ՀԱՊԿ-ը չի կատարել և չի կատարում Հայաստանի նկատմամբ իր պարտավորությունները. Նիկոլ Փաշինյան
23:45 - 11 սեպտեմբերի, 2023

ՀԱՊԿ-ը չի կատարել և չի կատարում Հայաստանի նկատմամբ իր պարտավորությունները. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային ՀԸ «Հարցազրույց» հաղորդմանը տված հարցազրույցում անդրադարձավ հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ հարցերին։ Պետրոս Ղազարյանի այն հարցին, թե ինչու ՀՀ վարչապետը վերջին սահմանային սրացումների ժամանակ առաջինը չզանգահարեց ՌԴ նախագահին, վարչապետը պատասխանեց․

«Ես վերջերս իրավիճակի հետ կապված խոսել եմ Վ․ Պուտինի հետ։ ... Այդ զանգերի նպատակը և իմաստը այն գործընկերներին, որոնք տեղեկացված չեն կամ որոշ նրբություններից տեղեկացված չեն, իրենց տեղեկացնելն է։ Իսկ ՌԴ նախագահը վստահաբար դրա մասին տեղեկացված է։ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման և ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամի իրավիճակը սկսվում է նախորդ տարվա դեկտեմբերից, և այդ ժամանակից մինչ այս պահը տասնյակ հեռախոսազրույցներ եմ ունեցել ՌԴ նախագահի հետ, իսկ մյուս գործընկերների հետ նոր իրավիճակի հետ կապված տեղեկություններ կային, որոնք պետք էր նրանց հետ կիսել։ Այս առումով, ցավոք, մեր վերջին խոսակցությունից հետո իրավիճակը չի փոխվել, նոր խոսակցության անհրաժեշտություն չի եղել»,- ասաց Փաշինյանը։

Խոսելով այն մասին, թե Հայաստանի խորհրդարանի կողմից Հռոմի ստատուտի ընդունումը, վարչապետի տիկնոջ այցը Ուկրաինա, ինչպես նաև ՀՀ-ԱՄՆ զորավարժությունները կարող են բացասաբար անդրադառնալ հայ- ռուսական հարաբերությունների մասին, վարչապետը ասաց․

«Դուք փորձում եք Հռոմի ստատուտը, հայ-ամերիկյան զորավարժությունները, նույնիսկ իմ կնոջ այցը Ուկրաինա կապել սահմանային իրադրության հետ, Ձեր հարցում կոնտեքստը այն է` արդյոք այս գործընթացները չեն բերի սահմանային սրացումների: Իմ կնոջ այցը Ուկրաինա պետք չէ քաղաքականացնել։ Ես կարծում եմ, որ դա անհարկի է քաղաքականացվում։ Ինչ վերաբերվում է Հայաստան-Ամերիկա զորավարժություններին, ապա դրանք առաջին անգամ չեն։ 

Օրինակ, 2020թ․ սեպտեմբերին մենք ոչ Հռոմի ստատուտ էինք վավերացնում, ոչ զորավարժություներ էինք անում ԱՄՆ-ի հետ, ոչ էլ այցելում էինք Ուկրաինա, և նույնը նաև 2022թ․ սեպտեմբերին, բայց դա չխանգարեց, որ մենք սահմանին ունենանք պատերազմական իրավիճակ։ Մենք փորձում ենք օգտագործել այն գործիքակազմը, որը կարող է մեզ հասու լինել՝ մեր սահմանային անվտանգության մեջ գործոններ ավելացնելու, որոնք մեզ կօգնեն։ 

Հռոմի ստատուտը Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների հետ ոչ մի կապ չունի. Մենք այն վավերացնում ենք, որովհետև ուզում ենք, որ 2022 թ. սեպտեմբերի, 2021 թ. մայիսի դեպքերը Միջազգային քրեական դատարանում քննության առարկա դառնան. սա ևս մեկ գործոն է, որը կարող է էական ազդեցություն բերել մեր անվտանգության աստիճանի մեծացման առումով` այն պայմաններում, երբ ՀԱՊԿ-ը չի կատարել և չի կատարում Հայաստանի նկատմամբ իր պարտավորությունները: Մենք չենք կարող սա չնկատել և ոչ մի բան չանել: Մեր պարտավորությունն է ձեռնարկել քայլեր, որոնցով կփորձենք անվտանգության լրացուցիչ, այդ թվում` միջազգային գործիքներ ձեռք բերել: Մենք ակտիվ աշխատում ենք, որ ՌԴ-ում այս ամենի հետ կապված ճիշտ ընկալումներ ձևավորենք: Հռոմի ստատուտի հետ կապված շատ կոնկրետ լուծում ենք առաջարկել, որը բոլոր մտավախությունները կարող է փարատել, և մենք աշխատում ենք այդ լուծման ուղղությամբ»,- ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել