Երեկ ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Վագիֆ Խաչատրյանին
19:16 - 30 հուլիսի, 2023

Երեկ ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Վագիֆ Խաչատրյանին

Կարմիր խաչից հայտնում են՝ Վագիֆ Խաչատրյանին հնարավորություն է տրվել կապ հաստատել ընտանիքի հետ։

«Երեկ ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Լաչինի միջանցքում ձերբակալված հիվանդին: Տղամարդուն դիմավորել են մեր պատվիրակները, որոնցից մեկը՝ բժիշկ։ Նրան հնարավորություն է տրվել կապ հաստատել ընտանիքի հետ», - ասված է կազմակերպության «Թվիթեր»-ի պաշտոնական էջում։

 

Հիշեցնենք, որ Ադրբեջանը արգելանքի է վերցրել այսօր ԿԽՄԿ միջոցով բուժման նպատակով ՀՀ տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին: 

Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին մեկնաբանել է Ադրբեջանի կողմից արցախցի բուժառուին արգելանքի տակ վերցնելու լուրը՝ նշելով, որ նման գործողությունների պարագայում, երբ մարդկանց տեղափոխում պետք է իրականացվի, իրենք նախապես համաձայնություն են ստանում, որպեսզի հնարավոր լինի ընթացքն ապահով կազմակերպել։ Այսօրվա գործողությունն այդ առումով բացառություն չի եղել և նույն կերպ է կատարվել։ Մինչ օրս նման նախադեպ չի եղել։ 

Ժամեր անց Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնեց Վագիֆ Խաչատրյանին կալանավորելու մասին։ Նշվում է, որ Խաչատրյանը «ցեղասպանության գործով» միջազգային հետախուզման մեջ էր գտնվում։ ՀՀ ՄԻՊ-ը, սակայն, հայտնեց՝ Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ առկա չէ միջազգային հետախուզում, իսկ նրա իրավունքներին ոչ իրավաչափ միջամտությունը տեղի է ունենում միջազգային-իրավական երաշխիքների և չափանիշների խախտմամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել