armenpress.am: Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ՀԱՄԱՍ-ի վերջին հարձակումները համարել է պատասխան «վերջին ամիսներին պաղեստինի ժողովրդի դեմ» Իսրայելի գործողություններին։ IRNA գործակալության փոխանցմամբ այդ մասին Աբդոլլահիանը հայտնել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հետ հեռախոսազրույցում։
«Այն, ինչ (խմբ․՝ պաղեստինյան) դիմադրությունն անում է այսօր, (խմբ․ Իսրայելի վարչապետ Բենյամին) Նեթանյահուի և սիոնիստական ռեժիմի կողմից վերջին ամիսներին պաղեստինցի ժողովրդի դեմ ծայրահեղ և անմարդկային գործողությունների պատասխանն է», - ասել է Աբդոլլահիանը։
Նա նաև արևմտյան երկրներին մեղադրել է «պաղեստինցիների դեմ իսրայելական իշխանությունների համակարգված հանցագործությունների նկատմամբ» անտարբերության մեջ։
Իրանի ԱԳՆ ղեկավարը կոչ է արել միջազգային հանրությանը՝ պաշտպանել պաղեստինցիների իրավունքները:
Ըստ հրապարակման՝ Բորելն էլ իր տեսակետներն է հայտնել Պաղեստինում տեղի ունեցող զարգացումների մասին՝ նշելով, որ ժամանակն է մտածել խաղաղություն հաստատելու մասին։
Հիշեցնենք, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հոկտեմբերի 7-ին հայտարարել է Իսրայելի դեմ «Ալ Աքսայի գրոհ» գործողության մասին: Իսրայելի պաշտպանության բանակը, ի պատասխան դրան, հայտարարել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե սրեր» գործողության մեկնարկի մասին։ Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը նաև հավանություն է տվել հիմնական օրենքի «40-րդ կետի» ներդրմանը, որը նշանակում է պատերազմի պաշտոնական հայտարարում։ Այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։
Գործողությունների մեկնարկից ի վեր երկու կողմերում էլ կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ։
comment.count (0)