«Բրյուսելում դու հնարավորություն ունես բանակցային օրակարգը փոխելու»․ Վարդան Օսկանյանը՝ Նիկոլ Փաշինյանին |hetq.am|
12:27 - 15 հուլիսի, 2023

«Բրյուսելում դու հնարավորություն ունես բանակցային օրակարգը փոխելու»․ Վարդան Օսկանյանը՝ Նիկոլ Փաշինյանին |hetq.am|

hetq.am: Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ է անում շաբաթ օրը Բրյուսելում Ադրբեջանի նախագահի հետ նախատեսված հանդիպմանը փոխել բանակցությունների օրակարգը։ 

«Դու շուտով հանդիպելու ես Ալիևին Բրյուսելում Շառլ Միշելի միջնորդությամբ։ Ես շատ կոնկրետ առաջարկ ունեմ քեզ։ Ես կարծում եմ, որ հենց Բրյուսելում դու հնարավորություն ունես բանակցային օրակարգը փոխելու»,- ասել է Օսկանյանը։

Նա առաջարկել է, որ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն անի հետևյալ հայտարարությունը․ «Հակառակ, որ Պրահայում ստորագրել եմ հայտարարություն, որով ճանաչում եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը՝ վկայակոչելով 1991-ի Ալմա-Աթայի հռչակագիրը, համանայն դեպս, հաշվի առնելով, որ Ալմա-Աթայի այդ հռչակագիրը բազմակողմ, ոչ թե երկկողմ հռչակագիր է, ես կարծում եմ, որ թերևս այդ հռչակագրում տեղ գտած տարածքային ամբողջականության ճանաչման գործոնը չի կարող ամուր հիմք ծառայել՝ համարելու, որ արդեն Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը»։

Օսկանյանը նշել է, որ Փաշինյանն այս հայտարարությունը կարող է շարունակել՝ ասելով «Համենայն դեպս ես՝ Փաշինյանս, մնում եմ իմ նույն տեսակետին, որ ես պատրաստ եմ ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, եթե բանակցությունները գնան այնպիսի հունով, որը իրոք հիմք կստեղծի մեր երկու ժողովուրդների միջև արդար և կայուն խաղաղության։ Ուստի ես՝ Փաշինյանս, առաջարկում եմ, որ մեր բանակցային օրակարգում տեղ գտնի այն փաստը, որ սովետական շրջանում Արցախն ունեցել է ինքնավար մարզի կարգավիճակ»։

Ավելին՝ տեսանյութում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել