ՄԱԿ–ի ԱԽ–ն անվերապահորեն դատապարտեց խաղաղ բնակչության դեմ ուժի կիրառումը. ժամանակն է գործելու. Խաչատուրյան |news.am|
14:53 - 22 սեպտեմբերի, 2023

ՄԱԿ–ի ԱԽ–ն անվերապահորեն դատապարտեց խաղաղ բնակչության դեմ ուժի կիրառումը. ժամանակն է գործելու. Խաչատուրյան |news.am|

news.am: ՄԱԿ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում համերաշխություն է ցուցաբերվել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի առնչությամբ։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։

Նա ընդգծել է, որ ՀՀ մի շարք գործընկերներ հստակ և նպատակաուղղված ուղերձներ են հղել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության վերաբերյալ։

«Խորհուրդը ցուցաբերեց իր համերաշխությունը՝ անվերապահորեն դատապարտելով խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ ուժի աղաղակող կիրառումը, ինչը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է: Ակնհայտ է, որ անպատժելիությունը հող է ստեղծում Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների իր քաղաքականության բացահայտ իրականացման համար և նոր մարտահրավերներ է ստեղծում տարածաշրջանային անվտանգության ու կայունության համար:

Ժամանակն է գործելու, այլ ոչ թե լռելու և անտարբեր լինելու»,- նշել է ՀՀ նախագահը:

Նա շեշտել է, որ միջազգային առաքելությունն ու համարժեք քայլերը պետք է չհետաձգվեն` Լեռնային Ղարաբաղում զանգվածային վայրագությունների շարունակումը կանխելու համար:

«Միայն խաղաղությունն ու կայունությունն են ընկած մեր երկրի ու տարածաշրջանի ապագայի մեր տեսլականի հիմքում»,- գրել է նա:

Նշենք, որ սեպտեմբերի 21-ին Ֆրանսիայի պահանջով և Լեռնային Ղարաբաղի հարցով տեղի ունեցավ ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստ, որտեղ ՄԱԿ անդամ բազմաթիվ անդամներ քննադատեցին Ադրբեջանի ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում և պահանջեցին միջոցներ ձեռք առնել ԼՂ հայ բնակչության անվտանգությունն ու իրավունքները պահպանելու համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել