Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի նկատմամբ հետմահու կայացվել է մեղադրական վերդիկտ։ Այս մասին հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Փաստաբանը նշել է, որ դատավճիռը պարտադիր կբողոքարկվի։
Գրիգորյանը, հիշեցնենք, մահացել է այս տարվա հուլիսի 15-ին՝ իր իսկ գործով առաջին դատական նիստի ժամանակ։ Թեև Քրեական դատավարության օրենսգիրքը անձի մահը դասում է քրեական հետապնդումը բացառող հանգամանքների շարքին, սակայն սահմանում է նաև, որ վարույթը կարող է շարունակվել, եթե մահացածի օրինական ներկայացուցիչը (տվյալ դեպքում՝ տղան) առարկում է կարճման դեմ՝ այն հիմքով, որ վերջինս չի կատարել իրեն վերագրվող արարքը։
Արմեն Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել այս տարվա մայիսի 17-ին, որից հետո նա ձերբակալվել, ապա կալանավորվել էր։ Ըստ մեղադրանքի՝ անտեսելով ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածով ամրագրված սահմանադրական կարգի հիմունքներից մեկը՝ Գրիգորյանը «Հայելի» հաղորդաշարի եթերում անպարկեշտ ձևով նսեմացրել է Շիրակի և Արարատյան դաշտավայրերի ազգաբնակչությանը (նրանց դավաճան, թուքի եթիմ անվանելով–հեղ․), իսկ 2022 թվականի մայիսի 8-ին՝ Երևանի քաղաքի Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած հարցազրույցի ընթացքում, այդ կերպ իր դիտավորյալ գործողություններով, ընդհանրական բնույթ կրող և ազգաբնակչության լայն շրջանակին վերաբերելի հիշյալ ձևակերպումներով հրապարակայնորեն նվաստացրել է նշված դաշտավայրերի բնակչության ազգային արժանապատվությունը, մտացածին գաղափարներով և հայացքներով ատելություն և թշնամանք սերմանել հայ ազգի շրջանում:
Պաշտպանական կողմն այն համոզմանն է, որ նրա նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումն ունի քաղաքական և խտրական բնույթ։
comment.count (0)