Չենք կարող նստել ճոխ սեղանների շուրջ, երբ Արցախում 30 հազար երեխա թերսնվում է․ «Կանայք հանուն Արցախի» խորագրով հացադուլը շարունակվում է
 |aravot.am|
18:20 - 18 հուլիսի, 2023

Չենք կարող նստել ճոխ սեղանների շուրջ, երբ Արցախում 30 հազար երեխա թերսնվում է․ «Կանայք հանուն Արցախի» խորագրով հացադուլը շարունակվում է |aravot.am|

aravot.am: «Կանայք հանուն Արցախի» խորագրով մեկօրյա հացադուլը ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի մոտ շարունակվում է։ Այսօր հացադուլին միացել են արցախցի հեղինակ Հերմինե Ավագյանը եւ մասնագիտությամբ բանասեր Մարգարիտա Սահակյանը։ Հերմինե Ավագյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ իրենց քայլով փորձում են շարունակական դարձնել հացադուլը։ «Սա գուցե առիթ լինի, որ Հայաստանի մտավորականությունը, որը մեծամասամբ լուռ է, միավորվի այս ակցիայի շուրջը։ Մեր նպատակն է այս հացադուլով ցույց տալ, որ մենք չենք կարող նստել ճոխ սեղանների շուրջ, երբ Արցախում 30 հազար երեխա թերսնվում է, սոված է։ Յուրաքանչյուր հայի պարտքն է սատար կանգնել Արցախում ապրող ժողովրդին»,- ասաց նա։


Հերմինե Ավագյանը կոչ արեց, որ մտավորական կանայք միանան հացադուլին, քանի որ սա կանանց շարժում է։ «Ինչքան շատ մարդ միանա, այնքան ՄԱԿ-ի գրասենյակի կողմից մեծ ուշադրության կարժանանա այս ակցիան։ Եվ հնարավոր լուծումն ավելի մոտ կլինի։ Մենք գիտենք, որ ՄԱԿ-ը նման իրավիճակներում պարենի մատակարարման ծրագիր ունի։ Եվ մենք այստեղ ենք՝ կոչ անելու, պահանջելու ՄԱԿ-ից, որ Արցախում իրականացնի իր այդ մարդասիրական ծրագիրը»,- հավելեց նա։

Հերմինե Ավագյանը հավելեց, որ արցախահայությունը վճռական է տրամադրված, չեն ցանկանում դուրս գալ Արցախից։ Ադրբեջանի այսօրվա գործողությունների նպատակն այն է, որ հուսալքության մատնի Արցախի 120 հազար ժողովրդին, որպեսզի մարդիկ լքեն Արցախը։ «Բնականաբար, երբ մայրը տեսնում է, որ իր երեխան սոված է, չի կարող հուսալքության չմատնվել, բայց արցախցին այնքան տոկուն է ու այնքան մեծ կամքի ուժ ունի, որ ես հավատում եմ, որ մինչեւ վերջ իրենց սկզբունքներին հավատարիմ են լինելու։ Ես այս պահին Արցախում հուսահատվածություն չեմ տեսնում, թեկուզ մատնանշում են դժվարությունները, բայց իրենք են այնտեղից ինձ հույս տալիս, գոտեպնդում։ Չնահանջելու կամքի ուժը ես տեսնում եմ իրենց մոտ։ Մենք էլ, թեկուզ այս պահին այնտեղ չենք, պետք է մեզնից կախված ամեն ինչ անենք՝ նրանց սատար կանգնելու համար։ Սա յուրաքանչյուր հայի արժանապատվության հարցն է։ Մարդիկ մեզ այսօր մեզ գրում էին, թե՝ անօգուտ է ձեր ակցիան, ես կարծում եմ, որ անօգուտ է տանը նստել ու սպասել, որ այս ամենը մի օր կվերջանա»,- նշեց Հերմինե Ավագյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել