Իսրայելի արտգործնախարարության խոսնակ Լիոր Հայաթն Al Arabiya-ի հետ հարցազրույցում ասել է, որ Իսրայելը պաշտպանելու է ինքն իրեն, ինչպես նաև կոչ արել միջազգային հանրությանը դատապարտել ՀԱՄԱՍ-ի գործողությունները։
«Մենք կանենք ամեն անհրաժեշտ բան, որպեսզի հասնենք յուրաքանչյուր ահաբեկչի, որը մասնակցել է այս հարձակումներին։ Նրանք թանկ կվճարեն: Բոլոր մասնակիցները․․․ Այդ թվում՝ Իրանը։ Սա չհրահրված հարձակում էր։ Չհրահրված հարձակումը հանգեցնում է պատերազմի: ՀԱՄԱՍ-ի ղեկավարների վրա է ողջ պատասխանատվությունն այն ամենի համար, ինչ տեղի կունենա Գազայի հատվածում՝ այսօրվանից սկսած»,- ասել է նա։
ԱԳՆ խոսնակի խոսքով Իսրայելի կառավարությունն այժմ քննարկում է, թե ինչպես «վրեխխնդիր լինել» կատարվածի համար։
Հիշեցնենք, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ զինված խմբավորումն այսօր հարձակում է սկսել Իսչայելի դեմ։ ՀԱՄԱՍ-ի խոսնակ Խալեդ Քադոմին հայտարարել է, որ խմբավորման ռազմական օպերացիան «պատասխան է այն վայրագությունների, որոնց բախվել են պաղեստինցիները տասնամյակի ընթացքում»։
Ի պատասխան՝ Իսրայելի զինված ուժերը ավիահարվածներ են հասցրել Գազայի հատվածին։
Երկու կողմերից էլ կան զոհեր ու վիրավորներ։
comment.count (0)