Ադրբեջանն էթնիկ զտման է ենթարկել Լեռնային Ղարաբաղի տարածքը․ Էդմոն Մարուքյանի հարցազրույցը՝ AL Jazeera-ին
 |armenpress.am|
18:02 - 04 հոկտեմբերի, 2023

Ադրբեջանն էթնիկ զտման է ենթարկել Լեռնային Ղարաբաղի տարածքը․ Էդմոն Մարուքյանի հարցազրույցը՝ AL Jazeera-ին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը հարցազրույց է տվել AL Jazeera հեռուստաալիքին, որում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիային։ Մարուքյանն ընդգծել է, որ Ադրբեջանը էթնիկ զտման է ենթարկել Լեռնային Ղարաբաղի տարածքը։

«Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանի հարցազրույցը․

-Կարո՞ղ է արդյոք Հայաստանը հաղթահարել այն դժվարությունները, որոնք առաջացել են Լեռնային Ղարաբաղից տասնյակ հազարավոր մարդկանց ներհոսքի արդյունքում։

-Հայաստանի կառավարությունը կանի հնարավոր ամեն բան այդ մարդկանց օգնելու կացարանով, սննդամթերքով և առաջին անհրաժեշտության պարագաներով։ Իհարկե, այս օրերին մենք կացարաններ ենք գտնում հազարավոր մարդկանց համար, չնայած դրանք ժամանակավոր են, բայց մենք շարունակում ենք աշխատել այդ ուղղությամբ։ Ինչպես գիտեք, մեր կառավարությունն արդեն որոշում է կայացրել փախստականներին նաև ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին, և այդ աշխատանքները հիմա ընթացքում են։ Կարող եմ ասել, որ Հայաստանի համար սա լուրջ հումանիտար ճգնաժամ է, ուստի մենք նաև կարիք ունենք միջազգային աջակցության։

-Որքան հասկանում եմ Հայաստանը նաև աջակցություն է խնդրել Եվրոպական միությունից։ Ի՞նչ արձագանք եք ստացել։

-Աշխատանքները հիմա ընթացքում են, մենք աջակցություն ենք խնդրել միջազգային հանրությունից, մեր բոլոր գործընկերներից, ընկերներից։ Այս պահին ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Եվրոպական միությունը և մի շարք այլ երկրներ, իրենց պատրաստակամություն են հայտնել Հայաստանին այս ճգնաժամի հարցում օգնելու վերաբերյալ։ Ես անձամբ ներգրավված չեմ այդ հումանիտար աջակցության ծրագրերով, սակայն դրանց մասին հավուր պատշաճի հրապարակումներ կլինեն։

-Մայիսին, Հայաստանի վարչապետը նշել է, որ ինքը պատրաստ կլինի ճանաչել Ադրբեջանի իրավասությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։ Ի՞նչ կասեք այն պնդմանը, որ Հայաստանի իշխանություններն առավել պատրաստ պետք է լինեին Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հնարավոր անկմանը և մարդկանց այսպիսի ներհոսքի սցենարին։ 

-Գիտե՞ք, այս հայտարարությունը կտրված է ամբողջ կոնտեքստից։ Հայաստանի վարչապետը Բրյուսելում հայտարարել է, որ պատրաստ է ճանաչելու և ստորագրելու խաղաղության պայմանագիրը, որը կնկարագրի այս ճանաչումը, ինչը նաև լինելու է երկկողմանի, բայց նաև բարձրացրել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ու անվտանգության հարցը, որոնք պետք է երաշխավորվեն միջազգային մեխանիզմների ներքո։ Սակայն Ադրբեջանը մոռանում է միջազգային մեխանիզմների ներքո այս մարդկանց իրավունքների և անվտանգության երաշխավորման կամ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ ուղիղ երկխոսության մասին և հիշում են միայն ճանաչման մասը։ Այս պահին Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը բռնի կերպով տեղահանվել է իր հայրենիքից՝ Ադրբեջանի կողմից իրականացված հարձակման և ռազմական ագրեսիայի հետևանքով։ Հիմա Ադրբեջանը մեղադրվում է էթնիկ զտման մեջ, և ես չգիտեմ, թե նրանք ինչպես են պատրաստվում պաշտպանվել այս հարցում։ Այն ինչ նրանք արել են, նրանք պարզապես էթնիկ զտման են ենթարկել Լեռնային Ղարաբաղի տարածքը և դրանով ցույց են տալիս, որ իրենց պետք է այդ տարածքը՝ առանց այդ ժողովրդի։

-Ի պատասխան Ձեր հարցին, թե ինչպես են պատրաստվում պաշտպանվել նրանք, համոզված եմ տեղյակ եք, որ Ադրբեջանի իշխանությունները պնդում են, որ իրենք առաջարկում են իրավունքների և անվտանգության երաշխիքներ և մտադիր չեն էթնիկ զտում իրականացնել, ինչպես իրենք են ասում։ Պատճառը, որ Ադրբեջանը հաճախ մեղադրվում է էթնիկ զտումների համար, փակելով Լաչինի միջանցքը և իրականացնելով հարձակումներ, նրանք ասում են պայմանավորված է նրանով, որ Հայաստանը չի կատարում 2020թ համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունը՝ թույլ տալու ճանապարհային և երկաթուղային կապ Ադրբեջանի և Նախիջևանի միջև։ Չե՞ք կարծում, որ Հայաստանը պետք է ավելի ճկուն լիներ և հարգեր այդ միջանցքի կամ կապի տրամադրման պարտավորությունը։

-Դա Ադրբեջանի կեղծ քարոզչությունն է, որով նրանք վիճարկում են արտատարածքային միջանցքի հարցը, որի մասին որևէ համաձայնություն չկա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ։ Հայաստանը ստանձնել է ճանապարհների բացման պարտավորություն, և մենք պատրաստ ենք եղել բացել ճանապարհը, սակայն նրանք պահանջում էին արտատարածքային միջանցք

-Իսկ ինչո՞ւ Հայաստանը չի բացել ճանապարհը։

-Մենք բացել ենք, սակայն նրանք պահանջում են արտատարածքային միջանցք։ Հայաստանի կառավարությունը հայտարարել է, որ պատրաստ է 4 անցակետ տեղադրել տարբեր ճանապարհների վրա, որպեսզի ապահովվի հաղորդակցությունը Ադրբեջանի համար, սակայն նրանք չեն ցանկացել օգտագործել այդ տարբերակը։ Նրանք շարունակում են պնդել միջանցքի հարցը, որը նրանք անվանում են «այսպես կոչված Զանգեզուրի միջանցք», որը երբևէ չի եղել համաձայնեցված և դա կեղծ նարատիվ է։ Ադրբեջանի նախագահը մի անգամ հայտարարել է, որ դա գրված չէ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, և խոստովանել է, որ ինքն է ստեղծել այդ նարատիվը։ Ինչ վերաբերվում է Լաչինի միջանցքին, նրանք տասը ամիս շարունակ փակել էին Լաչինի միջանցքը, Լեռնային Ղարաբաղի ժողովրդին մատնել սովի և հետո ասում են մենք կերաշխավորենք ձեր իրավունքներն ու անվտանգությունը։ Նրանք ստում են։

-Կներեք, որ ընդհատում եմ, բայց նրանք նույնը կասեն, նրանք ասում են, որ Ադրբեջանի իշխանություններն առաջարկել են միջանցք բացել կամ ապահովել Լեռնային Ղարաբաղի մատակարարումները Աղդամից, բայց հայկական կողմը չի ընդունել և պնդել է, որպեսզի Լաչինի միջանցքը բացվի մատակարարումների համար։ Կարծես մեղադրանքները երկկողմանի են, այդպես չէ՞։

-Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները, վարչակազմը համաձայնել է Աղդամի ճանապարհի բացմանը, այդ ճանապարհը բացվել է, ինչից հետո, սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանը սկսել է իր ռազմական ագրեսիան Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության նկատմամբ, որից հետո նրանք ստիպել են մարդկանց լքել Լեռնային Ղարաբաղը՝ միակողմանի բացելով Լաչինի միջանցքը, որպեսզի միայն հնարավոր լինի լքել տարածքը: Հիմա նրանց մնացել են դատարկված քաղաքներն ու գյուղերը, իսկ հիմա ի՞նչ են ասելու։

-Դուրս կգա՞ արդյոք Հայաստանը Մոսկվայի կողմից հովանավորվող համատեղ անվտանգության պայմանագրի կազմակերպությունից։ Հիմա դա մեծ հարց է, այդպես չէ՞։

-Այս պահին մենք նման որոշում չունենք։

-Եվ վերջին հարցը՝ արդյո՞ք Ադրբեջանը տարածքային հավակնություններ ունի Հայաստանի տարածքի նկատմամբ։ Ենթադրու՞մ եք, որ դա նրանց հաջորդ քայլն է։

-Դա ենթադրության հարց չէ, հենց հիմա Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի սուվերեն տարածքի 150 քառակուսի կիլոմետր տարածք, և ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս բերվեն այս տարածքներից։ Սա օկուպացիա է, որը տեղի է ունեցել 44-օրյա պատերազմից անմիջապես հետո, նրանք հարձակվել են 2021-ի սեպտեմբերին, անցած տարի սեպտեմբերին և օկուպացրել ավելի քան 150 քառակուսի կիլոմետր տարածք։ Բացի այդ, նրանք մինչև հիմա ադրբեջանական բանտերում պահում են ռազմագերիների։ Այսպիսով՝ նրանք չեն կատարել իրենց ստանձնած պարտավորությունները։ Իհարկե, նրանք ունեն հավակնություններ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել