Շատ անտրամաբանական բաներ են կատարվում եվրոպական հարթակում. արդյոք դա լուրջ խոսակցություն է.Արցախի պետնախարարը՝ Շառլ Միշելի հայտարարության մասին
 |news.am|
20:02 - 19 հուլիսի, 2023

Շատ անտրամաբանական բաներ են կատարվում եվրոպական հարթակում. արդյոք դա լուրջ խոսակցություն է.Արցախի պետնախարարը՝ Շառլ Միշելի հայտարարության մասին |news.am|

news.am: Համաժողովրդական շարժումն Արցախում պոռթկում էր, որի մասին կարող էր հայտարարել ցանկացած արցախցի, քանի որ բոլորս գտնվում ենք նույն իրավիճկում, նույն պայմաններում: Այս մասին NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդման ժամանակ նշեց Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը՝ հավելելով, որ այդ հայտարարությունն ինքն է արել, քանի որ ի պաշտոնե ամենալավը գիտի, թե ինչ իրավիճակ ունենք այսօր եւ ինչ կարող ենք ունենալ հետո, եթե այսպես շարունակվի:

Հարցին, թե ինչ արդյունքներ ունի շարժումը, պետնախարարը պատասխանեց.

«Այս մի քանի օրվա ընթացքում մեզ հաջողվեց մեր ձայնը լսելի դարձնել այն բոլոր սուբյեկտներին, որոնց ուղղված էր: Հիմա արդեն ունենք բազմաթիվ զանգել Սփյուռքից, ամենատարբեր միջոցառումներ են պլանավորվում, արտասահմանյան լրատվամիջոցներն են անդրադառնում թեմային, ռուսական ալիքներն են դրա մասին անընդհատ խոսում: Իհարկե, արդյուքնները գոհացուցիչ չեն, բայց այլ տարբերակ չկա, բոլորը պետք է արթնանան ու լծվեն այս շարժմանը»:

Անդրադառնալով Բրյուսելում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումից հետո ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությանը, որտեղ նա ողջունում էր Աղդամից Ստեփանակերտ հումանիտար օգնություն տրամադրելու Ադրբեջանի առաջարկը, Գուրգեն Ներսիսյանը նշեց, թե շատ անտրամաբանական եւ անհասկանալի բաներ են կատարվում հատկապես եվրոպական հարթակում, եւ Շառլ Միշելի հայտարարությունները էլ ավելի խորացրին արցախցիների մտահոգությունները:

«Մեզ դիտավորությամբ կանգնեցրել են հումանիտար աղետի առաջ, ու սկսել հումանիտար օգնություն պարտադրել, մինչդեռ հումանիտար օգնությունը չեն պարտադրում: Մենք բազմաթիվ պատճառներ ունենք, որոնք անհնարին են դարձնում Ադրբեջանի հետ վստահելի հարաբերությունն ու շփումը: Մեր քաղաքացիներին սպանող եւ սպանելու սպառնալիքներ հնչեցնող Ադրբեջանը պատրաստ է հումանիտար դեղ բերել ու տալ մեր ժողովրդին: Ինչպե՞ս կարելի է, օրինակ, Ադրբեջանից մանկական կեր բերել ու տալ մեր երեխաներին, սնունդ բերել մեր հղիների ու տարեցների համար: Նման առաջարկ անողներին ուզում եմ հարց տալ՝ դուք իրոք լուրջ եք մտածում ու խոսո՞ւմ: Դա նույնն է, որ վաղն էլ ասեն, թող հիվանդները Արցախից գնան Ադրբեջանում բուժվեն: Միջազգային միջնորդներին ուզում եմ հարցնել՝ արդյոք սա լուրջ խոսակցություն ու մոտեցում է: Եթե այդքան անկեղծ են ու մտհոգված են Արցախի ժողովրդի համար, կա մի պարզ բանաձեւ՝ բացեք Լաչինի միջանցքը, ապահովեք, որ Ադրբեջանը կատարի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները»,-ասաց Գուրգեն Ներսիսյանը:

Նա հիշեցրեց, որ Տոյվո Կլաարը ավելի ուշ հայտարարել է, որ Աղդամի ճանապարհը չի կարող Լաչինի միջանցքի այլընտրանք լինել, Լաչինի միջանցքը պետք է բացվի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել