Բաքուն «անհիմն և կողմնակալ է» համարել Ալիևի Լաչինի ելույթի մասին ՀՀ ԱԳՆ հայտարարությունը
 |azatutyun.am|
12:23 - 30 մայիսի, 2023

Բաքուն «անհիմն և կողմնակալ է» համարել Ալիևի Լաչինի ելույթի մասին ՀՀ ԱԳՆ հայտարարությունը |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն «անհիմն և կողմնակալ է» համարել Հայաստանի արտգործնախարարության հայտարարությունը կապված Ալիևի՝ Լաչինի շրջանում ունեցած ելույթի հետ։

«Հայաստանի ԱԳՆ-ի կողմից տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը հարգելու անհրաժեշտության, Ադրբեջանի ներքին գործերին միջամտության անթույլատրելիության և տարածաշրջանում անջատողականությանը նպաստող քայլերի վճռական կանխարգելման վերաբերյալ Ադրբեջանի նախագահի կոչերը միտումնավոր խեղաթյուրելը վկայում է այն մասին, որ Հայաստանի ԱԳՆ-ն դասեր չի քաղում պատմությունից»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

«Լավ կլիներ, որ հայկական կողմը խաղաղություն հաստատելու ջանքերին խոչընդոտելու և կեղծ հայտարարություններ անելու փոխարեն, ոչ թե խոսքով, այլ գործով հարգեր մեր երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, այդ թվում՝ Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանը»,- եզրափակել է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ շեշտելով՝ «Ադրբեջանը մտադիր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը տեղի հայ բնակիչների վերաինտեգրման համար»։

Պաշտոնական Երևանը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել մայիսի 28-ին Ադրբեջանի նախագահի կողմից հնչեցված հայտարարություններին, պնդելով, թե դրանք «միտված են վիժեցնելու Հայաստանի Հանրապետության ու միջազգային գործընկերների ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատմանը»:

Հայկական արտաքին քաղաքական գերատեսչությունը նաև ընդգծել է՝ «աներկբա է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը չի կարող մեկնաբանվել որպես ԼՂ բնակչության դեմ էթնիկ զտումներ իրականացնելու իրավասություն»:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել