Արտաքին հատվածից գնանկումային ազդեցությունները Հայաստանի տնտեսության վրա կպահպանվեն. ԿԲ
 |armenpress.am|
17:18 - 12 սեպտեմբերի, 2023

Արտաքին հատվածից գնանկումային ազդեցությունները Հայաստանի տնտեսության վրա կպահպանվեն. ԿԲ |armenpress.am|

armenpress.am: Կենտրոնական բանկի գնահատմամբ՝ արտաքին հատվածից գնանկումային ազդեցությունները Հայաստանի տնտեսության վրա կպահպանվեն: Այս մասին ասուլիսում ասաց ԿԲ նախագահ Մարտին  Գալստյանը:

Նա հիշեցրեց, որ 2023 թվականի սեպտեմբերի 12-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշել էր վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցնել 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 9.75 տոկոս:

«2023 թվականի օգոստոսին 12-ամսյա գնաճը մնացել է գրեթե անփոփոխ՝ ամսվա վերջին կազմելով -0.2 տոկոս: 12-ամսյա բնականոն գնաճը շարունակել է նվազել և օգոստոսի վերջին կազմել  0.4 տոկոս»,-ասաց Գալստյանը:

ԿԲ նախագահի խոսքով՝ համաշխարհային տնտեսական ակտիվության նվազման ռիսկերն էականորեն ավելացել են, ՀՀ հիմնական գործընկեր երկրներում 12-ամսյա գնաճը շարունակում է նվազել, սակայն կոշտ գներով աչքի ընկնող ապրանքների ու ծառայությունների գները մնում են բարձր: Հետևաբար, գործընկեր երկրների Կենտրոնական բանկերն առաջիկայում կշարունակեն վարել հարաբերական զսպող դրամավարկային քաղաքականություն:

«Ֆինանսական խիստ պայմանների և համաշխարհային տնտեսական ակտիվության դանդաղման ներքո միջազգային ապրանքահումքային շուկաներում գները կշարունակեն ձևավորվել ցածր մակարդակներում: Արդյունքում, արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա գնանկումային ազդեցությունները կպահպանվեն»,-ասաց ԿԲ նախագահը:

Նա նաև նշեց, որ 2023 թ. երրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական ակտիվության աճի բարձր տեմպը դանդաղել է՝ դեռևս պահպանվելով բարձր մակարդակներում: Տնտեսական աճին շարունակում են նպաստել շինարարության և ծառայությունների ճյուղերի բարձր աճերը, վերջիններս կրում են տնտեսությունում պահպանվող ներքին և արտաքին բարձր պահանջարկի ազդեցությունները: Արտաքին հատվածից գնանկումային ազդեցությունների, իրականացված զսպող դրամավարկային քաղաքականության և դրամի արժևորման պայմաններում գնաճին նպաստող բարձր պահանջարկը և գնաճային սպասումները որոշակիորեն նվազել են, այդուհանդերձ ծառայությունների և որոշ ապրանքների գնաճը ճշգրտվում է համեմատաբար ավելի դանդաղ տեմպերով:

ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտել նվազեցնել քաղաքականության տոկոսադրույքը: Խորհուրդը հետևողական է լինելու համարժեք գործողություններով ապահովելու պահանջարկի կարգավորում և գնաճային սպասումների կայունացում:

Ըստ ԿԲ-ի՝ դրամավարկային քաղաքականության նախանշված սցենարում առաջիկայում 12-ամսյա գնաճը կպահպանվի նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում, այնուհետև աստիճանաբար կավելանա և միջնաժամկետում կկայունանա նպատակային 4 տոկոս ցուցանիշի շուրջ: ԿԲ-ն գնահատում է, որ նախանշված ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հիմնականում հավասարակշռված են: Կենտրոնական բանկից վստահեցնում են, որ ռիսկերի՝ որևէ ուղղությամբ դրսևորման պարագայում խորհուրդը համարժեքորեն կարձագանքի և կապահովի գների կայունության նպատակը:

                                                                    


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել