ԱՄՆ-ն շարունակում է մտահոգված մնալ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակով. Միլլեր |1lurer.am|
09:52 - 29 սեպտեմբերի, 2023

ԱՄՆ-ն շարունակում է մտահոգված մնալ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակով. Միլլեր |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է USAID-ի տնօրեն Սամանտա Փաուերի հայտարարությանը՝ Աղետներին աջակցության արձագանքման թիմ տեղակայելու վերաբերյալ։ Միլլերի խոսքով այդ թիմը կգնահատի իրավիճակը և կբացահայտի առաջնահերթ կարիքները՝ ընդլայնելու օգնությունը և համագործակցելու գործընկերների հետ՝ շտապ անհրաժեշտ օգնություն տրամադրելու համար:

Նա հրաժարվել է պատասխանել ԼՂՀ լուծարման շուրջ ԱՄՆ դիրքորոշման վերաբերյալ հարցին.

«Ընդհանուր առմամբ, մենք կարևորում ենք հրադադարի պահպանումը, մարդասիրական կարիքների բավարարումը, անկախ միջազգային առաքելության վաղաժամ ստեղծումը, ինչը թափանցիկություն և վստահություն կհաղորդի Լեռնային Ղարաբաղի բնակիչներին։ Սա մեզ համար առաջնահերթություն է ստեղծված իրավիճակի ուղղությամբ աշխատելու համար»։

Նա նաև նշել է, որ ԱՄՆ կառավարությունը բավական լուրջ է վերաբերվում ԼՂ-ում տիրող իրավիճակի շուրջ միջազգային առաքելությանը.

«Մենք կարծում ենք, որ միջազգային առաքելությունը կարևոր է, քանի որ այն առնչվում է հումանիտար օգնության, տարածաշրջանում մարդասիրական կարիքների վերաբերյալ մնացած բոլոր հարցերին: Մենք այնքան լուրջ ենք վերաբերվում միջազգային առաքելությանը, որ պետքարտուղարը բարձրացրել է այս հարցն Ադրբեջանի նախագահի հետ զրույցի շրջանակներում, ճնշում է նրան՝ աջակցելու միջազգային առաքելությանը: Դուք երևի տեսել եք, որ երեկ Ադրբեջանի կառավարությունը ասաց, որ իրենք իսկապես աջակցում են միջազգային առաքելությանը, և իրականում իրենց հայտարարության մեջ ասվում է, որ դրա աջակցության պատճառներից մեկն այն է, որ իրենց դրդել են աջակցել ԱՄՆ-ի կողմից։ Այսպիսով, մենք աշխատում ենք մեր դաշնակիցների և գործընկերների հետ` գտնելու դրա իրականացման լավագույն մեխանիզմը: Բայց մենք կարծում ենք, որ կարևոր է ապահովել թափանցիկություն և հավաստիացնել, որ մարդասիրական կարիքները լուծվում են տեղում»:

Պատասխանելով, հարցին՝ որ երկրների հետ է աշխատելու ԱՄՆ-ն առաքելության ստեղծման համար, նա նշել է.

«Թե ինչ հովանու ներքո է այդ առաքելությունը մեկնարկելու, ովքեր են մասնակցելու, ինչպիսին է լինելու, այդ բոլորը քննարկման փուլում են։ Այսպիսով, ես չեմ ուզում որևէ տեսակի հայտարարություն անել նախքան մանրամասները պարզելը: Բայց դա մի հարց է, որի վրա մենք աշխատում ենք»։

Անդրադառնալով Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը, որում Արցախի հայերին կոչ է արվում մնալու և դառնալու Ադրբեջանի հասարակության մի մաս՝ Միլլերը նշել է, որ ԱՄՆ-ն շարունակում է մտահոգված մնալ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակով:

«Մենք կարծում ենք, որ կարևոր է, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչները կարողանան որոշում կայացնելու հեռանալ, եթե ցանկանում են, և կարողանան վերադառնալ, եթե ցանկանում են։ Սա որոշում է, որը նրանք պետք է կայացնեն որպես անհատներ, բայց մենք կարծում ենք, որ նրանք պետք է կարողանան այդ որոշումը կայացնել իրենք իրենց համար։ Եվ մենք մտածում ենք, որ այնտեղ պետք է անարգել մարդասիրական հասանելիություն լինի, որ բնակչությունը, որը կարիքի մեջ է, վստահ լինի, որ իր կարիքները կարող են բավարարվել»,- ասել է նա։

Դարձյալ վերադառնալով միջազգային առաքելությանը՝ Միլլերը նշել է՝ լավագույն ազդեցության համար կարևոր է, որ միջազգային առաքելությունը հիմնվի՝ ապահովելու մարդասիրական կարիքների բավարարումը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել