Մանկական վիրաբույժ Արա Բաբլոյանը բաց նամակ է գրել Իլհամ Ալիևին, որը ներկայացնում ենք ստերև․
«Բաց նամակ Իլհամ Ալիևին
Ես թույլ եմ տալիս ինձ գրել այս բաց նամակը` հաշվի առնելով մի քանի հանգամանք. որպես մանկական վիրաբույժ ես վիրահատել և փրկել եմ հազարավոր երեխաների, նրանց մեջ և հարյուրավոր ադրբեջանցի երեխաների կյանքեր, երբ մենք բոլորս նույն երկրի քաղաքացիներ էինք, որպես ՀՀ Առողջապահության նախարար` արել եմ հնարավոր ամեն ինչ` մեր տարածաշրջանում, այդ թվում` Ադրբեջանում կարմրուկի բռնկումը կանխարգելելու համար` առաջարկելով Ադրբեջանի Առողջապահության նախարարին կարմրուկի պատվաստանյութի անհրաժեշտ խմբաքանակ, որպես ՀՀ Ազգային ժողովի նախագահ ես հանդես եմ եկել հայտարարությամբ` նշելով, որ ինձ համար անընդունելի է 18-20 տարեկան երիտասարդների զոհվելը թե' հայկական և թե' ադբեջանական կողմից` միայն այն պատճառով, որ մենք չենք կարողանում խաղաղ քաղաքական ճանապարհով հարցերին լուծումներ տալ:
Այս նամակով ես Ձեզ ցանկանում եմ հիշեցնել Ձեր խոստումի մասին և ասել, որ Դուք պարտավոր եք պահել այն` թե' որպես երկրի նախագահ և թե' որպես տղամարդ:
Դուք պայման էիք դրել Լեռնային Ղարաբաղի հայերի առջև, որ վայր դնեն զենքն ու լուծարեն պետական կառույցները` փոխարենը խոստանալով համաներում բոլորի համար, ինչը ոգևորված ողջունել էին աշխարհի առաջատար մի շարք պետությունների ղեկավարներ: Եվ հիմա, երբ մարդիկ վայր են դրել զենքը` կանխելով երկկողմանի բազմաթիվ նոր զոհեր, Լեռնային Ղարաբաղի նախագահը հրամանագրով հայտարարել է պետության լուծարումը, Լեռնային Ղարաբաղից դուրս է եկել մոտ 100.000 հայ բնակիչ և շուտով այդ հողատարածքը կհանձնվի ձեզ, Դուք, ցավալիորեն, չեք հայտատարում համաներում:
Ես հույս ունեմ, որ իմ այս նամակը Ձեր մեջ կարթնացնի արժանապատվություն, և որպես խոստում տված նախագահ` կհայտարարեք համաներում հիմա, առանց նախապայմանների և ոչ թե ավելի ուշ` գևերարումների նոր դեպքերից, նոր նսեմացումներից հետո:
Արա Բաբլոյան
Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
29.09.2023
Երևան, Հայաստան»:
comment.count (0)