Արցախցիները զրկված են անհրաժեշտ քանակի միրգ ու բանջարեղեն օգտագործելու հնարավորությունից․ Գուրգեն Ներսիսյան
10:57 - 06 հուլիսի, 2023

Արցախցիները զրկված են անհրաժեշտ քանակի միրգ ու բանջարեղեն օգտագործելու հնարավորությունից․ Գուրգեն Ներսիսյան

2022թ․ դեկտեմբերի 12-ից սկսած մինչեւ ս․թ․ հունիսի 15-ը Արցախ մտել էր չնչին քանակի սնունդ, որն ընդամենը բավարարել էր բնակչության նվազագույն կարիքները։ Բնականաբար, այդ ամենին զուգահեռ կրճատվել էին նաեւ մեր ներքին ռեսուրսները։ Այս մասին Ստեփանակերտ-Երևան հեռուստակամուրջ-ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախի Հանրապետության պետական նախարար Գորգեն Ներսիսյանը։

Նա ընդգծեց՝ հունիսի 15-ից հետո Արցախն ամբողջությամբ ապրում է իր ներքին ռեսուրսներով, ինքնաբավության բավարար մակարդակ չունեցող երկրի համար, երբ Արցախն ապրում էր Հայաստանի հետ անխզելի կապի միջոցով, նման պայմաններն աննկարագերլի ծանր են։

«Ավելի քան քսան օր է՝ արցախցիները, մեր երեխաները, տարեցները, հղիները զրկված են անհրաժեշտ քանակի միրգ ու բանջարեղեն օգտագործելու հնարավորությունից, բացակայում են տարրական հիգիենայի պարագաները, մարդիկ զրկված են հիվանդին հիվանդանոց տեղափոխելու հնարավորությունից, առաջին անհրաժեշտության պարագաները մի կերպ փորձ է արվում հավասարաչափ բաշխել ու հասցնել բնակիչներին։

Շրջաններում ապրող մեր քաղաքացիներն ամբողջությամբ կտրված են մայրաքաղաքից ու Ստեփանակերտի բուժհաստատություններ դիմելու հնարավորությունից։ Գյուղատնտեսությամբ զբաղվող մարդիկ կանգնած են լրջագույն խնդիրների առաջ։ ՀՀ-ից էլ․ էներգիայի ու գազի մատակարարումը դադարեցված լինելու պայմաններում մարդիկ ընդամնեը մի քանի ժամ են ստանում էլ․ էներգիա»,- մանրամասնեց պետնախարարը։

Նա նշեց, որ այս ամենը ոչ թե մարդու իրավունքների խախտում, այլ ոչնչացում է․ «Եվ ոչ ոք թող չմտածի, որ այս իրավիճակի հանդուրժումը բացասական հետեւանք չի ունենալու մնացած հավաքական աշխարհի վրա»։

Ներսիսյանը նաև հավելեց, որ մեծ ուշադրություն են դարձրել եւ դարձնում ալյուրի պաշարներին․ «Բարեբախտաբար, էս առումով խնդիրներ չունենք։ Մենք նաեւ պահուստային ֆոնդ ունենք, որոնց մասին նպատակահարմար չեմ համարում բարձրաձայնել, բայց նմանօրինակ իրավիճակներին նախապատրաստվել ենք, եւ այսօրվանից արդեն տարբեր սոցիալական խմբերի որոշակի առաջին անհրաժեշտության ապրանքներ են տրամադրվում»։

Լուսանկարը՝ Մարութ Վանյանի / Ստեփանակերտ, 02․07․2023


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել