեի։ Շատ եմ մտածել և հասկացել եմ՝ դուք իմ լսելու իրավունքը չեք ապահովել, որովհետև տղամարդկություն չեք ունեցել նայել իմ աչքերի մեջ և կալանավորել»,- ասաց նա։

Արձագանքելով պատգամավորի այս արտահայտությանը՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կոռեկտություն պահպանելու կոչ արեց, Սարգսյանն էլ ասաց․ «Պարոն Սիմոնյան, դա կարծում եմ՝ ամենակոռեկտն ա, բայց․․․»։

Ապա Սարգսյանը դիմեց Արցախի ժողովրդին, հիշեցրեց Կոռնիձորում տեղի ունեցած ակցիան ու ասաց, ոչ սյունեցիները արցախցիների հետ են։

Ամբիոնից իջնելիս առանց բարձրախոսի Սարգսյանը ուղղվեց դեպի դատավոր Արմեն Դանիելյանը և ասաց՝ «դուրս գալիս էլ մի հատ նայեք աչքերիս մեջ», ինչից հետո դահլիճից մեկնաբանություններ հնչեցին, պատգամավորները իջան իրենց տեղերից, սկսվեցին քաշքշուկ ու լեզվակռիվ։ ԱԺ նախագահը ներս հրավիրեց անվտանգության աշխատակիցներին ու հրահանգեց դուրս տանել Արթուր Սարգսյանին։ Ապա հայտարարվեց 20 րոպե ընդմիջում։

Նշենք, որ այսօր ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված դատավորների թեկնածուների ընտրության հարցն է քննարկվում։ 

Թափուր տեղի համար առաջադրվել է երեք թեկնածու, այն է՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի, Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ Ելիզավետա Դանիելյանի և Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանի թեկնածությունները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել