Իրանը այսօրվանից կչեղարկի Իրան-Հայաստան և Իրան-Ադրբեջան բոլոր չվերթները։ Այս մասին հայտարարել է Իրանի քաղավիացիայի ղեկավարը։
Պաշտոնյան նշել է՝ «ելնելով տարածաշրջանի պայմաններից, այսօրվանից մինչև հաջորդ ծանուցումը, կչեղարկվեն բոլոր չվերթները՝ իրանցի ուղևորների անվտանգությունը ապահովելու նպատակով»։
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, ադրբեջանական կողմը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով։ Հակառակորդը, կիրառելով հրետանի, գերճշգրիտ ծանր տեխնիկա, անօդաչուներ, ավիացիա եւ հրաձգային զենքեր՝ թիրախավորել է ոչ միայն դիրքերն ու ռազմական օբյեկտները, այլ նաեւ քաղաքացիական բնակավայրերը, ենթակառուցվածքները եւ խաղաղ բնակչությանը։ Պաշտպանության բանակը օրվա ընթացքում մի քանի անգամ հաղորդել է, որ ՊԲ ստորաբաժանումները համառ դիմադրություն են ցույց տալիս: Այդուհանդերձ, հաղորդվել է, որ որոշ հատվածներում թշնամուն հաջողվել է մխրճվել ՊԲ մարտական դիրքեր, տիրանալ մի շարք բարձունքների և ռազմավարական ճանապարհային հանգույցների։ Կան զոհեր և վիրավորներ․ թիվը դեռևս վերջնական չէ։
Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 13:00-ի շրջանակում, Արցախից հաղորդել են, որ Արցախի իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ։
Ռուս խաղաղապահների միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել սեպտեմբերի 20-ին ժամը 13:00-ից ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին։ Համաձայնություն է ձեռք բերվել առ այն, որ Արցախից պետք է դուրս բերվեն «Արցախում մնացած ՀՀ զինված ուժերը», պետք է զինաթափվեն ՊԲ ստորաբաժանումները, Արցախի տարածքից պետք է դուրս բերվի ողջ տեխնիկան եւ սպառազինությունը եւ ուտիլիզացվի։ Իսկ ԼՂ հայերի՝ Ադրբեջանի կողմից առաջ քաշված վերաինտեգրման, իրավունքների և անվտանգության պաշտպանության, ինչպես նաև Ադրբեջանի Սահամանադրության շրջանակում ԼՂ բնակչության կենսագործունեության ապահովման վերաբերյալ հարցերը կքննարկվեն։
Չնայած հրադադարի մասին պայմանավորվածությանը՝ այդուհանդերձ, Ադրբեջանը շարունակել է թիրախավորել Ստեփանակերտը։
comment.count (0)