Ուկրաինան իրավունք ունի դառնալ ՆԱՏՕ-ի անդամ. կայացել է Էրդողան-Զելենսկի հանդիպումը  |1lurer.am|
13:13 - 08 հուլիսի, 2023

Ուկրաինան իրավունք ունի դառնալ ՆԱՏՕ-ի անդամ. կայացել է Էրդողան-Զելենսկի հանդիպումը |1lurer.am|

1lurer.am: Երեկ կայացել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը, որը տեւել է 2 ժամ 30 րոպե։

Բանակցություններից հետո Էրդողանը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Թուրքիան հույս ունի՝ սևծովյան հացահատիկային նախաձեռնությունը կերկարաձգվի: Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի Ուկրաինային ցանկացած տեսակի աջակցություն ցուցաբերել: Նրա խոսքով` հացահատիկային գործարքի շրջանակներում կարիքավոր երկրներ է ուղարկվել 33 մլն տոննա պարենամթերք:

Թուրքիայի նախագահը նաև նշել է` Ուկրաինան իրավունք ունի դառնալ ՆԱՏՕ-ի անդամ: Էրդողանը հույս է հայտնել, որ առաջիկա ամսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Թուրքիա:

Ուկրաինայի նախագահ Զելենսկին իր հերթին հայտարարել է, որ ղեկավարները քննարկել են երկու երկրների համատեղ նախագծերը։

«Դրանք վերաբերում են համագործակցությանը ռազմարդյունաբերական ոլորտում, տեխնոլոգիաների զարգացմանը, անօդաչու թռչող սարքերի արտադրությանը, ռազմավարական այլ ոլորտներին։ Ձեռք են բերվել համապատասխան պայմանավորվածություններ»,- հանդիպումից հետք հայտարարել է Զելենսկին։

Նրա խոսքով՝ Էրդողանի հետ մանրամասն քննարկել են իրավիճակը Եվրոպայում, մասնավորապես՝ Սևծովյան տարածաշրջանում: Զելենսկին նաև շնորհակալություն է հայտնել Թուրքիային Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը մշտապես աջակցելու համար:

«Իհարկե, այսօր անդրադարձանք ՆԱՏՕ-ի շրջանակներում մեր համագործակցության առանցքային հարցերին, մասնավորապես՝ Վիլնյուսում կայանալիք դաշինքի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին։ Ես զրույցի ընթացքում բարձրացրել եմ Ուկրաինային ՆԱՏՕ հրավիրելու հարցը, և ուրախ եմ, որ նախագահ Էրդողանն ասել է, որ Ուկրաինան արժանի է ՆԱՏՕ-ի անդամ դառնալ»,- եզրափակել է Ուկրաինայի նախագահը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել