ՄԻԵԴ-ը պահանջել է Ադրբեջանից տեղեկություններ տրամադրել 2 հայ զինծառայողների պահման վայրի և բժշկական հետազոտությունների մասին
12:34 - 31 մայիսի, 2023

ՄԻԵԴ-ը պահանջել է Ադրբեջանից տեղեկություններ տրամադրել 2 հայ զինծառայողների պահման վայրի և բժշկական հետազոտությունների մասին

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից հայտնում են, որ ՀՀ կառավարության կողմից ավելի վաղ ներկայացված դիմումի հիման վրա Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայացրել է որոշում և պահանջել Ադրբեջանից մինչև սույն թվականի հունիսի 6-ը ներառյալ տրամադրել տեղեկություն, թե արդյո՞ք 2 զինծառայողները գերու կամ այլ կարգավիճակում գտնվում եմ Ադրբեջանի տիրապետության տակ:

Եթե այո, Դատարանը Ադրբեջանից պահանջել է տրամադրել տեղեկություն զինծառայողների պահման պայմանների և բժշկական հետազոտությունների մասին:

Հիշեցնենք, որ մայիսի 26-ին մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել էր: Ավելի ուշ հայտնաբերվել է զինծառայողների կողմից շահագործվող թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որը բեռնված է եղել սննդով և ջրով՝ նախատեսված մարտական հենակետերի համար։ Պարզվել է, որ նրանց ապօրինի առևանգել է ադրբեջանական կողմը՝ «դիվերսանտներ» համարելով։ Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների կողմից ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու, զինծառայողներին առևանգելու, նրանց կամքին հակառակ կամ նրանց կամքն անտեսելով տեղափոխելու հանցավոր արարքների հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ավելի ուշ՝ մայիսի 28-ին, Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը ՄԻԵԴ էր ներկայացրել Ադրբեջանի իրավասության ներքո գտնվող ՀՀ ԶՈՒ երկու զինծառայողների հիմնարար իրավունքների պաշտպանության վերաբերյալ դիմում և պահանջել, որպեսզի Դատարանի կանոնագրքի 39-րդ կանոնի համաձայն միջանկյալ միջոց կիրառվի Ադրբեջանի նկատմամբ՝ զերծ մնալու հայ զինծառայողների իրավունքների խախտումներից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել