Գործ ունենք ոչ թե քրեական վարույթի, այլ բացառիկ զավեշտի հետ. Լևոն Քոչարյանի պաշտպան |panorama.am|
12:53 - 12 հոկտեմբերի, 2023

Գործ ունենք ոչ թե քրեական վարույթի, այլ բացառիկ զավեշտի հետ. Լևոն Քոչարյանի պաշտպան |panorama.am|

panorama.am: «Մենք գործ ունենք բացառիկ զավեշտի հետ, ոչ թե քրեական վարույթի»,- ասուլիսում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

Նա որոշ մանրամասներ ներկայացրեց գործից՝ նշելով. «Զավեշտալի իրավիճակ ունենք. Լևոն Քոչարյանը համ ծեծի է ենթարկվել, համ էլ հենց ինքը կալանավորվել է, որևէ կարմիր բերետավոր մինչ այսօր թե Լևոն Քոչարյանի դեպքով, թե առհասարակ, որևէ պատասխանատվության չի ենթարկվել։

Որոշ դեպքերով, նաև Լևոն Քոչարյանի խոշտանգելու փաստի առիթով, նախաձեռնվել է քրեական վարույթ, բայց որևէ կարմիր բերետավոր մինչ այս պահը  պատասխանատվության չի ենթարկվել, գոնե նվազագույնի տիրույթով որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել»։

Է.Ալեքսանյանը հիշեցրեց, որ Լ. Քոչարյանին  մեղադրանք է  առաջադրվել այն բանի համար, որ իբրև նա 2023 թ. սեպտեմբերի 22-ին մասնակցելով խաղաղ ցույցին, հակադրվել և չի կատարել ոստիկանների օրինական պահանջը, այն է բացել ճանապարհի երթևեկելի հատվածը,  ոստիկանության աշխատակիցների նկատմամբ գործադրել է բռնություն. «Դրանով պայմանավորված, իբրև Լևոն Քոչարյանը, մինչև մենքենա նստեցնելը, երկու անգամ ոտքերով հարվածել է ոստիկանության մեկ աշխատակցի,  արդեն մեքենայում,  Քոչարյանը չենթարկվելով նրանց օրինական պահանջներին և նպատակ ունենալով խաթարել նրանց ծառայողական գործունեությունը, հարվածել է ոստիկանության երկու աշխատակցի։ Սա է մեղադրանքի բնորոշումը։ Այս մեղադրանքը բնորոշ է քրեական օրենսգրքի 452 հոդվածին»։

Գործով կա երկու վկա և երկու տուժող։

«Տուժողներից մեկը  Հրաչիկ Խաչատրյանն է։ Այն անձն է, որը, ըստ մեղադրանքի, մինչև Քոչարյանին մեքենա նստեցնելը, իբրև ստացել է ոտքերով հարված իր ոտքին։ Տեսանյութ կա, որտեղ երևում, է թե որ հատվածում է  գտնվում Հրաչիկ Խաչատրյանը և արդյո՞ք նա կարող էր ստանալ հարված այդ դիրքում, կամ ստանալ այն եղանակով, ինչպես ներկայացված է մեղադրանքով»,- ասաց նա։

Է. Ալեքսանյանը նշեց, որ կաշկանդված է նախաքննության գաղտնիքով, բնականաբար, չի կարող ասել, թե  ոստիկանության աշխատակիցները ինչ բնույթի ցուցմունքներ են տվել, ասաց՝ բոլոր 4 ոստիկանների ցուցմունքներն արժանահավատ չեն։

Նա նաև նշեց, որ  մոտավորապես 10 կարմիր բերետավոր փորձում էին բերման ենթարկել Լևոն Քոչարյանին և ոստիկանների բոլոր գործողություններն ուղղված էին դեպի Լևոն Քոչարյանը։

«Մենք նպատակային չենք ասում այս կամ այն ապացույցն արժանահավատ է, արժանահավատ չէ, որևէ կերպ խեղաթյուրելու միտում չունենք։ Մեր ողջ նպատակն է այս քրեական վարույթի շրջանակներում պահպանվի ողջմտությունը, օբյեկտիվությունը։ Բայց, ի սկզբանե, ոչ այս ողջամտությունն է պահպանվել, ոչ էլ օբյեկտիվությունը։ Միգուցե իրավապաները մտածում էին, որ պաշտպանության կողմը չունի կամ չի կարող ձեռք բերել այնպիսի անժխտելի փաստական տվյալներ, նաև տեսանյութերի տեսքով, որոնք միգուցե հետագայում մեղադրանքի համար կդառնան որոշակի խնդիր։ Բայց մենք ունենք այդ փաստական տվյալները, ունենք իրավիճակ, որ այս շինծու մեղադրանքը  կառուցված է բացառապես ոչ միայն շահագրգիռ ոստիկանության աշխատակիցների ցուցմունքների, այլ պարզապես ոչ միայն անարժանահավատ, այլ սուտ հայտնած տեղեկությունների հիման վրա»,- ասաց Լ.Քոչարյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

Նա նշեց, որ ունեն բացառապես սուտ տեղեկատվության հետ խնդիր և տվյալ պարագայում քրեական հետապնդման մարմինները շարունակում են ապօրինի քրեական հետապնդումը ու ապօրինի քրեական հետապնդման պայմաններում Քոչարյանը գտնվում է  անազատության մեջ։ 

Փաստաբանն ասաց, որ քրեական վարույթի շրջանակներում իր կողմից  հրապարակված տեսանյութը օբյեկտիվորեն զննության չի ենթարկվել։ 

«Տվյալ պարագայում ենք ունենք հետևյալ իրավիճակը՝ կարմիր  բերետավորների ցուցմունքները հերքում են տեսանյութում  արտացոլված իրողությունը։ Սա նոնսենս է։ Սովորաբար տեսանյութը, որպես փաստական տվյալ քրեական վարույթի շրջանակներում, համարվում է  օբյեկտիվ փաստական տվյալ, օբյեկտիվ իրականությունը պարզ բացահայտող տվյալ, եթե, իհարկե, տեսանյութը մոնտաժված չէ։

Եթե մենք ունենք օբյեկտիվ ապացույց՝ տեսանյութ, ինչո՞ւ է Լևոն Քոչարյանը կալանավոված, ինչո՞ւ է նրա նկատմամբ հարուցվել այս շինծու  քրեական հետապնդումը։ Բնականաբար, մենք կարող ենք ենթադրություններ, դատոություններ անել, բայց այս հարցի պատասխանը պետք է տա մեղադրանքի կողմը։ Հանրությունը պետք է տեսնի՝ այն ինչ ներկայացնում է  պետությունը,  ի դեմս քրեական հետապնդման մարմինների, իրականությանը չի համապատասխանում»,- ասաց Ալեքսանյանը։ 

Հիշեցնենք, որ Լևոն Քոչարյանը ձերբակալվել է սեպտեմբերի 22-ին, կալանավորվել է երկու ամսով սեպտեմբերի 25-ին։ Սեպտեմբերի 22-ին  բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանության ծառայողները Լևոն Քոչարյանին ծեծի ենթարկելով բերման էին ենթարկել, այնուհետև նրան փակ գանգուղեղային վնասվածքով տեղափոխել են «Նաիրի» ԲԿ։ Դեռ հիվանդանոցում, Քոչարյանին է հանձնվել  ձերբակալման որոշումը, որից պարզ է դարձել, որ ոստիկանները հաղորդում են ներկայացրել, որ Լ. Քոչարյանը 4 կարմիր բերետավորի է ծեծել։  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել