ՌԴ ԱԳՆ-ն ակնկալում է, որ Աղդամի երթուղուն զուգահեռ կապաշրջափակվի նաև Լաչինի միջանցքը |civilnet.am|
17:04 - 12 սեպտեմբերի, 2023

ՌԴ ԱԳՆ-ն ակնկալում է, որ Աղդամի երթուղուն զուգահեռ կապաշրջափակվի նաև Լաչինի միջանցքը |civilnet.am|

civilnet.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն ակնկալում է, որ առաջիկայում Աղդամի երթուղուն զուգահեռ կապաշրջափակվի նաև Լաչինի միջանցքը՝ հաշվի առնելով նախկինում ձեռք բերված ըմբռնումը։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանություն է տարածել այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ռուսական Կարմիր խաչի միջոցով Արցախ մատակարարված մարդասիրական օգնության վերաբերյալ։

Մեկնաբանությունում նշվում է, որ Լաչինի և Աղդամի երթուղիների զուգահեռ ապաշրջափակման սխեման մշակվել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի առաջ քաշած նախաձեռնության շրջանակներում՝ հուլիսի 25-ին Մոսկվայում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ եռակողմ հանդիպման ընթացքում։

«Հաշվի առնելով դիրքորոշումների էական անհամապատասխանությունը, փոխադարձ անվստահության բարձր մակարդակը, այս աշխատանքը հեշտ չէր ընթանում։ Որպես առաջին քայլ սեպտեմբերի 12-ին ռուսական Կարմիր խաչի միջոցով տարածաշրջան է մատակարարվել մարդասիրական օգնության խմբաքանակ: Օգնության կարիք ունեցող Լեռնային Ղարաբաղի բնակիչներին է փոխանցվել շուրջ 15 տոննա սննդամթերք, անձնական հիգիենայի պարագաներ և անկողնային պարագաներ: Ակնկալում ենք, որ հաշվի առնելով նախկինում ձեռք բերված ըմբռնումը, առաջիկայում Աղդամի երթուղուն զուգահեռ կապաշրջափակվի նաև Լաչինի միջանցքը, և այնուհետև մարդասիրական օգնությունը կանոնավոր կերպով երկու ուղղություններով էլ անարգել մուտք կգործի տարածաշրջան»,- նշում է Զախարովան։

Նրա խոսքով՝ այս կերպ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը կկայունանա, ինչը կնպաստի Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ աշխատանքի վերսկսմանը։

Ռուսական Կարմիր խաչի միջոցով Արցախ հումանիտար օգնություն ուղարկելու մասին հայտարարվել է սեպտեմբերի 9-ին։ Սեպտեմբերի 12-ին ռուսաստանի հումանիտար օգնությամբ բեռնված ավտոմեքենան Աղդամ-Ասկերան ճանապարհով հասել է Ստեփանակերտ։

Արցախի իշխանությունները որոշել են թույլ տալ Աղդամով ռուսական բեռների մուտքը՝ սուր հումանիտար խնդիրները մեղմելու նպատակով։ Միևնույն ժամանակ, ըստ արցախյան կողմի՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել Լաչինի միջանցքով վերականգնել հումանիտար բեռնափոխադրումները ռուս խաղաղապահների ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից:

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, սակայն, նշել է, որ սա առանձին պայմանավորվածություն է, և պետք չէ շփոթել ԿԽՄԿ-ի առաքման համար Աղդամ-Ստեփանակերտ և Լաչին-Ստեփանակերտ ճանապարհների միաժամանակյա բացման առաջարկի հետ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել