factor.am: Վճռաբեկ դատարանը բեկանել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին և նույն դատարանի նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանին արդարացնելու վերաբերյալ դատական ակտերն ու գործն ուղարկել Հակակոռուպցիոն դատարան նոր քննության։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։
Հիշեցնենք՝ Դավիթ Գրիգորյանն այն դատավորն է, ում մակագրվել էր Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի և պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի վերաբերյալ քրեական գործի քննությունը։ 2019 թվականի մայիսի 18-ին Գրիգորյանը որոշել էր Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակել։ Դրանից երկու օր անց՝ մայիսի 20-ին, նա որոշում էր կայացրել Քոչարյանի և մյուսների վերաբերյալ գործի քննությունը կասեցնել ու դիմել Սահմանադրական դատարան։ Այս որոշումները կայացնելուց ամիսներ առաջ քաղաքացի Սերգո Փանոսյանը Գրիգորյանի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ հաղորդում է ներկայացրած եղել իրավապահներին, սակայն հաղորդման հիման վրա նախապատրաստվող նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է։ Հետագայում Սերգո Փանոսյանը բողոքարկել է քրգործի հարուցումը մերժելու վերաբերյալ որոշումը։ Քոչարյանի գործով Դավիթ Գրիգորյանի կայացրած որոշումներից կարճ ժամանակ անց գլխավոր դատախազը Սերգո Փանոսյանի բողոքի հիման վրա վերացրել է քրեական գործ չհարուցելու մասին որոշումը։ Կայացվել է պաշտոնեական կեղծիք կատարելու առթիվ քրեական գործ հարուցելու մասին որոշում։
Ըստ գործով ՀՔԾ-ի տարածած հաղորդագրության՝ դատավոր Գրիգորյանին մակագրվել է 2018 թվականի սեպտեմբերին քաղաքացու կողմից քննիչի և դատախազի որոշումների դեմ բերված բողոք, և դատավորը, «պարտավոր լինելով բողոքի քննությունը սկսել այն ստանալու պահից տասն օրվա ընթացքում, բողոքի քննությունն այդ ժամկետում սկսված ցույց տալու, դատավարական ժամկետները պահպանված լինելու պատրանք ստեղծելու և այդ կերպ հետագայում աշխատանքում թերացման պատճառով հնարավոր իրավական ներգործության միջոցների կիրառումից զերծ մնալու անձնական դրդումներով, դատական նիստ կայացած չլինելու պայմաններում դատական նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի օժանդակությամբ կազմել է դատական նիստ անցկացնելու մասին կեղծ արձանագրություն»:
Ըստ ՀՔԾ-ի՝ արձանագրության մեջ կեղծ տեղեկություններ են մտցվել առ այն, թե իբր դատական նիստին չեն ներկայացել բողոքաբերը, քննչական կոմիտեի և դատախազության ներկայացուցիչները, որոնց չներկայանալու մասին դատարանն իբր տեղեկություններ չունի, և նշված հիմքով էլ դատական նիստը հետաձգվել ու նշանակվել է մեկ այլ օր: Դավիթ Գրիգորյանը մի քանի անգամ հայտարարել է, որ ինքն անմեղ է և արդարացվելու է, ինչպես նաև, որ իր նկատմամբ քրեական հետապնդումն ապօրինի է սկսվել։ Գրիգորյանի և Վարդանյանի վերաբերյալ գործը 2020 թվականին ուղարկվել է դատարան, մակագրվել դատավոր Դավիթ Բալայանին, վերջինս էլ գործը վարույթ է ընդունել ու որոշում կայացրել այն կարճելու՝ առանց դատաքննության նշանակելու։
Դատավոր Բալայանը դատական ակտում նշել է, որ թեև Քրեական դատավարության օրենսգրքով «քրեական հետապնդման հարուցում» եզրույթը արտահայտվում է դատավարական որոշումների ձևով, այսինքն՝ անձին որպես մեղադրյալ ներգրավելու կամ մինչ այդ նրան ձերբակալելու կամ նրա նկատմամբ խափանման միջոց կիրառելու մասին որոշումներով, սակայն անհրաժեշտ է հաշվի առնել, որ անձի նկատմամբ քրեական հետապնդումը կարող է նաև (ոչ պաշտոնապես) սկսվել ավելի վաղ, և տվյալ դեպքում դատավոր Գրիգորյանի նկատմամբ հետապնդումը սկսվել է ավելի վաղ՝ առանց նրա անձեռնմխելիությունը հաղթահարելու։
Հիշեցնենք որ քրեական գործ հարուցելու որոշման մեջ ուղղակիորեն մատնանշված է եղել Դավիթ Գրիգորյանի անունը, բացի այդ՝ նախքան Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալը խուզարկություն է իրականացվել նրա աշխատասենյակում։ Առաջին ատյանի դատարանի դատական ակտը ստուգելիս Վերաքննիչ դատարանը համաձայնել է Գրիգորյանի անձեռնմխելիության հետ կապված առաջին ատյանի դատարանի հայտնած դիրքորոշումների հետ: Վճռաբեկ դատարանը, սակայն, անհիմն է համարել ստորադաս դատարանների այն հետևությունը, որ սույն քրեական գործն ի սկզբանե, այսինքն՝ դրա հարուցման պահից, եղել է ապօրինի՝ դատավորի անձեռնմխելիությունը հաղթահարված չլինելու հետևանքով։
Վճռաբեկ դատարան ներկայացված բողոքում այն ժամանակ գլխավոր դատախազ եղած Արթուր Դավթյանը դիրքորոշում է հայտնել, որ դատավոր Դավիթ Բալայանին ինքնաբացակի հիմք է եղել, սակայն Դատախազությունը տեղյակ չի եղել Բալայանի կողմից գործը վարույթ ընդունելու որոշման մասին և հնարավորություն չեն ունեցել ինքնաբացարկ հայտնելու։ Իսկ ինքնաբացարկի հիմքում Դատախազությունը դնում է այն հանգամանքը, որ Գոռ Վարդանյանը կատարել է Դավիթ Բալայանի նիստերի քարտուղարի պարտականությունը։ Այս հանգամանքին անդրառանալով՝ Վերաքննիչ դատարանը գտել էր, որ Գոռ Վարդանյանի կողմից դատական նիստի քարտուղարի պարտականությունները կատարելը նախագահող դատավորի հետ մեղադրյալի ուղղակի կապի մեջ գտնվելը հիմնավորող բավարար փաստարկ չէ, քանի որ նրանք աստիճանակարգային հարաբերությունների մեջ չեն գտնվել․ դատական նիստերի քարտուղարը համարվում է դատարանի ծառայող, իսկ դատավորը չի հանդիսանում դատական նիստերի քարտուղարի անմիջական ղեկավարը: Վճռաբեկ դատարանը համաձայնել է այս դիրքորոշման հետ:
Բացի այդ, անդրադառնալով առաջին ատյանի դատարանի կողմից գործը դատաքննության նախապատրաստելիս քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացնելու հետևանքով մեղադրանքի կողմին՝ նախագահող դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու հնարավորությունից զրկելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի փաստարկներին՝ Վճռաբեկ դատարանը համաձայնությունն է հայտնում Վերաքննիչ դատարանի այն հետևությանը, որ Առաջին ատյանի դատարանի կողմից դատավարության քննարկվող փուլում քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ որոշում կայացնելը չի զրկել մեղադրանքի կողմին դատավորի անաչառության վերաբերյալ իր մտահոգությունները ներկայացնելու հնարավորությունից, քանի որ դատավորի բացարկի հիմքերը, հետաձգված բողոքարկման շրջանակներում, ըստ էության, ներկայացվել են Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքում, որոնք Վերաքննիչ դատարանի կողմից դարձել են քննարկման առարկա, ուստի նախագահող դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու հնարավորությունից զրկված լինելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի վերոհիշյալ փաստարկներն անհիմն են։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
comment.count (0)