Ադրբեջանի նախագահի աշխատակազմը ներկայացրել է «Ղարաբաղի հայ բնակչության վերաինտեգրման ծրագիրը»
17:38 - 02 հոկտեմբերի, 2023

Ադրբեջանի նախագահի աշխատակազմը ներկայացրել է «Ղարաբաղի հայ բնակչության վերաինտեգրման ծրագիրը»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմը ներկայացրել է «Ղարաբաղի հայ բնակչության վերաինտեգրման ծրագիրը»։ 

Աշխատակազմի հայտարարության մեջ հիշեցվում է, որ վերաինտեգրման կազմակերպման նպատակով Բաքվի և Ղարաբաղի հայ բնակչության ներկայացուցիչների միջև տեղի է ունեցել երեք հանդիպում՝ սեպտեմբերի 21-ին, 25-ին և 29-ին։ Հանդիպումների ընթացքում, ըստ հայտարարության, նշվել է, որ վերաինտեգրումն իրականացվելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության շրջանակներում՝ հիմնված Ադրբեջանի Սահմանադրության, օրենքների և միջազգային պարտավորությունների վրա։ 

Ըստ հայտարարության՝ անկախ էթնիկ, կրոնական կամ լեզվական պատկանելիությունից՝ երաշխավորված են հավասար իրավունքներն ու ազատությունները, այդ թվում՝ անվտանգությունը։ 

 «Իրավական և վարչական ոլորտ.

Հայ բնակիչների բնակության տարածքների կառավարումն իրականցվում է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցչությունների միջոցով։ Բնակիչները կարող են ներգրավվել հատուկ ներկայացուցչությունների աշխատանքում։

ՏԻՄ-երը ձևավորվում են ընտրությունների միջոցով։

Բնակիչների քաղաքացիության հարցերը լուծվում են համապատասխան ընթացակարգերի հիման վրա:

Անվտանգության շրջանակը.

Զինաթափման և զորացրման գործընթացն ավարտման փուլում է․ բնակիչներից առգրավվում է ամբողջ զենքը։

Ադրբեջանի ՆԳ մարմիններն ապահովում են տարածքում հասարակական կարգի պահպանությունը և բնակիչների անվտանգությունը։ Բնակիչները կարող են ներգրավվել ՆԳ մարմինների աշխատանքի մեջ:

Տնտեսական ոլորտ.

Ֆիզիկական և սոցիալական ենթակառուցվածքների (կրթություն, առողջապահություն, էներգիա, գազ, ջուր, ճանապարհ, կապ և այլն) ապահովումը հայ բնակչության բնակության տարածքներումմ որոշակի ժամանակահատվածում հասցվում է հանրապետական ​​միջինի մակարդակին։

Խթանիչ միջոցառումների փաթեթը, ներառյալ հարկային և մաքսային արտոնությունները, որոնք կապված են Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջաններում տնտեսական զարգացումն արագացնելու նպատակով ներդրված հատուկ տնտեսական ռեժիմի հետ, տարածվում է բնակիչների բնակության տարածքների վրա:

Ամբողջությամբ շրջանառության մեջ է դրվում Ադրբեջանի Հանրապետության ազգային արժույթը։ 

Իրականացվում են բնակիչների բնակության տարածքներում իրականացվող ձեռնարկատիրական գործունեության աջակցության միջոցառումներ: Արտոնյալ վարկերը, տոկոսների սուբսիդավորումը, վարկերի երաշխիքների տրամադրումը և երկրում կիրառվող այլ ֆինանսական գործիքները՝ կապված տնտեսվարող սուբյեկտների կողմից ֆինանսների հասանելիության ընդլայնման հետ, տարածվում են այն տարածքներում, որտեղ բնակվում են բնակիչները:

Ֆերմերներին տրամադրվում են սուբսիդիաներ, և նրանք ազատվում են բոլոր հարկերից բացառությամբ հողի հարկի:

Գույքային հարցերը կարգավորվում են Ադրբեջանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

Սոցիալական ոլորտ.

Բնակիչները ենթակա են ամբողջ հանրապետությունում կիրառվող աշխատավարձի և սոցիալական նպաստների համակարգին։

Բնակիչների վրա տարածվում են Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջաններում սոցիալական ոլորտում իրականացվող արտոնությունները, սոցիալական ծառայությունները և զբաղվածության ծրագրերը:

Բնակիչները օգտվում են [ադրբեջանական] բջջային ծառայություններից։

Մշակույթի, կրթության և կրոնի ոլորտ.

Բնակիչներին երաշխավորվում է իրենց մշակույթը և էթնոմշակութային առանձնահատկությունները պահպանելու և զարգացնելու իրավունքը։

Ապահովվում է կրոնի ազատությունը, մշակութային և կրոնական հուշարձանների պահպանությունը։

Ստեղծվում է հայերենի օգտագործման հնարավորություն։

Հայտարարության համաձայն՝ շարունակվելու են շփումները հայ բնակիչների ներկայացուցիչների հետ վերաինտեգրման գործնական իրականացումն ապահովելու շուրջ»։ 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի վրա հարձակումից հետո սեպտեմբերի 20-ին ռուս խաղաղապահների միջնորդությամբ ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին պայմանավորվածություն ձեռք բերվեց։ 

Սեպտեմբերի 21-ին Եվլախում տեղի ունեցավ ադրբեջանական և արցախյան կողմերի ներկայացուցիչների առաջին հանդիպումը։ Սեպտեմբերի 25-ին Իվանյանում տեղի ունեցավ Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների միջև բանակցությունների երկրորդ փուլը։ Իսկ արդեն սեպտեմբերի 29-ին Եվլախում կայացավ երրորդ հանդիպումը։ Արցախյան կողմից երեք հանդիպումներին էլ մեկնել է Արցախի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Դավիթ Մելքումյանը։ Ադրբեջանական կողմին ներկայացրել է խորհրդարանական պատգամավոր Ռամին Մամեդովը, որին Ալիևը նշանակել է Ղարաբաղի տարածաշրջանի հայ բնակիչների հետ շփումների պատասխանատու։

Նշենք նաև, Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն մինչև 2024թ․ հունվարի 1-ը կլուծարվեն բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները, և ԼՂ (Արցախի) Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ։

Ըստ ՀՀ կառավարության հրապարակած վերջին տվյալների՝ Արցախից ՀՀ բռնի տեղահանվածների թիվը կազմում է 100 520։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել